Իրանահայ հանրահայտ գործիչներ (4․Լևոն Մինասյան)
Ողջույն ձեզ թանկագին բարեկմաներ։ Աշխարհում ապրել են մարդիկ, որոնք մշտապես իրենք իրենց համարել են որպես հասարակության մի մասնիկը և մարդկային ու հասարակական շահերը բարձր դասելով իրենց շահերից նպաստել են այդ հասարակության զարգացմանը: Նրանց համար «Ես»-ը կորցրել է իր իմաստը, նվիրվել են մեծ «Մենք»-ին ու անտրտունջ ծառայել են մարդկությանը: Նրանք անմահացել են իրենց թողած հիշատակով ու բարի վարքով, ինչպես մեծն Թումանյանն է ասում.
«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար»։
Այո նրանք անմահացել են ու իրենց թողած ավանդը դարձել է այն աղբյուրը, որ անվերջ հագեցրել է գալիք սերունդների ծարավը:
Բարի հանդիպում հարգարժան ունկնդիրներ: Եթերում «Իրանահայ հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի հերթական թողարկումն է,որը նվիրված է Իրանահայ հայտնի բանասեր, ուսուցիչ և պատմաբան Լևոն Գալուստի Մինասյանին, որի ողջ գիտակցական կյանքը եղավ անխոնջ ու անտրտունջ աշխատանք, պրպտում ու հայտնագործում։ Բարեհաճեք ընկերակցել մեզ։
Լևոն Գալուստի Մինասյանը ծնվել է 1920թ. Փերիա գավառի Վերին Խոյգան գյուղում, նահապետական ընտանիքում: Տարրական կրթությունը ստացել է ծննդավայրի դպրոցում: Ուսումը շարունակելու համար նա տեղափոխվել է Նոր Ջուղա և սովորել է «Քանանյան» դպրոցում, ապա բրիտանացիների կողմից կառավարվող «Ադաբ» քոլեջում: Դպրոցն ավարտելուց հետո նա վերադառնում է Վերին Խոյգան և զբաղվում է ուսուցչությամբ: Փերիո գավառի տարբեր շրջանների դպրոցներում նա դասավանդել է հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաները: Չմոռանանք ասել, որ նա նաև վարել է հայոց դպրոցների շրջիկ տեսչի պաշտոնը:
Կրթական գործունեությանը զուգընթաց նա հիմնում է միություններ: 1945թ. նա մի խումբ համախոհների հետ Խոյգան գյուղում հիմնում է «Խ. Աբովյանի» անվան գրադարանը, որը երկար տարիներ ծառայում է տեղի հայությանը:
1951թ. Լ.Գ. Մինասյանը փոխադրվում է Նոր Ջուղա, ուր շուրջ 30 տարի շարունակ դասավանդում է Նոր Ջուղայի հայկական դպրոցներում: 1967 թվականից նա ստանձնում է Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի տնօրենի պաշտոնը, իսկ 1972 թվականին նա նշանակվում է Նոր Ջուղայի տպարանի տնօրեն: Վերին Խոյգանում և ապա Նոր Ջուղայում շուրջ 40 տարի տևած ուսուցչական պաշոնավարումից հետո հանգստի կոչվեց։ 1981թ. Լ.Գ. Մինասյանին է վստահվում Նոր Ջուղայի գրադարան-մատենադարանի պատասխանատվությունը:
Իր զբաղեցրած պաշտոնների կողքին Լ.Գ. Մինասյանը զբաղվել է պատմագրական ու բանասիրական աշխատությամբ: Հեղինակն է 70-ից ավելի գրքերի և Իրանում ու արտերկրում տպագրված հազարից ավելի հոդվածների՝ հայերեն ու պարսկերեն լեզուներով: Վանքում ևս բազմամյա աշխատանքից և հանգստի կոչվելուց հետո, նա դարձյալ շարունակել է նույն տեմպով աշխատել: Պայման պարբերականում տպագրված Լևոն Մինասյանի հարցազրույցներից մեկում կարդում ենք.«Ես երբեք հոգնածության զգացողություն չեմ ունենում: Նախքան հանգստի կոչվելը իմ գրաֆիկն այն էր, որ գիշերներն էի կարդում ու գրում և եկեղեցուց մինչև տուն հասնող ճանապարհին մտածում էի նոր գործերի մասին: Տասը տարի տևեց մինչև Վանքի գրադարանի արխիվը կարգավորեցի: Գրադարանում եղած ժամանակ մեծ թվով հետազոտողներ և ուսանողներ դիմում էին ինձ: Այժմ էլ վիճակը չի փոխվել նախկինի պես առավոտից գիշեր աշխատում եմ ու զբաղված եմ գրքեր գրելով: Ես ունեմ բանաստեղծության գրքեր և կազմում եմ իմ ուղեգրությունները: Բոլոր նրանք, որ եկեղեցի էին գալիս ինձ հանդիպելու, հիմա գալիս են իմ տուն: Հաշվի առնելով աշխատանքի ծավալը միայն աշխատանքիս վայրն է փոխվել»:
Բարեկամներ վանքի արխիվների մասին, չմոռանանք ասել, որ այդ արխիվները պատկանում են 1606-1960թթ.: Որոնք բաժանվում են 4 խմբերի 1.Անհատական գրություններ, 2. Զանազան նյութերով գրություններ, 3. Ստացված և առաքված գրություններ և 4.Օտարալեզու գրություններ, որոնք հսկայական ծավալի թղթապանակներ են եղել: Որպես Օրինան Լ.Գ. Մինասյանը Ստացված ու առաքված գրությունների մասին ասում է.«Արխիվի այս բաժինը համեմատած մյուսներին, շատ ավելի ընդարձակ է, որի խորաագրերի թիւը ըստ վայրերի անունների հասնում է 314-ի, որի վրա ևս ավելացել է 6 կրկնահամար, դառնալով 320: Այս բաժնի թղթապանակներից ոմանք ունեն մեկից ավելի ստորաբաժանումներ, որոշների թիվը հասնում է մինչև յոթ տասնյակի»:
Այս թեմայով զրուցել ենք Նոր Ջուղայի Թեմական խորհրդի ատենադպիր Տիկին Սոնիկ Բաղումյանի հետ, ով 10 տարի աշխատել է Ս. ամենափրկիչ վանքի մատենադարանի արխիվային բաժնում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Հաղորդման այս հատվածում թանկագին բարեկամներ կանդրադառնանք պատմագիր Լ.Գ. Մինասյանի հրատարակած գրքերին: Նա մեծ խնամքով անհրաժեշտ փաստաթղթերն ու տվյալները հավաքելով եւ հմուտ պատմաբանի աչքով ուսումնասիրելով՝ գրել ու հրատարակել է չափազանց արժեքավոր գրքեր, ինչպիսիք են՝ «Փերիա գավառի 350-ամյա պատմությունը», «Նոր Ջուղայում Իրանի առաջին տպարանի պատմությունը, 1638-1972», «Իրանահայ հաստատությունները», «Ցուցակ Նոր Ջուղայի թանգարանի ձեռագրերի», «Իրանի հայկական վանքերը», «Փերիո հայ աշուղները» (չորս հատոր), «Պատմություն Նոր Ջուղայի հայության, 1856-1996», «Իրանի հայերը», «Ճամբորդութիւն յԵրուսաղէմ», «Համառոտ ակնարկ հայ Ուղղափառ եկեղեցւո ծիսակատարութեան» եւ բազմաթիվ այլ աշխատություններ:
Որպես գնահատանք և շնորհակալություն իր բազմամյա վաստակի, նրան շնորհվել են բազմաթիվ պատվոգրեր և շքանշաններ հռչակավոր համալսարանների, գիտական ու հետազոտական կենտրոնների եւ բարձրաստիճան պետական ու եկեղեցական պաշտոնատարների կողմից:
Թվենք նրան շնորհված շքանշաններից մի քանիսը:
Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս երանաշնորհ Խորեն Ա-ի կողմից, Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան Երեւանի Մատենադարանի կողմից եւ բազմաթիվ այլ շքանշաններ ու պատվո գրեր:
1996-1997 թվականին Լ. Գ. Մինասյանի անունը, իբրև «Տարվա Մարդ» ներառվել է Բրիտանիայի «Քեմբրիջ»-ի միջազգային կենսագրությունների շարքում եւ արժանացել է շքանշանի ու պատվոգրի: 1997-98-ին ևս Միացյալ Նահանգների Հարավային Կարոլինայի «Ո՞վ է Նա» (Who՛s Who) կենսագրական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես «Տարվա Մարդ» եւ իր կենսագրությունը տպագրվել է նույն կազմակերպության հրատարակած գրքում:
Որպես գնահատանք իր արժեքավոր վաստակի 2012թ. նա արժանացել է նաև «Սպահանի արձանիկ» հուշանվերին «Սպահանի բարեկամներ» միության կողմից, Սպահան քաղաքին նվիրված գիտաժողովի ընթացքում:
Որպես Իրանահայ Լևոն Մինասյանը մեծ սեր ու համակրանք էր տածում իր ծննդավայր-հայրենիք Իրանի նկատմամբ: Երբ նրան այլ երկիր տեղափոխվելու առաջարկ էին անում ի պատասխան նա ասում էր.«Ես սիրում ու գերադասում եմ մնալ ու ապրել Իրանում, ծառայել այս երկրի ժողովրդին ու իմ ազգակիցներին, քանզի այստեղ իմ հայրենիքն է»:
Բազում տարիների տքնաջան աշխատանքից հետո նա իր հավիտենական հանգիստը գտավ ու իր մաքրամաքուր հոգին ավանդեց 2012 թ. դեկտեմբերի 31-ի գիշերը՝ լույս 2013-ի վաղ առավոտյան ժամերին Սպահանի Նոր-Ջուղայի իր բնակարանում:
Հարգելի ունկնդիրներ վստահաբար մեր հաղորդման սուղ ժամանակում հնարավոր չէ ներկայացնել ազգի նվիրյալ Լ. Մինայանի գործունեությունն ու թողած արժեքավոր ժառանգությունը, սակայն այսքանով կբավարավենք: Թող նրա ներդրած ջանքերը օրինակ ծառայեն ազգի ու ժողովրդի կյանքով հետաքրքրվող ցանկացած մարդու:
Վերջում ներկայացնում ենք Լևոն Մինասյանի բանաստեղծություններից մեկը:
Անմահ երգիչ Սայաթ նովա
Քանի վուր աշխարհը կայ՝
Դու կը մնաս, Սայեաթ Նովա,
Քանի դու կաս՝ աշխարհն էլ կայ,
Երգի արքայ Սայեաթ Նովա:
Ո՞վ է կարող քեզ հետ մրցել,
Մէյդան դուրս գալ, դառնալ ընկեր,
Դու բոլորից վերն ես նստել,
Երգի վարպետ Սայեաթ Նովա:
Առանց քեզի՝ լաւ քէֆ չկայ,
Առանց երգիդ՝ հանդէս չկայ,
Դու ես աղը հանդէսների,
Անմահ երգիչ Սայեաթ Նովա:
Դու գնացիր՝ սէրը սրտիդ,
Երգդ թողիր մեզ սփոփանք,
Ողջ կարօտ են զուլալ երգիդ,
Սէր ու սոհբաթ, ՍԱՅԵԱԹ ՆՈՎԱ: