Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։
Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել «Աբուռեյհան Բիրունիի գիտական ժառանգությունը» թեմայով սեմինարը, որին մասնակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Միջոցառմանը դեսպանը հանդես է եկել ելույթով:
Դեսպանի դիտարկմամբ՝ գիտելիքները մեզ հնարավորություն են ընձեռում կանխել պատմության և իրականության աղավաղումը։ Այդ պատճառով Աբուռեյհան Բիրունիի գիտական ժառանգության հետ ծանոթությունը չափազանց արդիական է և իրանական կողմը շնորհակալ է Հայ-Ռուսական համալսարանին միջնադարի մեծանուն գիտնական-էնցիկլոպեդիստի պատվին կազմակերպված միջոցառման համար։ «Աբուռեյհան Բիրունին հայտնի է որպես գիտական տարբեր ուղղությունների գիտակ, իսկական էնցիկլոպեդիստ, տիրապետում էր բազմաթիվ լեզուներին և ծանոթ էր տարբեր մշակույթներին»,- հավելել է նա։
Իր հերթին՝ Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանն ասել է ․«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ մեր համալսարանում հարգարժան դեսպան։ Մենք անչափ շնորհակալ ենք ձեզ նաև այն մեծաքանակ ուսումնական և պրոֆեսիոնալ գրականության համար, որը դուք նվիրեցիք մեր ինստիտուտին։ Պետք է նշեմ, որ մենք աշխատում ենք արևելագիտության և իրանագիտության այնպիսի ուղղություններով, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվում աշխարհում ոչ մի տեղ»։
«Աբուռեյհան Բիրունիի գիտական ժառանգությունը» թեմայով սեմինարը կազմակերպել են ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնը։
---------------------------------
Հայաստանում Իրանի դեսպանատան առևտրի կցորդ Աքբար Գոդարին ասել է.«Իրանի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև բանակցություններից հետո առաջիկա ամիսներին կիրականացվեն երկու կողմերի միջև առևտրի ազատականացման աշխատանքները»:
Երևանում կայացած հայ-իրանական գործարար համաժողովում Հայաստանում Իրանի առևտրային կցորդ Աքբար Գոդարին նշել է.«Իրանի կառավարության օրակարգում ներառված է Իրանի և հարևան երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման պլանավորումը, և ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ բանակցություններին հետևում ենք որպես լուրջ առաջնահերթություն»:
Գոդարիի խոսքով՝ անցած ամիսներին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև բանակցությունների 9 փուլ է անցկացվել, որոնց հիմնական առանցքներից մեկը եղել է երկու կողմերի միջև առևտրի ազատականացումը։
Նշելով, որ այս երկրի շուկան շատ բարենպաստ հնարավորություններ ունի Իրանի համար, Գոդարին հստակեցրել է.«Հաշվի առնելով երկու երկրների աշխարհագրական դիրքը և սահմանային հաղորդակցությունները, հայկական շուկան միանշանակ շատ կարևոր է Իրանի ապրանքների արտահանման համար»։
Հայաստանում Իրանի առևտրի կցորդը ընդգծել է.«Իրանը և Հայաստանը քաղաքական և պատմական առումով լայն հարաբերություններ ունեն միմյանց հետ, հետևաբար, օգտագործելով այս հնարավորությունը, կարելի է լրջորեն բարձրացնել առևտրային փոխգործակցության մակարդակը և նախադրյալներ ստեղծել իրանական ապրանքները մեր հյուսիսային հարևան երկիր արտահանելու համար»:
Տնտեսական համաժողովին ներկա էին մոտ 30 իրանական ընկերություններ Արևելյան Ատրպատական նահանգից և 30 հայկական ընկերություններ։
Հայաստանն իր առանձնահատուկ աշխարհագրական դիրքով կարող է իրանական ապրանքների համար Եվրասիական տնտեսական միության 180 միլիոնանոց շուկա մուտք գործելու դարպաս հանդիսանալ։
-----------------------------
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռիքերին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ողջունել նրա այցը տարածաշրջան: Կառավարության ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է ԱՄՆ կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԽ համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը և վերջինիս փորձի օգտագործումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում:
Զրուցակիցները քննարկել են ԼՂ հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:
--------------------------
Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանն անդրադարձել է ՀՀ Զինված ուժերում պետական դավաճանության դեպքերին։
-------------------------------
Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի պաշտոնյաները Բաքվում ստորագրել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման մասին փաստաթուղթը։
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, սեպտեմբերի 9-ին ստորագրել են առևտրի, անվտանգության և տարածաշրջանային ինտեգրման զարգացման ռազմավարական փաստաթուղթը:
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կարևոր նախագիծ է, որի իրականացմամբ, միաժամանակ նվազեցնելով Հարավային Ասիայի և Հնդկական թերակղզու երկրների միջև դեպի Եվրոպա ապրանքների փոխանակման երթուղին և արժեքը, հնարավորություն է ստեղծվում նաև Եվրասիայի տարածաշրջանային մերձեցման համար:
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման հիմնական գաղափարն առաջին անգամ առաջարկվել է Իրանի կողմից 1993 թվականին, իսկ 2000 թվականին այս միջազգային միջանցքի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև: Հետագա տարիներին այս նախագծին մասնակցել են նաև 10 այլ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Տարածաշրջանում ենթակառուցվածքային խնդիրների և քաղաքական զարգացումների պատճառով այս նախագիծը չընթացավ անհրաժեշտ արագությամբ։ Այս միջանցքի աշխատանքների ձգձգումը պատճառ է դարձել, որ Հնդկաստանը և Ռուսաստանը փոխանակեն իրենց ապրանքները Հնդկական օվկիանոսով, Կարմիր ծովով, Միջերկրական և Սև ծովով։ Հյուսիս-հարավ միջանցքով այս երթուղին կրճատվում է, իսկ ապրանքների տարանցման ժամանակը կիսով չափ կրճատվում։ Երթուղին սկսվում է Հնդկաստանից, ավարտվում Ռուսաստանում, իսկ ցամաքային ճանապարհի մեծ մասը գտնվում է Իրանում։ Մյուս կողմից, Ռուսաստանը երկաթուղային երթուղիներով այս միջանցքը միացնում է եվրոպական շուկաներին։ Այս ծրագիրը հնարավորություն կտա Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիան միացնել Հնդկաստանին։
Այս ծրագրի կարևոր առավելություններից մեկը Հնդկաստանի և այլ երկրների համար դեպի Եվրոպա մուտքի կրճատումն է: Այսպիսով, Նյու Դելիի համար այս միջանցքի երթուղին մոտ յոթ հազար 200 կիլոմետր է և գրեթե 60%-ով պակաս Սուեզի ջրանցքի ծովային երթուղուց: Դա կնվազեցնի Հնդկաստանից Եվրոպա առաքման ժամանակը 40 օրից մինչև 20 օր: Կենտրոնական Ասիայի Հանրապետությունների համար Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը կայանում է նրանում է, որ այդ երկրները երկար ժամանակ չունեին դեպի հարավ հուսալի առևտրային և տրանսպորտային ուղիներ: Այս երկրների համար Իրանի Չաբահար նավահանգիստը լավագույն տարբերակն է Հնդկաստանի և Պակիստանի հետ առևտրի համար։ Բացի տնտեսական օգուտներից , Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է ամրապնդել եվրասիական տարածաշրջանային ինտեգրումը։
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին ասել է.«Իրանը երկաթուղի ունի Շահիդ Ռաջայի նավահանգստից՝ երկրի ամենահարավային կետից մինչև երկրի հյուսիսում գտնվող Ռաշտ նավահանգիստ, իսկ այժմ Ռաշտից մինչև Աստարա 162 կիլոմետր երկարությամբ երկաթգիծ կա, որի ավարտն ու կառուցումը կարևորվել է Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ եռակողմ հանդիպման ժամանակ»։
Բացի ռազմավարական, տնտեսական և քաղաքական օգուտներից, Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծումը կչեզոքացնի Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների տրանսպորտային հատվածի նկատմամբ Եվրոպայի ու ԱՄն-ի սահմանած պատժամիջոցները:
Տարածաշրջանի երկրներն ու հարևանները այս համագործակցության հիմնական շահողներն են։ Հասկանալով տնտեսական, մշակութային և տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման ոլորտում առկա կարողությունները՝ այս երկրները փորձում են շահագործել և կատարելագործել այդ երթուղին՝ ամենաէժան, ամենաապահով և ամենամոտ ճանապարհից օգտվելու համար։ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կառավարությունները, ողջունելով այս միջանցքի ստեղծումը և պաշտպանելով իրենց շահերը, օգնում են Չաբահար ռազմավարական նավահանգիստը Հնդկական օվկիանոսի ամենակարևոր տրանսպորտային և տարանցիկ նավահանգստի վերածելու գործընթացին, և դա կարող է լինել հաջողված քայլ տարածաշրջանային համագործակցության համար։
------------------------
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հայտնել է, որ Բաքվում բանակցություններ է վարել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի հետ, ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կարծիքներ ենք փոխանակել Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շուրջ»,- գրել է Նաբիևը Facebook-ի իր էջում։
Նաբիևը նաև ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների սահմանային հատվածներում նոր ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
«Մենք խոսել ենք Ադրբեջանի «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանը Նախիջևանի հետ Իրանի տարածքով կապող ճանապարհային կամրջի, ինչպես նաև երկու երկրների միջև Ասթարա գետի վրայով ճանապարհային կամրջի կառուցման մասին»,- հավելել է Նաբիևը։
---------------------------
Իրանի մաքսատան գլխավոր տնօրենը հայտարարել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ապրանքաշրջանառության ծավալը վերջին հինգ ամսում կազմել է մեկ միլիարդ 300 միլիոն դոլար։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ալիռեզա Մողադասին ասել է, որ Իրանի և Եվրասիական միության անդամ երկրների միջև արտաքին առևտրի ծավալը վերջին հինգ ամսում հասել է մեկ միլիարդ 326 միլիոն 394 հազար դոլարի։
Մողադասին նշել է, որ վերջին 5 ամիսների ընթացքում Իրանից Եվրասիա արտահանման ամենամեծ ծավալը իրականացվել է համապատասխանաբար Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Բելառուս և հավելել, որ այս ընթացքում Իրանի արտահանումը Ռուսաստան կազմել է 291 մլն 228 հազար դոլար, Հայաստան՝ 144 միլիոն և 101 հազար դոլար, Ղազախստան՝ 61 միլիոն 206 հազար դոլար, Ղրղզստան՝ 18 միլիոն 426 հազար դոլար և Բելառուս՝ 7 միլիոն 178 հազար դոլար։