Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հանդիպել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի հետ, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։
Քննարկվել են նաև բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները:
---------------------------------------------
Քննարկվել է Երևանում իրանական ավտոմքենաների արտադրության հոսքագծի գործարկման հարցը՝ ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման նպատակով:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալիռեզա Փեյման Փաքը Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Թուրյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրանական ավտոարտադրողները շահագրգռված են Հայաստանում արտադրական գիծ հիմնել:
Նա նշել է. «Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, այս քայլը կարող է լավ արդյունքներ ունենալ երկու երկրների համար»:
Նշելով, որ հոկտեմբերի կեսերին Երևանում Իսլամական Հանրապետության առևտրային կենտրոնի բացմանը զուգահեռ Իրանից մեծ գործարար պատվիրակություն կմեկնի Հայաստան, Փեյման Փաքը հույս է հայտնել, որ դա կբերի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը ողջունել է իրանական ընկերությունների ներկայությունը Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում, ինչպես նաև այս երկրում իրանական ավտոմեքենաների արտադրության առաջարկը:
--------------------------------
Թավրիզի պետական համալսարանի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ ստեղծել հայագիտության ամբիոն։ Տեղեկությունը հայտնել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա գրել է, որ հանդիպել է Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրոլլահ Զադեհի հետ և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցություն հաստատելու քայլերն ու դրա շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
«Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Թավրիզի պետական համալսարանում ստեղծել հայագիտության ամբիոն, որին լիովին աջակցելու պատրաստակամություն ենք հայտնել, ինչպես նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանակում ստեղծել Ատրպատականի ուսումնասիրությունների կենտրոն, որը տարածաշրջանային հետազոտությունների կարևոր հարթակ կդառնա»,– նշել է Հովհաննիսյանը։
Սաֆար Նասրոլլահ Զադեհի հետ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են նաև իրականացնել համալսարանների ուսանողների և մասնագետների փոխանակման ծրագրեր, համատեղ հետազոտական նախագծեր, ակադեմիական ու մշակութային տարբեր նախաձեռնություններ։
-------------------------------------
Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Իր խոսքում ՌԴ նախագահը, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից բացի նաև անդրադարձել է ԼՂ-ի հարցին և ընդգծել է. «Ամենազգայուն հարցերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակին:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը: Եվ հատկապես այս բարդ ժամանակներում շատ կարևոր են մշտական շփումները և դիրքորոշումների հստակեցումը:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ռուս խաղաղապահների առաքելությանն ու նշել է. «Պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք դրա մասին: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ընդգծել: Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք և կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել»:
----------------------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ կապ ունի Հայաստանը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի և Հեռավոր Արևելքի հետ:
«Հայտնի է, որ լոգիստիկ սխեմաները դրամատիկ կերպով փոխվում են, և, եթե նայենք քարտեզին, մենք կարող ենք տեսնել և նկատել այն հնարավորությունները, որոնք բացվել են և բացվելու են Հայաստանի համար ևս: Հակառակ ամեն ինչի, Արևելքից Արևմուտք, Արևմուտքից Արևելք ապրանքների ներհոսքը չեն դադարի, Հյուսիսից Հարավ և Հարավից Հյուսից` ևս: Եվ եթե քարտեզին նայենք, ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է այդ ուղիների խաչմերուկում և մենք, կարծում ենք, որ այստեղ իսկապես հնարավորություն կա, որը պետք է օգտագործենք»,- Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ընթացքում ելույթում ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում իրականացվում է Հյուսիս-Հարավ նախագիծը:
«Դա նոր ավտոմոբիլային ճանապարհի կառուցումն է, որը կապում է մեր հարավային հարևան Իրանին հյուսիսային հարևան Վրաստանի հետ»,- ասաց ՀՀ վարչապետը:
---------------------
Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել:
Վլադիվոստոկի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին է: Ո՞րն է Ադրբեջանի տեսակետը: Նրանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և այլևս քննարկելու բան չկա: Մեր դիրքորոշումը և ակնհայտորեն նաև միջազգային հանրության դիրքորոշումը չեն համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ: Ակնհայտ է, որ այդ դիրքորոշումը չի կիսում մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը: Իմ՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի ընթացքում ես և Ռուսաստանի նախագահը ստորագրեցինք հայտարարություն, որտեղ արձանագրված է, որ մենք պետք է համագործակցենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այսինքն, Ռուսաստանն արձանագրում է, որ կա հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Եվ սա տրամաբանական է, որովհետև եթե հիմնախնդիր չլիներ, Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չէին գտնվի Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև հավելեց, որ Բրյուսելի հանդիպման ընթացքում թե Հայաստանը, թե Ադրբեջանն արձանագրել են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը: Փաշինյանը, սակայն, նկատեց, որ բացարձակապես բոլորն են խաղաղություն ուզում, սակայն յուրաքանչյուրը խաղաղության իր ընկալումը, պայմանները, արդյունքներն ու մթնոլորտն ունի: Նրա խոսքով՝ այստեղից է, որ ծագում են կոնֆլիկտները:
-----------------------------
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Վլադիվոստոկում կայացած հանդիպմանն ու հայ–ռուսական հարաբերություններին։
----------------------------
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեստական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։
Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի:
Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:
Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:
Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում։
-----------------------
Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքուն հինգ գերիների կփոխանցի Երեւանին։
«Ղեկավարվելով հումանիզմի սկզբունքներով՝ Ադրբեջանը եւս հինգ հայ զինծառայողի կփոխանցի Հայաստանին։ Զինծառայողների փոխանցման ընթացակարգը տեղի կունենա Հայաստանի հետ սահմանային գոտիներից մեկում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման արդյունքներից մեկը հայ զինծառայողներին վերադարձնելու մասին պայմանավորվածությունն է։ Այսպիսով, Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ աջակցում է հումանիտար օրակարգին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--------------------------------
Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար:
Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում։
Նախարար Ջեյհուն Բայրամովը վկայակոչել է 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի արդյունքներով արտգործնախարարներին հանձնարարվել է պատրաստել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստերը, և հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դրան։
Ընդգծվել է նաև, որ Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։