Հունիս 21, 2023 04:04 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցի շուրջ ավելի շուտ քաղաքական գործընթացներ են կատարվում, քան՝ տնտեսական։

Նրա գնահատմամբ՝ եթե Ադրբեջանը և Թուրքիան շահագրգռված են «Արևելք-Արևմուտք» բեռնափոխադրումներով, կարող են հիմա էլ օգտվել Գյումրի-Ղազախ երկաթգծից, և թուրքական ապրանքները վերոնշյալ երկաթգծով մուտք կգործեն Գյումրի, Իջևան և հետագայում էլ Ղազախով արդեն կմտնեն Ադրբեջան - այս մասին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը

Ըստ Պարսյանի, սակայն, խնդիրն այն է, որ այս երկու պետություններն առաջ են քաշում, այսպես կոչված, հարավային հատվածով՝ Մեղրիով, բեռնափոխադրումներ իրականացնելու տարբերակը։  Տնտեսագետի համոզմամբ՝ Մեղրիով նման ենթակառուցվածք ունենալու անվան տակ Ադրբեջանն ու Թուրքիան  նպատակ ունեն «միջանցք» ստանալ, որը չի վերահսկվի Հայաստանի կողմից, այլ՝ Ռուսաստանի Դաշնության։

«Նրանք ուզում են, որ այդ «միջանցքն»  իրենց կողմից ընդունելի պետության կողմից վերահսկվի, բայց, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, այն պետք է վերահսկի ՌԴ-ն, ռուսները հենց այս հարցում են շահագրգռված, որ այդ երկաթգիծն աշխատի։ Եթե  երկաթգիծն աշխատի հարավային ուղղությամբ, ապա Հայաստանին հետաքրքիր է Երասխ-Նախիջևան- Ջուլֆա- Իրան երկաթգծի շահագործումը։

Մեր երկրին հետաքրքիր է դեպի Իրան երկաթգիծը, որն իրանական բեռները կարողանան երկաթգծով հասցնել Հայաստան։ Վստահաբար հայկական կողմը Երևանից բեռներ չի տանի Երասխ- Ջուլֆա- Մեղրի- Հորադիզ-Բաքու, այսինքն՝ այս երկաթգծով մեր կողմից  բեռնափոխադրումների կազմակերպման իմաստ էլ չկա, տնտեսական տրամաբանություն չկա։ Այն  հայկական կողմի բիզնես շահերից չի բխում»,- նշել է տնտեսագետը։

Դեռ նախորդ տարի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարեց, որ  Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի բացվելու դեպքում կարող ենք մինչև 1 մլն տոննա բեռներ փոխադրել։ Տնտեսագետի կարծիքով՝  փոխվարչապետի հայտարարությունն որևէ հաշվարկի վրա հիմնված չէ։  Պարսյանի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե երկաթգծի գործարկումը կոնկրետ ինչ տնտեսական օգուտներ կտա Հայաստանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ֆինանսավորում է Ադրբեջանին՝  երկաթգծի կառուցման  համար։

«Այդ երկաթգիծը թույլ կտա, որ բեռներն Իրանից Ադրբեջան հասնեն, այնտեղից էլ՝ Վրաստան։  Հայաստանը կշահեր, եթե իրանական բեռները  գային Նախիջևան, հետո Հայաստան, որից հետո Վրաստան, այնուհետև՝ Եվրոպա։ Սակայն, երբ, ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանը ֆինանսավորում է Ադրբեջանում  երկաթգծի կառուցումը, էլ կարիք չկա, որպեսզի բեռները Հայաստանով անցկացվեն, միանգամից կարող են Ադրբեջանով գնալ։ Իրականում,  Ադրբեջանին և Թուրքիային չի հետաքրքրում Հայաստանի տնտեսական շահը։ Նրանց հետաքրքրում է «միջանցքի» գաղափար, որ  ճանապարհ ունենան «Արևելք- Արևմուտք» բեռնափոխադրումներ իրականացնելու համար»,- բացատրեց մեր զրուցակիցը։

Ի դեպ, հիշեցնենք, որ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարներին:

 Հավելենք նաև, որ 2022 թվականին ՀՀ կառավարությունը հատուկ խումբ է ստեղծել՝ Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 10 անձից կազմված խումբը եռամսյա պարբերականությամբ պետք է վարչապետին տեղեկացնի կատարված աշխատանքի մասին։ Թե երբ կմեկնարկեն շինարարական աշխատանքները, դեռ հայտնի չէ։

****

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցով Բաքու մեկնած Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է, հավելելով, որ շարունակելու է այդ ուղղությամբ իր ջանքերը:

Էրդողանն անսպասելի հայտարարություն է արել, նշելով, թե «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ: Նա նշել է. «Իրանի մոտեցումը վրդովեցնում է և՛ Ադրբեջանին և՛ Թուրքիային»։

Իրան օրաթերթը հրապարակել է այս կապակցությամբ հոդված, որում ասվում է. «Իրանի վերաբերյալ թուրք բարձրաստիճան պաշտոնյանի հայտարարությունը հնչում է մի իրավիճակում, երբ Իրանը ներկայացվում է որպես արգելք, որը Բաքվին թույլ չի տալիս առաջ տանել իր ծավալապաշտական քաղաքականությունը»:  

Էրդողանի հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ Թուրքիայի նախագահը բացահայտորեն աջակցում է Ադրբեջանի իշխանությունների որդեգրած՝ լարվածության քաղաքականությանը:

Սահմանային իրավիճակի սրման ֆոնին Ադրբեջանը հետևում է ՀՀ Սյունիքի մարզի օկուպացման և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ու այն Թեհրանին և Երևանին պարտադրելու քաղաքականությանը: Եթե այս միջանցքն իրականություն դառնա, Իրան-Հայաստան ցամաքային կապը կկտրվի,  իսկ հյուսիսում և հյուսիս-արևմուտքում դեպի Եվրոպա արտահանման և ներմուծման Իրանի տարանցիկ ուղիները կհայտնվեն Ադրբեջանի  և Թուրքիայի վերահսկողության տակ։

Եթե Ադրբեջանն օկուպացնի Հայաստանի Սյունիքի մարզը, կփակվի նաև Իրանի մուտքը դեպի Վրաստան և Բաթումի նավահանգիստ և Իսլամական Հանրապետությունը կհայտնվի աշխարհաքաղաքական փակուղու մեջ։

«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթներին, որը վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, ոչ թե Հայաստանի Սյունիք նահանգով միջանցք ստեղծելուն։

Իրանը մի քանի անգամ բարձր մակարդակով նախազգուշացրել է Ադրբեջանի այս քաղաքականության հետևանքների մասին: ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանի և Հայաստանի միջև կապը չպետք է վտանգվի, և հաղորդակցության ուղիները պետք է լինեն կառավարությունների վերահսկողության տակ»։ Իսկ Իրանի հյուսիսային սահմաններում անցկացված զորավարժություններն աջակցություն են Իլհամ Ալիևի  որդեգրած քաղաքականության նկատմամբ, ԻԻՀ կառավարության հայտարարած դիրքորոշմանը:

ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ հայտարարել է. «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը կհակազդի դրան, քանի որ այս սահմանը հազարավոր տարիների հաղորդակցության ճանապարհ է»։

Այս իրավիճակյում Անկարայի արտաքին քաղաքականության ուղին գծողները չպետք է մոռանան, որ Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում կարևոր և ազդեցիկ դերակատար, օգտվելով ամենաբարձր մակարդակի ուժային բաղադրիչներից, հնարավորություն ունի պահպանել իր սկզբունքային դիրքորոշումը: Կովկասյան տարածաշրջանի լարված վիճակը և  Էրդողանի  սխալ մոտեցումը կարող են վտանգել Իրանի և Թուրքիայի՝ երկու պատմական դաշնակիցների հարաբերությունները:

Մյուս կողմից, տարածաշրջանում Իրանի ռազմավարական դերը և ազդեցությունը, որ երկիրն ունեցել է հատկապես Կովկասում պատմական հակամարտությունների կարգավորման ժամանակ, փաստ է, որը չպետք է անտեսվի Բաքվում որոշում կայացնողների կողմից։

Իլհամ Ալիևը վերջին ամիսներին պաշտոնական և ոչ պաշտոնական ալիքներով ստացել է անհրաժեշտ հաղորդագրություններ Իրանի մոտեցման և վիճելի տարածքներում կարմիր գծերի վերաբերյալ, և  լավ գիտի, որ տարածաշրջանային նոր կարգի ձևավորման գործընթացում ձևավորվող  Թեհրան-Մոսկվա-Պեկին դաշինքի ներքո արտարտարածաշրջանային ծավալապաշտության համար հնարավորություն չի լինի և դա թույլ չեն տա նաև խոշոր դաշինքները:

Հետևաբար Իլհամ Ալիևը պետք է վերանայի իր հայտարարությունը, թե «մեզ ոչ ոք չի կարող վախեցնել» և չփորձի Իսլամական Հանրապետության ուժը՝ իր անվտանգության գծերը պաշտպանելու հարցում։

****

Անդրադառնալով Կովկասում Սիոնիստական ռեժիմի ներկայությանը, Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպանն ասել է. «Ռեժիմը փորձում է փոխհատուցել այլ տեղերում իր ձախողումները և հավասարակշռություն հաստատել: Սակայն քանի որ ռեժիմը լավ նպատակներ չի հետապնդում, այդ քայլերն անօգուտ կլինեն»:

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Tasnim գործակալությանը տված հարցազրույցում  պատասխանելով այն հարցին, որ Իսլամական Հանրապետությունը միշտ ձգտել է տարածաշրջանում, այդ թվում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, սակայն որոշ երկրներ ձգտում են մեծացնել լարվածությունը:Նա հավելել է. «Իրանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում կայուն անվտանգությանը»: Դեսպանի խոսքով. «Իրանի համոզմամբ՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում, իսկ օտար երկրների միջամտությունը դժվարացնում և բարդացնում է խնդիրները: Արտաքին միջամտությունը չի վնասում օտար երկրներին, սակայն դրա հետևանքները, ներառյալ՝ ճգնաժամեր ու ապակայունացում, կրում են տարածաշրջանի երկրները»։Նշելով, որ Իրանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, դեսպանը հավելել է. «Իրանը ձգտում է տարածաշրջանում կայուն անվտանգության ու տնտեսական զարգացման և կաջակցի այդ ուղղությամբ արված ցանկացած քայլի» :Մեհդի Սոբհանին նշել է, որ Իրանը չի վստահում տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում օտար երկրների ներգրավվածությանը, հավելելով. «Նրանք հետապնդում են քաղաքական նպատակներ: Մեր կարծիքով, օտար երկրներն ամենևին էլ տարածաշրջանի երկրների բարին չեն կամենում, և մենք դրա փորձն ունենք: Նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կայուն չեն, իսկ պատճառն այն է, որ նրանք անտեսում են տարածաշրջանի ժողովուրդների շահերը կամ դրանց ուշադրություն դարձնում որոշակի նպատակներով»:   

Անդրադառնալով երկրի հյուսիսարևմտյան սահմաններին Սիոնիստական ռեժիմի աճող ներկայությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությանն օգնելուն, Սոբհանին ասել է. «Այն բոլոր հանցագործություններից հետո, որ Սիոնիստական ռեժիմն իրականացրել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ժողովուրդների ու երկրների նկատմամբ, ինչպես նաև իսլամական աշխարհի և արաբական աշխարհի դեմ, որոշ երկրներ դա չեն հասկանում և փորձում են կագավորել հարաբերություններն այդ ռեժիմի հետ: Դա վկայում է, որ նրանք ճիշտ ուղղությամբ չեն գնում, և երկարաժամկետ հեռանկարում տուժելու են նույն երկրների ազգերը»:Նա հավելել է. «Եթե այս երկրների ղեկավարները հասկանան, որ Իսրայելը չի շարժվում իրենց շահերին համապատասխան, այլ հետևում է իր շահերին, դա կօգնի նրանց վերանայել իրենց հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ:  Վերջում Սոբհանին ասել է. «Սիոնիստական ռեժիմը չի կարող իր խնդիրները տարածել այլ տարածաշրջանների վրա կամ այդ ճանապարհով մեղմել այդ խնդիրները: Դա երևակայություն է»։