Գեղարվեստական հաղորդում(367)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ընդգծել է.-«Իրանը զբոսաշրջության համար ամենաապահով և ամենագեղեցիկ երկիրն է»։
Էզզաթոլլահ Զարղամին Iran Press լրատվական գործակալության հետ զրույցում ասել է. -«Զբոսաշրջությունն աշխարհի բոլոր մարդկանց և իրանցիների իրավունքն է, Իրանը աշխարհի ամենաապահով և ամենագեղեցիկ զբոսաշրջային ուղղություններից մեկն է»։
Զարղամին հավելել է.-«Վիզաները չեղարկելու նպատակով մոտ 50 առաջնահերթ երկրներ են ներկայացվել և բանակցություններ են անցկացվել արտաքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության խորհրդի հետ»։
Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը նաև ասել է,-«Իրանն աշխարհին ծանոթացնելու և զբոսաշրջության խթանման հիմնական ծրագիրը զբոսաշրջիկների համար ճանաչողական տուրեր կազմակերպելն է»։
Զարղամին մատնանշել է,-«Ներկայումս մենք սկսել ենք ճանաչողական տուրեր կազմակերպել երկու կարևոր զբոսաշրջային երկրներ՝ Չինաստանի և Ռուսաստանի քաղաքացիների Իրան այցելելու համար»։
Մակու ազատ գոտին գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների հարևանությամբ:
Այս օրերին ազատ գոտին հյուրընկալում է բազմաթիվ ճանապարհորդների և զբոսաշրջիկների:
«Տնտեսություն 24» կայքի հաղորդմամբ՝ Բազարգանի մաքսակետում Մակու ազատ գոտու զբոսաշրջության գրասենյակի բացման և օտար լեզուներին տիրապետող աշխատակիցների ներկայության շնորհիվ, ճանապարհորդներն ու օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են ծանթանալ տարածաշրջանի զբոսաշրջային գրավչություններին: Նորվեգիայի քաղաքացի Օվին Մելհուսը, ով երկրորդ անգամ է Իրանում, ասում է. «Իրանն ունի բազմաթիվ պատմամշակութային և բնական տեսարժան վայրեր, և ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով առաջին անգամ մուտք գործի Իրան, կորոշի հետագայում կրկնել իր ճամփորդությունը:
Գերմանացի զբոսաշրջիկ Օլաֆ Լանգը, ով Իրան է մտել իր հեծանիվով, ասում է. «Նախքան ուղևորությունը, ես շատ ուսումնասիրեցի Իրանի տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները և մշակույթը, և վերջապես որոշեցի մեկնել այս երկիր: Ես դրական զգացողություն ունեմ ինձ շրջապատող մարդկանց և շրջակա միջավայրի մասին և ինձ լիովին հանգիստ և ապահով եմ զգում»:
Այս տարածաշրջանի եզակի պատմական հուշարձաններն ու տեսարժան վայրերը, ներառյալ՝ Սարդարի պալատը, Քաբան ամրոցը, Ֆարհադի քարե դամբարանը, Քոլահֆարհանգի առանձնատունը, Մակուի պատմական բաղնիքը, Փանջ Չեշմե կամուրջը, Ղարա Կորպո (սև կամուրջ), Ջուկ ամրոցի կամուրջը, Քայյե լեռը, Չերկին լեռը, Ծործորի եկեղեցին, Չեշմե Սորայան և սահմանամերձ շուկաները կգրավեն յուրաքանչյուր զբոսաշրջիկի:
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ռուս ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանուիմ է «Դոմ Մոսկվի» կենտրոնի տարածած հաղորդագրությունից, Կենտրոնի դահլիճի նախասրահում հյուրերը ծանոթացան «Ռախմանինովյան վայրեր» ինտերակտիվ ցուցադրությանը, որտեղ ներկայացվեցին դաշնակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Սերգեյ Ռախմանինովի կենսագրությունից բացառիկ փաստեր և լուսանկարներ, որոնցից շատերը ցուցադրվում էին առաջին անգամ։ Նյութերը տրամադրել էր ռուսական մշակութային ժառանգության պահպանման «Իվանովկա» արգելոց-թանգարանը։
«Ռուս հանճար Ռախմանինովի անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Ականավոր կոմպոզիտորի, դաշնակահարի և դիրիժորի բազմակողմանի գործունեությունը կարևոր հանգրվան է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային երաժշտական մշակույթի պատմության մեջ: Երաժշտի հոբելյանն այսօր նշում են աշխարհի շատ երկրներում և մենք ուրախ ենք, որ ականավոր վարպետի հիշատակը պահպանվում է նաև Հայաստանում։ Մեծ ոգևորությամբ ընդունվեց արվեստի գործչին նվիրված ստեղծագործական երեկո կազմակերպելու նախաձեռնությունը։ Հանդիսատեսը ոչ միայն կլսի Ռախմանինովի փառահեղ ստեղծագործությունները, այլև հետաքրքիր փաստեր կբացահայտի նրա կյանքից, որտեղ, կարելի է տեսնել նաև հայկական հետքը», - նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը հաճախ էր խոսում Ռախմանինովի վարպետության մասին։ Ինքը՝ Ռախմանինովը, երաժշտություն է գրել նաև հայ բանաստեղծների, այդ թվում Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա։ Համերգային ծրագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ էր։
Գյումրու Սբ. Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել հոգևոր համերգ. երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը, մենակատարը՝ Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը տեղեկացրեց, որ նմանօրինակ համերգները հնարավոր են կազմակերպել միայն այն կառույցներում, որտեղ կան երգեհոններ:
«Գյումրին ունի, Գյումրիում էլ միայն եկեղեցիներում է, և դա է պատճառը, որ ազգային ակադեմիական երգչախումբը Յոթ Վերքում է հանդես գալիս: Այստեղ կարևոր է նաև Շիրակի թեմի առաջնորդի աջակցությունը և Յոթ Վերքը տրամադրելու պատրաստակամությունը, իսկ Մաեստրոն, չնայած իր տարիքին ու դժվարություններին, երբեք չի մերժում լինել Գյումրիում»,- նշեց Լիլիթ Թովմասյանը:
Նշենք, որ Սբ Աստվածածին եկեղեցում հնչեցին հոգևոր երգեր՝ Կոմիտաս, Երկմալյան:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կայացավ ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած՝ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքի էսքիզների ցուցահանդեսի բացումը: ցուցադրվեցին նկարչի 35 տարի առաջ ստեղծած 35 աշխատանքները, նաև` մի քանի կտավ, որոնք նա ստեղծել էր՝ ոգեշնչվելով ֆրանսիական հեքիաթների կերպարներից:
1988-ին «Արևիկ» հրատարակչությունը լույս էր ընծայել «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» անվանումով գիրք, որտեղ տեղ էին գտել Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումները:
«Նկարիչը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է, ցանկում և՛ հայ գրողների գրքեր են, և՛ թարգմանություններ։ Նրա ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով։ Մենք բոլորս սիրել ենք հեքիաթների նկարները թերթել ու բոլորս այս գիրքն ունենք մեր գրադարաններում, սակայն քչերն են պատկերացրել, թե ով է նկարազարդել»,- ասաց նկարչի ընտանիքի անդամ Նարա Եփրեմյանը։
Նրա համոզմամբ՝ նկարիչը ճիշտ նկարազարդելու համար կարդացել է բոլոր հեքիաթները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 23-ի ժամը 23:59-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, «Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Քրիստինա Ոսկանյան) կատարմամբ: Մենակատարներն են՝ Էլիսաբեթ Մայեր, սոպրանո (Շվեդիա), Սոֆյա Թումանյան, մեցցո սոպրանո (Հայաստան), Տիգրան Մելքոնյան, տենոր (Հայաստան), Անդրե Մորշ, բաս (Գերմանիա):
Ըստ աղբյուրի՝ Մոցարտի «Ռեքվիեմը» մարդկային հանճարի կողմից ստեղծված մեծագույն ստեղծագործություններից է, այն ոգեշունչ ձոն է՝ ուղղված Աստծուն: Պրեմիերան կայացել է 1793 թ. դեկտեմբերի 14-ին Վիեննայում:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի գործընկերությամբ ապրիլի 28-ին կմեկնարկի Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր տեսակով եզակի նախագիծը մեկ հարկի տակ կհամախմբի ոչ միայն արվեստի, երաժշտական, այլև հանրակրթական դպրոցներում գործող երգչախմբերին: Փառատոնի ընթացքում կհնչեն բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններ:
Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում կազմակերպված առաջին համերգին ելույթ կունենան Երևանի Ղ. Սարյանի անվան, Հ. Դանիելյանի անվան արվեստի, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցների երգչախմբերը. ծրագրում կհնչեն Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Պետրոսյանի, Ս. Լուսիկյանի, Թ. Ալթունյանի, Ա. Սաթյանի, Ռ. Ամիրխանյանի, Մ. Մավիսակալյանի, Ս. Շաքարյանի, Գ. Հարությունյանի (մշակում) ստեղծագործությունները: Երեկոյին հանդես կգան նաև դաշնակահար Էլեն Կիրակոսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի ղեկավարությամբ Մայիլյան վոկալ եռյակը, ովքեր կներկայացնեն Կարա-Մուրզայի ստեղծագործություններից: Ներածական խոսքով հանդես կգա երաժշտագետ Նարինե Ավետիսյանը:
Հայ կինոյի հիմնադրման այս տարի լրացող 100-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթ դպրոցականների և ուսանողների համար: Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍՆ «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել են հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր:
«Համաձայն մրցութային կանոնների՝ մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ և ամբողջական պատասխան գրողը համարվել է օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Օրվա հաղթողի անունը հրապարակվել է ԿԳՄՍ նախարարության ինստագրամյան էջում:
«Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի 8 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան: Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած «օրվա հաղթողներին»: