Շաբաթվա ամփոփում
Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոթաղիի և դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Խավարի Փուրիի հետ։
Հանդիպման ժամանակ նախարարի տեղակալը կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները։ Այդ հարաբերությունները զարգացնելու և ավելի ամրապնդելու համար փոխնախարար Սիմոնյանը առաջարկել է երկու երկրների բեռնափոխադրողներին ազատել հարկերից, տուրքերից, ինչպես նաև բարելավել թեթև-մարդատար տրանսպորտային միջոցներով երկու երկրներ մուտք ու ելքի պայմանները։
Արմեն Սիմոնյանը նշել է, որ բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների, տնտեսությունների ակտիվացման և ապրանքների վերջնական գնի ձևավորման համար, ինչպես նաև թույլ կտա իրանական կողմին դիտարկել Հայաստանը, որպես ավելի գրավիչ երկիր՝ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։
Ալի Մոթաղին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նույնպես կարևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա ջերմ հարաբերությունները նշել է, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ ավելի զարգացնելու այդ հարաբերությունները։
Բեռնափոխադրողներից գանձվող հարկերի վերաբերյալ փոխդեսպանը նշել է, որ հարկերից ազատումը կամ նվազեցումը կարևոր և արդյունավետ քայլ կլինի երկու երկրների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցեր։
-------------------------
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Սիսիան-Քաջարան նոր հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները կճանաչվեն հանրության գերակա շահ:
Այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ դրանով, ըստ էության, նախատեսվում է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատում: «Այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան: Մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
------------------------------
Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու համար Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն։
Այդ նպատակով հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
«Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը։
Կենտրոնը սերտիֆիկացում է իրականացնում արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար
«Սերտիֆիկացում կիրականացվի մսամթերքի, թռչնամսի, , ձկնեղենի, կաթ և կաթնային արտադրանքի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի, սննդային հավելումների և այլ սննդամթերքի, առողջապահության և օծանելիքի, կոսմետիկական միջոցների, զբոսաշրջության, սպա ծառայությունների, վարսահարդարման, ֆիթնեսի, տաքսի ծառայությունների համար»,- առանձնացրեց «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի գլխավոր տնօրեն Հայդար Գազիզովը։
«Հալալ» կենտրոնը սերտիֆիկացման հեղինակավոր մարմին է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում: Այն իր գործունեությունը ծավալում է 2002 թվականից ՌԴ մահմեդականների հոգևոր կառավարման ներքո և համարվում է ԱՊՀ երկրներում «Հալալ» ինդուստրիայի հիմնադիրը։
«Հալալ» կենտրոնը գործընկերային հարաբերություններ է հաստատել նաև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտադրողների հետ։
Ներկայումս ավելի քան 40 ընկերություն Կենտրոնի միջոցով իրենց արտադրանքն արտահանում են Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ,Կատար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։
---------------------------
Հայաստանում գործող բիոլաբորատորիաները 100 տոկոսով Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
«Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անցկացվող ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում գործող բիոլաբորատորիաների առնչվող հարցին: Լրագրողը նշում է, որ ռուսական կողմը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով այն մասին, որ Հայաստանում գործում են բիոլաբորատորիաներ, որոնց շրջանակներում կա փոխգործակցություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, այդ թվում՝ռազմական գերատեսչությունների գծով, բացի այդ՝ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ Հայաստանում առկա են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցներ:
« Ճիշտ է, դա ստեղծվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այդ թեման բարձրացվել է 2018 թվականին, Ռուսաստանի մեր գործընկերները մտահոգություն են բարձրաձայնել, և մենք հրավիրել ենք իրենց, ասել ենք՝ եկեք ու ցույց տվեք, թե ինչումն է մտահոգությունը: Եղել են այցելություններ, քննարկումներ և որևէ մտահոգություն չի հայտնվել այդ քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության փաստաթուղթ, և երկու երկրների միջև առկա է սերտ համագործակցություն այդ ոլորտում, շարունակելու են համագործակել:
«Բայց դա չի նշանակում, որ գիտության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում մենք այլ երկրների հետ չենք համագործակցելու: Այլ բան, որ մենք պետք է նայենք, որ այդ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության համար սպառնալիք ստեղծում է, թե չէ: Մենք երաշխավորում ենք, որ մեր համագործակցության ընթացքում մենք մեր դաշնակիցների համար սպառնալիքներ չենք ստեղծել և չենք ստեղծի: Չնայած մենք մտահոգություններ լսում ենք, փորձում ենք հասկանալ՝ գուցե ինչ-որ բան բաց ենք թողել: Եթե պարզվի, որ ինչ-որ բան բաց ենք թողել և սպառնալիք ենք ստեղծում, չնայած այդպիսի բան չի կարող պարզվել, մենք բաց ենք այդ քննարկումների համար: Ես մտահոգությունները արտահայտել եմ այդ հրապարակային հայտարարությունների հետ կապված, բայց մինչև այս պահը որևէ կոնկրետ տեղեկատվություն դրա առնչությամբ չեմ ստացել»,- եզրափակեց Փաշինյանը:
-------------------------
Հուլիսի 1-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին:
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։
Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացն առանց նախապայմանների։
-------------------------------
Թուրքագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանն անդրադարձել է հայ-թուրքական բանակցությունների ընթացքին։
----------------------------
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած մերձկասպյան պետությունների վեցերորդ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Ցանկացած միջավայրում Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի ներկայությունը խաթարում է տեղի անվտանգությունը»:
Հանդիպման ժամանակ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ տարածաշրջանային մակարդակով հանդիպումների անցկացման կարևորագույն առավելություններից մեկը հարևան երկրների պաշտոնյաների հետ հանդիպումն է և նրանց միջև շփումների ու փոխըմբըռնման ավելացումը:
Նշելով, որ երկու երկրների հնարավորություններն ավելին են, քան հարաբերությունների ներկայիս մակարդակը, Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Անհրաժեշտ է օպտիմալ օգտագործել այդ կարողությունները՝ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության ընդլայնման համար»։
Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների պատմությանը՝ Ռայիսին հավելել է.«Իրանը դժվարին օրերին ապացուցել է, որ հարևանների բարեկամն է և երբեք իր ընկերներին միայնակ չի թողնում դժվարությունների մեջ»։
Նրա խոսքով. «Ծառայությունների և տեխնիկական ոլորտներում և աշխարհաքաղաքական և նյութատեխնիկական առումով Իրանի հնարավորությունները, այդ թվում՝ տարանցման և փոխադրումների ոլորտում, հարմար հիմքեր են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և մերձկասպյան երկրների միջև փոխգործակցության զարգացման համար»։
Նա հավելել է, որ տարածաշրջանի անվտանմգությունը հնարավոր է միայն տարածաշրջանի և մերձկասպյան երկրների միջև համագործակցության շնորհիվ:
Ադրբեջանի նախագահը հանդիպման ժամանակ նշել է. «Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կամրապնդի հարաբերությունների ընդլայնման գործընթացը և կբարելավի երկու երկրների միջև համագործակցության մակարդակը»: