Ողջույն բարեկամ-328
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։
Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին —
Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:
Հովհաննես Թումանյան
***************************
Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի տոնը մեր Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է տոնվել դեռ հինգերորդ դարից:
Երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, ու այս անգամ Կույսին տվեց երկրից երկինք փոխման ավետիսը:
Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով: Աստվածամոր վերափոխման տոնակատարության օրը, Ս. Պատարագից անմիջապես հետո տեղի է ունենում Խաղողօրհնեք: Խաղողօրհնեքի ընթացքում եկեղեցում երգվում է «Փառք սուրբ խաչի» շարականը, կարդացվում է Սուրբ Գրքից հատվածներ, որոնց հաջորդում է խաղողի օրհնության համար գրված Սբ. Ներսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, թե Աստված երրորդ օրը ստեղծեց բուսականությունը, ապա Ադամին ու Եվային պարգևեց դրախտի դյուրին ու ճոխ կյանքը: Բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ Աստվածային օրհնությունը փոխվեց անեծքի: Սակայն Աստված մարդուն չանտեսեց. Միածնի աշխարհ գալով, անեծքի կապանքը վերացավ, և մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից: