Դեկտեմբեր 19, 2022 07:27 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,,ընկերակցեք մեզ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խիստ կարևոր է համարում ցեղասպանության կանխարգելման գործում նոր գաղափարների գեներացիան: Միրզոյանը նման հայտարարություն արեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։

«Տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունները վերածվել են ուժի կիրառման: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն միջազգային համակարգը չի կարող հիմնված լինել «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա։ Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում: Ակնհայտ է, որ բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո մեզ անհրաժեշտ է ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս գտնել: Ցեղասպանությունների և էթնիկ զտումների, կրոնական և ազգային խտրականության և ատելության անթույլատրելիությունը և դրանց կանխարգելումը, մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է դառնան այդ կոնսենսուսի հիմնասյուներից մեկը»,- նշեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: Միրզոյանն ասաց, որ ՄԱԿ-ը մեծ աշխատանքներ է տարել ցեղասպանության կանխարգելման նպատակով նոր կարողություններ և մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Արտգործնախարարի խոսքով՝ ցեղասպանության կանխարգելումն ապահովող կարևոր քայլերից դարձավ 2004 թվականին այս հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի պաշտոնի սահմանումն ու գրասենյակի ստեղծումը։ Այն, ըստ Միրզոյանի, տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ փորձառություն, և մշակած շատ փաստաթղթեր ցեղասպանության կանխարգելման ուղենիշ են ՄԱԿ անդամ երկրների համար:

Նա հիշեց նաև 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, որի հետևանքները մինչև օրս հաղթահարված չեն: Միրզոյանը նաև նշեց, որ նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ին էլ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ: Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների հետ, որոնք մինչև այս պահը վերացված չեն։

Խոսելով ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող կառույցների մասին՝ Միրզոյանն ընդգծեց, որ այս հարցում մեծ դերակատարում ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը:

ԱԳ նախարարը շեշտեց այն դերակատարումը, որը ցեղասպանության կանխարգելման գործում ունենում է Հայաստանի կողմից նախաձեռնված և 2 տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող Ցեղասպանության կանխարգելման բանաձևը:

«Բանաձևն իր ծանրակշռիռ ներդրումն է ունենում ցեղասպանության կանխարգելման և պատժի կոնվենցիայի դրույթների կիրառելիության ապահովման գորոծում: Այն յուրահատուկ գործողությունների ծրագիր է, որը նախանշում է այս առումով հետագա քայլերն ու նպատակները։ 21-րդ դարն ու նոր տեխնոլոգիաների զարգացումն իրենց ազդեցությունն են ունեցել նաև ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վրա: Այսօր ծառացել են նոր մարտահրավերներ, հայտնվել են նաև նոր գործիքներ՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման համար»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Ֆորումի աշխատանքների շրջանակներում նա հրավիրեց բոլորին քննարկում ծավալել հնարավոր առկա նոր գործիքները չարի դեմ օգտագործելու ուղղությամբ։ Նա հույս հայտնեց, որ մոլորակի վրա այլևս չեն լինի ժողովուրդներ, որոնք կառերեսվեն ցեղասպանության արհավիրքի հետ:

....

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվի և այն ավարտվելու է դեկտեմբերի 19-ին:

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ամփոփելով «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները ։

Նրա գնահատմամբ` հոկտեմբերին ձևավորված առաքելությունը ցույց է տվել իր արդյունավետությունը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` առաքելությունը կավարտվի դեկտեմբերի 19-ին։

«Այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար մենք Հայաստանում ներկայացուցիչների խումբ կտեղակայենք հաջորդ տարի հնարավոր քաղաքացիական առաքելությունները քննարկելու համար», - հայտարարել է Բորելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։

….

Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) քարտուղարության միջև Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, փաստաթուղթը կներկայացվի ԵԱՏՄ երկրների և Իրանի խորհրդարաններ։

«Ցանկանում եմ ձեզ լավ նորություն հայտնել. Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ քարտուղարության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Իհարկե, այս համաձայնագիրը պետք է ներկայացվի վեց երկրների խորհրդարաններ՝ ԵԱՏՄ անդամ հինգ երկրների խորհրդարաններ և Իրանի խորհրդարան»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:

....

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների առնչությամբ, որի պատճառով արդեն մի քանի օր է՝ փակ է Լաչինի միջանցքը և կտրված է Արցախի կապն աշխարհի հետ։

 «Կալյուրանդի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․«Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի միջոցով Լեռնային Ղարաբաղին գազի մատակարարման հաղորդվող խաթարումը մեծագույն մտահոգության առիթ է և ավելացնում է լուրջ հումանիտար հետևանքների ռիսկը»։

Մարինա Կալյուրանդը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ «Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը կյանքի կոչել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ գործողություններից ու հռետորաբանությունից։

Եվս մեկ անգամ ընդգծում եմ համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ամուր երաշխիքներ տա։ Կոչ եմ անում ամենաբարձր մակարդակով շուտափույթ կերպով վերականգնել բանակցությունները՝ ԵՄ միջնորդությամբ և դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- հայտարարել է Կալյուրանդը։

.....

Ռուսաստանը կզարգացնի Ասիայում նավահանգստային եւ խողովակաշարային համակարգերը։ Ռուսաստանը մտադիր է մինչեւ 2030 թվականը դեպի արեւելք գազի մատակարարումներն ավելացնել մինչեւ 88 մլրդ խորանարդ մետր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ այլ թշնամական գործողությունների ազդեցության նվազեցման համար կարեւոր քայլ կդառնա Հարավային եւ արեւելյան ուղղությամբ նավահանգստային եւ խողովակաշարային ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում՝ բնական գազի արտահանման ավելացումը: «Այնպիսի նախագծերի իրագործումը, ինչպիսիք են Կովիկտինի հանքավայրը, «Սիբիրի ուժը 2»-ը, «Հեռավորարեւելյան երթուղին», թույլ կտա արդեն 2025 թվականին դեպի արեւելք գազի մատակարարումներն ավելացնել մինչեւ 48 մլրդ խորանարդ մետր, իսկ 2030 թվականին՝ մինչեւ 88 մլրդ»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ դա անցյալ տարի դեպի Արեւմուտք գազի մատակարարումների ավելի քան 60 տոկոսն է։

.....

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրք գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսաիի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակումը:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ճեպազրույցում պատասխանելով հայ լրագրողի հարցին առ այն, թե «ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի գեներալին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարի խորհրդական նշանակելուն, և ինչո՞ւ է Ռուսաստանը աչք փակում Թուրքիայի հետ Ադրբեջանի համագործակցության վրա, եթե բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ մյուս հետխորհրդային երկրների համագործակցությանը», ասել է, որ ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Հայաստանում կան օտարերկրյա խորհրդականներ։

«Ես համաձայն չեմ ձեզ հետ: Ես  օտարերկրյա քաղաքացի հանդիսացող խորհրդականներ եմ տեսնում ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Ադրբեջանիև Ռուսաստանի հարևան այլ երկրներում։ Հայաստանում էլ կան այդպիսի մարդիկ։ Ուստի ես չեմ ընդունում ձեր նախատինքը։ Յուրաքանչյուր երկիր ունի իր գործընկերների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու ինքնիշխան իրավունք։ Միաժամանակ, կարծում ենք, որ այդ համագործակցությունը չպետք է ուղղվի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Մենք պարբերաբար այս թեզը ներկայացնում ենք տարածաշրջանի մեր գործընկերների ուշադրությանը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ BBC-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է թուրք գեներալ Բախտիյար Էրսաիի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակմանը՝ այն որակելով «կարևոր քայլ» Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ներուժը միավորելու հարցում։

Նշվում է, որ թուրք գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսաին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական նշանակվելուց հետո, ըստ տեղական ԱՊԱ գործակալության, պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում խոսել է ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու իր աշխատանքի, ինչպես նաև ծրագրվածի բարեփոխումների մասին։

Ըստ հոդվածի՝ Էրսաիի նշանակումից հետո իրականացվող բարեփոխումները ազդեցություն կունենան նաև տարածաշրջանի վրա։

«Դա կլինի միասնական բանակ, որը, ըստ անհրաժեշտության, կմասնակցի այս կամ այն գործողությանը, և սա միասնության ցուցադրություն է ի դեմս  Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի»,- վստահ է Իսազադեն։

Ադրբեջանը  ռազմական հակամարտություն ունի ոչ միայն հարևան Հայաստանի հետ, այլև բարդ հարաբերություններ երկու հարևան երկրի՝ Ռուսաստանի և Իրանի հետ։

Աշնանը Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Ադրբեջանական և թուրքական բանակները պատասխան զորավարժություններ են անցկացրել, որին մասնակցել է Բախտիյար Էրսաին, եզրափակել է BBC-ն։

....