Հունվար 18, 2023 05:55 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում անդրադառնալու ենք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:

Երկրորդ տեղում է Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը։ 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող  երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում  են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...

Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիան» երրորդ հորիզոնականում է։ Արեգն ու Արան Երևանյան համալսարանում իրենց առաջին տարվա ընթացքում ծանոթանում են տիկին Տարտարոսյանի՝ Անմահության հիմունքների դասախոսի հետ, և սկսում են գնալ գաղտնի անմահական հավաքների, որոնց նպատակը Վիեննայի Անմահության ակադեմիա ընդունվելն է: Դրա համար նրանք պիտի անցնեն անմահության մի քանի հարթակներով, մտածել սովորեն ու չշեղվեն անմահական ճանապարհից:

Չորրորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության...«Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ:

Հովիկ Աֆյանի «Ժողովրդի հայրերը» հինգերորդ տեղում է։ Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է: Վեպը չի հավակնում դառնալ հայրագիտության դասագիրք, առավել ևս՝ անհույս միջնորդ-հաշտարար՝ հայրեր ու որդիներ հավերժ պատերազմում. այն ընդամենը ցույց է տալիս շեղված ճանապարհը այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ գնացին պըտըտելու Կաթնով Աղբյուր»: Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանող ոտնահետքերի ամբողջությունն է: 

Վեցերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ 

Գոհար Նավասարդյանի «‎Սիրելուց հետո» գիրքը յոթերորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից, կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք… Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման` սիրած մարդուց հեռանալու:

Ութերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց, սովորաբար, նրանց «մոռանում են»: 

Իններորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Գաղութ»-ը, որը վերջինիս յոթերորդ գիրքն է։ Նախորդները վեպեր են, «Գաղութ»-ը` հոդվածների, էսսեների, պատմվածքների ժողովածու։ Այն անկախ Հայաստանի 90-ական թթ. հիշարժան դեպքերի, իրադարձությունների տարեգրությունն է՝ ականատես գրողի վավերագրական, հավաստի տվյալներով։ Յոթ մասից բաղկացած գրքի «Գաղութ» գլխում ՀՀ բանտերի, գաղութների իրավիճակն ու գողական աշխարհի նիստուկացն է, որի վկան է եղել հեղինակը` 1991-1992 և 2005թթ. լինելով բանտերում։

Տասներորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

 

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը:

Փետրվարի 1-ին Դենիս Մացուևի հետ ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը և Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը:

Փետրվարի 2-ին տեղի կունենա Դենիս Մացուևի մենահամերգը:

 

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ-ը բնութագրել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի կյանքը:

«Համազգային մեր զորությունը, զորությունը ազգովին՝ ամեն մեկիս մեր տեղը կզորացներ յուրաքանչյուրիս ու ամենքիս, համազգային մեր տկարությունը աղարտում ու աղավաղում է յուրաքանչյուրիս ու գրեթե ամենքիս վերընթացը: Եվ չեն աղարտվում, չեն աղավաղվում, չեն բեկվում, կիսատ չեն մնում մեզնից նրանք, ովքեր այս աշխարհ ոտ են դնում որդու եւ տիրոջ իրավունքով ու կամքով- մի Իսահակյան, մի Չարենց, մի Սարյան ու Խաչատրյան, մի Թումանյան… Նրանք իրենց Մեքքայում եղել են, նրանք իրենց Մեքքայից են գալիս, նրանք պատգամաբեր են, նրանք լեցուն են իրենց աստծու շշուկներով, նրանց կառույցներում այլ կամքերի համար տեղ չկա:

…Ռազմիկ Դավոյանի մուտքը վստահ էր եւ ձայնը՝ հաստատ: Այդքան վստահ մուտք, այդքան արդարացվող վստահություն, միանգամից այդպիսի հասունություն- մեր բանաստեղծությունը նախկինում թերեւս մի քանի անգամ արձանագրել էր, իսկ իմ սերունդը չարձանագրեց: Ռազմիկն այլ ոլորտներից, այլ ժամանակներից էր գալիս…»:

Անժխտելի է ու ծանրակշիռ բանաստեղծի ստեղծագործական հունձքը՝ արժանացած ամենաբարձր գնահատանքի՝ ՀՀ Պետական մրցանակ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ, մեծարման այլ դրսեւորումներ՝ սկսած տակավին խորհրդային ժամանակներից: Սակայն ամենաարդարամիտ գնահատողը ժամանակն է լինելու եւ, իհարկե, հարատեւող այն ժողովուրդը, որ ծնում է տաղանդավոր իր զավակներին…

Մեծպարնեցի բանաստեղծը նրանց դասում է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ 2022 թվականի ավարտին հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը:

Հրատարակությունը  նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին:

Հատորն ընդգրկում է Շնորհալու արձակ գործերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները, ինչպես նաև նրա խմբագրած թարգմանությունները՝ ամբողջացնելով մատենագրի թողած ողջ գրավոր ժառանգությունը: Այս հատորի նպատակը Ներսես Շնորհալու դարավոր  ժառանգության ամբողջացումն ու հանրայնացումն է:

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում»:

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու նրա ընտանիքի անդամներն այցելել են Սպահան։

Նա հանդիպում է ունեցել թեմակալ առաջնորդ տեր Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի, Թեմական և Կրոնական խորհուրդների ատենապետներ Նոել Մինասյանի, Վրեժ Տեր-Մարտիրոսյանի, Զավեն Սիմոնյանի և Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայանի հետ ու շրջայց կատարել Սուրբ Ամենափրկիչ վանքի զբոսաշրջային բաժինները, այցելել Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, իսկ երեկոյան՝ «Արարատ» միություն, որտեղ հանդիպել է միության կենտրոնական վարչության անդամներին։

Դեսպանը այցելել է նաև Սպահան քաղաքի տեսարժան վայրեր, մասնակցել սուրբ Ճրագալույցի տոնի առիթով Ստեփանոս եկեղեցում մատուցված պատարագին, իսկ հունվարի 5–ի առավոտյան՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ սուրբ Բեթղեհեմ եկեղեցում տեղի ունեցած պատարագին։

 Իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի համերգային կատարումը երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու հունվարի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: 

Պուչինիի գլուխգործոցը կներկայացնեն աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Տոսկայում» Հիբլա Գերզմավայի (Ֆլորիա Տոսկա) խաղընկերներն են միջազգային մեծ ճանաչում ունեցող տենոր Արսեն Սողոմոնյանը (Մարիո Կավարադոսի) և բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին (Բարոն Սկարպիա): Մյուս դերերգերով հանդես կգան Հովհաննես Ներսեսյանը (Չեզարե Անջելոտտի, բաս), Հայկ Տիգրանյանը (եկեղեցու լուսարարապետ, բաս), Տիգրան Մելքոնյանը (Սպոլետտա, տենոր), Արմեն Գրիգորյանը (Շարոնե, բաս), Ֆերդինանդ Մուրադյանը (Բանտապետ, բաս) և Եվա Ազրոյանը (հովիվ, սոպրանո):

Օպերայի համերգային կատարմանը կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):