Ելք դեպի լույս 707
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 56-րդ այա
Արդարև, դու չես կարող առաջնորդել ում սիրում ես: Աստված առաջնորդում է նրանց, ում ցանկանա և բոլորից ավելի լավ գիտի, թե ովքեր են ընթանում փրկության ճանապարհով:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ կռապաշտները պատրաստ չեղան հեռանալ կռապաշտությունից և ընդունել իսլամ: Սակայն մի խումբ հավատացյալներ, լսելով իսլամի մարգարեին, ընդունեցին իսլամ: Այս այան ներկայացնում է մի սկզբունք, որի համաձայն, յուրաքանչյուր մարգարեի պարտականությունը եղել է աստվածային պատվիրանները փոխանցել մարդկանց ու նրանց հրավիրել հավատալ Աստծուն: Սակայն ոչ մի մարգարե պատասխանատու չէ մարդկանց հավատքի առջև: Նա ցույց է տալիս ճիշտ ճանապարհը, սակայն ով է գնում այդ ճանապարհով, իր գործը չէ: Բոլոր մարգարեները ցանկանում են, որ մարդիկ հավատան միակ Աստծուն, սակայն չեն կարող դա պարտադրել նրանց: Քանի որ եթե որևէ մեկը պարտադրված հավատացյալ դառնա, միևնույն է նրա սիրտը խորթ կմնա հավատքին: Միայն Աստված է որ կարող է ճշմարտությունը փնտրողին հնարավորություն տալ դառնալ հավատացյալ:
Յունես սուրահի 43-րդ այան ասում է. «Արդյոք դու կարող ես առաջնորդել կույրերին, եթե նրանք չեն տեսնում»:
Այս այայից սովորում ենք.
1. Մարգարեները պետք է մարդկանց փոխանցեն աստվածային ճշմարտությունը, սակայն չեն կարող մարդկանց ստիպել դառնալ հավատացյալ:
2. Աստծու կամքը հիմնված է իր գիտության և իմաստության վրա: Աստված ում կամենա և արժանի համարի, հնարավորություն կտա գնալ ճշմարիտ ճանապարհով:
Ղեսաս սուրահի 57-րդ այա
(Մեքքայի բնակիչներն) ասացին. «Երբ քո հավատն ընդունենք, մեր երկրից պիտի վտարվենք»: Բայց մի՞թե մենք չհաստատեցինք նվիրական ու ապահով մի վայր, ուր ամեն տեսակի պտուղներ և ուտեստ ենք հավաքել նրանց համար: Բայց նրանց մեծ մասը չի հասկանում:
Այս այան Մեքքայի բնակիչների մասին է, ովքեր հասկացել էին Ղուրանի և մարգարեի ճշմարտացիությունը, սակայն անձնական շահերից ելնելով, պատրաստ չեղան դառնալ հավատացյալ: Նրանց պատրվակն այն էր, որ ուժ և հարստություն ունեցող Մեքքայի մեծամեծներն իրենց կվտարեն քաղաքից: Ղուրանը հարցնում է . «Արդյոք Աստծու ուժն է ավելի մեծ, թե՝ նրանցը: Աստված, որ ձեզ բարիքներ է ուղարկել ու Մեքքայում հաստատել ապահովություն: Արդյոք նա հնարավորությունի չունի՞ ձեզ պաշտանել կռապաշտներից»:
Չնայած մուսուլմանները սկզբում խոշտանգվում էին կռապաշտների կողմից, սակայն Աստծու կամոք, նրանց ուժը մեծացավ ու նրանք գրավեցին Մեքքան:
Այս այայից սովորում ենք.
1.Անհավատներից շատերն այդպիսին են նյութական կամ անձնական շահերի պատճառով:
2. Ապահովությունը շատ կարևոր է: Միայն անվտանգության ու խաղաղության լույսի ներքո է հնարավոր, որ հասարակությունը զարգանա:
Ղեսաս սուրահի 58-րդ այա
Քանի-քանի քաղաքներ ու շեներ կործանեցինք, որոնք ապրում էին շվայտության ու շռայլության մեջ: Նրանք մեծ մասամբ այլևս անբնակ են, ու նրանց ժառանգությունը մենք վերցրել ենք:
Այս այան, դիմելով Մեքքայի կռապաշտներին, ասում է. «Դուք, ձեր հարստությունը պահպանելու համար, չդարձաք հավատացյալ: Արդյոք մոռացա՞ք որ ձեզանից առաջ եղած ժողովուրդները, որ արբած էին իրենց հարստությամբ ու չէին հնազանդվում Աստծուն, ինչպես ոչնչացվեցին: Արդյոք չե՞ք մտածում, որ կարող եք արժանանալ նույն ճակատագրին»:
Ադ և Սամուտ ցեղերի բնակավայրը գտնվում էր Մեքքայից Լևանտ ընկած արաբական առևտրական քարավանների ճանապարհին: Եվ այդ ընթացքում, առևտրականները տեսնում էին այդ շրջանների ավերված տները, սակայն դաս չէին առնում:
Այս այայից սովորում ենք.
1. Միշտ չէ, որ հարստությունը կարող է երջանկացնել մարդուն: Երբեմն այն մարդուն գոռոզամիտ է դարձնում ու մոլորեցնում:
2. Անցած քաղաքակրթությունների ճակատագրերը դպրոց են մարդու համար: Ուստի պետք է դրանք պահպանել, որպեսզի դաս լինեն մարդու համար:
3. Աշխարհիկ կյանքն անցողիկ է, ուրեմն թող մարդիկ չհիանան իրենց հարստությամբ, քանի որ դա ժամանակավոր է: