Գեղարվեստական հաղորդում (371)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Մայիսի 10-ից մինչև 20-ը, լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան մոսալայում տեղի կունենա Թեհրանի գրքի միջազգային 34-րդ ցուցահանդեսը: Վիրտուալ այցելության համար կարելի է այցելել ketab.ir հասցեով կայք:
Այս ցուցահանդեսի կարգախոսն է «Ապագան ընթեռնելի է»: Ցուցահանդեսին մասնակցել են 200 գրավաճառներ, 100 արտասահմանյան հրատարակիչներ և 2700 տեղական հրատարակիչներ:
Թեհրանի գրքի միջազգային 34-րդ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել 30 հյուրեր տարբեր երկրներից: Միջազգային բաժնում 27 երկիր է մասնակցել, իսկ ընդհանուր առմամբ այս տարվա ցուցահանդեսին մասնակցել է մոտ 40 երկիր։
Թեհրանի գրքի 34-րդ միջազգային տոնավաճառի նախագահի հետ հանդիպմանը Թեհրանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Իրանի դասական հեղինակների, հատկապես Աթթարի և Խայամի նկատմամբ հայերի հետաքրքրությանը: Նա նշել է. «Այս բանաստեղծների ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանում»:
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն ուրբաթ օրն այցելել է Թեհրանի գրքի միջազգային տոնավաճառ, որտեղ հանդիպել է ցուցահանդեսի ղեկավար Յասեր Ահմադվանդի և օտարերկրյա հրատարակիչների կոմիտեի ղեկավար Իսմայիլ Ջանալիփուրի հետ։ Նշելով, որ այս տարի մի քանի գիրք է թարգմանել պարսկերեն, դեսպանն ասել է. «Երկու երկրների մշակութային և պատմական սերտ հարաբերությունները պահանջում են, որպեսզի այդ կարողությունները օգտագործվեն տպագրական և թարգմանչական աշխատանքների ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Համագործակցության դռները կբացվեն մշակութային հարաբերությունների միջոցով»։Անդրադառնալով առաջիկայում համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը, դեսպանը հավելել է. «Արտաքին գործերի նախարարության հետ քննարկել ենք երաժշտության, սննդի և արվեստի ու արհեստի ոլորտներում 3 մշակութային ծրագրերի իրականացման հարցը»: Անդրադառնալով Իրանի դասական ստեղծագործությունների, հատկապես Աթթարի ու Խայամի նկատմամբ հայ ժողովրդի մեծ հետաքրքրությանը, դեսպան Արսեն Ավագյանը հավելել է. «Այս բանաստեղծների ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանում։ Իրանական գրականությունը շատ հարուստ է: Ուստի այս ոլորտում մեծ ներուժ կա։Ցուցահանդեսի օտարերկրյա հրատարակիչների բաժնի ղեկավար Ջանալիփուրն անդրադառնալով դրամաշնորհային ծրագրին, նշել է. «Այս ծրագրի շրջանակում, բոլոր օտարերկրյա հրատարակիչները, ովքեր ցանկանում են թարգմանել պարսկերեն գրքեր, աջակցություն կստանան Մշակույթի և Իսլամական առաջնորդության նախարարության կողմից»: Նշելով, որ այս տարի նախատեսվում է թարգմանել 200 անուն գիրք, նա հավելել է. «Այս թարգմանություններում հայ հրատարակիչները կարող են մեծ մասնաբաժին ունենալ»: Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության համագումարների գլխավոր տնօրենը, նշելով, որ դրամաշնորհային ոլորտում թարգմանության համար աջակցությունը վճարվելու է եվրոյով, հավելել է. «Երեխաների և դեռահասների համար նախատեսված գրականության համար հատկացվելու է 1000 եվրո, իսկ վեպերի համար՝ մինչև 3000 եվրո»:Ջանալիփուրը հավելել է. «Հայ հրատարակիչները, ովքեր կընտրեն, կթարգմանեն և հրատարակեն գրքեր, կստանան այս աջակցությունը: Իրանի կառավարությունը կվճարի նաև տեղական հրատարակչի հեղինակային իրավունքի համար»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։
ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, օրերս Երևանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է վարել մշակութային հայ գործիչների հետ. ներկայացվել են Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ուղին, Խաչատրյանի արվեստի թողած խորը հետքը հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստում։ Նկարահանումներ են կատարվել Հայաստանի, մայրաքաղաք Երևանի մի շարք վայրերում, որոնք ոգեշնչել են մեծ կոմպոզիտորին ստեղծագործելիս։
20 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Mezzo TV-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ, մեծահամբավ երաժիշտների մասին պատմող ֆիլմեր և տեսանյութեր։ Տարվա ընթացքում Mezzo-ի ստեղծագործական խումբը կլուսաբանի Հայաստանում իրականացվող խաչատրյանական հոբելյանական մյուս միջոցառումները, որոնց թվում են Արամ Խաչատրյան մրցույթն ու փառատոնը:
Հետաքրքիր հուշեր, սիրված ու անհայտ բանաստեղծություններ, հոդվածներ, օրագրային գրառումներ, բացառիկ լուսանկարներ, որոնք կօգնեն խորհել Տերյանի հետ յուրաքանչյուր օր ու շաբաթ։ «Զանգակ» հրատարակչությունն ընթերցողին է ներկայացրել «Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» ժողովածուն։ Գիրքը համալրում է հրատարակչության «Ոչ մի շաբաթ առանց գրականության» շարքը և այս ձևաչափով լույս տեսած գրքերից յոթերորդն է։
«Ես փորձել եմ Տերյանին ներկայացնել հնարավորինս ընդգրկուն և բազմազան՝ նամակներով, բանաստեղծություններում, հուշերում, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող կարողանա գտնել իր Տերյանին և բացահայտել սիրելի բանաստեղծի անհուն խորությունը։ Սա, իհարկե, գիտական ուսումնասիրություն չէ, բայց նշված են աղբյուրները, և ընթերցողը կարող է փնտրել, գտնել, ճանաչել Տերյանին»,- նշում է գրքի կազմող և խմբագիր Հայկ Համբարձումյանը։
Բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները գրքում ներկայացված են տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ-դրվագներով։ Սիրված ու անհայտ բանաստեղծություններից զատ ընտրանիում տեղ են գտել նաև գրողի նամակները, թարգամանությունները, բացառիկ լուսանկարներ ու դրվագներ նրա կյանքից, որոնք բացահայտում են Տերյանին, որպես հայրենասեր ու հզոր քաղաքացի։
Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը «Ֆիլմի լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակներին է արժանացել Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA): Ֆիլմում ներկայացված են հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ: Ֆիլմը նաև այլ թուրքական կինոփառատոնների մրցութային ծրագրերում է ընդգրկվել, սակայն արդյունքները դեռ չեն հրապարակվել:
«Ամերիկացի բարի սամարացիները» ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսիոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ: Ֆիլմի սցենարիստն Ամբեր Կարլինսն է (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորն Աշոտ Մկրտչյանն է, իսկ արտադրողը՝ «Ման փիքչերս փրոդաքշեն» ընկերությունը:
ՀՀ ԱԳՆ գրադարանում մայիսի 10-ին տեղի է ունեցել «Հայ-ճապոնական էսքիզներ» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն, որի մեջ զետեղված են հայ մշակույթի և արվեստի աշխարհահռչակ գործիչների՝ Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի, Սիլվա Կապուտիկյանի, Գոհար Գասպարյանի, Պավել Լիսիցիանի և այլոց՝ Ճապոնիայի հետ առնչվող հուշերը, երկրից ստացած տպավորությունները և հայ-ճապոնական պատմամշակութային առնչություններին վերաբերող արժեքավոր այլ նյութեր, մշակել են և տպագրության են պատրաստել ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանի, նույն միության հիմնադիր անդամ Արծվի Բախչինյանի և մի խումբ համախոհների ջանքերով:
Միջոցառմանը մասնակցել են Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը, Հայաստանի գրողների միության անդամներ, հայ մեծերի անունը կրող տուն-թանգարանների ղեկավարներ, նրանց ժառանգները և ազգականները, ԱԳՆ աշխատակիցներ:
Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ժողովածուի դերը Ճապոնիայի հանրության լայն շրջանակներում Հայաստանի, հայ մշակույթի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացման գործում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում գործող «Եվրոպայի համակարգողների ցանց» նախաձեռնության 2023 թ. ապրիլի թողարկումն անդրադարձել է «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավ փորձ: Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և «Արար հայ արվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման միջոցով նպաստել Հայաստանի համայնքների մշակութային և տնտեսական կայունացմանը, բնակիչների հոգևոր և սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։ Տարիների ընթացքում ծրագիրն աստիճանաբար ընդլայնել է իր աշխարհագրությունը. ներկայում Հայաստանի 8 մարզի 40 համայնքում գործում է 24 կենտրոն: Դրանցում դասավանդում են 18 տեղաբնակ մասնագետներ, շուրջ 900 տարբեր տարիքի երեխաներ ու պատանիներ սովորում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, փայտի փորագրություն, խաչքարագործություն, նկարչություն, մանրանկարչություն, ավանդական երգ ու պար: Երեխաները մասնակցում են բազմաբնույթ ցուցահանդեսների, փառատոների, տեղական և միջազգային մրցույթների: