Մայիս 12, 2022 04:27 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

 

Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ տարվելիք աշխատանքը։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց դիվանագետին այցի համար՝ նշելով, որ Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության, բայց հատկապես Սյունիքի համար, և մարզային իշխանությունը պատրաստ է ամեն ինչ անել՝ երկկողմ հարաբերություններն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

Դեսպան Զոհուրին, շնորհավորելով մարզպետին նշանակման կապակցությամբ, նշեց, որ չնայած մշակութային սերտ կապերին, տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև ցանկալի բարձր մակարդակում չեն, ու պետք է ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց այս տարվա մարտին առատ տեղումների պատճառով անանացանելի դարձած միջպետական մայրուղում դժվարության մեջ հայտնված իրենց քաղաքացիներին օգնելու համար։

Քաղաքական մի քանի շեշտադրում անելով՝ դեսպանը հիշեցրեց Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին և ասաց, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն․

«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։

Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեցին դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։

«Ձեր տեսակետը կարևոր ու գնահատելի է յուրաքանչյուր սյունեցու համար», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Իրանական կողմը ինը ամիս առաջ Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն էր ձեռքբերել, ու Աբբաս Բադախշան Զոհուրին նշեց, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։

Դեսպանը ներկայացրեց նաև հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացնեն ՀՀ ԱԳՆ-ին։ Իրանական կողմը խոսեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սյունիքով անցնող հատվածի հանդեպ իրենց հետաքրքրվածության մասին եւս ու տեղեկացրեց, որ դրա շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնած իրանական ընկերություններ կան։

Կողմերը խոսեցին նաև հյուպատոսության բացումից հետո սպասվող նոր մակարդակի համագործակցության մի շարք ուղղությունների մասին՝ քննարկելով տնտեսական, կրթական, մշակութային ու այլ հարցեր։

Գևորգ Փարսյանը հայտնեց, որ սեպտեմբերից համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։ Անդրադարձ եղավ նաև մարզկենտրոնի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հիմնելու հնարավորությանը։ Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ դիտարկեցին։

--------------------------------

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում 2022 թվականի մայիսի 12-ին Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ համաժողովին իրանական կողմից կմասնակցեն պոլիմերային և պլաստիկ նյութերի, շինանյութերի՝ քար, գիպս, սալիկ, կերամիկա, քիմիական պարարտանյութերի, կենցաղային տեխնիկայի, քիմիական և մաքրման նյութերի, հանքային վառելանյութերի, երկաթի, պողպատի, թուջի, չոր և թարմ մրգերի, հացի, հողագործական և փաթեթավորման ոլորտի սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները։

Միջոցառման շրջանակում նախատեսվում են G2B և B2B ձևաչափով հանդիպումներ։

------------------------------

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմադիրները հակակառավարական ցույցեր են կազմակերպել Երևանում՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի հետ ապագա համաձայնագրի պայմանները՝ հերթական անգամ ընդգծելով վարչապետի և կառավարության անձնակազմի հրաժարականի պահանջը։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթերցել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը

Հայաստանի ոստիկանությունը մայիսի 3-ին ձերբակալել և բերման է ենթարկել 200 ցուցարարների՝ Երևանում Հայաստանի վարչապետի դեմ ցույցի ժամանակ:

2021 թվականին հայ ժողովուրդը մի քանի հակակառավարական ցույցեր է կազմակերպել։ Բայց կարծես թե այս տարի հայ ժողովրդի բողոքի ակցիաներն ավելի կարևոր տեսք են ստացել։ Ընդդիմության իրարահաջորդ բողոքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը գտնվում է առանձնահատուկ պայմաններում, և Երևանի իշխանությունների ցանկացած սայթաքում կարող է ընդմիշտ այլ ուղու վրա դնել երկրի պատմությունն ու քաղաքականությունը։

Երևանի կառավարության ընդդիմադիրները պնդում են, որ Հայաստանի վարչապետը փոխզիջման է ձգտում Ադրբեջանի Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Փաստորեն, Երևանի իշխանության ընդդիմությունը փորձում է թույլ չտալ Փաշինյանին ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի հանձնելուն։ Բաքվի և Երևանի ղեկավարները վերջերս ԵԽ նախագահի ներկայությամբ վերահաստատել են երկկողմ համաձայնագրերի դրույթները՝ երկկողմ խաղաղությունն ամրապնդելու նպատակով։ Մեկ տարուց ավելի Հայաստանում ընդդիմադիր կուսակցությունները ցույցեր են անցկացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիր կուսակցությունները մեղադրում են Փաշինյանի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի ողջ շրջանը Ադրբեջանին հանձնելու դավադրության մեջ։ Հայ հրապարկախոսներն ու փորձագետները հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում հայտարարել են.«Փաշինյանի իշխանությունը չի սպասարկում Հայաստանի ազգային շահերը, այդ իսկ պատճառով երկրում իրավիճակը հնարավոր է փոխել միայն ազգային դիմադրության ճակատ ստեղծելով»։

Կոալիցիոն կուսակցությունների առաջնորդները ցույցերի ժամանակ մտահոգություն են հայտնել նաև, որ Երևանի կառավարությունը մտադիր է Հայաստանի նոր տարածքներ զիջել Ադրբեջանի Հանրապետությանը։ Այդ իսկ պատճառով Երեւանի իշխանության ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարության մյուս անդամներին՝ կկանխվի Փաշինյանի այս պահանջի կատարումը։ Եվ այս ամենը այն դեպքում, երբ ցանկացած խաղաղության պայմանագիր կնքելու համար, պատերազմող կողմերը պետք է գնան զիջումների կամ վերադառնան նախապատերազմական պայմաններին։

------------------------------

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնվի։

ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին։

Լրագրողների այն դիտարկմանը, թե որոշ քաղաքագետների կարծիքով, եթե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է կնքում, նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները դուրս կբերվեն ԼՂ-ից, իսկ ԼՂ-ի մնացած մասը կճանաչվի Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը պատասխանեց` դժվար է ասել, թե ինչ նկատի ունեն քաղաքագետները, երբ նման պնդում են անում։

«Մենք հիմնախնդրի լուծումը տեսնում ենք անվտանգության ապահովմամբ` ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ։ Ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի։ Նաև անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են լինելու, և մենք այս պահին չգիտենք, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից ինչպիսի՞ երաշխիքներ են լինելու, կքննարկենք դրանք բանակցությունների ժամանակ և եթե ինչ-որ որոշման հանգենք և տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, մենք համաձայնություն կտանք դրան»,- ասաց Գրիգորյանը։

------------------------

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեկնաբանել է ընդդիմության անհնազանդության ակցիաները` խոսելով դրանց ճիշտ և սխալ կողմերի մասին։

----------------------

Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անցած տարիների ընթացքում կողմերն ամուր գործընկերություն են հաստատել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների հիման վրա։ Արարատ Միրզոյանը կարևորել է Միացյալ Նահանգների կողմից ժողովրդավարության ամրապնդման, կայուն զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրած աջակցությունը։ Էնթոնի Բլինքենն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և շեշտել է ամերիկյան կողմի շարունակական աջակցությունն այդ գործընթացին։

Երկուստեք ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում համատեղ աշխատանքների վերսկսման նշանակությունը, որի ամփոփիչ նիստն անցկացվել է մայիսի 3-ին Վաշինգտոնում։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։

-------------------------

Մայիսի 3-ին կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ երրորդ հանդիպումը կայացել է Վիեննայում։ «Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։