Ելք դեպի լույս 711
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 76-րդ այա
Ղարունը Մովսեսի ցեղից էր, սակայն նրանց հետ անօրինությամբ էր վարվում: Մենք նրան տվել էինք այնքան մեծ հարստություն, որ նրա գանձերի բանալիները բազմաթիվ ուժեղ մարդիկ անգամ անկարող էին կրել: Նրա ցեղն ասաց նրան. «Այդքան գոռոզաբար մի ուրախացիր, որովհետև Աստված չի սիրում գոռոզաբար ուրախացողներին:
Նախորդ այաներն անդրադարձել էին Մովսեսին ու Փարավոնին: Այս այաներն անդրադառնում են Ղարունին, ով Մովսեսի օրոք մեծահարուստներից էր: Ինչպես ասվում է պատմական նյութերում, Ղարունը Մովսեսի մերձավորներից էր ու հենց սկզբից հավատաց նրան: Սակայն երբ հարստացավ, գոռոզացավ ու անհնազանդ դարձավ Մովսեսին:
Փարավոնը բռնատիրության խորհրդանիշ է, որը դեմ է արդարությանը: Սակայն Ղարունը խորհրդանշում է այն հարուստներին, որ գոռոզամիտ են ու չեն հնազանդվում Աստծու խոսքին:
Սամերը նույնպես խորհրդանշում է այն արվեստագետներին, որ մարդկանց մոլորեցնում ու տանում են դեպի կռապաշտություն ու անհավատություն: Այան ասում է, որ Ղարունն անհնազանդ դարձավ գոռոզության պատճառով: Ու որքան հարստանում էր, այնքան ավելի շատ էր հեռանում Աստծու ժողովրդից ու միայն մտածում էր ոսկի դիզելու մասին: Դա այն դեպքում, երբ հարստությունը պետք է ծառայի երկրի ու ժողովրդի զարգացմանը և ոչ թե մի խումբ մարդկանց։
Այս այայից սովորում ենք․
1.Հարստությունը ձեռք բերելիս, մարդը չպետք է մոլորվի ճշմարիտ ճանապարհից։
2. Հարբեցողությունը միայն ալկոհոլից չի առաջանում: Երբեմն մարդիկ հարստություն ձեռք բերելով այնքան են արբում, որ ամեն ինչ մոռանում են: Նրանք հետևելով իրենց հարստությանը և ուժին, բռնանում են ուրիշների իրավունքների վրա։
Ղեսաս սուրահի 77-րդ այա
Քեզ տրված հարստությունով ջանա տեր լինել հավիտենական բնակավայրին: Մի մոռանա այն բաժինը, որ այս աշխարհում ստացար, ու բարեգութ եղիր, ինչպես Աստված եղավ քեզ հետ: Չլինի թե աշխարհը պղծես: Աստված չի սիրում ապականողներին»:
Նախորդ այայում նշեցինք, որ Մովսեսի հետևորդներից մի խումբ, որ խելացի մարդիկ էին, Ղարունին զգուշացրեցին գոռոզամիտ չլինել, քանի որ Աստված կմերժի նրան: Աստված այդպիսի մարդկանց չի սիրում:
Այս այան, շարունակելով նախորդին, դիմում է հավատացյալներին, ասելով, որ աշխարհը հանդերձյալի դաշտն է: Այն ինչ ցանես այստեղ կստանաս հանդերձյալ կյանքում: Իսկ հարստությունը նման է սերմի, որը պետք է բերք տա: Սերմը պահելով դրանից որևէ օգուտ չի լինի, եթե այն չցանեք։
Բացի այդ, եթե ասվում է, որ աշխարհի հարստությունից պետք է հանդերձյալի համար պաշար վերցնես, դա չի նշանակում, որ պետք է մոռանաս աշխարհիկ կյանքն ու հարստությունդ բաժանես հանուն Աստծու: Չպետք է մոռանալ ընտանիքին և հարստությունն օգտագործել սեփական ընտանիքի բարօրության օգտին: Չպետք է մոռանալ ոչ ընտանիքը և ոչ էլ Աստծուն:
Մի կարծիր, որ այն, ինչ ունես, քոնն է: Այդ ամենը պատկանում է Աստծուն, որ քո նկատմամբ բարի է եղել: Քեզ տեր ու տիրական մի համարիր, այլ մտածիր որ պահապան ես և Աստծու նման, դու էլ պետք է գթառատ լինես կարիքավորների նկատմամբ։
Նրանք Ղարունին ասացին, որ եթե այս խրատներին ուշադրություն չդարձնի, նրա հարստությունն իրեն ու իր շրջապատին միայն վնաս կբերի: Այն բարօրության համար ծախսվելու փոխարեն, թշնամանք կառաջացնի: Այդպես, այսօրվա կապիտալիստական հասարակություններում մարդկանց չնչին տոկոսը հարստանում է, իսկ մյուսները՝ գնալով աղքատանում։
Այս այայից սովորում ենք․
1. Մարդն իր բոլոր, հատկապես՝ տնտեսական գործերում, պետք է նկատի առնի Աստծու գոհունակությունը։
2. Պետք է ուշադրություն դարձնել հանդերձյալ կյանքին և կարիքի չափ օգտվել մեր հնարավորություններից, իսկ մնացածը պահել հանդերձյալ կյանքի համար։
3. Եթե հարստությունն օգտագործվի բարի գործի համար, կարող է մարդուն բարոյապես երջանկացնել։
Ղեսաս սուրահի 78-դ րդ այա
(Ղարունն) ասաց. «Այս հարստությունը ձեռք եմ բերել իմ գիտության շնորհիվ»: Արդյոք նա չգիտե՞ր, որ Աստված ոչնչացրեց իրենից առաջ եղած ժողովուրդներին, որոնք ավելի հզոր ու ավելի հարուստ էին իրենից: Մի մոռանա այն բաժինը, որ այս աշխարհում ստացար, ու բարեգութ եղիր, ինչպես Աստված եղավ քո նկատմամբ: Ոճրագործներից ոչ մեկը հարցաքննության չի ենթարկվում:
Այս այան ասում է, որ Ղարունը, խրատները լսելու փոխարեն, գոռոզամիտ դարձավ ու ասաց. «Այս հարստությունն իմ աշխատանքի արդյունքն է: Ես գիտեմ ինչպես այն տնօրինել: Դուք մի ասեք, թե ես ինչ անեմ, որտեղ ծախսեմ ու որտեղ գումար հավաքեմ: Եթե Աստված ինձ այս հարստությունը տվել է, ուրեմն ես դրան արժանի եմ»:
Ի պատասխան, Ղուրանն ասում է. «Մի՞թե նա պատմությունը չգիտի: Միթե չգիտի, որ իրենից ավելի հարուստներն էլ կային, սակայն քանի որ անհնազանդ էին, ոչնչացան»
Այս այայից սովորում ենք․
1. Եթե անգամ հարստությունը մարդու ջանքերի արդյունքն է, չպետք է դրա պատճառով գոռոզանալ։
2. Գոռոզամտությունը ոչնչացնում է մարդուն։