Գեղարվեստական հաղորդում (307)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի այս շաբաթվա համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա գեղարվեստական ոլորտին վերաբերող կարևոր լուրերին:
Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակներում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը փետրվարի 6-ից 11-ը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը ցուցադրվել է փետրվարի 7-ին՝ Նազերզադեհ սրահում, ինչպես նաև հայ համայնքին՝ Իսպահանի և Թեհրանի Հայ մշակութային Արարատ կազմակերպության սրահներում՝ արժանանալով թե՛ տեղի և թե՛ հայ հանդիսատեսի բարձր գնահատանքին։
Համազգային թատրոնից հայտնում են, որ միջոցառումներին ներկա են եղել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և դեսպանատան աշխատակիցներ։
«Շատ հագեցած օրեր էին։ 5 օրվա ընթացքում խաղացինք 4 ներկայացում, դիտեցինք մի շարք բեմադրություններ։ Փառատոնի մասնակցում ենք երկրորդ անգամ։ Համաճարակի պատճառով փառատոնի ծրագիրը համեմատաբար ավելի փոքր էր։ Հատկապես տուժել էր միջազգային ծրագիրը՝ Հայաստանն էր, Բուլղարիան, Իրաքը և Ադրբեջանը։ Այդ իսկ պատճառով մրցույթային ծրագրում ներառված էին միայն պարսկական ներկայացումները։ Փառատոնի տնօրենը կազմակերպեց հատուկ հանդիպում մեզ հետ, տպավորված էին մեր ներկայացումից։ Երկկողմանի ցանկություն հայտնեցինք մշակութային հարաբերությունները ավելի ընդլայնելու համար։ Նշեցինք, որ մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի հետ կապված թատրոնը նախատեսում է մի շարք ծրագրեր։ Ներկայացումներին երկու անգամ ներկա էր Իրանում Հայաստանի դեսպանը։ Շատ մեծ աջակցություն է եղել թե՛ հայ համայնքի, թե՛ դեսպանատան և թե՛ իրանական կողմից»,-նշում է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:
Թատերախումբը Իրան է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

Փետրվարի 11-ից 15-ը Թեհրանում տեղի ունեցավ «Ֆաջր» երաժշտական 37-րդ փառատոնը:
Փառատոնի շրջանակներում Ռեբեկա Աշուղյանի ղեկավարությամբ՝ «Հայացք անկյունից» համույթի դաշնամուրային ռեսիտալը «Ռուդաքի» համերգասրահի բեմից ելույթ ունեցավ փետրվարի 14-ին:
Ռեբեկա Աշուղյանը նշել է, որ միջոցառումը «Հիշողության պոեմ» անունը կրող նախագծի 17-րդ համերգն է, որի ընթացքում հնչել են Բեթհովէնի, Շոպենի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Ազադ Հաքիմ-Ռաբաթի, Ալի Ռադմանի, Նեգին Զոմորդիի, Մոհամմադ-Ռեզա Թաֆազոլիի եւ Քարեն Քեյհանի ստեղծագործությունները։
Ռեբեկա Աշուղյանը պատասխանելով «Հայացք անկյունից» մասին հարցին, հավելել է, որ խումբն ստեղծվել է շրջանավարտ եւ տաղանդաշատ երաժիշտներին դեպի մեծ բեմ ուղեկցելու եւ աջակցելու համար: «Այստեղ կատարելագործվում է ուսանողի արվեստի իմացությունն ու ոճը՝ անհատական կատարումների պատրաստ լինելու եւ առհասարակ միջազգային ասպարեզներում ելույթ ունենալու համար»:
Հատկանշական է, որ Ռեբեկա Աշուղյանը 2016 թվականին ստանձնել է Արվեստի ինստիտուտի Երաժշտության ֆակուլտետի Համաշխարհային Երաժշտության բաժանմունքի դեկանի պարտավորությունները։

Հայաստանի գրողների միության անդամները Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, թե՛ իրենց, թե՛ այլ հեղինակների ստեղծագործություններ նվիրեցին անցորդներին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ տոնին վերաբերող միջոցառումները մեկնարկել են դեռ փետրվարի 18-ից: Նա շեշտեց՝ գրքին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:
«Տոնը կրում է Թումանյանի ոգին: Այսօրվա մեր կարգախոսն է «Թե սիրում ես Թումանյան, նվիրիր գիրք»: Երբեմն մարդը մտածում է միայն գիրք նվեր ստանալու մասին, այնինչ կարևոր է նաև նվիրելը: Գիրք նվիրելով մարդիկ բարություն, սեր և հավատ են տարածում»,-շեշտեց Միլիտոնյանն ու հավելեց՝ առավոտյան հյուրընկալել են թիվ 133 դպրոցի աշակերտներին՝ նրանց նվիրելով ամսագրեր ու գրքեր:
Գիրք նվիրելու օրը, որը 2022-ին նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին, Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպում են իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնում թե՛ սեփական, թե՛ մտերիմների գրադարանները:

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեցին մեծանուն գրող Եղիշե Չարենցի անձնական իրերը՝ գրքեր, լուսանկարներ, նրա ծխամորճը, անձրևանոցը և այլ առարկաներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բացառիկ ցուցադրություններ» շարքի շրջանակում կազմակերպված «Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 18-ին:
«Ներկայացված 125 ցուցանմուշից հարյուրը մեր գրադարանի ֆոնդերից են, իսկ 25-ը՝ Չարենցի անձնական իրերն են, որոնք պահվում են նրա տուն-թանգարանում: Անձնական իրերից են գրողի թանաքամանը, մոխրամանը, ածելի սրելու գործիքը, նրա թասակը, արձանիկը, լուսանկարներ, ընտանեկան բացառիկ խմբանկարներ և այլն»,-նշեց Ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:
Ցուցադրության մեջ ներառված են նաև Չարենցի ստեղծագործությունները, նրան նվիրված, Չարենցի ընծայագրերով, մեծերի՝ Չարենցին նվիրված ընծայագրերով գրքեր: Ցուցանմուշների վրա կարելի է տեսնել QR կոդեր, որոնց միջոցով հնարավոր է դրանք ուսումնասիրել առցանց հարթակում:
Հարությունյանը շեշտեց՝ Չարենցը մեծ դեր է խաղացել հայի ինքնության պահպանման գործում: Նա հիշեց Մարտիրոս Սարյանի՝ Չարենցին ուղղված խոսքերը, որ առնվազն կիսաստված պետք է լինել նման ստեղծագործական ժառանգություն թողնելու համար:
Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի խոսքով՝ ժողովուրդը միշտ եղել է Եղիշե Չարենցի կողքին, ինչպես գրողն է եղել իր սիրած ժողովրդի կողքին: «Իր ապրած տարիներին նրան շատ բարձր են գնահատել. երբ Չարենցը դահլիճ էր մտնում, նրան մշտապես ծափողջույններով էին դիմավորում, եթե նա դասախոսություն էր կարդում, մարդիկ ոտքի էին կանգնում: Չնայած կյանքի վերջում Եղիշե Չարենցի կողքին ոչ ոք չկար, և, ինչպես ինքն էր ասում, նա լքված ու հալածական մի պոետ էր, և ոչ ոք չուներ: Միևնույն է նրա կողքին էր ժողովուրդը»,-ընդգծեց Գոհար Չարենցը:
Նա տեղեկացրեց, որ գրողի 125-ամյակի առթիվ, որը լրանում է մարտի 13-ին, տարվա ընթացքում Չարենցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու, ոչ միայն Երևանում, այլև մարզերում, Ծաղկաձոր քաղաքում, որտեղ Չարենցը հաճախ է այցելել և Արցախում:
Անդրադառնալով Չարենցի պատգամներին՝ Գոհար Չարենցը հիշեցրեց հեղինակի հետևյալ տողերը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Ցուցահանդեսն ուղեկցվեց Կոմիտասի անվան պետական լարային քառյակի գեղեցիկ կատարումներով:
Ցուցադրությունը, որը բաց կլինի միայն մեկ օր, կյանքի կոչվեց միջմշակութային համագործակցության շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ։

Հայաստանի պատմության թանգարանը՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ, կազմակերպել է 2021 թվականին թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ լրագրողների հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ շատ ուրախ են հանրության դատին ներկայացնել 2021 թվականին պատմության թանգարանի կողմից հրատարակված հինգ աշխատանքները:
«Ասեմ, որ բոլոր գրքերի վրա հեղինակները բավականին երկար աշխատել են: Անցած տարի կարողացանք վերջնական ավարտին հասցնել և այսօր հանրությանը ներկայացնել միանգամից հինգ աշխատություն: Մենք անցած տարվանից որոշեցինք ամեն տարվա վերջում՝ նախորդ տարվա գիտահետազոտական աշխատությունները շնորհանդես-վաճառքի ձևաչափով ներկայացնել հանրությանը»,- ասաց Դավիթ Պողոսյանը:
Թանգարանի տնօրենը նշեց, որ առաջիկայում նախատեսել են իրականացնել որոշակի հրատարակություններ և վերահրատարակություններ՝ մասնավորապես տարազի հետ կապված կատալոգը, որը նախորդ տարիներին հրատարակվել է, բայց այնքան մեծ է պահանջարկը, որ պատրաստվում են վերահրատարակել: Պողոսյանը նշեց, որ այս տարի մտածել են հետաքրքիր ձևաչափ, որ ամեն հրատարակվող կատալոգից հետո փորձելու են կազմակերպել նաև դրա հետ կապված ցուցահանդես կամ հակառակը:
Շնորհանդես-վաճառքին ներկայացված էին Աստղիկ Իսրայելյանի «Հայուհիների զարդերը XVIII-XX դդ․» և Մարիետա Կիրակոսյանի «Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդի մետաղե իրերի հավաքածուն XV-XIX դդ․» կատալոգները, Արմինե Զոհրաբյանի «Հայաստանի դրամական տնտեսությունը III-X դարերում (սասանյան, արաբական շրջան)» ատենախոսությունը, Սմբատ Բորոյանի «Յուշիկք հայրենեաց» գիրք-հուշագրությունը և «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականը:
«Հայաստանի դրամական տնտեսությունը III-X դարերում» ատենախոսության հեղինակ Արմինե Զոհրաբյանը նշեց, որ ընթերցողները գրքում կգտնեն Հայաստանի դրամական տնտեսությանը առնչվող մի շարք հետաքրքիր փաստեր. «Գրքում դրամագիտական տվյալների հիման վրա վերլուծության է ենթարկում Հայաստանի և հարևան երկրների իրավաքաղաքական հարաբերությունները սասանյան և արաբական ժամանակաշրջանում՝ ցույց տալով Հայաստանի հատուկ իրավական կարգավիճակը տարածաշրջանում»,-ասաց Արմինե Զոհրաբյանը:
Միջոցառման ընթացքում հեղինակները հանդես եկան իրենց գրքերի վերաբերյալ զեկույցներով։

Բրիտանացի պրոդյուսեր Տանյա Սեղատչյանը, ով ծագումով հայ է, առաջին հայուհի պրոդյուսերն է, ով առաջադրվել է «Օսկարի»։ Տանյա Սեղատչյանը «Շան իշխանություն» ֆիլմի համապրոդյուսերն է։ Ֆիլմն ընդգրկված է մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
«Եթե ֆիլմը հաղթի, նա կլինի առաջին հայուհին, ով կարժանանա «Օսկար»-ի գլխավոր մրցանակին»,- գրել է կայքը։
Կանադա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիայի, Նոր Զելանդիա համատեղ արտադրության ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյն Քեմփիոնն է։ Գլխավոր դերերը մարմնավորել են Թոմասին ՄաքՔենզին, Բենեդիկտ Քամբերբեչը, Քիրստեն Դանսթը և ուրիշներ։
Հիշեցնենք` «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին: Միջոցառումը տեղի կունենա Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում։

Իսպանացիներ Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին և ամերիկացի Էնդի Ուորհոլը, Artprice-ի տվյալներով, աշխարհում ամենաշատ վաճառվող նկարիչներն են։ 2021 թվականին աշխարհում վաճառվել է Պիկասոյի 3462 գործեր, լավագույն արդյունքը 103,4 միլիոն դոլարն է։ Վաճառվել Դալիի 2387 լոտ, լավագույն արդյունքը՝ 10,7 միլիոն դոլար, Ուորհոլի 1591 լոտ, լավագույն արդյունք`ը 47,3 միլիոն դոլարն է։
artguide.com-ի հաղորդմամբ, Պիկասոյի հսկայական ժառանգությունը ներառում է ինչպես տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ, այնպես էլ ավելի էժան գործեր։ Փաստորեն, նրա աշխատանքների 43 տոկոսը վաճառվել է աճուրդի շուկայում 5000 դոլարը չգերազանցող գումարներով։
Սալվադոր Դալիի նկարների շուկայի հետ կապված իրավիճակը նմանատիպ է. լոտերի 87 տոկոսի գինն ընկնում է 5 հազար դոլարից ցածր հատվածի վրա: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ Դալիի նկարների շուկան հեղեղված է հազարավոր կեղծ աշխատանքներով, քանի որ նկարիչը ստորագրել է բազմաթիվ դատարկ թղթեր, որոնք հետագայում հիմք են դարձել կեղծիքների համար։ Այդ պատճառով կոլեկցիոներները նախընտրում են գործեր, որոնք հայտնվել են մինչև 1980-ականները կամ նույնիսկ մինչև 1960-ականները (Դալին մահացել է 1989թ.-ին), որոնք ավելի հավանական է, որ բնօրինակ լինեն:
Ուորհոլի՝ մինչև 5000 դոլար արժողությամբ լոտերը կազմում էին 2021 թվականին գործարքների 44 տոկոսը։ Աճուրդում վաճառված նրա աշխատանքների երեք քառորդը պրինտեր են, ներառյալ ստորագրված վիմագրեր ու կլիշեները, որոնք բարձր են գնահատվում: