Ապրիլ 23, 2022 00:19 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։

Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ, ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրուլլահ Խադեմին հայտնել է երկու երկրների միջև հաղորդակցության նոր միջանցքն ավարտելու նպատակով տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման հարցում Հայաստանի հետ համագործակցելու Իրանի պատրաստակամությունը:

ԻԼՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով հատկապես տրանսպորտային ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով անցած տարի Հայաստան կատարած իր այցին, Խեյրոլլահ Խադեմին ասել է.«Իրանը ձգտում է ընդլայնել իր տարանցիկ առավելությունները՝ կառուցելով նոր միջազգային ուղիներ: Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային երթուղիներ, որոնք հեշտացնում են Իրանի հասանելիությունը Հյուսիս-Հարավ միջանցքին և եվրոպական երկրներին, նվազեցնելով փոխադրման ժամանակը և, հետևաբար, տրանսպորտային ծախսերը»:

Իրանում Հայաստանի դեսպանը գոհունակություն է հայտնել ճանապարհաշինության ոլորտում իրանական ընկերությունների հետ համագործակցության կապակցությամբ և ասել.«Հայաստանը ողջունում է համագործակցությունը իրանցի ճարտարագետների և կապալառուների հետ՝ շնորհիվ ճանապարհաշինության, հատկապես կամուրջների և թունելների կառուցման իր արժեքավոր փորձի, և պատրաստակամություն կա՝ Իրանի օգնությամբ կառուցել այս միջանցքի հարավային հատվածը։

----

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Աբբաս Բադախշան Զոհուրին: Հանդիպման սկզբում համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների,  ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի, ճարտարապետ Արմեն Մինասյանի ուղեկցությամբ շրջայց կատարվեց համալսարանի լաբորատորիաներում:  Այցի հիմնական նպատակը համալսարանի գիտակրթական ու հետազոտական գործընթացների ներկայացումն էր:

Շրջայցից հետո համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանն ողջունեց հյուրերին: Ներկայացրեց Իրանի Շարիֆ տեխնոլոգիական համալսարանի շինարարության ֆակուլտետի, Թեհրանի համալսարանի գեղարվեստի քոլեջի, Երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտի, Բաբոլ Նոշիրվանի տեխնոլոգիական համալսարանի հետ ստորագրված համագործակցության համաձայնագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է ճարտարապետության, ճարտարագիտության, շինարարության ոլորտներում համատեղ կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախագծերի իրականացում: Շեշտվեց, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, լինելով Հայաստանում միակ  ճարտարապետաշինարարական կրթօջախը, ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային կարևոր ու խոշոր շինարարական նախագծերում. իրականացվում են հետազոտական/փորձագիտական, աշխատանքներ: Ռեկտորը առաջարկեց սերտ համագործակցություն հաստատել նաև իրանցի այն գործընկերների հետ, որոնք ակտիվորեն ներգրավված են ճարտարապետաշինարարական ոլորտում   իրականացվող նախագծերում:

Դոկտոր Աբբաս Բադախշան Զոհուրին իր պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ տարածաշրջանի առկա իրավիճակում մեծ կարևորություն է տրվում մշակույթի, կրթության, գիտության  բնագավառներում սերտ կապերի զարգացմանն ու առկա ներուժի ճիշտ կիրառմանը: Դեսպանը շեշտեց, որ Իրանը աշխարհում նանոտեխնոլոգիաների ոլորտում առաջատարներից մեկն է, և առաջարկեց համագործակցել նշված ոլորտում: Կարևորվեց տարածաշրջանում ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների բուհերի ու համապատասխան կազմակերպությունների համագործակցությունը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին պատրաստակամություն հայտնեց հնարավոր աջակցություն ցուցաբերելու դիպլոմների փոխճանաչման ու առաջադրված այլ հարցերի շրջանակում: 

Հանդիպման ավարտին ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանն իր նոր հրատարակած գիրքը նվիրեց դեսպանին և հրավիրեց իր աշխատանքների՝ համալսարանի 100-ամյակին նվիրված, առաջիկայում կայանալիք ցուցահանդեսին: Դեսպանը նույնպես խորհրդանշական նվեր հանձնեց համալսարանի ռեկտորին՝ խորին շնորհակալություն հայտնելով բովանդակալից ու արդյունավետ հանդիպման համար:

---

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում երեքշանբթի օրը մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի ունեցավ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ համակարտության կարգավորման գործընթացում հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։

Այս մասին ասված է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:

Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»,- նշվում է հայտարարությունում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև ողջունել են ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:

«Կողմերը նշեցին «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկը, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջև երկխոսության առաջմղման և բազմապլանային համագործակցության համար»,- ասվում է հայտարարությունում:

Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում նաև նշված է. «Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում:

«Նիկոլ Փաշինյանն և Վլադիմիր Պուտինն ընդգծել են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարևորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:

Կողմերը նաև պայմանավորվել են, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ:

Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված, Հայաստան այցելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը:

ՀՀ վարչապետի` ՌԴ պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվեցին 6 փաստաթուղթ

---

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան պաշտոնական այցի սեմին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ,

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:

Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը:

 

Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը:

---------------------

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին և ԼՂ-ի խորհրդարանից հնչած արձագանքին։

-------------------------

Հայաստանում ընդդիմությունը կրկին ակտիվացել է և Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը նոր փուլ է մտել:

Կիրակի օրը ֆեյսբուքյան լայվով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ազդարարեց իր անժամկետ նստացույցի մասին և հայտարարեց. «Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են ԼՂ-ի կորստի հետ:

Նա ընդգծեց, որ եկել  է այն կրիտիկական պահը որ այլեւս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, ֆեյսբուքում  ինչ որ ստատուսներ գրելով  որեւէ բանի չեն կարող հասնել:

«Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են ԼՂ-ի կորստի հետ, պատրաստ են հանձնել ԼՂ-ն ամբողջությամբ թշնամուն, մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության  հետ»,-ասաց նա:

Վանեցյանը հայտարարեց, որ ինքը եկել է Ազատության հրապարակ, տուն չի գնալու այլեւս, խոսելու է քաղաքացիների հետ, որպեսզի հասկանան` ինչ կարելի է անել: