Ելք դեպի լույս 737
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռում սուրահի 39-րդ այա
Վաշխառությունը, որով մարդը փորձում է ավելացնել իր հարստությունը, Աստծու առաջ ոչ մի արժեք չունի: Իսկ այն ողորմությունը, որ տալիս եք Աստծու ողորմությանն արժանանալու հույսով, ուրեմն կունենաք կրկնակի վարձատրություն:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք կարիքավորներին օգնելու մասին: Այս այան ասում է, որ հանուն Աստծու բարեգործությունը կարևոր է այն առումով, որ եթե որևէ բանով օգնում եք մարդուն հանուն Աստծու և այլ նպատակ չունեք, վարձատրվում եք Աստծու կողմից: Սակայն եթե մարդու օգնությունը հանուն Աստծու չի արվում այլ ցուցամոլության նպատակով է արվում, Աստված դրա համար չի պարգևատրում: Նա, ով հույս ունի ինչ որ մեկին գումար պարտք տալուց հետո տոկոսադրույք ստանալ նրանից, չնայած որոշակիորեն թեթևացրել է այդ մարդու բեռը, սակայն քանի որ դա արել է իր հարստությունն ավելացնելու նպատակով, ուրեմն Աստծու կողմից չի վարձատրվելու։
Այս այայից սովորում ենք․
1. Շատ կարևոր է բարի գործ անելու կամ որևէ մեկին պարտք տալու ժամանակ տվյալ մարդու նպատակը։
2. Այն, ինչ արժևորում է մարդու գործը, աստվածային շարժառիթն է: Եթե դա չլինի, մարդու գործն արժեք չի ունենա։
3. Աշխարհը կարելի է համարել մի շուկա, որտեղ մարդիկ առևտուր են անում մարդկանց հետ նյութական օգուտ քաղելու համար, իսկ մյուսներն Աստծու հետ, որպեսզի վարձատրվեն հանդերձյալ կյանքում։
Ռում սուրահի 40-րդ այա
Աստված ձեզ ստեղծեց ու սնեց: Նա է, որ մահ պիտի ուղարկի ձեզ ու հարություն տա: Ձեր կուռքերը կարո՞ղ են կատարել այսպիսի արարք: Նա անբիծ է ու վեհապանծ և համեմատելի չէ այն ամենի հետ, ինչը նրան հավասար եք դասում:
Այս այան անդրադառնում է մարդկային կյանքում Աստծու եզակի դերակատարությանը: Այան ասում է, որ մարդու արարումը նրան տված հանապազօրյա հացը, մարդու մահը և հարությունն այս բոլորը միակ Աստծու ձեռքում են: Ուրեմն ինչու պետք է իրերը հավասար դասել Աստծուն, երբ դրանք որևէ դերակատարություն չունեն մարդու կյանքում: Եթե հին ժամանակների ու ներկայիս կռապաշտները մտածեին այս հարցերի մասին, բնականաբար կհասնեին ճիշտ պատասխանի: Որովհետև պարզ է, որ այն իրերը որոնք որևէ դերակատրություն չունեն մարդու կյանքում, չի կարելի պաշտել ու սուրբ համարել։
Այս այայից սովորում ենք․
1. Անցյալը, ներկան, ապագան ու հանապազօրյա հացն Աստծու ձեռքերում են: Ուրեմն պետք է միայն նրան հնազանդվենք ու ոչ մեկին նրան հավասար չդասենք։
2. Բոլոր բնական օրենքներն ու այն ամենն ինչ գոյություն ունի, արարվել են Աստծու կողմից և ոչ աստվածային ուժերը որևէ ձևով Աստծուց անկախ չեն: Նրանք չեն կարող ոչ մի բան արարել։
Ռում սուրահի 41-րդ և 42-րդ այաներ
Ապականությունը գոյացել է ցամաքում ու ծովում որոշ մարդկանց գործերի պատճառով: (Աստված) ուզում է նրանց հրամցնել իրենց որոշ արարքների (պատիժը): Թերևս դեպի մեզ վերադառնան:
Ասա նրանց. «Շրջեք ամբողջ աշխարհը ու տեսեք, թե ինչ վախճան են ունեցել նրանք, ովքեր ապրել են ձեզնից առաջ: Նրանք մեծ մասամբ կռապաշտ էին»:
Այս այաներն ասում են. «Ուղիղ կապ գոյություն ունի մարդկանց հավատալիքների ու վարքագծի և հասարակության մեջ տարածված անբարոյականության ու սխալ կյանքի միջև: Այլ խոսքով բոլոր դժվարությունների հիմքում ընկած է մոլորությունը և Աստծուց հրաժարվելը»: Նա, ով այդպես է անում, ուրեմն մեղք էլ գործում է ու բազմաթիվ խնդիրներ առաջացնում իր, իր ընտանիքի ու հասարակության համար: Արդյունքում, մեղավորները պատժի են արժանանում: Այսօր մեծ թվով կոթողներ են մնացել հին քաղաքակրթություններից, որոնք շատ մեծ էին, սակայն ցոփ ու շվայտ կյանք վարելու պատճառով ոչնչացան: Հետաքրքիր է, որ Ղուրանի տեսակետից, բոլոր մեղքերի ու անբարոյականության հիքմում ընկած է կռապաշտությունը: Այսպիսով, Ղուրանն ուզում է ասել, որ կռապաշտությունը մարդուն կարող է ոչնչացնել, իսկ այն, ինչ երջանկացնում է մարդուն, հավատքն է միաստվածության նկատմամբ ու հնազանդությունը։
Այս այաներից սովորում ենք․
1. Մարդկանց սխալ արարքները թիրախավորում են ոչ միայն մարդկանց կյանքը, այլ նաև բնությունն ու կենսոլորտը: Այն ինչ մարդն այսօր անում է բնության նկատմամբ, վկայում է այդ մասին։
2. Բնությունը, լինի դա ծովը, թե ցամաքը, մարդուն տրված բարիք է սակայն ժամանակավոր: Ուստի մարդն իրավունք չունի դրանց հետ վարվել ինչպես ցանկանում է։
3. Ճամփորդությունը շատ կարևոր է այն առումով, որ մարդը ճամփորդության ընթացքում դասեր է քաղում ճամփորդությունից: Այդ իսկ պատճառով, իսլամը մարդկանց հորդորում է հաճախ ճամփորդել։
4. Եթե հասարակության մեծ մասը մոլորվի ու անբարո կյանք վարի, ուրեմն այդ հասարակությունից պետք է դուրս գալ։