Շաբաթվա ամփոփում
Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։
Ապրիլի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերը հանձնեց ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին։
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռայիսին հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։
Հանդիպման ընթացքում Ռայիսին հայտարարել է, որ Իրանը միշտ պաշտպանել է ազգային ինքնիշխանության իրավունքը եւ հարգել է այլ երկրների տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ Իրանն ու Հայաստանը միշտ բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ են պահպանել։ Նա նշել է, որ Իրանը մյուս երկրների շարքում առանձնանում է իր սկզբունքային դիրքորոշմամբ ԱՄՆ-ի եւ հեգեմոն երկրների ագրեսիայի դեմ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ավագյանը նշեց, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ։
ԻԻՀ նախագահը խնդրեց նաև իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը։
------------------------
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հյուրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ փոխդեսպանը:
ՀՀ ֆինանսների նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար եւ անդրադարձ կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերին:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առեւտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաեւ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Պարոն Խանդուզին իր խոսքում նշել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մշտապես եղել են թափանցիկ եւ գտնվել են բարձր մակարդակի վրա, ինչն էլ իր հերթին նպաստել է համագործակցության շարունակականությանը եւ ընդլայնմանը:
Կողմերն ընդգծել են հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը եւ փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում:
---------------------------------
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և Կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները:
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետ համագործակցության խորացման առկա ներուժի իրացման հնարավորություններին: ՀՀ փոխվարչապետը և Իրանի նախարարը մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում երկու երկրների համագործակցության առկա ներուժի շուրջ:
--------------------------------
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ միջազգային ուշադրությունը սևեռված է այդ խնդրի վրա, Հայաստանի հասարակությունը քաղաքական խիստ լարված օրեր է ապրում։ Հայաստանի քաղաքական մթնոլորտը դարձել է երկբևեռ, և Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի չսպիացած վերքերն ու ճեղքերը շարունակում են ծանրաբեռնել Հայաստանի քաղաքական մթնոլորտը:
Հասարակության հուսահատությունը, ազգային հպարտության կոտրվելը և պատերազմում կրած պարտությունից նվաստացումը, քաղաքական ու ռազմական այրերի անարդյունավետ ու անպատասխանատու վերաբերմունքի նկատմամբ զայրույթը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացում Հայաստանի պետայրերի ոչ թափանցիկ վերաբերմունքը պատճառ են դարձել, որ Հայաստանի հասարակական կարծիքի մեծ մասի լուրջ պահանջը դառնա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հեռացումը և անգամ դատավարությունը: Հայաստանի քաղաքական կուսակցությունների լայն շրջանակ և զոհվածների ու գերիների հարազատները պահանջում են, որպեսզի իշխանությունն իր ձեռքը վերցնի հզոր ու կայուն մի կառավարություն: Եվ հենց այս պահանջները լարված քաղաքական իրավիճակ են ստեղծել Հայաստանում:
Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ընդդիմացող կուսակցությունների և քաղաքական հոսանքների բողոքի վերջին փուլում, որը սրվեց հատկապես Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի իրավական կարգավիճակի վերաբերյալ, Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 13-ի ելույթից հետո, Երևանում տարբեր բողոքի ցույցեր են կազմակերպվել։
Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ընդդիմացող քաղաքական կուսակցությունների քննադատության առաջին կիզակետը «Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղ բանակցությունների գործընթացն ու որակն է», որը սկսվել է 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո։
Վերջին շրջանում մեծ հակասությունների տեղիք է տվել այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի և Էլհամ Ալիևի չորսժամյա հանդիպումից հետո։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանին առաջարկել է հինգ կետից բաղկացած հռչակագրի նախագիծ, ըստ որի՝ երկու երկրները հարգելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, զերծ են մնալու միմյանց սպառնալուց, իրակացնելու են սահմանազատում, և ստեղծելու են կապի ուղիներ։ Մինչ Ադրբեջանի նախագահը խոսում է Հայաստանի կողմից այս առաջարկների ընդունման մասին, Հայաստանի ղեկավարները, հատկապես Նիկոլ Փաշինյանը, մերժում են այն և նշում, որ վերջնական որոշումը դեռ կայացված չէ։
Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ ուղղված Հայաստանի քաղաքական կուսակցությունների և հոսանքների քննադատության երկրորդ հիմնական առանցքը «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի իրավական կարգավիճակի ապագան» է։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի մասին 10 հոդվածից բաղկացած համաձայնագիրը որևէ հղում չի անում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակին կամ դրա կիրառման մեխանիզմներին։
Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ ուղղված Հայաստանի քաղաքական կուսակցությունների և հոսանքների քննադատության մյուս գլխավոր առանցքը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման հարցն է:
Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ ուղղված Հայաստանի քաղաքական կուսակցությունների և հոսանքների մտահոգության հաջորդ պատճառը Հայաստանի Սյունիքի մարզով անցնող Զանգեզուրի միջանցքն է: Ադրբեջանական կողմը շատ լայն է մեկնաբանում նոյեմբերյան համաձայնության իներորդ կետը և համոզված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապը պետք է իրականացվի «Զանգեզուրի միջանցքով»: Սակայն հայկական կողմը այդպես չի ընկալում համաձայնության իներորդ կետը և չի գտնում, որ այդ կետի համաձայն Նախիջևանի և Ադրբեջանի միջև ճանապարհն անցնելու է Հայաստանի տարածքով:
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն» էլ իր հերթին Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ ուղղված Հայաստանի քաղաքական կուսակցությունների քննադատության պատճառներից է համարվում:
----------------------
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և ընդդիմության մարտավարությանն ու ակցիաներին։
--------------------
Հեռախոսազրույց է տեղի ունեցել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանի միջեւ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։ Բարձր են գնահատվել Ադրբեջանի եւ Իրանի համագործակցությունը տնտեսական, առեւտրային, տրանսպորտային, հումանիտար եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ՝ բարձր մակարդակի փոխայցելությունները։
Նախարարները նշել են տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության իրանա-ադրբեջանական պետական հանձնաժողովի գործունեությունը եւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։
Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, ինչպես նաեւ բազմակողմ հարթակների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր։
Նախարար Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկերոջը պաշտոնական այցով Իրան է հրավիրել»,- հայտնում են ԶԼՄ-ները:
--------------------------
Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի վերջնական տեքստի և ապրանքների ցանկի շուրջ բանակցությունների նոր փուլը:
Ըստ աղբյուրի՝ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Մոսկվայում կայացել է Իրան-ԵԱՏՄ բանակցությունների հերթական փուլը, որի առանցքում եղել է համաձայնագրի տեքստի վերջանական բովանկադակության քննարկումը:
Հանդիպումը կայացել է Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ազատ առևտրի համաձայնագիրը հնարավորություն է տալիս աստիճանաբար զրոյացնել ապրանքների 80 տոկոսի համար վճարվող մաքսային տուրքեր, իսկ 20 տոկոսի համար պահպանել գորոծղ սակագները:
Համաձայնագրի տեքստը մեծ մասամբ պատրաստ է և կան որոշ հարցեր, որոնք կողմերը պետք է քննարկեն:
Կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն առաջիկա ամիսներին՝ մինչև տարեվերջ և համաձայնագրի ստորագրումը: