Հունվար 04, 2023 10:20 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեզ հետ ենք «Գեղարվեստական հաղորդում» ծրագրով: Մեր հաղորդման միջոցով դուք կարող էք ծանոթանալ Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Ընկերակցեք մեզ:

Image Caption

 

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:Առաջին տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Երկրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Երրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը չորրորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:

Հինգերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

Վեցերորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

 

Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ» ժողովածուն յոթերորդն է։ Առակների հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը․Փազլ» ստեղծագործությունը ութերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ փազլի միջոցով:

Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ․ գունավորիր ջրով» ժողովածուն իններորդն է։ Այն Երեխայի հետաքրքիր և զարգացնող ժամանցը ապահովող ջրով գունազարդվող յուրատեսակ գիրք է:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն տասներորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Image Caption

 

Արևմտաեվրոպական հայտնի «Մոխրոտը» հեքիաթը տարբեր երկրներում տարբեր հեղինակներ յուրովի են մեկնաբանում: Սակայն բոլոր հեքիաթների հերոսուհին էլ Մոխրոտիկն է, որը, չնայած կյանքի ծանր հարվածներին և անարդարություններին, չի դադարում հավատալ հրաշքին, չի կորցնում լավատեսությունն ու մեծահոգությունը:

Սիրված հեքիաթը, որի հիման վրա նկարահանված մուլտֆիլմերն ու գեղարվեստական կինոնկարներն  այն առավել ճանաչված են դարձրել, դեկտեմբերի 24-30-ը կլինի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

«Արմենպրես»-ի թղթակիցը հասցրել է դիտել երաժշտական ներկայացումը և վստահեցնում է՝ այն անտարբեր չի թողնի ոչ ոքի, քանի որ վառ է, գունեղ, հարուստ է շքեղ տեսարաններով, դինամիկ է, մոգական: Իսկ երիտասարդ դերասանների թիմին միացած հասուն դերասաններ Ջուլիետա Ստեփանյանը, Սամվել Բաղինյանն ու Մխիթար Մելքոնյանն իրենց ինքնատիպ խաղով զարդարում են բեմադրությունը:

Սամվել Բաղինյանը մարմնավորում է թագավորին: Ասում է՝ երաժշտական ներկայացումը ստեղծելիս դժվարությունների միջով են անցել, որպեսզի հանդիսատեսն այն դիտի մի շնչով: Երիտասարդ դերասանները սուսերամարտի դասեր են անցել, պարերն են յուրացրել: Կարծում է՝ նոր մեկնաբանությամբ նյութը հաղթահարված է, և ներկայացումը դուր կգա թե՛ փոքրիկներին, թե՛ մեծահասակներին:

«Մենք շատ լուրջ ենք մոտենում փոքրիկների համար բեմադրվող ներկայացումներին: Երեխաներին դժվար է խաբել: Պետք է անել հնարավորը, որ նրանք զգան  թատրոնի հրաշքը, ցանկանան մուտք գործել այդ կախարդական աշխարհ: Մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ փոքրիկները մեր ապագա հանդիսատեսն են ու նրանց պետք է կապել թատրոնին»,-նշում է դերասանը:

Image Caption

 

Գրիմ եղբայրների՝ թափառաշրջիկ երաժիշտների և նրանց արկածների մասին պատմող «Բրեմենյան երաժիշտները» հեքիաթը, որը մեծ ժողովրդականություն է վայելել նաև համանուն խորհրդային մուլտֆիլմի շնորհիվ, տասը տարվա դադարից հետո վերադառնում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ: Տարիներ առաջ փոքրիկներն այն դիտել են Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ, որն արվել է Վիգեն Ստեփանյանի պիեսի հիման վրա։ Ներկայացումն այժմ այն նոր ոգով բեմադրել է Արման Միրիջանյանը:

«Բրեմենյան երաժիշտները» 2022-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի չորրորդ ներկայացումն է: «Որպես բեմադրության հենք ծառայել է հենց գրական ստեղծագործությունը: Կարծում եմ՝ ամանորյա տոներին սա լավագույն նվերն է և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար: Նրանք կարող են գալ թատրոն ու վայելել այս գեղեցիկ, գունեղ երաժշտական ու պարային ներկայացումը»,-նշում է թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն ու հավելում՝ արել են հնարավորը 21-րդ դարի փոքրիկներին հետաքրքրելու համար:

 Ներկայացման գեղարվեստական ղեկավար Հրաչյա Գասպարյանի խոսքով՝ թատրոնը միայն չի դաստիարակում երեխաներին, այլև կարևոր է ծնողների համար: «Երբ ծնողները հավանում են ներկայացումը, նաև երեխաներին են բերում այստեղ: Այս ներկայացումը կարող է հետաքրքիր լինել թե՛ փոքրիկների, թե՛ նրանց ծնողների համար»,-վստահեցնում է նա:

Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի երիտասարդ դերասանները, սակայն   փայլուն խաղով առանձնանում է թատրոնում երկար ճանապարհ անցած դերասան Արա Մաթևոսյանը, որը կերտել է թագավորի կերպարը:

Image Caption

 

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար:

«2023 թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում և Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ և այլ նշանակալի միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու անվանի երաժիշտ-կատարողներ, դիրիժորներ, արվեստագետներ, երաժշտական խմբեր:

Կարևորելով առաջիկա հոբելյանները հավուր պատշաճի նշելու անհրաժեշտությունը՝ գործադիրը ԿԳՄՍՆ 2022 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից 225 մլն դրամ գումար է հատկացրել համերգասրահի բազկաթոռների ընթացիկ վերանորոգման նպատակով, որը թույլ կտա ապահովելու հանդիսատեսի հարմարավետությունը և համերգասրահի գեղագիտական տեսքը», նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահը, որի շենքը համարվում է նաև պատմամշակութային հուշարձան, իր գոյության 70 տարիների ընթացքում վերանորոգվել է ընդամենը 2 անգամ. 1981-83 թթ.-ին շենքը լիովին վերակառուցվել և նորացվել է, բեմը վերազինվել է ժամանակակից հարմարանքներով, տեղադրվել են 1400 նոր բազկաթոռներ,  իսկ 2003 թվականին «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ շենքը, ճեմասրահն ու բեմը կրկին վերանորոգվել են, սակայն բազկաթոռները չեն փոխվել:

Համերգասրահի բազկաթոռներն այժմ գտնվում են անմխիթար վիճակում. վնասված են գրեթե բոլոր նստատեղերի ծալվող մեխանիզմները, ինչը լրացուցիչ աղմուկի պատճառ է դառնում և համերգների ընթացքում բավական մեծ անհարմարություն ստեղծում: Հատկացված միջոցներով խնդիրը կկարգավորվի:

Image Caption

 

Գյումրիի Հայորդյաց տան դահլիճում կայացավ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի առաջնախաղը: 44-օրյա պատերազմից հետո սա առաջին դեպքն է, որ Շուշիի թատրոնը նոր ներկայացում է բեմ բարձրացնում: Ներկայացումը բեմադրել է Արցախի ժողովրդական արտիստ,  Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը, նկարչական ձևավորումը պատկանում է Դավիթ Ավագիմյանին, երաժշտական ձևավորումը` Վահագն Եսայանին, տիկնիկագործը Հասմիկ Գասպարյանն է։

Շուշիի պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց՝ պաշերազմից հետո էլ իրենց աշխատանքը կանգ չի առել, միայն այս տարի 72 ներկայացում են ցուցադրել: Բայց որպես առաջնախաղ՝ «Ոսկե ճուտիկը» առաջինն է: Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Շուշիի թատրոնը գործում էր որպես շրջիկ թատրոն

Image Caption

 

Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ. առաջին անգամ մրցույթը կանցկացվի երկու քաղաքում՝ Երևանում և Դիլիջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շուրջ 3 օր մասնակիցները կանցկացնեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի 2 տարիքային խմբերում էլ մրցույթը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլում, որը տեղի կունենա Երևանում, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար (ցանկացած)՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ), իսկ կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները՝ 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:

Երկրորդ փուլում, որը տեղի կունենա Դիլիջանում, մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. կրտսեր խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն մինչև 5 րոպե տևողությամբ, իսկ ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն: Գալա համերգը մրցույթի պատմության մեջ առաջին անգամ կկայանա Երևանից դուրս՝ Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահում:

Image Caption

 

Ուշ միջնադարի հայ խոշորագույն բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում դեկտեմբերի 19-ին բացվեց նրա գրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես, որում ընդգրկվել են շուրջ 110 միավոր գրքեր, նոտագրություններ:

գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանն ասաց՝ Սայաթ-Նովան բանաստեղծ-աշուղ է, սակայն միայն աշուղ լինելու փաստն ընդգծելը նշանակում է նրան իջեցնել այն բարձունքից, որտեղ կանգնած է: «Վիթխարի գագաթ է Սայաթ-Նովան: Նրա արվեստի նշանակությունը դուրս է հայ ազգային մշակույթի սահմաններից, թեև այն, ինչ ազգային է, նաև համամարդկային է: Համամարդկային են Սայաթ-Նովայի պոեզիան, նրա խոհափիլիսոփայական ստեղծագործությունները: Նա  հայտնի է իբրև մեծ սիրերգու, սակայն նրա գործերում հսկայական փիլիսոփայություն կա, որը բոլոր ժամանակներում արդիական է»,-նշեց Հովհաննիսյանն ու շեշտեց՝ Սայաթ-Նովան նաև բարոյական արժեքների պահպանման չափանիշ է:

Գրականագետը հիշեցրեց, որ բանաստեղծություններից մեկում Սայաթ-Նովան արժեհամակարգի երեք կարևոր կետերի է անդրադառնում: «Սայաթ-Նովան ասում է՝ Ա՛ստուաձ սիրէ. նկատի ունի՝ սիրիր կատարելությունը, այն, ինչն անթերի է ու աստվածային, հետո ասում է՝ հո՛գի սիրէ, այսինքն սիրիր այն, ինչը հոգևոր է և հետո միայն ասում է՝ եա՛ր սիրէ: Սայաթ-Նովայի մեծություն լինելը խոստովանել են ոչ միայն հայերը, այլև այլազգիները: Բրյուսովը 1915 թվականին թարգմանում էր Սայաթ-Նովայի, Քուչակի գործերն ու ասում, որ այդ  երկու տաղերգուներն ապացուցում են հայ ժողովրդի ոչ միայն ոգեղենությունն ու հանճարն, այլև այն, որ հայ ժողովուրդն ունի բոլոր իրավունքները մտնելու կուլտուրական ազգերի մեջ և մասնակցելու համամարդկային արվեստի ստեղծմանը»,-ընդգծեց Հովհաննիսյանն ու տեղեկացրեց, որ Սայաթ-Նովայի թողած հայերեն ժառանգությունից մեզ է հասել 46 տաղ: