Օգոստոս 24, 2022 07:14 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի այս շաբաթվա համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա գեղարվեստական ոլորտին վերաբերող կարևոր լուրերին: Եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:


---------------------------------

Օգոստոսի 16-ի երեկոյան Թեհրանի իր բնակարանում, 97 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Լեոնի (Լալիկ) Թաշճյանը:

Որպես իրանահայ գեղանկարիչ, բեմանկարիչ եւ ուսուցիչ, երկար տարիներ ծառայել էր հայոց ազգ. «Նայիրի» դպրոցում, ինչպես նաեւ Հ. Մ. «Սիփան» միությունում և կարևոր դերակատարություն ունեցել հայ աշակերտության ճաշակի ու մտածողության որակի զարգացման գործում՝ այն ուղղորդելով դեպի արվեստ ու գեղեցկություն:

Լալիկ Թաշճյանը թատերական գործիչ Մկրտիչ Թաշճյանի դուստրն էր, ում անունն է կրում նաեւ «Սիփան» միության թատերախումբը: Լալիկը շարունակելով հոր ավանդը, երկար տարիներ նվիրվեց միութենական աշխատանքներին ու նույն հարկի տակ դաստիարակություն ստացած սերունդներին, ի մասնավորի թատերական ու բեմանկարչության ասպարեզներում:

Լալիկ Թաշճյանի կրթած ու դաստիարակած սերունդն այսօր իր ասելիքն ունի նաեւ իրանական արվեստի ու կերպարվեստի ասպարեզում:

 

 

«Ամերիկացի» ֆիլմը, որով մեկնարկել էր «Ոսկե ծիրան-2022»-ը, օգոստոսի 19-ից հասանելի է հանրությանը: Այն մեծ էկրաններին է:

«Մեզ համար շատ պատասխանատու եւ ուրախալի էր, որ մեր ֆիլմով մեկնարկեց հայաստանյան կինոփառատոնը: Հասկանալի պատճառներով՝ շատերը չէին կարողացել դիտել այն: Այդ պատճառով էլ այս փուլում ֆիլմը սահմանափակ քանակով էկրաններ բարձրացնելու որոշում կայացրեցինք», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը:

Արման Նշանյանի խոսքով՝ իրենց թիմի համար առաջնային էր այն, որ ֆիլմի պրեմիերան կայանար հենց Հայաստանում, հայկական կինոփառատոնի շրջանակներում:

«Մենք պետք է աշխարհին ցույց տայինք, թե որտեղից է սկիզբ առնում այս պատմությունը՝ շեշտելով, որ այն 100%-ով հայկական ֆիլմ է, որի նկարահանումներն ամբողջությամբ տեղի են ունեցել հենց Հայաստանում»,-ասաց նա:

Ֆիլմի փառատոնային կյանքն այսքանով չի եզրափակվում, այն առաջիկայում կցուցադրվի Համբուրգի, ապա՝ Նյու Յորքի կինոփառատոններին:

«Այս շրջանում բանակցում ենք նաեւ մեկ այլ կինոփառատոնի մասնակցելու շուրջ, բայց հիմա փակագծերը չեմ բացի: Լինելով 100%-ով հայկական արտադրանք՝ ֆիլմի թեման համամարդկային է, ինչի շնորհիվ էլ այն կարող է դիպչել մարդկանց սրտերին՝ անկախ ազգությունից: Հարկ եմ համարում հիշեցնել, որ ֆիլմի աշխարհագրությունն էլ է մեծ: Նկարահանվել են հայեր, ովքեր երբեւէ չէին ապրել եւ աշխատել Հայաստանում»,-նկատեց պրոդյուսերը:

Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և գլխավոր դերակատարը «Էմմի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի արժանացած Մայքլ Գուրջյանն է։ Ֆիլմում նկարահանվել է նաև «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալից հայտնի Հովիկ Կեուչկերյանը: Դերասանական կազմում են նաև Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը և այլք։

«Ֆիլմի շրջանակներում սկսեցինք աշխատել Պատրիկ Մալխասյանի և Վարդան Բարսումյանի հետ, նրանք ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են, ես և Սոլ Տրիոն պրոդյուսերներն ենք։ Հենց այս մարդկանց շնորհիվ կարողացանք այս ամենն իրականացնել»-ասաց Արման Նշանյանը:

«Ամերիկացի»  ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման:

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ նկարահանված «Շեմից այն կողմ» ֆիլմը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Լինցի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին (միջազգային մրցութային բաժնում):

Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերն է Անգինե Իսանյանսը, օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը, իսկ արտադրողն է ԱՖՓ ընկերությունը:

«Կարճամետրաժ այս ֆիլմը կանանց ոտնահարված իրավունքների թեմայով սոցիալական դրամա է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լինցի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի նպատակն է աջակցել երիտասարդ, տաղանդավոր կինոգործիչներին՝ նրանց հնարավորություն  ընձեռելով ներկայացնելու իրենց ստեղծագործությունները պրոֆեսիոնալ միջավայրում:

 

 

Վանաձորի Հայոց Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում օգոստոսի 19-ին տեղի ունեցած համերգով մեկնարկեց  «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգային  ծրագրով հանդես է եկել Վանաձորի Կամերային երգչախումբը եւ «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը։  Նմանը չունեցող համերգային ծրագիրն իր շուրջն էր հավաքել Վանաձորի արվեստասեր հասարակությանը։ Ներկաները հնարավորություն ունեցան մասնակիցը լինելու արդեն իսկ սիրված փառատոնին։

«Թվով արդեն 9-րդ անգամ փորձում ենք հնարավորինս անել, նորովի ներկայացնել փառատոնը, հասարակությանը՝ բոլոր հարթակներում հաղորդակից դարձնել մշակույթին, դառնալ կամուրջ արվեստի, հասարակության եւ ներառականության միջեւ։ Մեր գերնպատակներից մեկն է ակտիվացնել մարզային մշակութային կյանքը »,-  նշել է փառատոնի հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն։

Ի դեպ,  այս օրերին  Վանաձորում մշակութային ակտիվության պակաս չի լինի, փառատոնի շրջանակում նախատեսվում են  իրականացնել ֆիլմերի դիտում-քննարկումներ,ազգային պարերին նվիրված միջոցառում եւ համերգային ծրագրեր։

Այս տարի փառատոնի շրջանակում Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում կիրականացվի ներառական մշակութային ճամբար, որին կմասնակցեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ մասնագիտացված կառույցների սաներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։Փառատոնին աջակցում են նաեւ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:

 

 

Շիրակի մարզի  Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռ բնակավայրում անցկացվում  է «Նկարում ենք լույսը» խորագրով երիտասարդ նկարիչների Պլեներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝  օգոստոսի 17-ին մեկնարկած պլեները կավարտվի օգոստոսի 21-ին:

 Նախագիծն իրականացնում է «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը:

«Նպատակն է՝ ուշադրություն հրավիրել գյուղի խնդիրների վրա, իրականացնել մեկ բարեգործական ծրագիր, հայտնաբերել գյուղում հյուրընկալ տներ եւ նպաստել ապագայում գյուղական տուրիզմի զարգացմանը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Երանուհի Սողոյանն՝ ընգծելով, որ տարբեր գործողություններով նաև փորձ է արվում հետաքրքիր դարձնել հատկապես գյուղական համայնքների երեխաների կյանքը:

Նախաձեռնողների խոսքով՝ պլեների՝ «Նկարում ենք լույսը» խորագիրը պատահական չէ ընտրված. վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ու փորձությունների պատճառով մարդկանց մոտ մեծացել է լույսի ու պայծառ գույներ տեսնելու ցանկությունը:

«Բացի այդ, չմոռանք որ Ջաջուռը Մինաս Ավետիսյանի ծննդավայրն է, իսկ Մինասն իրեն համարում էր լույսի նկարիչ: Քանի որ պլեներն անցկացվում է հանուն Ջաջուռի, որոշեցինք այդ խորագիրն ունենալ  և ստեղծել լուսավոր կտավներ»,-ասում է Երանուհի Սողոյանը: 

Պլեներին հայտնի գեղանկարիչների կողքին մասնակցում են նաև երիտասարդ ուսանողներ: Պլեների շրջանակում ստեղծված կտավները մեկ շաբաթից կներկայացվեն բարեգործական աճուրդ-վաճառքի, որից ստացված գումարները կուղղվեն Ջաջուռի խնդիրների լուծմանը:

Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել նաև ֆլեշ-մոբ, որի շրջանակներում նկարիչները մեկ օր վարպետության դաս անցկացրեցին համայնքի երեխաների համար, իսկ B612 նկուղ-արվեստանոցի կողմից երեխաները ստացան նկարչական պարագաներ:

Ծրագրի ֆինանսական աջակիցներն են Ախուրյան խոշորացված համայնքը, անհատ բարերարներ:     

 

 

Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ օգոստոսի սկզբին «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում «Ճանապարհ» եռյակը Իտալիայի մի շարք քաղաքներում տվել է  Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված մի շարք համերգներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

«Այս ծրագիրը մշակութային-սպորտային միջոցառում է՝ կազմակերպված Մարսելի Ֆրանսահայ Երտասարդաց Միության՝ JAF-ի եւ «Վազք հիշատակի համար» CPLM կազմակերպության կողմից: Մտահղացման հեղինակը՝ երաժիշտ Միքայել Վեմյանն է, JAF-ի երաժշտական դպրոցի պատասխանատուն և նվագախմբի ղեկավարը:

Ծրագրի նպատակն է Մարսելից քայլել մինչև Երևան՝ 2500կմ ոտքով կտրել-անցնելով Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանն ու Հայաստանը: Քայլարշավը, ինչպես նաև այս ճանապարհին տրվող բոլոր համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համերգներից վերջինը տեղի է ունեցել Հռոմում՝ օգոստոսի 14-ին, հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցում։ Համերգին ներկա է եղել նաև դեսպանության անձնակազմը։ Իր խոսքում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը ողջունել է նախաձեռնությունը, շեշտադրել արվեստի միջոցով ցեղասպանության դեմ պայքարելու և ապագա ցեղասպանությունները կանխարգելելու կարևորությունը։ Նա նաև նշել է, որ այս նախագիծը լավագույնս տեղավորվում է 2021թ. ՀՀ դեսպանության կողմից ձեռնարկված «Արվեստը հանուն կանխարգելման» արշավի շրջանակում՝ սպորտային տարրի համալրմամբ։

Նշվում է, որ «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում եռյակի կողմից մի շարք համերգներ են նախատեսվում նաև Հունաստանում և Հայաստանում:

 

Սան Ֆրանցիսկոյում գտնվող 42 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան լուսանկարները մեծ հետաքրքրություն են առաջացրել Կամբոջայի կառավարության շրջանում, գրում է Washington Post-ը:

Architectural Digest-ի 2021 թվականի հունվարի թողարկման մեջ ներկայացվել է գրող Սլոան Լինդեման Բարնետի եւ նրա ամուսնու՝ սննդային հավելումների գործադիր տնօրեն Ռոջեր Բարնետի տան լուսանկարը:

Գույքի պատկերները փաստում են նրա վեհությունը՝ ծովածոցի ապշեցուցիչ տեսարաններից մինչեւ սպիտակ օնիքսով պատված պատեր: Այնուամենայնիվ, բակի պատվանդանների վրա գտնվող մի շարք հնագույն քանդակներ գրավել են Կամբոջայի կառավարության ուշադրությունը, որը հայտարարել է, որ դրանք նման են այն քանդակներին, որոնք գողացվել են երկրի սուրբ վայրերից մեկից տարիներ առաջ:

«Այս արձաններից մի քանիսը պատմական եւ մշակութային մեծ նշանակություն ունեն Կամբոջայի համար եւ պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն երկիր», - ասել է Կամբոջայի մշակույթի նախարար Ֆերնգ Սակոնան:

«Դա միայն արվեստ չէ: Մենք հավատում ենք, որ դրանցից յուրաքանչյուրում մեր նախնիների հոգիներն են», - ասել է հնագետ Սոֆիապ Միասը:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կապվել է ընտանիքի հետ, որոնք չեն մեղադրվում արձանների հետ կապված որեւէ հանցագործության համար, սակայն ոչ մի ցուցում չկա այն մասին, որ նրանք մտադիր են վերադարձնել արձանները:

Իրավիճակը եւս մեկ անգամ ի ցույց է դնում արվեստի աշխարհում առկա խնդիրը, երբ հարուստ կոլեկցիոներները գնում են գործեր՝ առանց իմանալու, թե ինչպես են դրանք ձեռք բերվել, իսկ հետո չեն ցանկանում վերադարձնել դրանք, երբ պարզվում է, որ դրանք գողացված են:

 

 

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը ֆիլմ կնկարահանի իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի մասին։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։

Դերասանն իր կյանքում երկրորդ անգամ հանդես կգա որպես ռեժիսոր։ Նրա նկարահանած առաջին ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Մարլոն Բրանդոն։

Նոր նախագծում Դեփը կաշխատի Ալ Պաչինոյի հետ, ով կլինի պրոդյուսերներից մեկը։ Ֆիլմը պատմում է քանդակագործի փարիզյան կյանքի 48 ժամերի մասին։ Նկարահանումները կսկսվեն Եվրոպայում 2023 թվականի գարնանը։

«Ինձ համար աներևակայելի մեծ պատիվ է ներկայացնել Մոդիլիանիի կյանքը, որը լի էր մեծ դժվարություններով, բայց ի վերջո այն վերածվեց հաղթանակի։ Սա համամարդկային պատմություն է, որի հետ կարող են իրենց նույնականացնել բոլորը»,- ասել է Դեփը։