Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ, ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։
-----------------------------------------------
ԻԻՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ շնորհավորելով նրան Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
Ուղերձում Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՀՀ հետ: Նա հավելել է. «Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններն ընդլայնվել ու ամրապնդվել են տարբեր ոլորտներում և բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ ամրապնդվել են համագործակցության իրավական հիմքերը»։
Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը ցանկանում է ամրապնդել և ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։
--------------------
Երևանում կայացած միջազգային համաժողովին ուղղված ուղերձում Արարատ Միրզոյանը ասել է.«Մենք շարունակելու ենք ջանքերը Հայաստան-Իրան հարաբերությունները բարձր մակարդակով զարգացնելու ուղղությամբ»:
«Մենք ընդլայնում ենք այդ հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովրդի և տարածաշրջանում կայուն խաղաղության».ասել է Միրզոյանը։
«Հայաստան-Իրան. պատմական անցյալ և ներկա» խորագրով այս համաժողովը կայացել է Երևանում, որի նպատակն է ոգեկոչել Երևան-Թեհրան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:
Հայաստանի ԱԳ նախարարն ասել է.«Դարերի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած երկու երկրներն այսօր ցույց են տվել, որ հարաբերություններն օրինակելի են ու հուսալի։ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո վերջին 30 տարին ուղեկցվել է համագործակցության ընդլայնմամբ։
Միրզոյանը հավելեց. «Իրանը Հայաստանի համար առանցքային գործընկեր է տնտեսական, քաղաքական, գիտական ,մշակութային և այլ ոլորտներում։
--------------------------
Հայաստանն ու Իրանը իրականացնում են տարածաշրջանային նշանակության նախագծեր, այդ թվում նաեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից կարեւոր նախագիծ, որը Պարսից ծոցը կապում է Սեւ ծովի հետ։ Այդ մասին ասվում է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան – Իրան. պատմական անցյալն ու ներկան» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։
«Հայ-իրանական բազմադարյա հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ 1991 թվականին թեւակոխել են նոր փուլ։ Այսօր գոյություն ունի լուրջ չբացահայտված ներուժ եւ համագործակցության ամրապնդման անհրաժեշտություն տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ գիտության և մշակույթի ոլորտներում։ Դրա համար ամուր իրավական բազա է ստեղծվել», - նշված է ուղերձում։
Դեսպանն իր ուղերձում ընդգծել է նաեւ երկու երկրների միջեւ տեղական մակարդակում համագործակցության զարգացումը։
-----------------------------
Հազարամյակներ շարունակ իրար հարևանությամբ ապրող հնդեվրոպական երկու հնագույն ժողովուրդները՝ հայերը և իրանցիները, տոնում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ճանաչել է ՀՀ անկախությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է Հռչակագիր Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը: 1992թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ 1992 թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը՝ Իրանը 1992 թ. ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի նորանկախ պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների հաստատմանը: Այդ ժամանակից սկսած Հայաստանի և Իրանի միջև աստիճանաբար ձևավորվել և զարգացել է քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցություն: Հետագայում, իհարկե, ստորագրվել են տասնյակ այլ համաձայնագրեր, հուշագրեր և այլ փաստաթղթեր երկկողմ կապերի ակտիվացման և փոխգործակցության զարգացման վերաբերյալ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել էր, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական երկարամյա հարաբերությունները շատ լավ հիմք են միջպետական երկկողմ հարաբերությունները առավել ընդլայնելու համար: Իրանի դեսպանը շատ է կարևորում հատկապես հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունը քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին հասցնելու և միմյանց ճանաչողության մակարդակը բարձրացնելու հանգամանքը:
Փետրվարի 9-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված միջոցառման ժամանակ դեսպան Զոհուրին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ հայ-իրանական հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական և բարիդրացիության վրա հիմնված:
«Այս երեք տասնամյակների ընթացքում երկու ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության վաղեմի ավանդույթը ամուր հիմք է հանդիսացել փոխըմբռնման, քաղաքական փոխգործակցության և, հետևաբար, երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար և օգնել մեզ հաղթահարելու բազմաթիվ վայրիվերումներ: Այսօր մեր կառավարությունները, օգտվելով երկու երկրների ժողովուրդների մշակութային կապերի արդյունք հանդիսացող այս արժեքավոր կապիտալից, ավելի հաստատակամ քայլերով մտածում են հարաբերություններն առավել խորացնելու և նոր ոլորտներում համագործակցություն հաստատելու մասին», - ասել է Իսլամական Հանրապետության դեսպանը:
Անցած 30 տարվա ընթացքում Երևանը և Թեհրանը տասնյակ կարևոր ծրագրեր են իրականացրել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրատնտեսական կապերի և այլ ոլորտներում և ձեռնարկել են մի շարք նոր նախագծեր, որոնք կարևոր նշանակություն ունեն թե՛ Իրանի և թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման համար: Դրանցից են՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցումը, որը մաս է կազմելու Իրանի նախաձեռնած ավելի խոշոր նախագծի՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային տարանցիկ միջանցքին, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որի մեկնարկը տրվել է 2017 թ. դեկտեմբերին, Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ քառակողմ համագործակցությունը, որի մասին հուշագիրը ստորագրվել է 2015 թվականին, Իրանական գազի տարանցումը Հայաստանով դեպի Վրաստան և եվրոպական երկրներ, որը դեռևս մնում է հայտարարությունների և փոխադարձ պատրաստակամության մակարդակում, Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազի փոխանակումը SWAP տարբերակով, որը քննարկումների փուլում է և Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը, որը բանակցությունների փուլում է:
Ըստ վերջին տվյալների՝ 2021 թ. Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 502 մլն 842 հազար դոլար, որում Հայաստանից արտահանման ծավալը կազմում է ավելի քան 65 մլն, իսկ ներմուծումը՝ ավելի քան 437 մլն դոլար: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ առևտուրը Հայաստանի և Իրանի միջև 2021 թ. աճել է ավելի քան 25%-ով կամ՝ մոտ 101 մլն դոլարով: Գիտությունների ազգային ակադեմիայում Իրանի դեսպանն ասել է, որ երկու երկրում էլ ակնկալում են ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 1 մլրդ դոլարի: Այս պահի դրությամբ Իրանը Հայաստանի արտաքին առևտրի 3-րդ խոշոր գործընկերն է Ռուսաստանի Դաշնությունից և Չինաստանից հետո:
---------------------------
Սյունիքի մարզում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների մասին կհայտարարվի շատ շուտով։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նա պարզաբանեց, որ գլխավոր հյուպատոսություն բացելու համար որոշակի վարչական գործընթացներ են պահանջվում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացներն ընթացքի մեջ են։ «Եվ հայկական, եւ իրանական կողմերը պետք է ավարտին հասցնեն գործընթացը»,- ընդգծեց դեսպանը։
Նշենք, որ Իրանը նախատեսում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզի վարչական կենտրոնում՝ Կապանում։
-------------------------------------
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա հայ–թուրքական սահմանի բացումը։
----------------------------------
Թեհրանի «կարմիր գծերը» կապված են Հայաստանի սահմանների անքակտելիության հետ, այդ հարցում ոչինչ չի փոխվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Նա հավելեց, որ Իրանը, որը հայտարարել է այդ «կարմիր գծերի» մասին, ուշադրությունն ու զգոնությունն ուղղել է դեպի տարածաշրջան։
Բեգլարյանը պարզաբանեց, որ Իրանը ցանկանում էր ազդանշանները հասցնել Ադրբեջան, միգուցե, մինչեւ Թուրքիա, եւ այդպես էլ արեց։
«Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ներկայիս ակտիվացումը բնական գործընթաց է, որը չի կարող եւ չպետք է խանգարի հայ-իրանական հարաբերություններին»,- ընդգծեց նա։
Պատգամավորը նշեց Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ակտիվացման կարեւորությունը, որը կախված է Երեւանից եւ Թեհրանից։
«Կարեւոր է օրակարգում պահել Հայաստանի եւ Իրանի համար կարեւորություն ունեցող հարցերը։ Սա վերաբերում է եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական, եւ՛ անվտանգության ոլորտներին»,- հավելեց նա։
--------------------
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ալի Զոլֆիգոլը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Հայաստանի հետ գիտական համագործակցությունը շատ կարևոր է Իրանի համար»։
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարը հավելել է. «Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ գիտատեխնիկական համագործակցության ամրապնդմամբ, սիներգիայով և կարևորում է գիտական զարգացման ճանապարհին միմյանց օգնելը»։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն այս հեռախոսազրույցում ասել է.«Իրանի հետ բարձր մակարդակի հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի կառավարության համար: Որովհետև Իրանի համալսարանները գիտության առումով բարձր դիրքերում են, իսկ Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը հայտնի է աշխարհում»: