Գեղարվեստական հաղորդում (346)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում անդրադառնալու ենք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Նոյեմբերի 19-ին ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում Իրանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Վահագն Աֆյանի հեղինակած Դիվանագիտական բառարանի շնորհանդեսը։
Միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես են եկել ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, Իրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, գրքի հրատարակիչ Ֆարդին Ահմադին։
Շնորհանդեսին մասնակից հայ եվ իրանցի հասարակական և կրթամշակութային գործիչների ներկայությամբ հեղինակը որոշակի մանրամասներ է ներկայացրել աշխատության վերաբերեալ։
Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:
Հինգերորդ կինոփառատոնն անցկացվեց նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում:
Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են իրանական երկու ֆիլմեր:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ փառատոնը բաղկացած էր միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից:
Փառատոնի շրջանակում տեղի ունենցան վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ: Ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների մուտքն ազատ էր:
Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել էր ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկվել էր 33 ֆիլմ՝ 10 երկրից, որից 18՝ ազգային ծրագրում, իսկ 15՝ միջազգային ծրագրում:
Փառատոնն անցկացվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Լուփեթուն իրանցի երիտասարդների երկրորդ հետաքրքիր անիմացիոն ստեղծագործությունն է և իհարկե ոչ վերջինը։ Այն երիտասարդները, ովքեր, չնայած պատժամիջոցներին ու թերություններին , իրենց եռամյա ջանքերի արդյունքն էկրան հանեցին, որպեսզի ինչպես իրենց կարգախոսն է՝ ուրախություն պարգևեն Իրանի ժողովրդին:
Թշնամու քաղաքական և մեդիա քարոզչության պայմաններում երիտասարդ տաղանդների ի հայտ գալը և իրանական հանճարի հաջողությունը չի սահմանափակվում միայն արբանյակների արձակմամբ, պատվաստանյութերի արտադրությամբ և գիտության ու տեխնոլոգիայի ոլորտներով: Ավելին, արվեստի, ստեղծագործության և կինոյի ասպարեզում իրանցի երիտասարդներն օգտագործելով բարենպաստ միջավայրը ստեղծել են «Դելֆին տղան» և «Լուփեթու» անիմացիաների նման գործեր, որոնք իրենց տեղն են գրավել աշխարհի հայտնի կինեմատոգրաֆիական ստեղծագործություններում:
«Լուփեթու» անիմացիան պատմում է, որ Ալին փորձում է փրկել հորը ստեղծված կրիտիկական իրավիճակից, որի արտադրամասը փակվել է անհայտ անձի դիվերսիայի պատճառով։
«Լուփեթու» անիմացիան իր հուզիչ պատմությամբ արդյունավետ դեր է խաղում իրանական ընտանիքներին էներգիա հաղորդելու գործում: Անիմացիա, որը հույս է ներշնչում երեխաներին և հատկապես հիվանդներին, և ուրախություն պարգևում նրանց:
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը «Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխության («Asia Pacific Screen Award») «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արժանացել է մրցանակի:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցել է 5 ֆիլմ: Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսն Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկարին» համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ ընտրվում և մրցանակի են արժանանում լավագույն ֆիլմերը:
«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած դեռատի աղջիկը զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» աջակցությամբ փրկություն է գտնում ԱՄՆ-ում։ Ֆիլմում վերականգնվել և օգտագործվել են 1919 թվականին Հոլիվուդում նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից հատվածներ, որտեղ Արշալույսը մարմնավորում է ինքն իրեն՝ նպատակ ունենալով ֆիլմի հասույթն ուղղել ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների փրկությանը: Ֆիլմը դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» բարեգործական արշավի հիմնաքարը, որը, ընդհանուր առմամբ, հավաքում է ավելի քան 116 մլն դոլար, ինչի արդյունքում ավելի քան 132 հազար հայ որբեր խնամք են ստանում։
«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը հիմնված է իրական մարդու իրական պատմության վրա, միևնույն ժամանակ՝ փոխանցում է ժամանակի ընդհանուր նկարագիրը: Այն հերոսուհու երկու եզակի վավերագրական հարցազրույցների, «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությունն է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի համատեղ արտադրություն է: Կինոնկարը աջակցություն է ստացել նաև Եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ «Եվրիմաժից»։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: Ռեժիսորը և սցենարի հեղինակը Իննա Սահակյանն է. պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ կինոնկարը, որն անդրադառնում է ղարաբաղյան թեմային, «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին է արժանացել Տորոնտոյի Pomegranate միջազգային կինոփառատոնում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Ջիվան Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր թիմին՝ քրտնաջան աշխատանքի համար։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին Երևանում:
«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ ղարաբաղյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։ Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ՝ Հայաստանից և արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։ Ֆիլմը կյանքի է կոչվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի:
Բալետը համաշխարհային պրեմիերա է, քանի որ ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է և առաջին անգամ է բեմադրվում։
Բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, բեմադրող բալետմայստերն է Արա Ասատուրյանը, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը:
Ներկայացման հիմքում Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսն է:
2022թ. նոյեմբերի 16-ին մեկնարկած և մինչև նոյեմբերի 30-ը շարունակվող «Արխիվային ֆիլմերի կինոփառատոնում», կցուցադրվեն «Առաջին սիրո երգը», «Հայրիկ», «Տղամարդիկ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Այստեղ, այս խաչմերուկում» ֆիլմերը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանալով Ռուսաստանի Գոսֆիլմոֆոնդի կողմից ֆիլմերի ցուցադրման առաջարկ՝ համաձայնել է միանալ այս նախաձեռնությանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, ծրագիրը կազմվել է արխիվային ֆիլմերի փառատոնի մշտական ցիկլերից մեկի՝ Աշխարհի կինոմայրաքաղաքների շրջանակում։ Առաջատար վարպետների՝ Հ. Մալյանի, Ֆ. Դովլաթյանի, Է. Քեոսայանի, Կ. Գևորգյանի և այլոց ստեղծագործությունների միջոցով՝ նրանց անկրկնելի ինտոնացիայով, հնարավորություն է ընձեռվում հետևել, թե ինչպես է փոփոխվել Հայաստանի հնագույն մայրաքաղաքի նկարագիրը անցած հարյուրամյակում։ Նախատեսվում է ծրագիրը ամփոփել հայ ժամանակակից ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմով, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։
Փառատոնը հանդիսանում է «Սպիտակ սյուներ» փառատոնի իրավահաջորդը, որը 1957թ.-ից անց էր կացվում Դոմոդեդովոյում: 2022թ. փառատոնը արդեն 2-րդ անգամ անց է կացվում Մոսկվայում։
Էկոակտիվիստների՝ արվեստի գործերի վրա շարունակվող հարձակումների կապակցությամբ մշակութային հաստատությունների 92 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լուվրի, Պրադոյի, Բրիտանական թանգարանների տնօրենները բաց նամակով են հանդես եկել։
Դրանում ասվում է բողոքողների թիրախում գտնվող աշխատանքների հնարավոր վնասների մասին։
Էկոակտիվիստները, ըստ հայտարարության, «խիստ թերագնահատում են այդ անփոխարինելի առարկաների փխրունությունը»: Չնայած ընդհանուր անհանգստությանը, նամակն ավարտվում է այն խոսքերով, որ թանգարանները դեռևս «սոցիալական դիսկուրսի» վայրեր են:
Ի պատասխան էկոակտիվիստների գործողությունների՝ մշակութային հաստատությունները ուժեղացնում են անվտանգության միջոցառումները։
Չինաստանում հնագետները Ուդան լեռան վրա գտնվող հնագույն պալատում հետազոտություններ կատարելիս հայտնաբերել են ավելի քան հազար արտեֆակտ, որոնց թվում կան առասպելական վիշապներ պատկերող զարմանալի բարելիեֆներ: Այս տարածքը համարվում է չինական դաոսիզմի զարգացման կարեւոր կենտրոններից մեկը։
«Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հայտնագործությունը կատարվել է Դաոսի լեռան վրա գտնվող պալատում։ Այդպես են անվանում Ուդան լեռը, որը հայտնի է իր բազմաթիվ դաոսական տաճարներով: Այն գտնվում է կենտրոնական Չինաստանի Հուբեյ նահանգում։
Ավելի քան 1000 արտեֆակտ է հնագետների կողմից հայտնաբերվել Ուլուն պալատում, որը նաեւ հայտնի է որպես «Հինգ վիշապի պալատ»: Դա եղել է դաոսական տաճար, որը Տանգ դինաստիայի օրոք (մ.թ. 618 - 907 թթ.) կառուցվել է թագավորի հրամանով: Համարվում է, որ այն դարերով ակտիվորեն օգտագործվել է, սակայն աստիճանաբար քայքայվել է Ցին դինաստիայի ավարտից հետո (մ.թ. 1644 -1911 թթ.):
Բացահայտումն արել է Հուբեյի նահանգային մշակութային մասունքների եւ հնագիտության ինստիտուտի առաքելությունը։ Այս հաստատության փորձագետներն արդեն պարզել են, որ հայտնաբերված ամենավաղ արտեֆակտները վերաբերում են Հան դինաստիային (մ.թ.ա. 202 - մ.թ. 220 թթ.): Այդ ժամանակաշրջանի հավաքածուն ներառում է բազմաթիվ կավե իրեր, կենցաղային իրեր, ինչպիսիք են մոմակալները եւ մազակալները, ինչպես նաեւ մի քանի կրոնական առարկաներ:
Սակայն, ինչպես հայտնել է պեղումների ղեկավար Կան Յուհուն, ամենահետաքրքիր հայտնագործությունները եղել են հինգ վիշապներ պատկերող մի քանի քանդակները, առասպելական Սյուանվու կրիան, կրակի նախշերը եւ նեֆրիտի ճագարը:
Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում ապամոնտաժվել է Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է քաղաքային խորհուրդը։
«Իսկ դուք գիտե՞ք, որ Չեռնովցիում «ռուս մեծ բանաստեղծ Պուշկինի» երկու հուշարձան կա։ Դրանք եղել են, քանի որ մեկն արդեն ապամոնտաժել ենք։ Երկրորդը ժամանակի հարց է»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Չեռնովցին գտնվում է Ուկրաինայի արևմուտքում, սահմանակից է Մոլդովային և Ռումինիային։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Օդեսայում ապամոնտաժել են ռուս կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանը։