Մայիս 22, 2016 19:55 Asia/Yerevan

Ողջունում ենք ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում նշվեց, որ ըստ բնապահպանական գծով փորձագետների, շրջակա միջավայրի ապականման սաստկացման խնդրում դերակատարություն ունեն մի շարք գործոններ, որոնցից է ցանկացած տարածաշրջանում բնակչության չպլանավորված աճը: Այսօր խոսելու ենք այդ թեմայի շուրջ: Ընկերակցեք մեզ:

Գիտնականների կարծիքով, բնապահպանական ճգնաժամի էական պատճառներից մեկը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով ազդեցություն ունի շրջակա միջավայրի ապականման խնդրում, աշխարհում, մասնավորապես զարգացող պետություններում բնակչության աճն է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չորս օրը մեկ աշխարհի բնակչությունն ավելանում է մեկ միլիոնով: Առաջին հայացքից այս ցուցանիշը այնքան էլ էական և ուշագրավ չէ, սակայն մի քանի տարի անց աշխարհի բնակչության թիվը միանգամից կրկնապատկվելու է, որի հետևանքով առաջանալու են նոր խնդիրներ: Փաստորեն բնակչության աճի տեմպերի մեծացումը նշանակում է բնապահպանական բոլոր հիմնախնդիրների սաստկացում: Այս հանգամանքը հաստատվում է 2000 թվականին Բրաուն Նիլսոնի կողմից կատարված հետազոտություններով: Նրանք եկել են այն եզրակացության, որ մարդկանց թվաքանակի մեծացմամբ մեծանալու են նաև երկրին, ջրին, տիեզերքին ու օդին պատճառված աղտոտվածությունը:
Աշխարհի բնակչության աճով, մեծանալու են նաև երկրի ռեսուրսների օգտագործման ծավալները, քանի որ բնակչության թիվը ուղիղ հարաբերության մեջ է ավելի մեծ ծավալով սննդի արտադրության և այդ սննդի ծախսերի հետ և փաստորեն դրա հետևանքով տեղի են ունենում ռեսուրսների օգտագործման աճը և կենդանական տեսակների ոչնչացումը:  Ներկայումս մարդիկ իրենց տարբեր կարիքների համար օգտագործում են երկրի կենսաբազմազանության մոտ 50 տոկոսը, ինչը հաշվի առնելով միմյանց նկատմամբ կենդանական տարբեր տեսակների կախվածությունը և նրանց կարիքը միմյանց նկատմամբ, կարող է ի վերջո հանգեցնել աշխարհում կենդանական բազմազանության նվազմանը: Մյուս կողմից աշխարհի որոշ կետերում չկան բավարար ռեսուրսներ սննդի արտադրման համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս հրապարակած իր  զեկույցում ակնարկել է այդ փաստը՝ հայտարարելով, որ աշխարհի շատ վայրերում մարդկանց թվաքանակը ավելին է քան այդ շրջանում սննդի արտադրության ներուժը, ուստի աշխարհի ներկայիս բնակչությանն աջակցելու համար անհրաժեշտ է մեծացնել սննդամթերքի արտադրության ծավալները, հակառակ դեպքում կառաջանան անթիվ այլ խնդիրներ մարդկության համար, որոնցից կարելի է մատնանշել աղքատությունը, սովն ու թերսնումը:
Կենդանիների թվաքանակի ու վերարտադրության վերաբերյալ կատարված բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են այն մասին, որ բոլոր կենդանիները իրենց թվաքանակը մեծացնում են այնքան, որքան թույլ են տալիս իրենց բնակավայրում շրջակա միջավայրի ռեսուրսները: Մարդկանց տարբեր հասարակությունների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները ևս ցույց են տալիս, որ նախկինում մարդկանց թվաքանակի ու սննդի առկայության, ինչպես նաև սննդի առատության ու մարդկանց սերնդի աճի միջև կապ է եղել, այն իմաստով, որ երբ նվազել է սննդի մատչելիությունը, սահմանափակվել է նաև մարդկանց վերարտադրողականությունն ու թվաքանակը: Սակայն ժամանակակից աշխարհում ցանկացած տարածաշրջանում գյուղատնտեսության զարգացմամբ և բնական ռեսուրսների մարդածին փոփոխմամբ թվում է, թե մարդկանց վերարտադրողականությունը դուրս է եկել տվյալ շրջանի բնական ռեսուրսների վերահսկողությունից: Այդ հիմնախնդիրը ավելի շատ նկատելի է հատկապես չզարգացած պետություններում:
***************
Զարգացող պետություններում բնակչության աճը, աղքատությունը և շրջակա միջավայրի էրոզիան  առաջացրել է անիմաստ ցիկլ, որը լրջորեն ազդել է մարդկանց կյանքի վրա և ձախողման է մատնել պետությունների ջանքերը կայուն զարգացմանը հասնելու համար: Բնակչության մշտական աճը աղքատ խավերի կենսամակարդակի նվազման պատճառ է դառնում, որը հիմնականում դրսևորվում է մահվան բարձր ցուցանիշներով և կենսամակարդակի բարձրացմանը ուղղված հնարավորությունների նվազմամբ: Այդ հասարակություններում առկա աղքատությունը շրջակա միջավայրի առավել ապականման պատճառ է դառնում, ինչը տեղի է ունենում հիմնականում կանանց կողմից, քանի որ նրանք ստիպված են լինում իրենց և իրենց ընտանիքի ապրուստը ապահովելու համար օգտագործեն անսահման չափերի հասնող բնական ռեսուրսներ:
Հրապարակված վիճակագրությունների համաձայն, զարգացող տարածաշրջաններում մահվան դեպքերի 40 տոկոսը վերաբերում է վարակիչ հիվանդություններին, մորից մանկանը փոխանցված հիվանդություններին և նախածննդյան մահվան դեպքերին, մինչդեռ զարգացած պետություններում մահվան դեպքերի մոտ 5 տոկոսն են կազմում այդ հիվանդությունները: Թեև այդ հարցում առկա են բազմաթիվ գործոններ, այնուամենայնիվ հիվանդությունների փոխանցման և մարդկանց առողջական խնդիրների գլխավոր պատճառն  է  բնակչության աճի բարձր տեմպը, որը սննդի անբավարարության և հողի ու ջրի աղտոտման պատճառ է դառնում:
Մեծ բնակչություն ունեցող շրջանները, հատկապես հիգիենիայի տեսակետից անմխիթար վիճակում գտնվող շրջանները,  նպաստավոր միջավայր են ստեղծում վարակիչ հիվանդությունների առաջացման համար: Օրինակ՝ մի տեսակ տենդ, որը հայտնի է որպես «Դենգեի տենդ» և փոխանցվում է ջրի և մոծակների միջոցով, շատ արագ տարածվում է մեծ բնակչություն ունեցող քաղաքներում: Տարեկան 30-90 մլն մարդ վարակվում են այս հիվանդությամբ և այս վիճակագրական ցուցանիշը 1980 թվականից սկսած զարհուրելի կերպով աճում է: Այս հիվանդությունը և այլ վարակիչ հիվանդությունները հանդիսանում են աշխարհում մահվան դեպքերի 35 տոկոսի պատճառը: Աշխարհում վարակիչ հիվանդությունների 80 տոկոսը սկսվում է նախ աղտոտված ջրից: Այս ցուցանիշը 90 տոկոս է կազմում զարգացող պետություններում: Հիգիենիայի բացակայության պատճառով աշխարհում տարեկան տեղի են ունենում 2 մլրդ փորլուծության դեպքեր, որոնցից 4 միլիոնը, հիմնականում մանուկների ու նորածինների շրջանում հանգեցնում է մահվան:
***********
Զարգացող պետություններում ջրի աղտոտվածության գլխավոր պատճառներից է կեղտաջրերի ներթափանցումը մակերեսային ջրեր: Օրինակ Հնդկաստանի 3119 քաղաքներից ընդամենը 209 քաղաք օժտված է կեղտաջրերի մաքրման և մակերեսային ջրեր դրանց ներթափանցումը կանխման մի շարք հնարավորություններով, ընդորում ընդամենը 8 քաղաք նման հնարավորություններն ունեն լիակատար կերպով: Մինչդեռ այդ ջրերը օգտագործվում են խմելու, լոգանքի և լվացքի նպատակներով: Ջրերի աղտոտման հետևանքներից է Մալարիայի հիվանդության պատճառով մահվան դեպքերի աճը: Տարեկան 500 մլն մարդ վարակվում է այդ հիվանդությամբ, որից տարեկան մահանում են  7.2 մլն մարդ:
Բնակչության աճի հետևանքներից է նաև օդի աղտոտվածությունը, որն ազդեցություն է ունենում տարեկան հարյուրավոր մարդկանց կյանքի վրա: Բնակչության աճը հանգեցնում է քիմիական նյութերի, բրածո վառելիքների և ավտոմեքենաների օգտագործման ծավալների մեծացմանը: Բնակչության աճի և բրածով վառելիքների օգտագործման ծավալների մեծացման պատճառով երկիր մոլորակի մթնոլորտ են մտնում տարեկան 6 մլրդ տոննա ածխածին և 3.22 մլրդ տոննա ածխածնի երկօքսիդ: Վերջին տասնամյակների ընթացքում բնակչության աճի, տեխնոլոգիական փոփոխությունների և ածխածնի երկօքսիդ գազ արտադրող ապրանքների առավել օգտագործուման հետևանքով այդ գազի արտանետումը ավելացել է մեկ շնչի հաշվով 1.2 տոկոսով: Կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ բնակչության աճը եղել է երկիր մոլորակի մթնոլորտ մտած ածխածնի երկօքսիդի երկու երրորդի ավելացման պատճառը: Սպառումների մեծացումը և տեխնոլոգիական աճը ածխածնի երկօքսիդի մեկ երրորդի ավելացման պատճառ են դարձել: Բնակչության մեծացմամբ ավելանալու են նաև պինդ մարմնի տեսք ունեցող աղբն ու թափոնները, քանի որ ստեղծված աղբի ծավալը կախված է սպառման և առաջացող թափոնների ծավալներից: Շրջակա միջավայրի վրա բնակչության աճի բացասական ազդեցության հետևանքներից են նաև անտառահատումները և անապատների տարածումը, բարեբեր հողերի աղիացումը, թունավոր նյութերի օգտագործման ծավալների մեծացումը, ջերմոցային գազերի ազդեցությունը, կենսաբազմազանության սպառնումն ու ոչնչացումը:
Այսօր տարաձայնություններ կան, որ բնակչության աճը շրջակա միջավայրի ապականման գործոն է: Ոմանք գտնում են, որ շրջակա միջավայրում առաջացած փոփոխությունները բնակչության աճի հետևանքով չեն, այլ չափազանց բարեկեցությունն ու սպառումը, ինչպես նաև տեխնոլոգիաներն են շրջակա միջավայրի ապականման գլխավոր պատճառը: Փորձագետների կարծիքով, Այդ երկու տեսակետներն էլ կարող են ճիշտ լինել: Առաջադեմ պետություններում տեխնոլոգիաները ոչնչացնում են շրջակա միջավայրը, մինչդեռ չզարգացած պետություններում բնակչության աճն ու աղքատությունը շրջակա միջավայրի աղտոտման ու ապականման պատճառ են դառնում:  Հետևաբար այդ երկու երևույթներն էլ մտահոգիչ են. և՛ բնակչության աճը և՛ տեխնոլոգիաները շրջակա միջավայրի ապականման պատճառ են: Ուստի հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանի էկոհամակարգի ներուժը և ցանկացած երկրամասի ռեսուրսների ստույգ բացահայտումը, տնտեսական ու բնակչության   գծով քաղաքականության մշակումը դառնում է կարևոր և անխուսափելի:
*********
Սիրելի բարեկամներ, հաղորդումը  մոտենում է իր ավարտին: Մինչ հաջորդ հաղորդում, որի ընթացքում կքննարկենք շրջակա միջավայրը ոչնչացնող գործոններից ևս մեկը, մենք Ձեզ հրաժեշտ ենք տալիս: Տերն ընդ Ձեզ: