Մարտ 13, 2022 19:43 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։


 

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Իր շնորհավորական ուղերձում Ռայիսին երկու երկրների ժողովուրդների պատմական և մշակութային կապերը, ինչպես նաև բարեկամական հարաբերությունները վերջին երեք տասնամյակում բնութագրել է որպես «ամուր և հուսալի հիմք» երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը համապատասխան։

Ռայիսին հույս է հայտնել, որ երկու երկրները կդառնան երկկողմ հարաբերությունների նոր փուլի վկաները՝ փոխադարձ կամքի և ջանքերի համատեքստում օգտագործելով նախկին փորձը։

Հայաստանի Ազգային Ժողովը, երկրորդ փորձից հետո, հաստատեց իշխող կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Վահագն Խաչատրյանի թեկնածությունը: Խաչատրյանն 90-ական թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Վահագեն Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի երրորդ կառավարությունում զբաղեցնում էր ՀՀ բարձր  տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:

------------------------------

Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը հայտարարել է. «Հայաստանի հետ Իրանի կնքած համաձայնագրերը ռազմավարական նշանակություն ունեն»:

Իսլամական խորհրդարանի քաղաքացիական հանձնաժողովի  անդամ Արա Շահվերդյանը Twitter-ում գրել է. «Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունները կարող են ռազմավարական լինել երկու առումով. Եթե Իրանը ստանձնի «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախաձեռնությունը և արդյունավետ դեր ունենա տարանցման ոլորտում: Երկրորդ հերթին, ստեղծված իրավիճակում Իրանը պետք է ամրապնդի իր դերը ռուսական շուկայում»:

-------------------------

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կառուցողական է որակել իր այցը Հայաստան՝ նշելով, որ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են համատեղ ձեռնարկների շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում Իրանի դեսպանատնից:

«Մենք նոր պայմանագրեր ենք ստորագրել հայ պաշտոնյաների հետ դեղագործական արտադրանքի և կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ։ Համատեղ արտադրանքը կարտադրվի Հայաստանում և կարտահանվի այլ երկրներ»,- ասել է Ռեզա Ֆաթեմի Ամինը։

Նա հայտարարել է, որ իր այցը Հայաստան նպատակ ուներ ընդլայնել երկկողմ առևտրային կապերը՝  ներդրումների միջոցով:

«Այս այցը միտված է համատեղ ձեռնարկությունների միջոցով Իրանի և Հայաստանի միջև կապերի խորացմանը»,- Երևան այցին ընդառաջ հայտարարել էր նախարարը:

Ռեզա Ֆաթեմի Ամինը հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի շուրջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպումների ընթացքում մենք նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են Հայաստանում իրանական ընկերությունների կողմից ճանապարհների կառուցումը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ պայմանավորվել են, որ իրանական ընկերությունները մասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցման մրցույթներին:

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հիշեցնում է, որ Իրանն արդեն պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի հետ Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման հարցում:

Դեսպանատան հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանի հետ կապող 64 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը Իրանի՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք գործարկելու նախագծի մի մասն է՝ հիշեցնելով, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը 7200 կիլոմետր երկարությամբ ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության երթուղիների բազմաֆունկցիոնալ ցանց է, Իրանի, Հնդկաստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար:

--------------------------

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Կողմերն ընդգծել են, որ փոխվստահության և բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական փոխգործակցությունն առաջիկայում նոր թափով կզարգանա՝ համատեղ տարբեր նախագծերի քննարկմամբ ու իրականացմամբ:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներկայացվածության ընդլայնմամբ: Կարևորվել է տնտեսության այնպիսի ճյուղերում փոխգործակցությունը, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, ջրամբարաշինությունը, գյուղատնտեսությունը և այլն:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ և նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր:

Ինչպես ասվում է ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրությունում, զրուցակիցները կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

-----------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Փաշինյանն այդ մասին հայտնեց կառավարության նիստի ժամանակ։

«Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Այդ կապակցությամբ ապրիլին նախատեսված է նաև իմ այցը Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` պետք է ամեն ինչ անեն, որ այցը բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել էին Փաշինյանի` Ռուսաստան մեկնելու հարցը։

---------------------------

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կարող են արդյոք ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ադրբեջանական զինուժի կողմից իրենց ոտնահարված իրավունքների հարցով դիմել ՄԻԵԴ։

-------------------------

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է և խորապես գնահատում է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի գրեթե միաձայն ընդունումը  և դրանով իսկ Եվրոպական խորհրդարանի գործընկերների վճռական դիրքորոշման արտահայտումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

«Բանաձևի քվեարկությանը նախորդած քննարկում-բանավեճի ընթացքում իրենց ելույթներում Եվրոպական խորհրդարանի անդամները խորը մտահոգություններ են  հայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ և ընդգծել Ադրբեջանի կողմից վարվող այսպես կոչված «աղվանականացման» քաղաքականության անթույլատրելիությունը»,-նշել է Պարույր Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հավելել է. «Բանաձևում ոչ միայն անդրադարձ է կատարվում 2020թ. ռազմական գործողությունների ընթացքում հայկական եկեղեցիների ռմբակոծման կոնկրետ փաստերին և զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացմանն ու պատմամշակութային հուշարձանների վերափոխմանն ուղղված քաղաքականությանը, այլև Նախիջևանում կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացմանը»։

Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կանխելու և նման գործողություններ իրականացնողներին պատժելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվում նաև հայկական մշակութային կոթողների «աղվանականացման» նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու ադրբեջանական կողմի որոշմանը և խնդրո առարկայի վերաբերյալ երկրի մշակույթի նախարարության հայտարարությանը։

Ընդգծվում է Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անխափան մուտքի ապահովման կարևորությունը՝ Ադրբեջանին կոչ անելով պահպանել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները»։  

Բանաձևի մշակման գործընթացին ակտիվորեն ներգրավված են եղել Եվրոպական խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները, որոնց միջև հարցի շուրջ լայն կոնսեսուսի ձևավորումն ապահովեց նման բովանադակությամբ և ձայների  գերակշիռ մեծամասնությամբ բանաձևի ընդունում, ինչը բացառիկ երևույթ էր վերջին տարիներին Եվրոպական խորհրդարանում կայացած քվեարկությունների համար։  

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանում մարտի 10-ին քննարկվեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևը։ Այն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ։