Ելք դեպի լույս 761
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ահզաբ սուրահի 22-րդ այա
Երբ հավատացյալները տեսան դաշնակիցներին, գոռացին. «Ահա թե ինչ էին խոստացել Աստված ու Իր մարգարեն: Նրանց խոստումները ճշմարիտ են»: (Թշնամու ներկայությունը) կրկնապատկեց նրանց հավատքը և հնազանդությունը:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք պատերազմի ժամանակ երեսպաշտների մասին: Այս այան ասում է, որ ճշմարիտ հավատացյալը, որ հավատում է Աստծուն, մարգարեին ու նրանց խոսքերին, թշնամուն հանդիպելիս ասում է. «Սրանից առաջ Աստված Ղուրանի այաներում մեզ տեղեկացրել էր, որ դուք էլ նախորդ ժողովուրդների նման, հանդիպելու եք դժվարությունների ու թշնամու հարձակումներին: Ուստի երբ այդ պայմաններում հայտնվեցին, փախուստի դիմելու փոխարեն, կանգնեցին թշնամու դեմ և ցույց տվեցին, որ ենթարկվում են միայն Աստծու և մարգարեի հրամանին»:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատացյալը պետք է իմանա, որ բռնատեր թշնամին իրենից չի հրաժարվելու. Ուստի պետք է միշտ պատրաստ լինի կանգնել թշնամու դեմ:
2. Անհավատներն իրենց բոլոր տարաձայնություններով հանդերձ, միանում են իսլամի և մուսուլմանների դեմ, օգտվելով իրենց բոլոր հնարավորություններից:
3.Հավատացյալները, որքան էլ որ մեծ լինի թշնամին, ենթարկվում են Աստծուն ոչ թե թշնամուն:
Ահզաբ սուրահի 23-րդ այա
Հավատացյալների մեջ կան մարդիկ, ովքեր ազնվորեն հավատարիմ են մնում այն խոստումին, որ տվել են Աստծուն: Կան նաև այնպիսիները, որոնք նահատակվեցին: Ոմանք էլ դեռ սպասում են ու երբեք ուխտադրուժ չեն եղել:
Այս այան ասում է, որ հավատացյալներն Աստծու հետ պայման են կնքել, որ ջանք չեն խնայելու Աստծու պայմաները պահելու համար: Նրանցից շատերը նահատակվելու են պատերազմում, իսկ շատերը պատրաստ են զոհվել հանուն իրենց նպատակի: Իսկ նրանք, որոնց հավատքը թույլ է, պատրաստ չեն պատերազմին մասնակցել:
Այս այայից սովորում ենք.
1. Մուսուլմանների հավատքը տարբեր է: Նրանց մի մասը մտածում է միայն հարմարավետ կյանքի մասին, իսկ մյուսները պատրաստ են իրենց կյանքը նվիրել Աստծու ճանապարհին:
2. Երբ մարդը պատրաստ է իր կրոնը պաշտպանելու համար նվիրել իր կյանքը, դա ցույց է տալիս նրա խորը հավատքը Աստծու հետ իր պայմանի նկատմամբ:
3. Ճշմարիտ հավատացյալը, տեսնելով իր զինակից ընկերների նահատակությունը, չի փախչում ջիհադից, այլ պատրաստ է ինքն էլ նահատակվել:
Ահզաբ սուրահի 24-րդ և 25-րդ այաներ
Աստված պիտի վարձատրի նրանց, որոնք հավատարիմ մնացին իրենց երդմանը: Ուխտադրուժներին պատժելու է կամ ներելու, եթե ցանկանա: Աստված գթած ու ներողամիտ է:
Աստված բաց թողեց անհավատներին` սրտները լի զայրույթով: Նրանք ոչ մի հարստության հասու չեղան: Աստծու բազուկը բավական եղավ հավատացյալների համար, որ շահեցին բոլոր պատերազմները:Աստված հզոր է:
Այս այաներն անդրադառնալով Ահզաբի (Դաշնակիցների) ճակատամարտին, ասում են. «Ազնիվ հավատացյալները, որ ռազմի զգեստ էին կրում ու կանգնել էին մարգարեի կողքին՝ իսլամը պաշտպանելու համար, ստանալու են իրենց վարձատրությունն Աստծուց: Իսկ այն երեսպաշտները, որ կասկածամիկտ էին, ոչ միայն չմասնակեցին պատերազմին, այլ ուրիշներին էլ համոզեցին չգնալ պատերազմ, ստանալու են Աստծու պատիժը: Եթե նրանք ապաշխարեն, Աստված կների նրանց»:
Կռապաշտներն ու անհավատները կարծում էին, որ այդ սադրանքներով կարող են իսլամի արմատը չորացնել, ոչնչացնել մարգարեին ու մուսուլմաններին: Սակայն նրանք ոչ մի հաղթանակ ձեռք չբերեցին: Այս պատերազմում Աստված մուսուլմաններին սովորեցրեց երբեք չվախենալ թշնամուց և իմանալ, որ նրանց սադրանքները ոչ մի ուժ չունեն ու չեն կարող հաղթել իրենց կամքին: Ուստի թշնամիները զայրացած վերադարձան պատերազմից:
Այս այայից սովորում ենք.
Ազնվությունը միայն խոսքի մեջ չէ: Մարդը իր գործերում նույնպես պետք է հավատարիմ լինի Աստծու պայմանին և Աստծու կրոնին աջակցելու համար ջանք չխնայի:
2. Աստծու կրոնը հավասար է բոլորի համար: Նույնիսկ երեսպաշտները կարող են ապաշխարելով արժանանալ Աստծու գթությանը:
3. Կյանքի տարբեր ոլորտներում չպետք է սահմանափակվել նյութական հաշվարկներով: Երբեմն մեզ աջակցում են նաև ոչ նյութական հաշվարկները: