Գեղարվեստական հաղորդում(348)
Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն հնգյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։
Առաջին տեղում է Ջոն Ք. Մաքսվելի «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» գիրքը։ Միջազգայնորեն ճանաչում ունեցող առաջնորդության փորձագետ, հրապարակախոս և հեղինակ Ջոն Ք. Մաքսվելն, ով ամեն տարի ելույթներ է ունենում «Ֆորչըն 500»-ի վարկանիշով խոշորագույն ընկերությունների, միջազգային, պետական առաջնորդների և բիզնեսի ամենահաջողակ ներկայացուցիչների համար, գրքում մեկտեղում է ավելի քան քառասուն տարվա առաջնորդության փորձն ու հմտությունները: Մաքսվելը բացահայտում է առաջնորդության 21 համընդհանուր ճշմարտությունները՝ որպես օրենքներ, որոնք կարող են յուրաքանչյուրի ուղեկիցը դառնալ լավ առաջնորդ լինելու ճանապարհին: «Բիզնես ինսայդեր» ամսագիրը Մաքսվելին համարում է առաջնորդության ամենաազդեցիկ փորձագետն աշխարհում. դրա մասին վկայում է այն, որ նրա հիմնած կազմակերպություններն աշխարհով մեկ վերապատրաստել են ավելի քան 2 միլիոն առաջնորդի:
Երկրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ն անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իրենց գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն առեղծվածը» երրորդ տեղում է։ Օգ Մանդինոն այս գրքում մարդկանց տարանջատում է երեք խմբի՝ կամքի ուժ դրսևորող մարդիկ, ցանկություն ունեցող մարդիկ և ճակատագրի նախախնամությանը տրվող մարդիկ։ Կախված այն բանից, թե որ խմբին ենք մենք պատկանում՝ ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Մենք ենք ինքներս մեզ կերտողը, մեր ճակատագիրը տնօրինողը, ուրեմն, որոշենք, թե որ խմբում ենք ցանկանում լինել:
Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն գաղտնիքը» չորրորդ տեղում է։ Օրեցօր առաջնորդվելով հաջողության այս պարզ ծրագրով՝ դուք աստիճանաբար կհասկանաք մեկ կարևոր ճշմարտություն՝ դուք «բնության մեծագույն հրաշքն եք», դուք հազվագյուտ և յուրահատուկ արարած եք: Դուք մի քանի միլիոն տարվա էվոլյուցիայի վերջնարդյունքն եք: Դուք և՛ ուղեղով, և՛ մարմնով առավել եք Սողոմոնից, Կեսարից կամ Պլատոնից և ի զորու եք ձեր կյանքը դարձնել գեղեցիկ ու իմաստալից: Դուք ձեզանից առաջ ապրած ցանկացած մեկից ավելի մեծ ներուժ ունեք: Բայց դուք երբեք «որևէ բանի չեք հասնի», եթե ձեռքներդ ծալած նստեք և աշխարհին պատմեք, թե վաղվանից ինչպիսի մեծություն եք դառնալու…
Հինգերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին՝ Նոր տարին որպես նոր մարդ դիմավորելու համար:

...
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ՝ «Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրության փոփոխություն և կահավորման թարմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նոյեմբերի 30-ին բացվել է թանգարանի նոր՝ ժամանակավոր ցուցադրությունը։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի փոխանցմամբ, մեծ ուշադրություն է դարձվել թանգարանում միջավայրի եւ ժամանակաշրջանի արտացոլմանը։ Մասնագիտական խմբում աշխատել են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, գրականագետներ, ստեղծագործական խումբը մշտական կապի մեջ է եղել Վարպետի թոռան՝ Ավիկ Իսահակյանի հետ:
«Թանգարանի նոր ցուցասրահում կարելի է գտնել աուդիո-վիդեո եզակի նյութեր, որոնք թանգարանին տրամադրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ առկա է ձայնային ինստալացիա․ Նարինե Գրիգորյանի եւ Բաբկեն Չոբանյանի ձայներով հնչում են հատվածներ՝ Շուշանիկ Մատակյանի եւ Ավետիք Իսահակյանի փոխադարձ նամակներից։ Իմ մեծ շնորհակալությունը՝ եւ՛ Առաջին Ալիքին, եւ՛ մեր երկրի լավագույն ձայներից երկուսին՝ աչք եւ ականջ շոյող այս նվերների համար»,- մեզ հետ զրույցում նշեց Լիլիթ Թովմասյանը։
Ավետիք Իսահակյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահներում գրողի կյանքը, պոեզիան և հասարակական գործունեությունը ներկայացված են նոր տեսանկյունից, ներդրված են նորարարական լուծումներ, մշակված է կենսագրական պատ։

...
«Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցավ «Մարիա. փրկել Մոսկվան» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 81-ամյակին։
ֆիլմի ռեժիսոր Վերա Ստորոժևան հիշեցրեց՝ կինոնկարը նկարահանել են մեկ տարի առաջ: Նկարահանումներն իրականացրել են ցուրտ ձմռանը Մոսկվայում և մեկ այլ քաղաքում: Ֆիլմն անդրադառնում է լեգենդի, որը ծնվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ռեժիսորի խոսքով՝ կան մարդիկ, որոնք հավատում են լեգենդին, բայց ոչ բոլոր պատմաբաններն են այն հավաստի համարում:
«Շատերը հավանաբար գիտեն, որ այդ ժամանակներում Մոսկվայում ապրել է մի կին՝ Մատրոնա Մոսկովսկայան: Պատերազմի ամենաողբերգական պահերին, երբ թվում էր, թե թշնամին մուտք կգործի Մոսկվա, երբ բարիկադներ էին կառուցում Մոսկվայի փողոցներում, երկրի առաջնորդ Իոսիֆ Ստալինն այցելել է Մատրոնա Մոսկովսկայային, և նա Ստալինին ասել է՝ ինչ անել»,-պատմեց ռեժիսորն ու նշեց, որ Մատրոնային մարմնավորել է դերասանուհի Օլգա Լապշինան:
Լապշինան էլ հավելեց՝ մարդիկ Մատրոնա Մոսկովսկայայի մոտ են եկել ծանր պահերին օգնություն խնդրելու, խորհուրդ հարցնելու:
«Այս կինոնկարով հորդորում ենք կյանքից վերցնել այն, ինչը կարող է նպաստել հավատի ամրապնդմանը, ինչը կօգնի հաղթահարել այն ժամանակաշրջանը, որը ծանր է ոչ միայն մի քանի ժողովրդի, այլև՝ աշխարհի համար: Ցանկանում ենք՝ մարդիկ անեն հնարավորը, որ ամեն բան ծառայի սիրուն»,-ասաց դերասանուհին:
...
Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ պետական ֆինանսավորում ստացած ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։
Կինոնկարը պատմում է Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որի ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ է դարձել:
Պատմությունն սկսվում է 1947 թվականին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը:
Ռեժիսորը և սցենարիստը Միքայել Ա. Գուրջյանն է, օպերատորը՝ Ղասեմ Էբրահիմյանը: Դերերում՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիեր Նշանյան: Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Սոլ Տրիոնը, Պատրիկ Մալխասյանը, Անի Որսկանյանը, արտադրող ընկերությունը People Of Ar Productions-ն է:
*****
Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդի համագործակցությամբ և աջակցությամբ Համազգային թատրոնում առաջին անգամ կբեմադրվի «Մեծ գլուխ» Իրան-Հայաստան համատեղ ներկայացումը,որի ռեժիսորն է Արման Շիրալինեժադը։

...
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ` դեկտեմբերի 2-ին և 3-ին, հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, դեկտեմբերի 2-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի սրահում տեղի կունենա ստեղծագործական հանդիպում Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթի անձնակազմի հետ: Կներկայացվի Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի և Կոմիտասի մեղեդիների հիման վրա գրված «Անուշ» երաժշտական դրաման (հատվածաբար):
Ստեղծագործական հանդիսությունը կվարի անսամբլի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր-երգիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը: Նա հանդիսանում է նաև երաժշտական ներկայացման հեղինակը:
Դեկտեմբերի 3-ին Վախթանգ Սալարիձեի անվան համերգային դահլիճում Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը կներկայանա համերգային նոր հավաքական ծրագրով` կազմված անսամբլի տարբեր տարիների լավագույն ստեղծագործություններից:
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հիմնադրվել է 1938 թվականին՝ մեծանուն երաժիշտ Թաթուլ Ալթունյանի ջանքերով: 85 տարի շարունակ անսամբլը հանդես է եկել հայ ժողովրդական երգն ու պարը գրագետ մշակմամբ և կատարողական բարձր արվեստով աշխարհին ներկայացնելու առաքելությամբ: Հարուստ տարեգրությամբ, աշխարհի բոլոր մայրցամաքներ այցելած անսամբլը շարունակում է աշխարհին ներկայացնել հայկական ավանդական երգը, պարը և ազգային նվագարանները: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնել են մարդիկ, որոնք պահպանել են ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը:
Անսամբլի տնօրենը և գեղարվեստական մասի պատասխանատուն է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Գրիգոր Ոսկանյանը, գլխավոր բալետմայստերը` Գարիկ Խաչիկյանը:
***
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։ Այն այս տարի հոբելյանական է և անցկացվում է 10-րդ անգամ։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Բացման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սևակ Ավանեսյանը, համերգը կղեկավարի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։ Ծրագրում կհնչեն Սերգեյ Պրոկոֆևի, Միխայիլ Գլինկայի, Ալեքսանդր Բորոդինի ստեղծագործություններից։ Համերգը նվիրված է թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի 90-ամյակին։
Խաչատրյանական փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։
Փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը։ Այս ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու ևս չորս համերգ՝ անվանի մենակատարների մասնակցությամբ։

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ավարտվեց «Հարց դերասանին» նախագծի երկրորդ փուլը:
Նախագծի հեղինակ, թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը հիշեցնում է՝ ծրագրի նպատակը դպրոցականներին թատրոնին մոտեցնելը, դերասաններին, ռեժիսորներին առավել ճանաչելի դարձնելն էր: «Նախագծի առաջին փուլին մասնակցել էր 7-12-րդ դասարաններում սովորող շուրջ 400 աշակերտ: Դպրոցականների շրջանում հետաքրքրությունը հաշվի առնելով` իրականացվեց նաև նախագծի երկրորդ փուլը»,-նշում է Փելեշյանը:
Ծրագրի շրջանակում թատրոնի երեք սերնդի արտիստները հանդիպել են տարբեր դպրոցների աշակերտների հետ՝ փորձելով տալ դպրոցականներին հուզող հարցերի պատասխանները: Աշակերտները նշում են, որ այդ հանդիպումների միջոցով ավելի լավ են ճանաչել թատրոնն ու արտիստներին: Նրանցից շատերը որոշել են հետագայում թատերական արվեստով զբաղվել: