Հունիս 07, 2023 11:50 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Հայաստանի մայրաքաղաք Երեւանի Սլավոնական համալսարանում քառասունից ավելի երկրների մասնակցությամբ ընթանում է իրանագետների եւ պարսկախոսների միջազգային գիտաժողովը:

Հայաստանի մայրաքաղաքում իրանագետների և պարսկախոսների միջազգային գիտաժողովին մասնակցել են աշխարհի ավելի քան քառասուն երկրների և Իրանի համալսարանների ու գիտակրթական կենտրոնների իրանագետներ և պարսկախոսներ։ Պարսկերենի իմացության խթանումն ու իրանագետների ու պարսկախոսների փորձի փոխանակումը հայտարարվել են Հայաստանում ընթացող իրանագետների և պարսկախոսների միջազգային համաժողովի հիմնական նպատակը։ Այս գիտաժողովը մեկնարկել է երեքշաբթի երեկոյան և շարունակվելու է երեք օր։

Գիտաժողովի առաջին օրը բանախոսները, կարևորելով պարսկերենի տարածումը ուսանողների և այս արժեքավոր լեզվով հետաքրքրվողների շրջանում, նշեցին, որ պարսկերենի սովորելը ժողովուրդների, հատկապես գիտական էլիտայի ներկայացուցիչների և մտավորականների շրջանում  միմյանց կմոտեցնի  պարսկերենը սիրող ժողովուրդներին:

Գիտաժողովի մի շարք մասնակիցներ «Իրան Պրես» լրատվական գործակալության հետ զրույցում ցանկություն են հատնել հետազոտողների և ուսանողների համար հնարավորություն ստեղծել այցելել Իրանի տարբեր քաղաքներ  և հանդիպել ու զրուցել  Իրանի գիտական ​​կենտրոնների պարսից լեզվի և գրականության դասախոսների և բանաստեղծների  հետ:

Ներկայումս պարսկերենը դասավանդվում է Հայաստանի տարբեր կրթական կենտրոններում, որի ամենակարևոր պատճառը  հայ ժողովրդի կողմից պարսկերենի նկատմամբ ցուցաբերվող մեծ  հետաքրքրությունն է։ Հայերենում բազմաթիվ պարսկերեն բառերի առկայությունը ոչ միայն հեշտացնում է պարսկերենի ուսուցումը, այլև նպաստում է Իրանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության խորացմանը։

 

Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համատեղ երեք գրքերի՝ շնորհանդես-քննարկում է կազմակերպել Ազգային գրադարանում. Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիտական ուսումնասիության հիմնահարցերի շրջանակում ներկայացվել են Բրյուսովի համալսարանի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Գասպարյանի «Հիշողություններ պատերազմից» ինքնակենսագրական պատումը և գրող, լրագրող Լիկա Զաքարյանի «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» պատերազմական օրագիրը։

ՀԱԳ-ի տնօրեն Աննա Չուլյանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի ողջույնի խոսքերից հետո համալսարանի դասախոս Լուսինե Աբգարյանը հանգամանորեն խոսել է հիշողության վերաիմաստավորման, վկայությունների, հետանդրադարձերի, հետհիշողության մասին՝ համապարփակ ներկայանելով թեման։

Ըստ աղբյուրի՝ զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության և 44-օրյա պատերազմի ականատեսների վկայությունների միջև՝ Լուսինե Աբգարյանը զրույցի է հրավիրել Տիգրան Գասպարյանին և Լիկա Զաքարյանին։

Լիկա Զաքարյանը պատմել է, որ 44-օրյայի ամբողջ ընթացքում Ստեփանակերտում, ռմբապաստարանում շարադրել է իր ապրումները, խորհրդածությունները, իր միջով անցկացրել տեղի ունեցող իրադարձությունները։

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 6-13-ը հյուրախաղերով հանդես կգա Լիբանանում։ Գյումրու թատրոնը Լիբանանում կներկայացնի երեք բեմադրություն՝ «Տունը սահմանին» քաղաքական սատիրան, «Փարիզը վտանգավոր քաղաք է» կատակերգությունը ու մանկական «Քեռի Քուչին»։ Հյուրախաղերի մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է խաղալ հինգ ներկայացում։

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է՝ հյուրախաղերի գերնպատակը Լիբանանում հայ համայնքի ու հայ մշակույթի կապը պահելն է։ 

«Երբ 2019 թվականին սկսեցինք համագործակցել Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատրոնի հետ, համագործակցությունը շատ ջերմ ստացվեց՝ նախ մենք մեկնեցինք Լիբանան, հետո իրենք եկան․ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Լիբանանի հայկական թատրոնի հետ համագործակցության արդյունքում թատերասերների դատին հանձնեց Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մաթևոս» բեմադրությունը, բեմադրիչ՝ Հակոբ Տեր-Ղուկասեան։ Այդ ժամանակ ցանկությունը մեծ էր կրկին հյուրախաղերի մեկնել Լիբանան, բայց Լիբանանի հայտնի դեպքերի, համաճարակի, ապա նաև 44-օրյա պատերազմի  պատճառով այդ հյուրախաղերը հետաձգվեցին։ Կապը այսպես երկար ժամանակ կտրվեց, հիմա որոշեցինք այն վերականգնել»,- «Արմենպրես»-ին նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ տեղեկացնելով՝ հաճույքով են մեկնում Լիբանան՝ չնայած լիբանանյան ճգնաժամին ու դժվարություններին։

«Եթե առաջին հյուրախաղերի ողջ ծանրաբեռնվածությունը Լիբանանի թատրոնի վրա էր, հիմա մենք էլ մեր վրա վերցրեցինք որոշակի ծանրաբեռնվածություն։ Սկզբում մտածում էինք՝ հնարավոր չէ երեք ներկայացում, 15 դերասան, բայց ԿԳՄՍ նախարարությունը աջակցեց մեզ։ Շատ բարդ է մեր լիբանանահայ գործընկերների համար, բայց իրենք էլ ամեն անհնարինն անում են այս հյուրախաղերի կայացման համար»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը՝ նշելով, որ այս հյուրախաղերն անչափ սպասված են թատրոնի համար։ «Առաջին հյուրախաղերից հետո մենք սիրահարվեցինք Լիբանանին՝ մարդկանց՝ իրոք արվեստ սիրող ու գնահատող մարդիկ են»։

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ մի շարք մշակութային կառույցներ հանդես կգան բազմաժանր միջոցառումներով: Սպասվում են համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, նոր հրատարակություններ:

Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը հիշեցրեց, որ 2023-ի փետրվարին նվագախումբը հյուրախաղերով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մեկնարկելով Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները. լավագույն համերգասրահներում հանդես են եկել տասը համերգով՝ ներկայացնելով Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը:

«Այցելությունը կազմակերպել էր IMG Artists ընկերությունը, և մենք Միացյալ Թագավորությունում Խաչատրյանի այլ գործեր ներկայացնելու առաջարկներ ենք ստացել: Շուտով կլինի Լոնդոնում տեղի ունեցած համերգի տեսագրության պրեմիերան, որը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերությամբ: Ծրագրում ենք այն ցուցադրել նաև Mezzo TV-ով:  Արդեն թողարկել ենք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների լավագույն մեղեդիներից ռինգթոններ, ինչը նրա արվեստը ճանաչելի դարձնելու կարևոր գործոններից է, թողարկելու ենք Խաչատրյանի  «Դաշնամուրի կոնցերտ»-ը հայտնի մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկու հետ համագործակցությամբ, ինչպես նաև կոմպոզիտորի օրորոցայինների ալբոմը, որը նվեր է փոքրիկներին»,-տեղեկացրեց Բալբաբյանը:

Նա կարևորեց նաև Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպումը, որի բոլոր համերգներին հնչելու են միայն Խաչատրյանի ստեղծագործությունները: Հանդես են գալու ջութակահարուհի Ստելա Չենը,  թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը և այլք: Նվագախումբը նորովի է մատուցելու «Խաչատրյանը և ջազը» սիրված ծրագիրը, ինչպես նաև կոմպոզիտորի կինոերաժշտությունը, որը կարևոր տեղ ունի նրա ստեղծագործական ժառանգության մեջ:

Mezzo TV-ն թողարկելու է Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմ, որի նկարահանումներն օրեր առաջ են տեղի ունեցել Հայաստանում:

«Խաչատուր Իսկանդարյան-100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսում ընդգրկված են հեղինակի գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները, որոնց միջոցով արվեստագետն արտահայտել է տպավորություններ տարբեր երկրների շրջագայություններից, քանդակները, որոնք պատկերում են հայտնի և անհայտ երևանցիներին:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ընդգծեց՝ Խաչատուր Իսկանդարյանն իր պապիկի մտերիմ ընկերներից է եղել, և ինքը նրա հետ կապված լավ հիշողություններ ունի: «Երբ մենք փոքր էինք, Իսկանդարյանը մեզ փողոցում տեսնելիս գեղեցկուհիներ էր անվանում ու գրպանից կոնֆետ էր հանում»,-պատմեց Հակոբյանն ու ասաց՝ Իսկանդարյանը հատկապես հայտնի է հին Երևանը, մարդկանց նիստուկացը պատկերող բրոնզաձույլ մանրաքանդակներով, սակայն նա բազմաժանր և ընդգրկուն գործերով արվեստագետ է, որին հնարավոր է նորովի բացահայտել: 

Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ևս մի քանի ցուցահանդես են կազմակերպելու և վերաբացելու են Հովհաննես Այվազովսկու ցուցադրությունը:

Հայկական շունչ, ճարտարապետական  մեծ ժառանգություն. կայացավ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը:

Լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը նշեց, որ այս մտահղացման սկիզբը դրվել է 2022 թվականին, երբ Արգենտինայում՝ Հայաստանի դեսպանության հրավերով կայացել է Հայաստանի բնապատկերներով իր ֆոտոցուցահանդեսը:

«Հենց այդ ժամանակ  դեսպանի առաջարկով սկսեցի նկարել Բուենոս Այրեսի հայկական ճարտարապետական ժառանգությունը, որպեսզի հետագայում այն գիրք դառնա: Այժմ՝ մեկ տարի անց գիրքը տպագրվեց, իսկ  գրքի մեջ օգտագործված լուսանկարներով էլ իրականացրել ենք նաև ցուցադրություն: Այս գիրքը բացի այն, որ հերթական ֆոտոալբոմն է, իր մեջ ունի նաև կարևոր միտք: Գիրքը գույքագրումն է այն մեծ ճարտարապետական ժառանգության, որն այս տարիների ընթացքում ստեղծվել է Արգենտինայում՝ հայ համայնքի կողմից: Հաշվի առնելով այն փաստը, որ այնտեղ 4-րդ, 5-րդ սերնդի հայերն են ապրում, սա անհրաժեշտ էր, որ այս ամենը չմոռացվի,  այդ շինությունների պատմությունները վավերագրվի և փոխանցվի սերունդներին»,-ասաց լուսանկարիչը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փոքրիկների տոնը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, շնորհավորեց Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» գունեղ, պայծառ ու լուսավոր օպերային ներկայացման առաջնախաղով, որը տեղի ունեցավ հունիսի 1-ին:

Մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացման կոմպոզիտոր Քրիստ Մանարյանը պատմում է, որ թատրոնի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը ուշ երեկոյան զանգահարել  է իրեն ու առաջարկել մանկական օպերա գրել: «Ուրախացա շատ, նստեցի ու սկսեցի գրել: Այդ գիշեր գրեթե չեմ քնել ոգևորությունից, ստեղծագործական տվայտանքներից»,-նշում է Մանարյանն ու շնորհակալություն հայտնում Դուրգարյանին, որն իրեն ստեղծագործական ազատություն է տվել, որի մասին շատերը կերազեին: Քրիստ Մանարյանը և՛ երաժշտությունն է գրել, և՛ լիբրետոն:

Նա խոստովանում է՝ օպերան գրելիս առաջին հայացքից համարձակ թվացող հերոսների է գտել, գրելիս ծիծաղել է: «Ձմերուկ, կատու և այլք: Կատուն չի ուտում մկնիկին, որովհետև այդ օրը մկնիկի ծնունդն է: Այդ ամենն իմ գլխում էր ու բավականին արագ հանձնեցի համակարգչին: Կարող եմ ասել, որ նոր հեքիաթ եմ ստեղծել մկնիկի մասին, որի ծննդյան օրը նրա մայրը որոշում է նրան նվեր անել, սակայն այն խոհանոցում, որտեղ նրանք ապրում  են, ուտելու ոչինչ չի մնացել, և մկնիկի մայրը որոշում է գնալ ցորեն փնտրելու,  որպեսզի տորթ թխի»,-պատմում է կոմպոզիտորը:

 

 

ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի 14-ին հանդես կգա համերգով, որով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կմեկնարկի խաչատրյանական տարին:

Ծրագիրը ներառում է խաչատրյանական գլուխգործոցներ, դաշնամուրային փոխադրումներ, ինչպես նաև Խաչատրյանի արվեստի վրա անշեջ հետք թողած աշուղական երաժշտության դաշնամուրային մեկնաբանություններ և հայ դասականների գոհարներ։

«Խաչատրյանը մի ամբողջ դպրոց է ու ազգային ինքնություն. նա խոսեց հայերեն, բայց նրա լեզուն հասկացավ ամբողջ աշխարհը։ Այս հայեցակարգը մտքումս՝ պատրաստել եմ հատուկ մի ծրագիր՝ նվիրված մեծ  կոմպոզիտորի 120-ամյակին։ Սրտումս առանձնահատուկ թրթիռ է և մեծ պատասխանատվություն։ Հունիսի 14-ը զուտ մենահամերգ չէ, այլև՝ մի ողջ տոնախմբություն»,- ասել է Հայկ Մելիքյանը։