Մարտ 06, 2022 16:30 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

 

Հայաստանը կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկայի համար, ինչն էլ իր հերթին կարող է հետաքրքրություն ներկայացնել իրանյան արտահանող բիզնեսների համար:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր հնարավոր ուղղությունները, մտքեր են փոխանակվել համատեղ հնարավոր արտադրությունների հիմնման շուրջ:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հանդիպման սկզբում շեշտել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի բարձր մակարդակի քաղաքական և մշակութային հարաբերություններ: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առևտրատնտեսական հարաբերությունները ևս զարգացնելու և քաղաքական հարաբերությունների մակարդակին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երևան կատարած այցի երկրորդ օրը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը հանդիպեց Հայաստանի տարածաշրջանային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։

Իրանի արդունաբերության նախարարի, առևտրի զարգացման կազմակերպության նախագահի և Իրան Խոդրոյի գործադիր տնօրենի Հայաստան կատարած այցի ընթացքում, ընկերության ներկայացուցչի ընտրության արարողության ժամանակ ստորագրվել է «Իրան Խոդրո» ընկերության մեքենաների վաճառքի պայմանագիր:

-----------------------

Հայաստանում այցով գտնվող Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հայտարարել է. «Իրանից Հայաստան արտահանման ծավալը կազմում է 500 մլն դոլար, սակայն այս ծավալը կարելի է հասցնել 1 մլրդ դոլարի»։

Իրանի հեռուստատեսության առաջին ալիքի երեկոյան լուրերի ժամանակ տեսակապի միջոցով հարցազրույցում, Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է, որ Հայաստանի դեպքում քննարկվում է  երկու տարբերակ՝ բուն հայկական շուկան և  Ռուսաստանի, Կովկասի, Եվրոպայի և մասնավորապես ԵԱՏՄ-ի շուկաները,, որոնք հնարավոր է մուտք գործել Հայաստանի միջոցով:

Նա հավելել է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարի և փոխվարչապետի հետ հանդիպումներում և ենթակառուցվածքների նախարարի հետ առաջիկա հանդիպման, ժամանակ, բացի Հայաստան իրանական ապրանքների արտահանումից, քննարկվել է համատեղ ձեռնարկությունների հարցը: 

Անդրադառնալով Հայաստան արտահանման ծավալներին ու երկու երկրների միջև հարաբերություններին, Ֆաթեմի Ամինին ասել է. «Արտահանումն այժմ կազմում է շուրջ 500 մլն դոլար, ինչը 20 տոկոսով շատ է անցյալ տարվա համեմատ, այդ թիվը կարող է ավելացվել։ Հայկական կողմը նշում է, որ այդ ծավալը կարող է հասնել 1 միլիարդ դոլարի և մենք համամիտ ենք այդ հարցում»:

-----------------------------

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը և Թեհրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը քննարկել են երկու երկրների միջպետական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացումը։

Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են երկկողմ համագործակցությունը և առևտրատնտեսական ու էներգետիկ ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված կառուցողական որոշումները:

Ավելի վաղ, իրավական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամմադ Դեհղանը, Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրասյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ասել էր. «Իրանի քաղաքականությունն ուղղված է համապարփակ համագործակցության, մասնավորապես՝ հարևանների հետ տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնմանը»:

---------------------------

Իրանի արդյունաբերության նախարարի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Հայաստան ապրանքների տարանցման արժեքները նվազեցնելու վերաբերյալ։

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Ալիռեզա Փեյման Փաքը, Երևան կատարած այցի ժամանակ, հայտարարել է. «Հայաստանի հետ համագործակցելով, Իրանը կարող է այդ երկրի 4 միլիարդ դոլարանոց ներկրման շուկայում մեծացնել իր մասնաբաժինը»:

Նշելով, որ Հայաստանը դարպաս է դեպի ԵԱՏՄ, նախարարը հավելել է. «Հայաստանի հետ համագործակցությունը կարող է դյուրացնել Իրանի ավելի արագ մուտքը ԵԱՏՄ 300 միլիարդ դոլարանոց շուկա»:

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է, որ հինգշաբթի Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ արդյունաբերական քաղաքի կառուցման, կենցաղային տեխնիկայի արտադրության, դեղորայքի և բժշկական սարքավորումների արտադրության, ճանապարհների և ամբարտակների կառուցման և Հայաստանին տեխնիկական ինժեներական ծառայությունների տրամադրման վերաբերյալ:

Նշելով, որ Պարսից ծոցի ափամերձ երկրները ցանկություն ունեն Իրանի տարածքն օգտագործել ԵԱՏՄ երկրներ ապրանքների տարանցման համար, Փեյման Փաքը հավելել է. «Մենք այսօր փորձում ենք ավելի շատ օգտագործել երկրի տարանցիկ հնարավորությունները»։

-----------------------

Անդրադառնալով 2021 թվականին Իրանից Հայաստան արտահանման 38 տոկոս աճին՝ Հայաստանում ԻԻՀ առևտրի խորհրդականն ասել է. «Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի Երևան այցով և առևտրային փոխանակումների մեծացմամբ, կարելի է Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև ավելի քան 600 մլն դոլարի»։

Աքբար Գոդարին ասել է.«Իրանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքները ներառում են վառելիք, նավթաքիմիական նյութեր, ցեմենտ և շինանյութեր, որոնց ավելացել են արդյունաբերական ապրանքներ, գյուղատնտեսության, գյուղատնտեսական մեքենաներ և բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ»:

--------------------------

ՀՀ Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր, որոնք բոլորն  էլ կողմ էին քվեարկել:

Պատգամավորները հոտնկայս ծափահարեցին և շնորհավորեցին Խաչատուրյանին: Այնուհետև Խաչատուրյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար:

Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածության հարցի ոչ քննարկմանը, ոչ քվեարկությանը չեն մասնակցել:

Ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը չէր ընտրվել, նրա օգտին կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 81 կողմ ձայն: Այսպիսով` անցկացվել էր ընտրության երկրորդ փուլ, որում ընտրվելու համար բավարար էր 64 կողմ ձայնը:

-------------------------------

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք որևէ էական նշանակություն չունի, թե ով է լինելու հանրապետության նախագահը, այս դե ֆակտո կառավարման մոդելի պայմաններում ամեն ինչ որոշվում է մեկ աշխատասենյակում։

------------------------------

Մեկնարկում են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանի դաշտային աշխատանքները:

Այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ներկայացվող նախագծին, որով գումար է հատկացվում ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությանը: Նախատեսվում է շուրջ 43 կմ երկարությամբ Երասխի և Մեղրիի հատվածներում նախագծի տեխնիկական առաջադրանքից առաջ որոշակի նախապատրաստական աշխատանք իրականացնել:

«Սա շատ կարևոր իրադարձություն է: Ես ուզում եմ հույս հայտնել, որ զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում: Մինչ այդ աշխատանքը չի կանգնում, մենք զուգահեռ աշխատում ենք, որպեսզի ժամանակը ռացիոնալ օգտագործենք»,-ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ հատվածներում կատարվող ուսումնասիրության արդյունքում կհստակեցնեն այն չափորոշիչները որոնցով նախագծման աշխատանքները կպատվիրեն և տեխնիկական առաջադրանքները կկատարեն:

«Կուսումնասիրվեն առկա հատվածներում մի շարք հարցեր՝ թունելներ, սրահներ, կայարաններ, ոռոգման խողովակաշարեր և այլն: Մասնագիտական խումբ ենք գործուղում այդտեղ, որ այդ ուսումնասիրությունը կատարեն: Ուզում եմ ուրախությամբ նշել, որ խումբը կազմված է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մեր գիտնականներից: Խմբի հետ կաշխատեն «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի մեր գործընկերները»,-ասաց Գնել Սանոսյանը:

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը տեղեկացրեց, որ 9 հոգուց բաղկացած մասնագիտական խումբը մարտի 4-ի առավոտյան մեկնել է Մեղրի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս ամենը դիտարկում են հայկական խաչմերուկ նախագծի շրջանակում ու շատ կարևոր է, որ հիմա աշխատանքներ են իրականացվում ավտոմոբիլային ճանապարհների, հնարավոր երթուղիների, այդ թվում նոր մայրուղիների կառուցման համար: