Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ:Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, և բնականաբար մեր ուշադրության կենտրոնում է լինելու ԻԻՀ ԱԳ նախարարի երևանյան այցն ու Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով հինգշաբթի օրը, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորած քաղաքական և խորհրդարանական պատվիրակությունը ժամանեց Երևան հանդիպելու Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների հետ։
Իրանի արտաքին գործերի նախարարը Հայաստան այցի ընթացքում, այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպելուց և զրուցելուց բացի, մասնակցեց Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց. «Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը»:
Նախարարը նախ նշեց, որ Կապանում հյուպատոսության հիմնումով ավելի հարմար և դյուրին պայմաններ կստեղծվեն՝ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու համար:
«Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաև մտահոգություններ Հարավային Կովկասում: Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որ տարածաշրջանում՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ: Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում: Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է: Եվ մենք կձեռնարկենք բոլոր քայլերը` դիմակայելու յուրաքանչյուր նման մտադրությանն անգամ»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:
Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԳՆ-ում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում:
«Մեր երկրների մայրաքաղաքներում հանդիպումներն առավել մեծ նշանակություն ունեն: Այսօր գոհունակությամբ արձանագրել ենք, որ երկու երկերի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա եղբայրության և բարեկամության, այլ նաև մեր ընդհանուր պետական շահերի խորը ըմբռնման վրա, հետևողականորեն խորանում են տարբեր ոլորտներում»,-ասաց Միրզոյանը:
Նախարարների քննարկման առանցքային թեման եղել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող իրավիճակը: Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշական աշխատանքների հետ կապված մանրամասները:
Նախարարն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կոմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մանրամասներին և հետևանքներին:
Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր և պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել համատեղ տնտեսական մեծ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու թեմային:
-------------------------------
ԻԻՀ և ՀՀ ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Արարատ Միրզոյանի ներկայությամբ, հոկտեմբերի 21-ին Հայաստանի Կապան քաղաքում պաշտոնապես բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։
Արարողության ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծելով, որ Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր և տարածաշրջանի անվտանգությունը, հավելել է. «Մեր քաղաքականությունն է հարգել երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և Երևանում Իրանի դեսպանատան իմ գործընկերները փորձում են մեծացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը»։
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Սյունիքի մարզը հյուսիս-հարավ հիմնական միջանցքներից մեկն է, և մենք Հայաստանը համարում ենք Հյուսիս-Հարավ կարևոր տարանցիկ հատվածներից մեկը, և կհամագործակցենք Երևանի հետ՝ ամրապնդելու և զարգացնելու այս տարանցիկ երթուղին և արագացնելու բեռնափոխադրումները»:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ողջունելով Իրանի պատվիրակությանն, ասել է. «Իրանը միշտ եղել է և կլինի Հայաստանի գործընկերը, և մեր համագործակցությունը քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում է, որը, հուսով եմ, ավելի կընդլայնվի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացմամբ: Իրանի և Հայաստանի ժողովուրդների շփումը ջերմ հարաբերությունների ցուցանիշ է, որպեսզի երկու երկրները լինեն բարեկամներ և օգնեն տարածաշրջանի անվտանգության հաստատմանը»:
Նշելով, որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու Երևանի ցանկության մասին։
Շնորհավորելով Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսին, Միրզոյանն ընդգծել է. «Համոզված եղեք, որ առաքելությունը հաջող իրականացնելու համար մշտապես կստանաք Հայաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությունը»։
--------------------
Իրանը տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն չի ճանաչելու. եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի, Իրանը կցուցաբերի համարժեք հակազդեցություն:
Այս մասին ասաց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հարցին:
«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հստակ և բազմիցս հայտարարել են` թե երկրների տարածքային ամբողջականությունը, և թե միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն»,-ասաց հյուպատոսը:
Նա հիշեցրեց, որ Իրանի ԱԳ նախարարը ևս շեշտել է՝ ՀՀ անվտանգությունը ԻԻՀ-ի անվտանգությունն է: «Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որևէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու: Մենք ցանկանում ենք խաղաղ և կայուն Հայաստան: Այստեղ մեր պատգամը խաղաղության և բարեկամության պատգամ է: Բնականաբար, երկու երկրների շահերն ի նկատի կունենանք: Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ»,-ասաց Մորթեզա Աբեդին Վարամինը:
Իրանը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տալու տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխություն: Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են լինելու այս առնչությամբ գործնական քայլերը՝ հյուպատոսը հույս հայտնեց, որ որևէ երկիր թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ: «Հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի»,-նշեց նա:
Իսկ, թե կոնկրետ ինչպիսի՞ հակազդեցություն՝ հյուպատոսն ասաց, որ այդ հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք:
----------------------
Զորավարժությունների միջոցով Իրանը ցույց է տալիս, որ իրավիճակը Հարավային Կովկասում իր վերահսկողության տակ է և մեսիջ է ուղարկում ոչ միայն տարածաշրջանի պետություններին, այլև արտատարածաշրջանային տերություններին։ Իրանական զորավարժությունների մասին նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։
-----------------------
Հայաստանը երբեք չի դադարեցրել աշխատանքները Երասխ-Ջուլֆա–Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցումն իրականացնելու ուղղությամբ։
Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Երկու ուղղությամբ էլ` թե Երասխի ու թե՛ Մեղրիի հատվածում ուսումնասիրություններ ենք արել, որոշակի աշխատանքներ` պարզելու, թե ինչպես կարող ենք կառուցել, ինչ նախագծային աշխատանքներ անելու կարիք կա։ Նաև ֆինանսական որոշակի գնահատական կա։ Աշխատանքները երբեք չեն կանգնել, հիմա Երասխի հատվածում որոշակի ուսումնասիրման ու նախագծման փուլ ունենք։ Հայաստանյան կողմը երբեք չի դադարել այդ աշխատանքներն ակտիվ պահել, բայց բուն շինարարական փուլին չենք հասել որևէ հատվածում»,– ասաց Սանոսյանը։
Երկաթգծի կառուցման խնդիրը, նախարարի խոսքով, պայմանավորված է հիմնականում քաղաքական գործոններով։ Բայց եթե այդ խնդիրները հարթվեն, կատարված աշխատանքների շնորհիվ, Հայաստանը գրեթե պատրաստ կլինի շինարարական աշխատանքները սկսելու։
Սանոսյանը նաև նշեց, որ երկաթուղու շինարարությունը չի կարող մեկնարկել երկաթգծի միջին հատվածներից, այն, նրա խոսքով, պետք է մեկնարկի կա՛մ Հորադիզից, կա՛մ Երասխից, և հետևաբար չի կարող իրականացվել միայն հայկական կողմի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք` 2022թ–ի օգոստոսի դրությամբ Հայաստանում արդեն իրականացվել էին 43 կմ գեոդեզիական հանութագրման, գործիքային հետազոտություններ, լաբորատոր փորձաքննություններ։
------------------------
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջաբրայիլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձին հանդիպման արդյունքներով ԶԼՄ-ների համար իր հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է համարում Հաագայի Միջազգային դատարանի միջոցով Հայաստանից պահանջել փոխհատուցում վճարել Ադրբեջանին «Ղարաբաղին հասցված վնասի և ավերածությունների համար»:
Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ղարաբաղին հասցված վնասը պետք է հասցնել Հաագայի դատարան և փոխհատուցում պահանջել։ Այսպիսով, անհրաժեշտ է նրանց անկյուն քշել»,-ասել է Էրդողանը։
-----------------------
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարություններ է արել A Haber հեռուստաալիքի եթերում։
Խոսելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Քալընն ասել է.«Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին։ Ալիևը վճռական է տրամադրված այս հարցում։ Կարծում եմ, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո կարելի է լավ քայլեր ձեռնարկել։ Մենք պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ... Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը»։