Հուլիս 14, 2022 08:02 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ղեսաս սուրահի 64-րդ այա

وَقِیلَ ادْعُوا شُرَکَاءَکُمْ فَدَعَوْهُمْ فَلَمْ یَسْتَجِیبُوا لَهُمْ وَرَأَوُا الْعَذَابَ ۚ لَوْ أَنَّهُمْ کَانُوا یَهْتَدُونَ

 

Եվ նրանց պիտի կրկին ասվի. «Կանչեք ձեր կուռքերին»: Նրանք պիտի կանչեն կուռքերին, բայց իզուր: Նրանք լուռ պիտի մնան ու ենթարկվեն այն չարչարանքներին, որոնցից զերծ պիտի մնային, եթե ուղիղ ճանապարհին հետևեին:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ դատաստանի օրը կռապաշտների ղեկավարներին ասվելու է. «Դուք հրաժարվում եք ձեր հետևորդներից ու չեք ընդունում, որ դուք եք նրանց մոլորեցրել»:

Այս այան ասում է, որ որպեսզի կռապաշտները տեսնեն իրենց սուտ կուռքերի անկարողությունը, նրանց ասվում է. «Նրանց, ում Աստծու հետ հավասար էիք դասում, հիմա խնդրեք, որ օգնեն ու փրկեն ձեզ»: Սակայն պարզ է, որ նրանք որևէ օգնություն չեն ստանալու: Հենց այստեղ է, որ նրանք երազում են, որ  ընդունած լինեին Աստծու առաջնորդությունը, որպեսզի հիմա դժխոքում այսքան անպաշտպան չլինեին:

 

Այս այայից սովորում ենք.

1. Ոչ մեկին Աստծուն հավասար չպետք է դասել, քանի որ դատաստանի օրը կզրկվենք Աստծու աջակցությունից:

2. Դատաստանի օրը մեղավորների ու մոլորվածների  ափսոսանքի օրն է, սակայն ապարդյուն:

 

Ղեսաս սուրահի 65-67-րդ այաներ

وَیَوْمَ یُنَادِیهِمْ فَیَقُولُ مَاذَا أَجَبْتُمُ الْمُرْسَلِینَ

فَعَمِیَتْ عَلَیْهِمُ الْأَنْبَاءُ یَوْمَئِذٍ فَهُمْ لَا یَتَسَاءَلُونَ

فَأَمَّا مَنْ تَابَ وَآمَنَ وَعَمِلَ صَالِحًا فَعَسَىٰ أَنْ یَکُونَ مِنَ الْمُفْلِحِینَ

Այդ օրը Աստված նրանց պիտի հարցնի. «Ի՞նչ պատասխան տվեցիք իմ մարգարեներին»:

Պատասխանը պիտի մարի նրանց շրթունքներին և նրանք իրար էլ չեն կարող հարցնել:

Նա, որ զղջում հայտնելով ճշմարիտ կրոնին է վերադառնում ու բարիք է գործում, կարող է հույս ունենալ, որ երանություն կվայելի:

Այս այաներն ասում են, որ երբ կռապաշտները հայտնվում են դատաստանի առջև, նրանց հարց է տրվում.«Երբ մարգարեները ձեզ հրավիրում էին աստվածապաշտության, ի՞նչ էիք անում: Մարգարեները ձեզ հրավիրում էին պաշտել միակ Աստծուն ու բարիք գործել: Իսկ դուք ի՞նչ էիք պատասխանում»: Սակայն կռապաշտները չունեին պատասխան: Նրանք չէին ընդունել մարգարեների հրավերը: Իսկ եթե դա խոստովանեին, կնշանակեր, որ մեղք են գործել:

Այնուհետև այաներն ասում են. «Մենք նրանց առջև ճանապարհը չէինք փակել: Նրանք կարող էին հավատալ աստվածային մարգարեներին ու բարի գործ անել: Այդ ժամանակ նրանք  երջանիկ կլինեին ու կփրկվեին և այսօր չէին չարչարվի»:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Կռապաշտներն Աստծու առջև կանգնելիս ոչ մի արդարացում չունեն իրենց քայլերի համար:

2. Դատաստանի օրը մարդն ինքն  է պատասխանում Աստծու հարցերին և որևէ մեկի հետ խորհրդակցելու իրավունք չունի:

3. Իսլամում անգամ անհավատների ու կռապաշտների համար փակուղի չկա: Իսլամը մշտապես բաց է թողնում ապաշխարելու և վերադարձի ճանապարհը, որպեսզի յուրաքնաչյուր մարդ, որ մեղք է գործել, ցանկացած պահի ընդունի ճշմարիտ ուղին:

4. Մարդը կփրկվի միայն այն ժամանակ, եթե բարի գործ կատարի ու հրաժարվի սխալ արարքներից:

 

Ղեսաս սուրահի 68 և 69-րդ այաներ

وَرَبُّکَ یَخْلُقُ مَا یَشَاءُ وَیَخْتَارُ ۗ مَا کَانَ لَهُمُ الْخِیَرَةُ ۚ سُبْحَانَ اللَّهِ وَتَعَالَىٰ عَمَّا یُشْرِکُونَ

وَرَبُّکَ یَعْلَمُ مَا تُکِنُّ صُدُورُهُمْ وَمَا یُعْلِنُونَ

 

Քո Աստվածը կստեղծի ու կընտրի, ում ցանկանա, իսկ նրանք ընտրելու իրավունք չունեն: Փառք Հավիտենականին: Գերագույն էություն է Նա նրանց նկատմամբ, որոնց Իրեն հավասար են դասում: 

Քո Աստվածը գիտի, թե ինչ են թաքցնում նրանց սրտերը ու ինչ են հայտնում:  

 

Ղուրանն այստեղ ասում է. «Աստված ինքն է որոշում ինչ և ինչպես ստեղծել, ում մարգարե նշնակել և ինչ շարիաթ նշանակել: Եվ ոչ ոք չի կարող նրա կամքի վրա ազդել»:

 Աստծու կամքով, մարդիկ ստեղծվել են ազատ: Նրանք  ունեն կամքի ուժ, սակայն այդ կամքը չի կարող վեր լինել Աստծու կամքից: Պարզ է, որ արարչագործության մեջ ոչ մեկը դերակատարություն չի ունեցել: Իսկ եթե Աստված մարդկանցից որևէ բան ցանկանա,  նրանք չեն կարող հակաճառել: Ղուրանում ասվում է, որ երբ Աստված ու իր մարգարեն որևէ վճիռ են կայացնում, հավատացյալ տղամարդիկ ու կանայք չեն կարող այլ կերպ վարվել:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Արարչագործությունն ամբողջությամբ Աստծու ձեռքում է:

2. Նա ով աստվածային օրենքների փոխարեն ենթարկվի մարդկային օրենքներին, մարդուն հավասարեցնում է Աստծուն: