Հոկտեմբեր 16, 2022 15:14 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։

 

Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնությունները։

Անդրադառնալով երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությանն Ամիր Աբդոլլահյանը  կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը:

Նա նշել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների կամ տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխության:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների զարգացող ընթացքի մասին, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանը ջանքեր է գործադրում՝  հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

Անդրադառնալով բեռնափոխադրումների և տարանցման ոլորտներում տուրքերի նվազեցմանն Աբդոլլահյանը նշել է, որ  իրանական ընկերությունները մասնակցում են Հայաստանի տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերին:

Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարը հանդիպմանն անդրադարձել է երկու երկրների  հարաբերություններին և շնորհակալություն հայտնել Թեհրանին՝ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ դիրքորոշման համար: Նա նաև ողջունել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող նախագծերին:

Կողմերն ընդգծել են տրանսպորտի և տարանցման դյուրացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեմպերն արագացնելու,  առևտրային փոխանակումների ծավալն ավելացնելու  և երկու երկրների քաղաքացիների և զբոսաշրջիկների տեղաշարժը դյուրացնելու անհրաժեշտությունը:

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի գլխավ որած պատվիրակությունը Թեհրանում  հանդիպում ունեցավ նաև Իսլամական խորհրդարանի փոխնախագահ Աբդոլռեզա Մեսրիի հետ, որի ընթացքում Իրանի Իսլամական խորհրդարանի փոխնախագահն ընդգծեց. «ԻԻՀ-ը աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Նշելով, որ որ երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանների պահպանումը անխախտ սկզբունքներ են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության մեջ, Իսլամական խորհրդարանի փոխնախագահն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես աջակցում է տարածաշրջանում և միջազգային մակարդակով խաղաղության  հաստատմանը»։

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը ևս Իրանի Իսլամական Հանրապետությունը համարեց Հայաստանի տնտեսական-ռազմավարական և անվտանգության գործընկերը և ասաց. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները կարևոր են մեզ համար՝ որպես տարածաշրջանում հզոր երկրի»:

----------------------

Թեհրանը պատրաստ է ստանձնել Բաքվի եւ Երեւանի միջեւ միջնորդի դերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։

Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր շրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Անդրկովկասը։ «Այս առումով մեր հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, նկատմամբ մենք ավելի զգայուն ենք եւ ուշադիր»,-ընդգծել է Վելայաթին։

Նրա խոսքով՝ երկրների միջեւ խաղաղության հաստատման չափազանց կարեւոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։

Ի դեպ, նախօրեին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին նույնպես Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունների մասին ասել է.«Հարավային Կովկասի հետ կապված Իրանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ցանկացած զարգացման դեպքում պետք է հարգել տարածաշրջանի սահմանները, և Իրանը ողջունում է երկրների միջև վեճերի կարգավորումը»:

-----------------------------

Տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ ամեն ինչ կարող է լինել՝ չնայած անցյալ շաբաթվա գործընթացներին, այդ թվում՝ Պրահայի հանդիպմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Նա վստահեցրեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանի ուշադրությունը Հարավային Կովկասի, հատկապես Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ միայն ամրապնդվում է, հետեւաբար, ինչպիսին էլ լինեն ներքին խնդիրները Իրանում, դրանցով հնարավոր չէ շեղել ուշադրությունը տարածաշրջանից։

«Հայաստանի խորհրդարանի Հայաստան-Իրան բարեկամության խումբը վերջերս այցելեց ԻԻՀ, հանդիպումներ տեղի ունեցան անվտանգության եւ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի հետ։

Երեկ Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ Թեհրանն ուշադիր հետեւում է գործընթացներին եւ չի հանդուրժի ու թույլ չի տա սահմանային ու աշխարհաքաղաքական փոփոխություններ տարածաշրջանում։ Այս ազդանշանն ուղարկվեց եւ՛ Ադրբեջանին, եւ՛ Թուրքիային։

Իմ տեղեկություններով, որոնք գալիս են խորհրդարանից եւ այլ տեղերից, Իրանում բողոքի ցույցերը գնալով մարում են։ Իշխանություններին հաջողվում է վերահսկողության տակ առնել իրավիճակը այն քաղաքներում, որտեղ դրանք տեղի են ունենում»,- հավելեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չորս կետից բաղկացած հայտարարությամբ էր հանդես եկել։

«Կետերից մեկը վերաբերում էր Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման անհրաժեշտությանը։ Իրանի քաղաքականությունն այս ուղղությամբ չի փոխվել։

Վերջերս խորհրդարանում հայտարարվել է, որ Իրանը չի ընդունում որեւէ այլ փոփոխություն, բացի նրանցից, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հատկապես՝ ոչ տարածաշրջանային ուժերի ներկայությունը: Սա չի բխում Իրանի շահերից»,- արձանագրեց Բեգլարյանը։

Հարկ է հիշել նաեւ այս տարվա հուլիսին Թեհրանում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր Թեհրանի զգայունության եւ «կարմիր գծերի» մասին՝ Հայաստանին եւ Իրանի ու Հայաստանի միջեւ սահմանների փոփոխության անընդունելիությանը վերաբերող հարցերում։

---------------------

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարել էր, թե Գորիս-Կապան մայրուղին, որը 2020թ–ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, Հայաստանի սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010 թվականին ՀՀ ԱԺ–ի կողմից ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը անդրադարձել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը և կանխատեսել դրա հետևանքները։

------------------------

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Աստանայում CICA համաժողովի անդամ երկրների վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։

Հինգշաբթի օրն  Աստանայում կայացած  «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA)» գագաթնաժողովի  շրջանակում  տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի  հանդիպումը:

Իլհամ Ալիևի հետ բանակցություններում Ռայիսին մերժել է պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և Իրանի ու Հայաստանի տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն և ընդգծել է,որ դա կհանգեցնի Իրանի վճռական պատասխանին, ինչպես նաև մերժել է տարածաշրջանում եվրոպական ռազմական ներկայությունը որևէ անվան տակ։

---------------------

Կան մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը կցանկանար լսել ռուսական կողմի դիրքորոշումը։

Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Աստանայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք լիովին հավատարիմ ենք մեր պետությունների ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարություններին։ Գնահատում ենք նախագահ Պուտինի և Ռուսաստանի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է, և խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքների մասին է», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ։

Նա ընդգծել է, որ Հայաստանը` Ռուսաստանի համախոհն ու ռազմավարական գործընկերը, ակնկալում է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը։

«Այս հարցը քննարկվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանում,և այնտեղ որոշ երկրներ, որոնց հետ ՀՀ–ն չունի բարեկամության և ռազմավարական գործընկերության երկարատև պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ ու հստակ են արտացոլում իրավիճակը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին»,–ասել է Միրզոյանը:

Նա հավելել է, որ կան շատ երկրներ, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները։ «Մեզ համար շատ կարևոր է իմանալ այդ հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ պայմանավորվածությունների ոգով», - ընդգծել է հայ նախարարը:

Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն որոշում է կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։

Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ եռակողմ ձևաչափով հանդիպել են Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում։