Հունիս 21, 2023 07:35 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Անցյալ շաբաթ Սպահանի Չեհել Սոթուն պալատում տեղի է ունեցել է իրանական արվեստի ցուցահանդես:

Ցուցահանդեսի շրջանակներում 105 տաղավարներում ներկայացվել էին ավանդական և ձեռարվեստի ոլորտների աշխատանքներ, այդ թվում՝ փիրուզե փորագրություն, պղնձագործություն, էմալագործություն, գրչանկարչություն, գրչով նկարչություն, ասեղնագործություն, գորգագործություն: 

Ցուցահանդեսին առանձնահատուկ գրավչություն են փոխանցել, ձեռագործ աշխատանքների նորարարական գաղափարները։

Ձեռարվեստի  համաշխարհային խորհրդի ղեկավարն ասել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլ քաղաքն ունի անհրաժեշտ հնարավորություններ, ձեռարվեստի համաշխարհային քաղաք դառնալու համար:

Իրանի Արդաբիլ նահանգը՝ բնական, պատմական, կրոնական և տնտեսական զբոսաշրջային գրավչություններով, գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։

Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի ղեկավար Սաադ ալ-Ղոդումին Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլիի դամբարանային համալիր կատարած այցի ժամանակ ասել է, որ ձեռարվեստի համաշխարհային խորհրդի  գրասենյակ վերադառնալուց հետո լրջորեն  ձեռնամուխ կլինի Արդաբիլի պատմության և ձեռարվեստի հնարավորությունների ու գրավչությունների ներկայացմանը։ .

Բարձր գնահատելով Արդաբիլի պաշտոնյաների ջերմ հյուրընկալությունն ու ընդունելությունը՝ Սաադ ալ-Ղոդումին Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլիի պատմական համալիրում առկա ձեռագործ աշխատանքները բնութագրել է որպես եզակի և շատ հետաքրքիր և անհրաժեշտ է համարել առկա աշխատանքների ներկայացումը՝ մշակութային ժառանգության և ձեռարվեստի առումով: 

Հունիսի 10-ը Ձեռարվեստի համաշխարհային օրն էր, և Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի ղեկավարի այցը Արդաբիլ կատարվել է  թե՛ այս և , թե՛  2023 թվականին Արդաբիլը, որպես ԷԿՕ-ի անդամ երկրների զբոսաշրջության մայրաքաղաք ճանաչվելու առիթով։

Հունիսի 10-ը միջազգային օրացույցում նշվում է որպես Ձեռարվեստի համաշխարհային օր, իսկ իրանական օրացույցում այս օրը հռչակվել է նաև «Գորգի ազգային օր»:

Գորգն Իրանի գլխավոր ձեռագործ աշխատանքներից է, որն իր գեղեցկության ու յուրահատկության  բերումով միշտ աշխարհում արժանացել է բարձր գնահատանքի: 

Անկասկած, աշխարհի ամենագեղեցիկ գորգերը հայտնի են որպես իրանական գորգեր։

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքն Իրանում ձեռագործ գորգերի արտադրության հիմնական վայրերից մեկն է, որը ներկայումս  ձեռարվեստի համաշխարհային խորհրդի կողմից ընտրված է որպես գորգագործության համաշխարհային քաղաք և աշխարհում հայտնի է որպես ձեռագործ գորգերի մայր։

Աշխարհի ամենամեծ փակ շուկայի առկայությունը, որի մեծ մասը կազմված է թիմչեից և ձեռագործ գորգի խանութներից, ցույց է տալիս Թավրիզի գորգի կարևոր դիրքն Իրանում և աշխարհում։

Թավրիզի գորգի հյուսվածքն այնպիսին է, որ եթե այլ դիտանկյունից  դիտենք գորգը, այն կարծես  գեղանկարչություն լինի, և կարող է ոմանք ենթադրեն թե դա մեքենայով գործված գորգ է։

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մայիսի վաճառքների հիման վրա:

Առաջին տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: 

Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» երկրորդ տեղում է։ Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով:

Ագաթա Քրիստիի «Թունավոր գրիչով ձեռքը» երրորդ տեղում է։ «Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետևելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում, ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին: 

Չորրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերիկիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ 

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը հինգերորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: 

Վեցերորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի:

Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր» գիրքը յոթերորդն է։ Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։ Որպես խորհրդանշանագիտության գիտակ՝ նա բացահայտելու է «Լուսավորյալների եղբայրության»՝ դարեր շարունակ մոռացության մատնված գաղտնիքը։ 

Յուկիո Միշիմայի «Ոսկե տաճարը» ութերորդ տեղում է։ «Ոսկե տաճարը» (1956) ճապոնացի ականավոր գրող Յուկիո Միշիմայի (1925-1970) ամենանշանակալից երկերից է, ճապոնական գրականության գլուխգործոցներից մեկը և ըստ արժանվույն ամենահայտնի ճապոնական վեպի համբավն ունի աշխարհում։ Գրքի հենքն իրական պատմություն է. 1950-ի հուլիսի 2-ին հանրությանը ցնցում է Կիոտոյի նշանավոր Ոսկե տաճարի հրկիզման լուրը։ 

Ջուլիան Բարնսի «Աշխարհի պատմությունը 10 ½ գլուխներով» իններորդ տեղում է։ Ջուլիան Բարնսի՝ 1986 թվականին լույս տեսած «Աշխարհի պատմությունը 10 ½ գլուխներով» վեպը համարվում է բրիտանական պոստմոդեռնիզմի առաջին նշանակալի գործը, թեպետ, տարօրինակ ու յուրահատուկ այս ստեղծագործությունը դժվար միանշանակ վեպ համարել: Այն, ըստ էության, պատմվածքների շարք է, որոնք հայեցակարգորեն ներդաշնակված են այսպես կոչված՝ «ծովային» կամ «ջրհեղեղային» թեմաներով: 

Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» տասներորդ տեղում է։ Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։

ՀԽՍՀ վաստակավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցին՝ հունիսի 13-ին, Քաղաքային պանթեոնում, որտեղ հուղարկավորված է դերասանը, բացվեց նրա հուշարձանը։

Քոթանջյանի որդին՝ Մայքլ Քոթանջյանը, լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ հոր բացակայությունը հնարավոր չէ լցնել: «Նա շատ մեծ էներգիա ուներ: Եթե անգամ սենյակում լուռ նստած էր, այդ սենյակում շատ դրական էներգիա կար, և այդ էներգիան պակասեց մեր քաղաքից: Երբ փողոցով քայլում եմ, ինձ են մոտենում մարդիկ և ասում, որ սիրել են հորս այս կամ այն դերը: Ռաֆայել Քոթանջյանի կյանքում եղել են կարևոր ու առեղծվածային դերեր, նրա թարգմանությամբ ֆիլմեր, որոնք ինչ-ինչ պատճառներով ջնջվել են, սակայն մարդկանց հիշողություններում պահպանվել են: Ավաղ, հայ կինոյում նա փոքր դերեր խաղաց, բացառությամբ մի քանիսի: Նա ավելի շատ նկարահանվում էր Մոսկվայում, Ուկրաինայում և այլ երկրներում, և նրան բաց չէին թողնում: Մութ ու ցուրտ տարիներն էին ու հենց այդ շրջանում հայրս արտերկրում մոտավորապես 25-ից 30 ֆիլմում նկարահանվեց»,-պատմեց Մայքլ Քոթանջյանն ու հավելեց՝ հատկապես վերջին տարիներին Ռաֆայել Քոթանջյանը հաճախ է կրկնել. «Ասենք լավ, որ լավ լինի»:

Հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան հունիսի 16-ին լրացած 100-ամյակի կապակցությամբ մեկնարկել են հոբելյանական մի շարք միջոցառումներ:

Հունիսի 16-ին Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Ղուկաս Չուբարյանի 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի որդի Գրիգոր Չուբարյանը, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«2023 թվականի հունիսի 16-ին շրջանառության մեջ դրված 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը (1923-2009 թթ.)՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը ստեղծելիս: Նամականիշի վրա նաև պատկերված է 100 թիվը, որը խորհրդանշում է Ղուկաս Չուբարյանի հարյուրամյա հոբելյանը, ինչպես նաև՝ «Ղուկաս Չուբարյան» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշերը տպագրվել են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը, 10000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Ռեմ Սահակյանն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ըստ աղբյուրի՝ Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում, նամականիշի մարման արարողությանը հաջորդել «Հովեր» երգչախմբի համերգը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ընտանիքի անդամները, արվեստասեր հանրություն: