Հուլիս 09, 2022 15:23 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

2022թ-ի հունիսի 21-24-ը ԻԻՀ-ում էր գտնվում ԵՊՀ պատվիրակությունը՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Պաշտոնական այցի շրջանակում Հ․Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Թեհրանի համալսարանի ղեկավարության հետ, քննարկել առկա համագործակցության ընդլայնման ուղիներն ու հեռանկարները։

ԵՊՀ ռեկտորը հյուրընկալվել է նաև Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանում։ Փոխգործակցային հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով երկու համալսարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

ԵՊՀ ռեկտորը հանդիպել է նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ, անդրադարձել թեմի գործունեությանը,  իրականացվող մշակութային միջոցառումներին և կրթական ծրագրերին:

----------------------------------------------------

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը հանգեցնում է տարածաշրջանային արդյունավետ համագործակցության»։

Երկուշաբթի օրը Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թեհրանի և Բաքվի միջև առևտրային, տնտեսական և քաղաքական տարբեր ոլորտներում հարաբերությունների և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Նշելով, որ Իրանը սահմանափակություն չունի Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման և ամրապնդման համար, նա հավելել է, որ երկկողմ հարաբերությունների խթանումը կարող է հանգեցնել արդյունավետ տարածաշրջանային համագործակցության։

Ռայիսին ժողովուրդների հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդումը համարել է երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման խթան և հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահի Թեհրան կատարած այցով մենք թռիչք կարձանագրենք երկու երկրների հարաբերություններում։

Անդրադառնալով երկու երկրների պաշտոնյաների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների ավելացմանը և դրա էական ազդեցությանը համագործակցության և հարաբերությունների մակարդակի վրա՝ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է.«Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է»:

Նա նշել է. Իրանը և Ադրբեջանը համակարծիք են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և առանց կողմնակի միջամտության։

--------------------------

Քաղաքագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների պաշտոնաթողություններին և Ազգային ժողովում ստեղծված իրավիճակին։

-------------------------

Հանրության մոտ որպես Սորոսի գրասենյակ ճանաչված Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի դեմ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի հայցը վարույթ է ընդունվել: Այդ մասին տեղեկացնում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը։

Հունիսի 13-ին փաստաբանները միջնորդել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել անհապաղ կասեցնել Սորոսի գրասենյակի գործունեությունը։

Գործով որպես երրորդ անձ է ներգրավվել ՀՀ արդարադատության նախարարությունը։ Այս պահին դեռևս նիստի օր չի նշանակվել։

Փաստաբանները պահանջել էին նաև կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատարանը մերժել է հայցի ապահովումը։

Հիշեցնենք`Տիգրան Աթանեսյանն ավելի վաղ հայտնել էր` «այս օրերին Սորոսի վարձկանները պատվիրված ելույթներ են ունենում ԼՂ-ը թշնամուն հանձնելու քարոզով»:

Ըստ նրա` Հայաստանն այս վիճակից հանելու համար որպես առաջին քայլ` պետք է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելելու և այդ հիմնադրամը Հայաստանում լուծարելու համար։

----------------------------------------

Հայաստանի ներսում իշխանության վրա ճնշումը գլխավոր խնդիրն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Anadolu-ն։

Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Կողմերը պայմանավորվել են նաև հնարավորինս շուտ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ իրականացնել։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով` Հայաստանում որոշ շրջանակներ «տարածաշրջանում խաղաղություն չեն ցանկանում»։ Մինչդեռ Անկարան կողմ է Երևանի հետ երկխոսությունը շարունակելուն և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։

«Ճնշումները թույլ չեն տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:

Նա կրկին առաջարկել է հարաբերությունների կարգավորման բանակցությունների հաջորդ փուլերն անցկացնել Անկարայում կամ Երևանում։

«Երևանը դեռ պատրաստ չէ դրան, ապագայում հնարավոր են նմանատիպ հանդիպումներ»,- հավելել է Չավուշօղլուն։

Նա նաև նշել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Թուրքիան բոլոր փուլերում խորհրդակցում և համակարգում է իր գործողությունները Ադրբեջանի հետ»,- ընդգծել է թուրք նախարարը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14–ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1–ին Վիեննայում։

------------------------

Մինչ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները միտումնավոր ընդհատումներով և վայրիվերումներով շարունակվում են, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի միջնորդական խումբը լուծարվել է:

Ալիևը  հայտարարել է, որ ԵԱՀԿ  Մինսկի խումբը   ձախողված և մեռած կառույց է և հավելել է. «Հայաստանն ու մի շարք երկրներ ցանկանում են վերակենդանացնել Մինսկի խումբը: Սակայն դա հնարավոր չէ»:

Իլհամ Ալիևն այլ երկրների անուններ չի նշել, սակայն ակնհայտ է, որ նա նկատի ունի Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին։

ԼՂ  հակամարտությանը վերջ տալու  Մինսկի խմբի անկարողության և ձախողման մասին Ալիևի հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ  վերջին երեք տասնամյակներում,  նա համարվել է Մինսկի խմբի գործունեության շարունակման կողմնակիցներից։ Ներքին շրջանակները և   տարածաշրջանային շատ անկախ  շրջանակներ միշտ քննադատել են Իլհամ Ալիևի քաղաքականությունը Մինսկի խմբի ղեկավարներին անհարկի աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ։ Այդ  պատճառով, շատ քաղաքական փորձագետներ կարծում են, որ քիչ հավանական է, որ Ադրբեջանի Հնարապետության նախագահը կարողանա պահպանել իր դիրքորոշումը Մինսկի խմբի լուծարման հարցում։

Արևմտյան կառավարություններից անհատույց  ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ Ադրբեջանի հանրապետության  նախագահի ակնկալիքներն այնքան ակնհայտ են, որ դժվար թե նա կարողանա շարունակել պնդել իր դիրքորոշումը՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։

Ռուսաստանի պաշտոնատարները ԱՄՆ-ին և Ֆրանսիային Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացից հեռացնելու նպատակով վերջերս ընդունել են 3+3 անվտանգության ձևաչափով հանդիպումների անցկացման որոշումը։ Չնայած այն հանգամանքին, որ անվտանգության այս պայմանավորվածությունները վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջարկվել են, որպես Կովկասի խաղաղության պահպանման ուղիներից մեկը, սակայն վերջերս  Թուրքիան կրկին արծարծել է այդ հարցը: Այս նախագծի համաձայն, որն անցյալ տարի առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երեք երկրներ՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, կաջակցեն Հարավային Կովկասի տարածաշրջանում, ներառյալ Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում անվտանգության և խաղաղության հաստատմանը։

Ակնհայտ է, որ առանց տարածաշրջանի անկախ երկրների մասնակցության, հնարավոր չի լինելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև ապահովել անվտանգությունը և պահպանել խաղաղությունը։ Փաստորեն, Ամերիկայի և Ֆրանսիայի ներկայությունը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման  գործընթացում ոչ միայն ապարդյուն կլինի, այլ նաև խնդիրներ կհարուցի, այդ թվում նաև մրցակցություն տարածաշրջանային տերությունների միջև և Ղարաբաղի հակամարտության գործընթացի օգտագործումը հանուն իրենց ազգային շահերի՝ Հարավային Կովկասում ազդեցության և անկախ երկրների վրա ճնշում գործադրելու համար: Անկասկած այս գործընթացում կտուժեն տարածաշրջանի, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները, որոնք ստիպված կլինեն կրել այդ մրցակցությունների հետևանքները: Մինչդեռ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ոչ միայն մրցակցություն չի ձևավորվելու, այլև պատերազմող կողմերի քաղաքացիները կարող են փորձել բարեկամություն հաստատել։