Շաբաթվա ամփոփում
Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։
Հայաստանում կան ընկերություններ, որոնք արտադրում են սպառազինություն, ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքեր, որոնք շատ մոտ ժամանակներում կհամալրեն բանակի սպառազինությունը։
Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ բարձրագույն տեխնոլոգիաների նախկին նախարար, ՀՀ ընտրված նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Համոզված եմ, որ շատ մոտ ժամանակում մենք նորից հաջողություններ կարձանագրենք, մի քանի նոր տեսակի ԱԹՍ–ների արտադրություն կունենանք և , ինչո՞ւ չէ, կարող ենք ամբողջ պահանջարկը բավարարել։ Ամենակարևորը, որ տեխնոլոգիաների առումով դրանք ամբողջովին տեղական են, որակը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին։ Հատկապես պատերազմով անցած պետության, բանակի պահանջները շատ խիստ են դրված։ Եվ պահանջների պատճառով է, որ որոշակի առումով ուշացումներ եղան»,– ասել է նա։
Վահագն Խաչատուրյանը նաև նշել է, որ Հայաստանը մեծ թվաքանակով զենքեր է արտադրում, որոնք արդեն կիրառության մեջ են։ «Բավականին մեծ թվաքանակով, որոնք կիրառվում են հիմա։ Ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք մոտ ժամանակներս կսկսեն կիրառվել բանակում»,– ասել է նա։
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ այսօր բանակը համապատասխան ստորաբաժանումներ է պատրաստում, որպեսզի դրանք կարողանան կիրառել այդ սպառազինությունը։
------------------------
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ:
Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար: «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին: Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Միրզոյանը:
Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում դրական արդյունքները տեսանելի կլինեն:
«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում:
Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ և կայուն տարածաշրջան»,- եզրափակել է Միրզոյանը:
------------------------
Քաղաքագետ Եղիա Թաշչյանն անդրադարձել է Անթալիայում Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի միջև կայացած հանդիպմանն ու հայ-թուրքական բանակցություններին։
---------------------
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նաև կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի, բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ակտիվության կապակցությամբ։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:
Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
--------------------------
Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել։ Այդ մասին Anadolu-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը Հայաստան է ուղարկել հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթ՝ բաղկացած 5 հոդվածից, եւ սպասում է պատասխանի։ Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է նա։ «Մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանից մեր առաջարկին արձագանք չկա։ Իր բարի կամքը դրսեւորելու համար ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ է արել Հայաստանին։ Առաջարկը համապարփակ փաստաթուղթ է... Մենք հայկական կողմին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք ըստ էության ներառում են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Մենք արտահայտել եւ հաստատել ենք մեր կարծիքը՝ պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքներին եւ ավանդույթներին համապատասխան»։
Նշելով, որ առաջարկը վերջերս է ուղարկվել, Բայրամովն ասել է. «Փաստաթուղթը մեկ էջանոց է։ Եթե հայկական կողմը ցանկանում է, որ հարաբերությունները կարգավորվեն, ապա պետք է այս առաջարկին իր մոտեցումը հաղորդի։ Պետք է ասեմ, որ այս փաստաթղթում ամրագրված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ոչինչ չկա»։
---------------------------
Ադրբեջանը եւ Իրանը նոր հաղորդակցական կապերի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել։
Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին, որը մեկնել էր Բաքու՝ մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով իրանա-ադրբեջանական միջկառավարական 15-րդ հանձնաժողովին, հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ Նա կոչ է արել ընդլայնել տրանսպորտի ոլորտում համագործակցությունը։
Ալիեւն այդ հանդիպմանը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության զարգացման կապակցությամբ՝ նշելով, որ Ադրբեջանում հաղորդակցությունների բացումը ճանապարհ է հարթել տարածաշրջանային համագործակցության համար։
Ալիեւը փոխըմբռնման հուշագիրն անվանել է նոր հաղորդակցական կապեր՝ «Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» եւ Նախիջեւանի ԻՀ-ի միջեւ Իրանի տարածքով տրանսպորտային միջանցք ստեղծելու համար:
Ղասեմին, իր հերթին, նշել է, որ երկու երկրների միջեւ մշակութային ընդհանուր կապերը հանգեցրել են եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ տրանսպորտային միջանցքի շնորհիվ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կավելանան։
------------------------
Հայաստանում գնաճը շարունակվում է։ Նախորդ տարիների համեմատ 2021 թվականին աննախադեպ բարձր՝ 7,2 տոկոս գնաճ արձանագրվեց Հայաստանում, հատկապես խիստ մտահոգիչ էր սննդամթերքի գների 11,5 տոկոս աճ։ Ցավոք, գնաճի հետ միասին համաչափ չավելացան մարդկանց եկամուտները, ինչն է՛լ ավելի աղքատացրեց բնակչությանը։ Անցած տարվա գնաճը պայմանավորված էր ոչ միայն համաշխարհային շուկայով, այլ նաև ներքին գործոններով, մասնավորապես՝ 2021 թվականին գյուղատնտեսության ոլորտը 1 տոկոս անկում գրանցեց․ սա այն դեպքում, երբ անցած տարի կառավարությունը միլիարդավոր դրամներ հատկացրեց գյուղմթերքի արտադրության և վերամշակման վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու համար։
Օրերս ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հրապարակել է համաշխարհային շուկայում պարենային գների ինդեքսի միջին մեծությունը։ Մասնավորապես՝2022 թվալանի փետրվարին հունվարի համեմատ պարենի գներն աճել են 3,9 տոկոսով, իսկ անցած տարվա փետրվարի համեմատգնաճը կազմել է 20.7 տոկոս։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ապրանքների գներն աճել են 6,8 տոկոսով։ Հատկապես խիստ մտահոգիչ է սննդամթերքի գների 11,8 տոկոսով աճը։
2022 փետրվարին նախորդ տարվա փետրվարի նկատմամբ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են10,1 տոկոսով, միսը՝9,6 տոկոսով, կարագը՝7,8 տոկոսով, շաքարավազը՝18,2, պանիրը՝17,2 տոկոսով, բանջարեղենը՝31,1 տոկոսով և այլն։
Փաստացի մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ ավելի է սրվել պարենի հասանելիության խնդիրը։ Մասնավորապես՝ նախատեսվում է 2022 թվականի մարտի 15-ից մինչև օգոստոսի 31-ն արգելել Ռուսաստանի Դաշնությունից ցորենի, շաքարավազի, կարագի, ձեթի, եգիպտացորենի և առաջին անհրաժեշտության այլապրանքների արտահանումը։
Պաշտոնական տվյալներով՝ ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, արդեն իսկ ունեն բավարար քանակությամբ ցորեն։ Հետագայում Ռուսաստանը ցորեն կմատակարարի այնքան, որքան անհրաժեշտ կլինի ներքին սպառման համար։ Այս սահմանափակման միջոցով ռուսական կողմը փորձում է կանխել ԵԱՏՄ երկրների միջոցով վերարտահանման հնարավորությունները։ Օրինակ՝ օգտվելով տնտեսական սանկցիաների պատերազմից՝ Հայաստանի ընկերություններն ավելի շատ ցորեն ներկրեն և արտահանեն Եվրոպական միության երկրներ։
Ակնհայտ է, որ 2022 թվականը Հայաստանի տնտեսության և բնակչության համար լինելու է լուրջ մարտահրավերների տարի, և շատ կարճ ժամանակ ու հնարավորություններ են առկա քիչ կորուստներով դուրս գալու համար։ Այս պահին համար մեկ խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի բնակչությանը մատչելի և բավարար քանակությամբ պարենի ապահովումը։