Հայաստանը կդառնա փակ տոպրակ. թուրքագետը` «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին
Այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքը» ուղղակի ճանապարհ չէ, այն պանթյուրքիզմի գաղափարի իրականացումն է, որի վրա Թուրքիան աշխատել է մոտ 100 տարի։
Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ենթատեքստում «Թուրանի ճանապարհն» է, որը տարբեր փուլերում տարբեր անվանումներ է ունեցել` Մեղրիի ճանապարհ, հիմա արդեն «Զանգեզուրի միջանցք»։ Սյունիքը Հայաստանի առանցքային հարցն է, այն Հայաստանի ողնաշարն է։ Մինչև մեր օրեր այս թեմայով իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել ու պայքարել Մեղրիով ճանապարհ տալու դեմ Կարեն Դեմիրճյանը, Անտոն Քոչինյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Գարեգին Նժդեհը…»,– ընդգծեց թուրքագետը։
Նրա խոսքով` այս ճանապարհի վրա սկզբում Թուրքիան, ապա Ադրբեջանն աշխատել են մոտ 100 տարի, և իրենք կոնկրետ տարածք են ուզում ու Հայաստանի կողմից որևէ այլ առաջարկ չեն ընդունում, ասենք օրինակ` Կապանով, Ջերմուկով ճանապարհ դեպի Նախիջևան, որովհետև այս դեպքումաջ և ձախ կողմերում ապրելու են հայեր։
Մելքոնյանի վստահեցմամբ` Թուրքիան և Ադրբեջանը շատ կոնկրետ պահանջում են Մեղրիով, Արաքս գետի երկայնքով, հայ–իրանական սահմանը կտրելով միջանցք, որը դուրս կլինի ՀՀ վերահսկողությունից։
Sputnik.