Հունվար 04, 2023 10:30 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում ,ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին:Ընկերակցեք մեզ:

Image Caption

 

 

Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է հայտնի Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի միջազգային մրցույթում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան 2023-ի հունվարի 27-ից փետրվարի 4-ը։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած Ֆիլմի ոչ միայն ռեժիսորը, այլև սցենարիստը Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա (Բելգիա):

Ֆիլմում նկարահանվել են Նանոր Պետրոսյանը, Լիանա Վարդանյանը, Անի Խաչիկյանը, Աստղիկ Աբաջյանը, Սիրանուշ Բարսեղյանը: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:

 

Image Caption

 

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկը հարստացել է ժամանակակից դրամատուրգ Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» պիեսի համանուն ներկայացմամբ, որը բեմադրել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը:

«Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» պիեսը գրվել է քսան տարի առաջ: Վաղուց էի ուզում բեմադրել այն, ժամանակ առ ժամանակ անդրադարձել եմ այդ ստեղծագործությանը, սակայն ամեն անգամ ինչ-որ հանգամանք խանգարել է»,-նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով՝ ներկայացումը բուռն ծափողջույնների է արժանացել: Առաջնախաղից առաջ ելույթ է ունեցել Գորիսի թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը, ներկայացումից հետո՝ Սամվել Խալաթյանը, դերասան Արթուր Կարապետյանն  ու Հակոբ Ղազանչյանը: «Շատ տոնական մթնոլորտ էր. կարելի է ասել, որ հաջողությամբ ավարտվեց մեր աշխատանքը, և ներկայացումն ամենայն հավանականությամբ կմասնակցի Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը»,-ասաց Ղազանչյանը:

 

Image Caption

 

Հայաստանի մարզերի թատրոնները պատրաստվում են Ամանորին նոր ներկայացումներով ու տոնական միջոցառումներով, որոնք կարող են հետաքրքրել և՛ փոքրիկներին, և՛ մեծահասակ հանդիսատեսին:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 20-30-ը ցուցադրվելու է «Սառցե թագավորություն» ամանորյա երաժշտական ուրախ ներկայացումը: Հեքիաթի հերոսները սիրով կսպասեն և՛ մեծահասակներին, և՛ փոքրիկներին:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում թատերասերները  դեկտեմբերի 23-29-ը հնարավորություն կունենան դիտելու «Մերին և ամանորյա հրաշքը» ներկայացումը: Յուրաքանչյուրիս կյանքում ամենակարևորը մանկությունն է, որից հեռացել էր հեքիաթի հերոսուհի Մերին։ Սակայն սուրբծննդյան օրը  նա կարողանում է իր ընկերների օգնությամբ գտնել իր կորցրած մանկությունը։ Մենք պետք է կարողանանք միշտ վառ պահել մեր մեջ ապրող այն հեքիաթը, որը ծնվում և մեծանում է մեր մանկության հետ միասին:

Image Caption

 

«Յուքոմ» ընկերության հովանավորությամբ դեկտեմբերի 12-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Բուկինիստ 90» տոնակատարությունը և «Գրքի մրցանակաբաշխություն 2022»-ը։  

Այս տարի լրացել է Մաշտոցի 20 հասցեում գործող «Բուկինիստ» գրախանութի գործունեության 90 տարին, ինչը եզակի ու կարևոր իրադարձություն է երկրի մշակութային կյանքում։ Այս տարիների ընթացքում, դիմակայելով բոլոր դժվարություններին, գրախանութը ոչ միայն չի փակվել, այլև կարևոր դեր է խաղացել սերունդների ձևավորման և կայացման գործում։

«Մտածեցինք, որ Հայաստանում քիչ կան այնպիսի մշակութային կամ բիզնեսային օբյեկտներ, որոնք ի սկզբանե իրենց ստեղծման օրից մինչեւ հիմա գործում են նույն պրոֆիլով, նույն գործն են անում: Դա մեր դեպքում Մաշտոցի 20 գրախանութն է, որը ստեղծվել է 1932 թ. եւ մինչեւ այսօր գործում է, ընդ որում՝ գործում է ավելի լայն մասշտաբով: Խորհրդային տարիներին այնտեղ 75 քմ-ի վրա էինք աշխատում, հիմա՝ ավելի քան 350 քմ-ի: Ժամանակին 4 աշխատակից կար, հիմա միայն այդ օբյեկտում 20 մարդ է աշխատում, իսկ ընդհանրապես «Բուկինիստ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 1997 թ., սկսել է 4 հոգով, այժմ Բուկինիստում աշխատում է 110 մարդ», - նշել է Բուկինիստի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։   

 

Image Caption

 

«Սրտագիր» ժողովածուում զետեղված են Հայաստանի գրողների միության անդամների այն բանաստեղծությունները, որոնք հեղինակներն են ընտրել: Բազմաբովանդակ ու բազմագույն ժողովածուն հնարավորություն է ընձեռում ճանաչելու ժամանակակից հայ բանաստեղծության ամբողջ ներկապնակը:

Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ գրքում ընդգրկվել է 115 ժամանակակից բանաստեղծի ստեղծագործություն:

«Առաջինը լույս ենք ընծայել «Ես եմ հիմա» անթոլոգիան, որում ներառվել են Չարենցի մասին հայ ժամանակակից գրողների և գրականագետների հոդվածներ, բանաստեղծություններ ու արձակ էջեր, երկրորդը «Օդապարիկ արևը» գիրքն է, որում  մանկական բանաստեղծություններ են, երրորդը «Մենք և աշխարհը. ներշնչանքի թռչունը» ժողովածուն է, որն անդրադառնում է ռուսական մշակույթին, չորրորդը «Արձակ դաշտեր» արձակի ժողովածուն է, հինգերորդը՝ «Սրտագիր»-ն է»,-հիշեցրեց Միլիտոնյանն ու հավելեց՝ համագործակցել են «Վան Արյան», «ՀԳՄ», «Արմավ» հրատարակչությունների հետ:

 

 

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերի վաճառքների հիման վրա:

Image Caption

 

Առաջին հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Հինգ խոզուկներ»  գիրքը։ Տասնվեց տարի առաջ կատարված հանցագործությունը վկաներից յուրաքանչյուրը վերհիշում ու վերապատմում է իր տեսանկյունից, իսկ մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն համոզված է, որ ճշմարտությունը բացահայտել կարող է նաև առանց իրեղեն ապացույցների՝ համադրելով յուրաքանչյուրի պատմածն ու այդ ամենը հոգեբանորեն վերլուծելով: Թարգմանությունը՝ Էլիզա Մկրտչյանի։

Երկրորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Առեղծվածային պատահար Սթայլզում» վեպը, որը տարիներ շարունակ միլիոնավոր ընթերցողների գրաված ստեղծագործություններից առաջինն է: 1920 թվականին լույս տեսած գրքում առաջին անգամ հանդիպում ենք աշխարհահռչակ խուզարկու Էրքյուլ Պուարոյին: Բելգիական ոստիկանության նախկին սպան իր մի քանի հայրենակիցների հետ ապաստան է գտել Սթայլզ Քորթ կալվածքի հարևանությամբ՝ փախստականների համար նախատեսված կացարանում: Կալվածքի մեծահարուստ տիրուհու՝ միսիս Ինգլթորփի մահն իսկական իրարանցում է առաջացնում գյուղում, և ընտանիքի անդամները դիմում են Պուարոյին՝ առեղծվածի կծիկը քանդելու: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» գիրքը երրորդ տեղում է։ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Չորրորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Հինգերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի
կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական
մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը վեցերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։ Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը յոթերորդ տեղում է։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Ութերորդ տեղում է Էրիխ Մարիա Ռեմարկի «Սիրիր մերձավորիդ» վեպը։ Վեպի առանցքում բախտակից երեք էմիգրանտների կյանքի պատմությունն է: Քսանմեկամյա Լյուդվիգ Քեռնի, փորձառու, տարեց էմիգրանտ Շթայների և Քեռնի սիրելիի՝ Ռութի շուրջ են ծավալվում վեպի անչափ հուզիչ գործողությունները: Էմիգրանտներ, որ լքել են նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և փորձում են եվրոպական մյուս երկրներում տանիք և աշխատանք գտնել: Պրահայով և Վիեննայով առանց անձնագրի ու փաստաթղթերի փախուստ Շվեյցարիա, նացիոնալ-սոցիալիստների մշտարթուն հետապնդումներ նաև Գերմանիայից դուրս, ի վերջո դրամատիկ հանգուցալուծում Փարիզում: Ուրախ և տխուր, երջանիկ և դժբախտ ակնթարթներ, որ անսպասելի հետևում են իրար ու ի վերջո ըմբռնել տալիս, որ կյանքում ամենակարևորը նույնիսկ ամենածանր պահերին մերձավորի հանդեպ սերն է և հոգատարությունը: Թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի։

Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» իններորդ տեղում է։ 1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։ Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։ Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։ Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի։

Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» տասներորդ տեղում է։ Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։ Թարգմանությունն անգլերենից`Ռուզաննա Սուքիասյանի: 

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնին, որն անցկացվել է դեկտեմբերի 10-13-ը, կազմակերպվել է պատանի մենակատարների  համերգային 3 երեկո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ հանդիսավոր փակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր` Հարություն Արզումանյան):

2022-ի պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական hավաքին  մասնակցել են Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ։

«Գոհունակությամբ ենք փաստում, որ փառատոնի մասնակիցները ոչ միայն հանդես եկան ելույթներով, այլև միջմշակութային բազմաթիվ կապեր ձևավորեցին»,-նշում է «Նոր անուններ» ծրագրի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

«Նոր անուններ» ծրագիրը շուրջ 30 տարվա տարեգրություն ունի: Նպատակը մշտապես եղել է բացահայտել մեր պատանի տաղանդներին, ներկայացնել աշխարհին, խրախուսել նրանց։ Մեր պատանի երաժիշտների մի քանի սերունդ է անցել ծրագրով, նրանցից շատերն այսօր հանրահռչակ արտիստներ են։ 11-րդ փառատոնն էլ նոր բացահայտումների հարթակ հանդիսացավ»,-նշում է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնի երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը։