Նոյեմբեր 30, 2022 08:34 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում անդրադառնալու ենք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնում փայլել են իրանական «Արամ» և «Արևի խավարում» ֆիլմերը։

Երևանի ուսանողական և կարճամետրաժ ֆիլմերի 5-րդ միջազգային  փառատոնի մրցութային բաժնում ցուցադրվել է 33 ֆիլմ, այդ թվում՝ 2 ֆիլմ Իրանից։

Իրանական կարճամետրաժ «Արամ» ֆիլմը, որը պատմում է մի երիտասարդ աղջկա առօրյայի  մասին, արժանացել է միջազգային բաժնի լավագույն ֆիլմի և Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի լավագույն դերասանուհու մրցանակին։

Փառատոնի մրցութային բաժնում լավագույն գեղարվեստական ​​ֆիլմ է ճանաչվել Ալիռեզա Ղասեմիի և Ռահա Ամիրֆազլիի «Արևի խավարում» իրանական ֆիլմը։

«Արևի խավարում» ֆիլմի ամփոփ պատմությունն է.«Արևի խավարման ավարտից քիչ առաջ դերասանի կյանքի իրականությունը փոխվում է»։

 

Image Caption

 

Քսաներորդ դարի երկրորդ կեսի հայկական գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներից  Սարգիս Մուրադյանի ծննդյան 95-ամյակի առթիվ նոյեմբերի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց նրա՝ Կոմիտասին նվիրված կտավների և դրանց էսքիզների համահավաք ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ցուցադրության համադրող Մարգարիտա Խաչատրյանն ասաց՝ ստեղծագործական կյանքի ընթացքում Սարգիս Մուրադյանը պարբերաբար անդրադարձել է Կոմիտասին «Կոմիտասը և Հովհաննես Հովհաննիսյանը Էջմիածնում», «Կոմիտասը և Հովհաննես Հովհաննիսյանը զրուցում են գյուղացիների հետ», «Կոմիտաս. 1915 թվական, ապրիլ», «Անտունի» և մի շարք այլ կտավներով:

Հեղինակն այլաբանական և պայմանական մտածողությամբ, գեղանկարչական նոր արտահայտչալեզվով, ամփոփ և ընդհանրացված ձևով պատկերել է Կոմիտասին, վավերագրել ժամանակի շունչն ու ոգին՝ առանց պատմողականության ու նկարագրողականության, ընդհուպ սումգայիթյան ջարդերը, ինչի վառ դրսևորումներից է «Հայ մտավորականների գողգոթան»՝ իբրև ազգային ինքնության պահպանմանն ուղղված քայլ:

«Խորհրդահայ արվեստում Սարգիս Մուրադյանն է առաջին անգամ Կոմիտասի միջոցով բարձրաձայնել Հայոց ցեղասպանության հարցը: Նկարչի ստեղծագործական վաղ շրջանը համընկել է 1950-1960-ական թվականների ազգային զարթոնքի հետ, որը նոր լիցքեր է հաղորդել նրան: Այդ տարիներին Մուրադյանն առաջիններից մեկն էր, որ անդրադարձավ հայ ժողովրդի պատմական անցյալին և Մեծ Եղեռնին: Ազգային թեման իր արտացոլումն է գտել Կոմիտասի կերպարի մեջ՝ որպես ամբողջ հայ մտավորականության հավաքական կերպարի»,- նշում է համադրողն ու հիշեցնում,  որ շատ ականավոր հայ նկարիչներ են պատկերել Կոմիտասին: Նրանցից են Եղիշե Թադևոսյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլք, սակայն առաջին անգամ Մուրադյանի «Կոմիտաս. վերջին գիշեր» (1956) կտավում է մեծ երգահանի անձը դիտարկվում ցեղասպանության համատեքստում:

«Շրջադարձային այս գործը կարելի է համարել նկարչի ստեղծագործական ճանապարհի մեկնակետ. այն մեծ ճանաչում բերեց նրան, դարձավ խորհրդահայ արվեստի այցեքարտը և Ազգային պատկերասրահի գոհարներից մեկը»,- շեշտում է Մկրտչյանը:

Համադրողի խոսքով՝ «Կոմիտաս. 1915 թվական, ապրիլ» և «Հայ մտավորականների գողգոթան» կտավների վերատպությունները տեղ են գտել լեհ հասարակական  գործիչ, գրող, թարգմանիչ Բոգդան Գեմբարսկու՝ հայկական հարցին վերաբերող աշխատության մեջ, իսկ «Անտունի» աշխատանքի էսքիզներից մեկը ձեռք է բերել գերմանացի գործարար, հավաքորդ Պետեր Լյուդվիգը, որը Գերմանիայի մի քանի քաղաքում թանգարաններ ունի:

«Սարգիս Մուրադյանը ՀՀ վաստակավոր նկարիչ է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ է, որն 1990-ականներին ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում և անկախացման շրջանի բոլոր իրողություններն այլաբանորեն ներկայացրել է իր ստեղծագործություններում»,- ընդգծում է Մարգարիտա Մկրտչյանը:

Ցուցահանդեսը, որում նաև ընդգրկվել է վերջերս պատկերասրահում «Խոսող կտավներ» ներառական նախագծում տեղ գտած «Կոմիտաս. վերջին գիշեր» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, բաց կլինի երկու շաբաթ:

 

Image Caption

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ նոյեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։

Ցուցադրությանը ներկայացվել են գորգերի, կարպետների, աղամանների, անկողնապարկերի, խուրջինների և այլ իրերի մի քանի տասնյակ եզակի օրինակներ։

Հավաքածուում ներառված գորգերի և կարպետների ժամանակագրությունն ու աշխարհագրությունը լայն է․  դրանք պատրաստվել են Վասպուրականի, Բարձր Հայքի, ԼՂ-ի, Սյունիքի, Նախիջևանի, Լոռիի, Շիրակի, ինչպես նաև հայաշատ բնակավայրերի՝ Կիլիկիայի, Կեսարիայի, Պարսկաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հնդկաստանի, Բուլղարիայի հայ վարպետների կողմից։

Հավաքածուի մեջ ներառված վաղ շրջանի նմուշներ են 15-րդ, 16-րդ՝ Վասպուրականում, Արցախում, Սյունիքում, Գանձակում, 17-րդ՝ Բայազետում, Վանում, 18-րդ՝ ԼՂ-ում, Սյունիքում, Վասպուրականում, Արաբկիրում հյուսված և 19-րդ և 20-րդ դարերով թվագրվող գորգերի մի քանի տասնյակ օրինակներ։

Ըստ հորինվածքների՝ նմուշները պատկանում են Արևագորգ, Ջրաբերդ, Պռոշբերդ, Խաչաստղ, Մեմլինգ, Վարանդա, Թռչնաբուն, վիշապագորգերից՝ Խնձորեսկ, Որոտան,  Խորանագորգ, Ծաղկագորգ, կեռազարդ, շեղանկյուն վահաններով, կենաց ծառերով, բուսանախշերով և այլ տիպերին։

Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի և կարպետագործ առարկաների դեռևս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման և բացահայտման գործին։

 

Image Caption

 

Մաշտոցյան Մատենադարանում կայացավ Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի բնագրային թարգմանության շնորհանդեսը։

Հին հունարենից գիրքը հայերեն թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։ Մինչ այս եղել է արևելահայերեն երկու թարգմանություն՝ Համազասպ Համբարձումյանի (1955 թ.) և Մկրտիչ Խերանյանի (1987 թ.), վերջինը՝ գրաբարից ու ռուսերենից։

Շնորհանդեսին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ սա ուղղակի թարգմանություն չէ, այլ գիտական լուրջ հետազոտություն են իրականացրել Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։

«Թարգմանական մի նոր ալիք ենք տեսնում, մի նոր վերելք, առանձին մի ինստիտուտ են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը»,- նշեց նա։

Գիրքը թարգմանվել է մոտ քսան ամսում։  Շնորհանդեսին ներկա Արամ Թոփչյանն իր խոսքի սկզբում նախ մի գաղտնիք բացեց՝ ասելով, որ Գոհար Մուրադյանին ինքն է ներքաշել թարգմանական գործունեության մեջ. «Եթե ներքաշած չլինեի, երևի ինքն այս գործերը չէր թարգմանի, ես էլ այս ծավալի աշխատանք հաստատ միայնակ չէի կարող կատարել»։

Խոսելով Հոմերոսի «Իլիականի» և «Ոդիսականի» մասին, Արամ Թոփչյանն ասաց. «Թեև Հոմերոսը ներկայացնում է առասպելական մի աշխարհ, որտեղ հանդես են գալիս աստվածներ, դյուցազուններ, սակայն նրանց զանազան հարաբերությունների միջոցով նա այնքան դիպուկ կերպով ու ճշմարտացիորեն է  բացահայտել մարդկային էությունն իր մութ ու լուսավոր կողմերով, որ հետագա դարերում և հիմա էլ մարդիկ նրա երկերում  ճանաչել ու ճանաչում են իրենք իրենց։

«Իլիականը», «Ոդիսկանը»  լի են չափազանց էմոցիոնալ դրվագներով, որոնք դժվար է  կարդալ առանց հուզմունքի։

Հոմերոսի պոեմներն ի սկզբանե համարվել են իմաստության  գանձարաններ և դրանցից  մեջբերումներ են արել  մեծագույն մտածողները՝ սկսած Պլատոնից ու Արիստոտելից։

Այս երկերի հետ առնչվող ոչ անտարբեր ընթերցողը շարունակ զանազան մտքեր ու մտորումներ է ունենում, այսինքն դրանք, անշուշտ, ստիպում են մեզ մտածել։

«Իլիականը», «Ոդիսականը» հայտնի են բանաստեղծական  գեղեցկությամբ, բազմազան ու  առատ, բայց միաժամանակ տեղին ու ճաշակավոր մակդիրների կիրառությամբ, հոյակապ համեմատություններով, փոխաբերություններով, ազդեցիկ պատկերներով։

Առհասարակ, գեղագիտական  տեսանկյունից համարվում են անզուգական, չնայած այն հանգամանքին, որ  իրականության և թեմայի պարտադրանքով  պարունակում են նաև դաժան ու  արյունալի տեսարաններ։

Իսկ այս ամենին գումարվում է Հոմերոսի մոգական ուժը, որը բառերով հնարավոր չէ բացատրել։

Հոմերոսը հմուտ պատմող է, լավ գիտի ինչպես լարվածություն մտցնել գործողության մեջ և դեպքերի զանազան շրջադարձերով, ինտրիգներով այն հետաքրքիր դարձնել, հորինել է հումորային դրվագներ»։

Գոհար Մուրադյանի խոսքով, Հոմերոսի պոեմներում դեպքերը նկարագրվում են բանաստեղծական անկրկնելի գեղեցկությամբ։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը  փառահեղ այս զույգի գործունեությունը «հանդուգն» բառով ձևակերպեց։ Պարզաբանեց. «Մոտ 1700 տարվա թարգմանական ավանդույթներ ունի մեր ժողովուրդը, այս դարերի ընթացքում բազմաթիվ փառահեղ թարգմանիչներ ենք ունեցել։ Բայց շատ քիչ կհանդիպենք թարգմանիչների, որոնց  գործունեությունը կարելի է բնութագրել իբրև հանդգնություն։ Խոսքն այն մասին է, երբ սովորաբար լինում է որևէ ստեղծագործության թարգմանություն և շատ  հանրահայտ, բավարարվում ենք այդ մեկ թարգմանության  գոյությամբ, տարիների ընթացքում կամ դա ենք կատարելագործում, կամ վերամշակում ենք, վերախմբագրում, շատ քիչ են դեպքերը, երբ որևէ հանրահայտ գործի նույնքան հանրահայտ թարգմանություն ենթարվում է, այսպես ասած, նոր թարգմանության։

Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի գործունեությունը, բացի նրանից, որ մեզ առաջին անգամ հրամցնում են գործեր, որոնք երբևէ հայերեն չեն եղել, գործունեության մյուս որակը ոչ այնքան հայտնի թարգմանությունները, որոնք կարևոր են մեր օրերի համար, կրկին թարգմանել ու դրանց տալ նոր կյանք, արժանի տեղ հատկացնել մեր մշակույթի  պատմության մեջ, և ահա հանդուգն ձեռնարկը՝ անել այնպիսի գործերի թարգմանություններ, որոնք շատ հանրահայտ են»։

Գրականագետն ասաց, որ «Իլիականի» հայերեն թարգմանության դեպքում հերթական անգամ համոզվում ենք, թե ինչքան ճոխ, գեղեցիկ, մեծ հնարավորությունների տեր լեզու է մեր հայոց լեզուն

Գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը ցանկանում է, որ հայ ընթերցողն անպայման կարդա «Իլիականը»։

«Հոմերոսից անցել է 3000 տարի։ Ինչքան բան է փոխվել, կատարվել այս ընթացքում։ Հոմերոսն ավելի ակտուալ է, քան այն, ինչ մեզ թվում է, թե ակտուալ է։ Հոմերոսը մեր ժամանակակիցն է»,- ասաց Հենրիկ Էդոյանը։ 

 

Image Caption

 

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփառատոնում (Mysuru International Film Festival) արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում է դիտողին 1990-ականների սկիզբ, երբ Հայաստանը ծանր ժամանակներ էր ապրում՝ մխրճվելով էներգետիկ ճգնաժամի, պատերազմի սարսափների և կազմավորման փլուզման խավարի մեջ։ Սակայն ֆիլմի հերոսները, ինչպես այս դարաշրջանը վերապրած սերունդը, փորձում էին լույսի շողեր գտնել անհույս թվացող իրականության մեջ՝ միմյանց օժտելով սիրո, հավատի, հույսի շողերով։

«Լույսի կաթիլներ» ֆիլմը նկարահանվել է 6 տարի: Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատուրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյանը:

Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը:

 

Image Caption

 

Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կինոնկարն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի «Աշխարհի կանայք» ծրագրում:

Բրեստի կինոփառատոնը համարվում է կարճամետրաժ ֆիլմերի ֆրանսիական և եվրոպական երկրորդ ամենամեծ կինոփառատոնը, որն անցկացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Գյուղը որ կանգնի» կինոնկարի և՛  ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակն Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսերը Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանն է, համապրոդյուսերը՝ Լիդիա Ինդժովան (Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերությունը՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներն են Բելգիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան:

 

Image Caption

 

Աշխարհի խոշորագույն թանգարաններում էկոակտիվիստների մի շարք բողոքի ցույցերից հետո Իտալիայի մշակույթի նախարարը նախազգուշացրել է, որ երկրի թանգարանների մուտքի գները կարող են բարձրանալ, քանի որ հաստատությունները խստացնում են անվտանգության միջոցները:

Նախարարի խոսքով, նոր հարձակումները «մեզ ստիպում են անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սկսած բոլոր նկարները ապակիներով փակելուց»։

«Հաշվի առնելով հսկայական ժառանգությունը, որը պետք է պաշտպանվի, այս գործողությունները զգալի ծախսեր կբերեն նախարարության գանձապետարանին և ողջ ժողովրդին»,- ասել է նա։