Գեղարվեստական հաղորդում (378)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Սասանյանների ժամանակաշրջանի զինվորի արձանը, որը 35 տարի առաջ մաքսանենգ ճանապարհով դուրս էր բերվել Իրանից և 7 տարի առաջ հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, վերադարձվել է:
Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Երկրի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստագործության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իրանի իշխանությունները հունիսի 28-ի առավոտյան արձանը ստացել են Իմամ Խոմեյնիի օդանավակայանում։
Արտեֆակտն իրենից ներկայացնում է քարի մեջ փորագրված Սասանյան կայսրության ժամանակների զինվորի պատկեր։ Ինչպես հաղորդում են նախարարությունում, արվեստի այս ստեղծագործությունը կցուցադրվի Իրանի ազգային թանգարանում։
Սասանյան ժամանակաշրջանի այս պատմական քանդակը 1988 թ.-ին մուտք է գործել ԱՄԷ, իսկ 2006 թ.-ին դուրս բերվել այնտեղից։ Զինվորի արձանը հայտնաբերվել է Լոնդոնում՝ 2016թ.-ին:
Մինչ թանկարժեք հազվագյուտ քանդակն Իրան վերադարձնելն այն երեք ամիս ցուցադրվել է Բրիտանական թանգարանում։
Վերջին տարիներին Իրանի մաքսավորները կասեցրել են հազարավոր հնագիտական արտեֆակտների ապօրինի արտահանումն արտասահման: Իրանի իշխանությունները նաև ակտիվորեն աշխատում են ապօրինի արտահանված պատմական արժեքները վերադարձնելու ուղղությամբ։
Սասանյանների կայսրությունը գոյություն է ունեցել ներկայիս Իրանի և Իրաքի տարածքում մեր թվարկության 3-7-րդ դարերում։ Այն ձևավորվել է պարթև Արշակունիների արքայատոհմի անկումից հետո և հետագայում կործանվել արաբական արշավանքների հետևանքով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը հունիսի 30-ին ընդունել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամներ Սաթէ Խաչատրյանին (ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավար, նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ), Մուրադ Մերզուկին (ներկայացման խորեոգրաֆ), Բենժաման Լըբրըտոնին (ներկայացման բեմանկարիչ), Էդգար Մանուկյանին (ներկայացման հագուստների հեղինակ), Ռաֆաել Ռիմսկի Կորսակովին («Տոբոգան» թատրոնի տնօրեն) և Անտուան Գարիելին («Գասկոն» և «Վիլֆրանշ» թատրոնների տնօրեն): Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ 2024 թվականը կարևոր հոբելյանական տարի է. նշվում է անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը. «Այդ նպատակով օրերս կձևավորվի կառավարական հանձնաժողով, որը կպլանավորի ամբողջ տարվա ընթացքում տարբեր միջոցառումների իրականացումը: Մենք նպատակ ունենք հնարավորինս լայն օգտագործել այս հնարավորությունը և Փարաջանովի ժառանգությունը տարածելով՝ այն դարձնել առավել հասանելի ու տեսանելի: Շատ ուրախ եմ, որ այս քաղաքականության շրջանակում մենք հնարավորություն ունենք աջակցելու «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման իրականացմանը: Անչափ կարևորում եմ, որ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում մենք նաև հնարավորություն կունենանք «Նռան գույնը» պարային ներկայացումը տեսնել Երևանում: Շնորհակալ ենք համագործակցության համար և պատրաստակամ ենք աջակցելու թատերախմբի մյուս նախաձեռնություններին»:
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, այնուհետև հանգամանորեն ներկայացրել «Սաթէ–Աթղը» թատերական միության գործունեությունը՝ ընդգծելով, որ միության հիմնական գործառույթն ուղղված է Ֆրանսիայում հայկական մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանը: Նրա տեղեկացմամբ՝ ֆրանսիական միջավայրում արհեստավարժ արվեստագետների հետ բեմադրվել են հայկական էպոսը, Թումանյանի հեքիաթները, Կոմիտասին նվիրված ներկայացում: Այս համատեքստում շարունակվում է քաղաքականության իրականացումը, և հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում հանդիսատեսի դատին կհանձնվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումը:
Միավորելով համաշխարհային էպիկական ժառանգությունն ու արհեստական բանականությունը՝ ARARAT թանգարանը նոր շունչ է հաղորդել տարբեր ժողովուրդների էպոսներին՝ լրագրողներին ներկայացնելով «Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությունը:
«Գիլգամեշ» ու «Ոդիսական», «Սասնա Ծռեր» ու «Նիբելունգների երգ», «Բիլինաներ» ու «Արթուր թագավոր». այս աշխարհահռչակ ստեղծագործությունների ամենահիշվող դրվագները արհեստական բանականության միջոցով կենդանություն էին ստացել:
«Վերընթերցել ենք հայկական «Սասնա Ծռեր» էպոսը և համաշխարհային այլ էպոսներ, առանձնացրել այն դրվագները, որոնք ներդաշնակորեն հանգավորվում են ARARAT-ի արժեքների հետ։ Ընտրված դրվագներն ու հարակից նյութերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո դրանք պատկերավորել ենք արհեստական բանականության օգնությամբ»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Ցուցադրությունը սկսվում է Հայկական «Սասնա Ծռեր» էպոսի երկու դրվագով, ավարտվում՝ «Ոդիսական»-ի Պենելոպեի՝ ամուսնու հետ հանդիպման դրվագի նկարով:
«Մանրակրկիտ աշխատանք ենք արել: Էպոսները բավականին մեծ տեքստեր են, այնտեղից ընտրել ենք այն հատվածները, որոնք կլինեն պատկերավոր: Դրվագներն ընտրելիս հաշվի ենք առել նաև այն, թե արդյոք արհեստական բանականությանը կհաջողվի ստանալ տվյալ դրվագը»,- ասաց նախագծի գրական խորհրդատու, բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ հայկական հիանալի «Սասնա Ծռերը» և համաշխարհային մյուս էպոսները յուրահատուկ մշակութային կոդեր են, որոնք իրենց տարբերություններով հանդերձ, ներկայացնում են համընդհանուր ու բոլոր ժամանակներում արդիական արժեքներ․ արիություն ու նվիրում, հավատարմություն ազգային արժեքներին ու համընդհանուր բարոյական նորմերին, վեհանձնություն նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում և հավատ սեփական ուժերի ու արդար գործի հաղթանակի նկատմամբ:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտադրական հարթակը՝ GAIFF Pro-ն, կներկայացնի սկսնակ կինոգործիչների նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից:
Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը GAIFF Pro ծրագրերի ղեկավար Նարե-Լեոնե Տեր-Գաբրիելյանն ասաց՝ ընտրվել է 17 նախագիծ: «12-ը զարգացման փուլում է, հինգը՝ աշխատանքային: Նախագծերը ներկայացրել են ռեժիսորներ, որոնք աշխատում են իրենց առաջին և երկրորդ նախագծերի վրա: Ռեժիսորները գալու են Հայաստան, մասնակցելու են աշխատարանների, վարպետության դասերի, հատուկ կազմակերպված հանդիպումների ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ, որոնք գալու են տարբեր երկրներից»,-նշեց Տեր-Գաբրիելյանն ու հավելեց՝ նախագծերը Վրաստանից են, Իրանից, Իրաքից, Պաղեստինից, Հորդանանից, Հայաստանից:
Նրա խոսքով՝ դիմորդների թիվը մեծ է եղել ու նախագծերն ունեցել են բարձր ցուցանիշ:
Արտադրական հարթակի հատուկ հյուրերից և ժյուրիի անդամներից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» դափնեկիր Ռոն Դայենսը (վերջինիս տասնյակից ավելի ֆիլմեր եղել են Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Անսիի ծրագրերում), աշխարհում արտհաուս ֆիլմերի վաճառքով զբաղվող ALPHA VIOLET ընկերության համահիմնադիրը և գործադիր տնօրեն Կեյկո Ֆունատոն: Հյուրերի թվում են նաև բրիտանացի պրոդյուսեր Դեյվիդ Պ. Քելլին (նրա ֆիլմերի շարքում են՝ «Ջերեմի Թոմասի փոթորիկները» (2021 թ.), որ կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, ռեժիսոր Ակի Կաուրիզմակիի «Ես վարձել եմ պայմանագրային մարդասպանի»), ֆրանսիական կինոֆոնդի՝ CNC-ի համագործակցության, համատեղ արտադրության և ֆրանկոֆոնիայի ծրագրի ղեկավար Նոեմի Կանը։
GAIFF Pro-ն նաև ուրախ է ներկայացնել բազմակի մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և B2B Doc-ի տաղանդների ղեկավար Անաստասիա Կիրիլլովային, Սոֆիայի կինոփառատոնի և Art Fest Ltd-ի գործադիր տնօրեն և Sofia Meetings-ի գեղարվեստական ղեկավար Միրա Ստալևային, ինչպես նաև Close-Up Initiative-ի հիմնադիր և տնօրեն Սիգալ Յեհուդան։
Բեյրութում լույս է տեսել լիբանանահայ ճանաչված գրող և լրագրող Սարգիս Նաջարյանի՝ կարդինալ Պետրոս Աղաջանյանին նվիրված «Երանացման ճանապարհին» գիրքը։ Գիրքը ներկայացնում է հետաքրքիր դրվագներ Կիլիկիայի կաթողիկե հայ եկեղեցու հայրապետ, կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի կյանքից։
«Գրքույկը լույս է տեսել Ամենապատիվ և գերերջանիկ Կաթողիկոս պատրիարք Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Մինասեանի քաջալերանքով և Հայ Կաթողիկե Պատրիարքության աջակցությամբ։ Գիրքը թող համեստ վկայություն լինի Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման դատին»,- նշեց Սարգիս Նաջարյանը՝ տեղեկացնելով, որ Վատիկանում ընթացքի մեջ են Պետրոս Աղաջանյանին երանելիների կարգին դասելու ուսումնասիրությունները։
Աղաջանյանը ղեկավարել է Կիլիկիայի Հայ կաթողիկե պատրիարքությունը՝ Կիլիկիայի կաթողիկե հայ եկեղեցու հայրապետն է եղել, ավելի ուշ Հռոմի պապ Պիոս XII-ը (1946թ.) նրան կարդինալի աստիճան է շնորհել։
Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը (ծննդյան անունը Ղազարոս) ծնվել է Ախալցխայում 1895թ.-ին: Ուսում է ստացել Հռոմում։ 1917 թվականին ձեռնադրվել է քահանա, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ուղարկվել է Թիֆլիս, որտեղ նշանակվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցու հովիվ։ 1921 թվականին նրան հետ են կանչում Հռոմ, որտեղ ծառայում է հայկական հոգևոր ուսումնարանում։ 1934-ին Աղաջանյանին ուղարկում են Լիբանան, իսկ 1937-ին՝ 42 տարեկան հասակում, նա ընտրվում է Կիլիկիայի հայ կաթոլիկների Պատրիարք` Գրիգոր Պետրոս XV անունով։ Այս տարիներին Աղաջանյանը հնարավորինս օգնել է հազարավոր հայ փախստականների։ Բացի այդ, նրա ուժերով Բեյրութում կանգնեցվել է հայ ժողովրդի նահատակներին նվիրված առաջին հուշարձանը։
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները» ծրագիրը:
Ծրագիրը նախատեսված է Հայաստանի 100 հնագիտական վայրերի օդային պատկերների (անօդաչու և 3D օրթոֆոտոների) հավաքագրման և համապարփակ առցանց շտեմարան ստեղծելու համար, որը ներառում է տեղանքների ճշգրիտ գիտական նկարագրություն, ինչպես նաև հուշարձանների օդային տեսանյութեր, անիմացիաներ, քարտեզներ, լուսանկարներ:
Ծրագիրն իրականացվել է 2021 թվականին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև կնքված հուշագիր հիման վրա։ Այն հնագետ և պատմաբան, պրոֆեսոր Գրիգոր Արեշյանի նախաձեռնած նոր հնագիտական և ազգագրական նախագծի շարունակությունն է:
Ծրագրի շրջանակում ներկայացվում են Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները՝ որպես պատմական ժառանգության հսկայական հարստություն. ընտրվել են քիչ հայտնի հուշարձանները:
Անօդաչու թռչող սարքի գերժամանակակից տեխնոլոգիայի միջոցով շուրջ 100 կայքերից ձեռք են բերվել տեսագրություններ՝ ստեղծելու համապարփակ առցանց ռեսուրս հանրային հասանելիության համար: Դրանք ներառում են վիրտուալ իրականության տարբերակներ, ինչը թույլ է տալիս դիտողներին տեղորոշվել տվյալ պատմական օբյեկտների մոտ և դիտել դրանք` գործնականում տարբեր տեսանկյուններից: