Գեղարվեստական հաղորդում (368)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
«Թռչող տերևների երգը» «Հոշկի Ֆիլմ»-ի առաջին հայ-իրանական անիմացիոն ֆիլմն է: Ռեժիսորի հետ միասին ֆիլմի սցենարի հեղինակն է նաև ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Համաշխարհային պրեմիերայից անցել է մեկ ամիս, սակայն ֆիլմն արդեն հայտարարված է վեց կինոփառատոնի ծրագրում։
Ռեժիսոր Արմինե Անդայի կարճամետրաժ անիմացիոն «Թռչող տերևների երգը» ֆիլմը միանգամից երկու հաջողություն ունի․ այն ընդգրկվել է Սլովակիայի Fest Anca անիմացիոն միջազգային կինոփառատոնի «Համաշխարհային պանորամա» ծրագրում և Հնդկաստանի SIFFCY - Smile միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից բացի ֆիլմի ստեղծմանն աջակցել են «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։ Իսկ ֆիլմի համարտադրողն է իրանական «Հուրախշ ստուդիոզ» ընկերությունը։
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Մատենադարանում հատուկ ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ձեռագիրն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը՝ ներկայացնելով «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների պատմությունն ու գործունեությունը, արտացոլելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համաշխարհային ազդեցությունը:
Ցուցադրվել է 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանիին նվիրված տիտղոսաթերթը, որի նկարազարդումն իրականացրել են Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի երեխաները:
Մատյան մարդասիրացը» միակ ձեռագիրն է, որ ստեղծվել է Մատենադարանում 21-րդ դարում՝ հայ մատենագրության բոլոր ավանդույթների պահպանմամբ: Ամեն տարի ապրիլի 24-ին յուրահատուկ արարողությամբ ձեռագրում արձանագրվում են «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների անուններն ու նրանց պատմությունները: «Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին՝ որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մաշտոցյան Մատենադարանի միջեւ համագործակցության խորհրդանիշ:
«Մարդասիրության վավերագրումը ձեռագիր մատյանում, այն էլ պատանիների մասնակցությամբ, հիանալի հնարավորություն է ապագա սերնդին ներգրավելու մշակութային ժառանգության պահպանման, ավանդույթների փոխանցման գործում: Սա լավ առիթ է վաղ հասակից նրանց ծանոթացնելու մարդասիրական արժեքներին՝ միաժամանակ նպաստելով նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը»,- նշեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթեւոսյանը:
Գյումրու Սբ. Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել հոգևոր համերգ. երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը, մենակատարը՝ Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը տեղեկացրեց, որ նմանօրինակ համերգները հնարավոր են կազմակերպել միայն այն կառույցներում, որտեղ կան երգեհոններ:
«Գյումրին ունի, Գյումրիում էլ միայն եկեղեցիներում է, և դա է պատճառը, որ ազգային ակադեմիական երգչախումբը Յոթ Վերքում է հանդես գալիս: Այստեղ կարևոր է նաև Շիրակի թեմի առաջնորդի աջակցությունը և Յոթ Վերքը տրամադրելու պատրաստակամությունը, իսկ Մաեստրոն, չնայած իր տարիքին ու դժվարություններին, երբեք չի մերժում լինել Գյումրիում»,- նշեց Լիլիթ Թովմասյանը:
«Երեմյան Փրոջեքթս»-ը, հավատարիմ մնալով հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման առաքելությանը, շարունակում է հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված իր նախաձեռնությունների շարքը՝ այս անգամ նվիրված հայկական լավաշին: Հենց այդ նպատակով էլ Երևանի «Լավաշ» ռեստորանում կայացավ «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ցուցահանդեսը:
Պարզվում է՝ հայկական լավաշն ունի տեսակներ, դիմագիծ և անուններ: Օրինակ, թոնրի տաքանալուց հետո թխված առաջին լավաշին թեժաթուխ են ասում, գեղեցիկ լավաշին՝ ծաղիկ-ծաղիկ… և այսպես՝ մոտ 20 տեսակ։
«Երեմյան Փրոջեքթս»-ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշեց, որ թեև ցուցադրությունն այս պահին խորհրդանշական «Լավաշ» ռեստորանում է, բայց այն լինելու է մնայուն. «Երեմյան Փրոջեքթս»-ի տարբեր առիթներին այն ցուցադրելու և հանրայնացնելու են:
«Մենք նաև ստեղծել ենք այս նույն նկարներով բացիկներ, որոնք մշտապես լինելու են «Լավաշ» ռեստորանում, որոնք նվիրելու ենք մեր այցելուներին: Այսպես ասած՝ ցուցադրությունը ֆիզիկապես ինչ-որ մի տեղում չի լինելու, բայց պարբերաբար տարբեր առիթների դրանք ցուցադրվելու են: Մեր նպատակը հենց դա է եղել՝ հնարավորինս տարածել մեր ազգային արժեքը: Դա նաև կլինի օնլայն տիրույթում. կա եռալեզու թարգմանություն, որպեսզի այն հնարավորինս շատ տարածվի»,- ասաց նա:
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ռուս ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին։
Համաձայն «Դոմ Մոսկվի» կենտրոնի տարածած հաղորդագրությունից, Կենտրոնի դահլիճի նախասրահում հյուրերը ծանոթացան «Ռախմանինովյան վայրեր» ինտերակտիվ ցուցադրությանը, որտեղ ներկայացվեցին դաշնակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Սերգեյ Ռախմանինովի կենսագրությունից բացառիկ փաստեր և լուսանկարներ, որոնցից շատերը ցուցադրվում էին առաջին անգամ։ Նյութերը տրամադրել էր ռուսական մշակութային ժառանգության պահպանման «Իվանովկա» արգելոց-թանգարանը։
«Ռուս հանճար Ռախմանինովի անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Ականավոր կոմպոզիտորի, դաշնակահարի և դիրիժորի բազմակողմանի գործունեությունը կարևոր հանգրվան է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային երաժշտական մշակույթի պատմության մեջ: Երաժշտի հոբելյանն այսօր նշում են աշխարհի շատ երկրներում և մենք ուրախ ենք, որ ականավոր վարպետի հիշատակը պահպանվում է նաև Հայաստանում։ Մեծ ոգևորությամբ ընդունվեց արվեստի գործչին նվիրված ստեղծագործական երեկո կազմակերպելու նախաձեռնությունը։ Հանդիսատեսը ոչ միայն կլսի Ռախմանինովի փառահեղ ստեղծագործությունները, այլև հետաքրքիր փաստեր կբացահայտի նրա կյանքից, որտեղ, կարելի է տեսնել նաև հայկական հետքը», - նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը հաճախ էր խոսում Ռախմանինովի վարպետության մասին։ Ինքը՝ Ռախմանինովը, երաժշտություն է գրել նաև հայ բանաստեղծների, այդ թվում Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա։ Համերգային ծրագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ էր։
Հանրահայտ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, որը բազմիցս ելույթներ է ունեցել Երևանում և Հայաստանը համարում է իրեն հարազատ երկիր, 2023-ին ևս կուրախացնի երաժշտասերներին երևանյան համերգով:
Նա «Լսի՛ր» մարզային համերգաշարի շրջանակում ապրիլի 27-ին մենահամերգով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Դասական ու ժամանակակից երաժշտությունից զատ Լյուբիմովը կկատարի Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
Լրագրողների հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր համերգին ընդառաջ, դաշնակահարն ասաց՝ շատ ուրախ է, որ կրկին Հայաստանում է, երկրում, որի հետ իրեն կապում են հին ու մեծ բարեկամական հարաբերությունները:
«Առաջին անգամ 1970-ականներին եմ եղել Հայաստանում: Հետո ավելի քան տասն անգամ հյուրընկալվել եմ այստեղ: Այս այցն ինձ համար կարևոր է հուզական առումով, ինչպես նաև Հայաստանի մշակույթի, կենցաղի, կյանքի, բույրերի մեջ ընկղմվելու տեսանկյունից: Իհարկե, ոչ միշտ է ստացվում այցելել երկրի հրաշալի հոգևոր կենտրոններ՝ վանքեր, եկեղեցիներ, սակայն ամեն անգամ ինձ Հայաստան են հրավիրում տարբեր մարդիկ: Երբ կյանքը ինձ կապում է տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ, որոնք հոգ են տանում մշակույթի, իրական արվեստի մասին, որոնք հասկանում են նրա գինը, ինչն այսօր ունենք մշակույթում, շատ հաճելի է»,-շեշտեց երաժիշտը:
Դաշնակահարի համոզմամբ՝ չնայած բոլոր ողբերգական իրադարձություններին, զարհուրելի ռազմական գործողություններին, մշակույթը շարունակում է ամենից վեր լինել:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 27-ից մայիսի 12-ը կանցկացնի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը: 2023-ին փառատոնը նվիրվում է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։ Քշիշտոֆ Պենդերեցկու անունը կրող փառատոնը միակն է, որն անցկացվում է Լեհաստանից դուրս։
Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց՝ յուրաքանչյուր փառատոնի մասին կարելի է յուրովի խոսել, քանի որ տարբեր են հեղինակները, մենակատարներն ու երաժշտությունը, սակայն Պենդերեցկու անվան փառատոնը յուրահատուկ է:
«Հիշելով նրա գործունեությունը, կապվածությունը Հայաստանի, մեր նվագախմբի հետ՝ շատ խորհրդանշական է, որ հենց Հայաստանն է այն երկիրը, որը փառատոնով է տոնում Պենդերեցկու հոբելյանը: Շատ մեծ պատասխանատվություն ենք ստանձնել: Ցանկանում ենք՝ փառատոնը լինի ամենամյա, ամեն տարի ներկայացնենք երաժիշտների, կոմպոզիտորների, որոնք ժամանակակից երաժշտության նոր տաղանդներն են: Կան շատ լավ կատարողներ ու դիրիժորներ, սակայն նրանք, ովքեր անդրադառնում են ժամանակակից երաժշտությանը, շատ չեն»,-շեշտեց դիրիժորը:
Նրա խոսքով՝ փառատոնն ունի հստակ առաքելություն. այն միտված է ցույց տալու, որ աշխարհում կա մի երկիր՝ Հայաստանը, որն այդօրինակ փառատոն է կազմակերպում, այնինչ քիչ են նման երկրները, քանի որ ժամանակակից դասականների փառատոնները հասարակության լայն շրջանակի համար չեն:
«Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի շրջանակում, որը մեկնարկեց ապրիլի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, մասնակիցները քննարկեցին մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հավաստիացրեց, որ հայ-ռուսական մշակութային կապերը նկատելիորեն ակտիվացել են: «Պարբերաբար Հայաստան են ժամանում հայտնի դաշնակահարներ, դիրիժորներ, ջութակահարներ, վոկալիստներ և տեղի ստեղծագործական խմբերի հետ համատեղ համերգներով են հանդես գալիս: Մեր դիրիժորներն էլ շատ ակտիվ գործունեություն են ծավալում ռուսական ամենաբարձր ու առաջատար հարթակներում, իսկ այսօրվա քննարկման առանցքում գեղարվեստական կրթության խնդիրն է: Կարծում եմ՝ այստեղ շատ մեծ համագործակցության հեռանկարներ կան, քանի որ պատմականորեն մեր կրթական համակարգի բազմաթիվ ճյուղեր ձևավորվել են ժամանակի ամենաարդյունավետ ռուսական մեթոդներով, սկզբունքներով: Կհիշե՞ք՝ ինչպես էին մեր կոնսերվատորիայի ղեկավարները խոսում իրենց ռուս ուսուցիչների մասին, ինչ բարձր էին գնահատում այն կրթությունը, որն ստացել են: Այսինքն, կան ձևավորված սկզբունքներ հատկապես կատարողական արվեստում»,-ընդգծեց փոխնախարարը:
Խզմալյանի համոզմամբ՝ եթե խոսում ենք բարձրակարգ մշակութային արդյունքի, առաջադեմ գեղարվեստական գործընթացների և առհասարակ պրոֆեսիոնալ գործունեության մասին, չենք կարող անտեսել կրթության առանցքային նշանակությունը: