Հուլիս 22, 2023 07:43 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Ուրմիայում ամփոփել են ասորական մշակութային և մարզական 20-րդ համաշխարհային փառատոնի  (Թամուզի գավաթ) արդյունքները՝ Հայաստանից, Իրանից և Իրաքից ժամանած թիմերի մասնակցությամբ:

Փառատոնին մասն ակցել են Իրաքից և Հայաստանից ավելի քան 170 մարզիկներ և ևս 6 թիմ իրանից:  

Ֆուտբոլային մրցության եզրափակիչ խաղում «Իրաքի Դիանա» թիմը 5-3 հաշվով հաղթելով իրանական «Աշուր Ուրմիա Ա»-ին, նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ վարկանիշային խաղում՝ «Աշուր Թեհրանի աստղ» թիմը հաղթել է իրաքյան «Նոհադարա»-ին։

Թիմերը մրցում էին բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի և շախմատի ոլորտներում:

Սուրբ Ամենափրկիչ վանքը Սպահանի հայերին պատկանող պատմական վանքերից է: Այս վանքը համարվում է իրանական արվեստի և մշակույթի մայրաքաղաքը: Վանքի բոլոր պատերը, կամարները,  գմբեթը և դրա ներսը և բոլոր անկյունները ներկված են յուղաներկով և յուրօրինակ ձևով զարդարված։ Ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ, հատկապես հայեր, ամբողջ աշխարհից  ճամփորդում  են Սպահան՝ այցելելու այս հոյակերտ վանքը:

Սուրբ Ամենափրկիչ վանքի  վիրտուալ շրջայցը հասանելի է բոլորիդ:  Դուք կարող եք այցելել  Իրանի  զբոսաշրջության կայքէջ,որի հասցեն է՝  https://www.visitiran.ir 

Վիրտուալ շրջայցի ընթացքում վանքը ներկայացվում է հինգ լեզուներով: Նրանք, ովքեր հետաքրքրված են Իրանի պատմությամբ և մշակույթով, կարող են տեսնել Իրանի մշակութային, աշխարհագրական և պատմական տեսարժան վայրերը այս շրջագայության ընթացքում և ավելին իմանալ իրանական արվեստի և մշակույթի, ինչպես նաև իրանական ճաշատեսակների մասին:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 16-ին, ժամը 20:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում (Կասկադ համալիր) տեղի ունեցավ «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիր։ Համերգը կայացել է Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի փակման միջոցառումների շրջանակում։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը՝ հանդիսանալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավոր, ստանձնել է Երևանում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների կյանքի կոչման աջակցությունը:

Ըստ աղբյուրի՝ «Սիմֆոնիկ Երևան» դասական երաժշտության բացօթյա գալա համերգի ընթացքում հնչել են Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Ջոն Ուիլյամսի, Տիգրան Մանսուրյանի, Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝  գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

 

Իրանում աշխատանքն է ավարտել Ֆարաբիի 14-րդ միջազգային փառատոնը:

Iran Press գործակալության հաղորդմամբ՝ փառատոնի փակման արարողությանը ներկա են եղել Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ալի Զոլֆի Գոլը։Ֆարաբիի միջազգային փառատոնը վերաբերում է  հումանիտար և իսլամական գիտությունների ոլորտին և կազմակերպվում է Իրանի գիտության նախարարության կողմից, ամեն տարի՝ նպատակ ունենալով բացահայտելու և ներկայացնելու ոլորտի լավագույն մասնագետներին։ Փառատոնի շրջանակներում ներկայացվում են հումանիտար և իսլամական գիտությունների բնագավառում լավագույն աշխատություններն ու տեսությունները, նոր մեթոդներն ու նախագծերը:Փառատոնը կազմակերպվում է 155 գիտական խմբերում, այդ թվում՝ էթիկա, կրոններ և միստիկա, պատմություն, աշխարհագրություն և հնագիտություն, իրավունք, լեզու, գրականություն և լեզվաբանություն, հասարակական և հաղորդակցական գիտություններ, տնտեսական գիտություններ, կառավարում և ֆինանսներ, կրթություն, հոգեբանություն, սպորտ, քաղաքականություն, միջազգային հարաբերություններ և տարածաշրջանային ուսումնասիրություններ, Ղուրանի մեկնաբանություն և հադիս, իրավագիտություն, փիլիսոփայություն, տրամաբանություն և խոսք, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվություն և գրադարանային գործ, իսլամական հեղափոխության և Իմամ Խոմեյնի (ՀՀ), արվեստ և գեղագիտություն:

Թեհրանում և Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեց կին և ընտանիք թեմայով «Հավվա» առաջին միջազգային կինոփառատոնը: Փառատոն,որի հիմնական նպատակը կինոյում կնոջ և ընտանիքի ինքնության պաշտպանությունն է։

«Հավվա» առաջին միջազգային կինոփառատոնի ուշագրավ իրադարձություններից էր 23 երկրների ստեղծագործությունների ներկայացումը և 14 երկրների հյուրերի, այդ թվում՝ Հայաստանի արվեստագետների  ներկայությունը:  

Այս կինոմիջոցառման ծրագրերից էին տարբեր երկրներից 40 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ինչպես նաև իրանական  37 ֆիլմերի ցուցադրությունը, և մասնագիտացված  նիստերի անցկացումը ներքին և օտարերկրյա հյուրերի և փորձագետների մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ  տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից, Իտալիայից , Իռլանդիայից, Բելգիայից, Չինաստանից, Լիբանանից, Հնդկաստանից, Արգենտինայից, Թուրքիայից,  Ռուսաստանից, Դանիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Իսպանիայից, և Տաջիկստանից  գեղարվեստական, վավերագրական և կարճամետրաժ  350 անուն ֆիլմեր էին ուղարկվել «Հավվա» առաջին  կինոփառատոնի միջազգային բաժին: 

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 15-ին Կինոյի տանը եզրափակվեց Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը:

«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց փառատոնի միջոցով Հայաստանն ու հայկական կինոն  ճանաչելի դարձնելու գաղափարը: «Հայկական կինոն այսoր ավելի լավ վիճակում է, քան կար, սակայն ժամանակներն են փոխվել. բոլորը ցանկանում են նկարահանել «Եռանկյունի» կամ «3 գումարած 2»: Ամեն տարի փոխվում է հայկական կինոն: Այսօր այն նման է իր ժամանակին  և շատ գեղեցիկ է»,-ասաց Խաչատրյանը՝ կարևորելով այն փաստը, որ նաև հայ կանայք են սկսել կինո նկարահանել: 

Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝  փառատոնի՝ «Հետ նայելով գալիքին» կարգախոսն այն մասին է, որ պետք է առաջ գնալ, ոչ թե փորձել ամփոփել փառատոնը: «Մենք սովոր ենք հոբելյանների ընթացքում խոսել անցած ճանապարհից, ինչը հաճելի է, բայց չի նպաստում առաջխաղացմանը: Փառատոնի յուրաքանչյուր տարին անկրկնելի է, հետևաբար  ժամանակի ոգին զգալ փորձելը, կինոյի լեզվով ինչ-որ բաներ կանխորոշելը ամեն տարվա առաջնահերթությունն է, գրավականն ու մարտահրավերը և այդ իմաստով 20-ը հերթական տարի է, ցավոք, բավականին տխուր, նյարդային, ինչը երևում է էկրանին, բայց դրա հետ հարաբերվելը մեզ համար ավելի կարևոր է, քան ուղղակի դրական էմոցիաներ փոխանցելը, որի համար փառատոնը լավագույն առիթը չէ»,-շեշտեց Ավետիսյանը:

Անդրադառնալով փառատոնի միջոցով Հայաստանին ու Արցախին վերաբերող լրջագույն խնդիրները միջազգային հարթակում բարձրաձայնելուն՝ Ավետիսյանը նշեց, որ իրականությունն այնպիսին է, որ անգամ քաղաքական, դիվանագիտական, խնդիրների հետ ավելի ուղիղ առնչություն ունեցող գործիքակազմն է խնդրահարույց խնդիրների լուծման շուրջ, իսկ արվեստը միշտ էլ միջնորդավորված ազդեցություն է ունենում այդ ամենի վրա: Նա հիշեցրեց, որ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը՝ «Լուկա»-ն, զուգահեռ ցուցադրել են նաև Ստեփանակերտում՝ ընդգծելով, որ Արցախի խնդիրը բոլորի համար շատ կարևոր է:

Փառատոնի փակմանը Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ «Արծաթե ծիրան» ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը», հատուկ հիշատակման արժանացավ Զառա Դվինգերի «Փոքրիկը»։  

Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», «Արծաթե ծիրան»-ի՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։  

FIPRESCI մրցանակը տրվեց Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին» կինոնկարին:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն նաև ստացավ Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակը։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան» ստացավ Արման Այվազյանի «Քարերը» վավերագրական ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։

Փառատոնի հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հանձնվեց հատուկ մրցանակ Թոմեր Հայմանի «Ես չեմ» ֆիլմին։

Փառատոնի փակման երեկույթի գործընկեր Freedom Broker Armenia-ի մրցանակ ստացավ Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» կինոնկարը:      

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ ականավոր կինոռեժիսոր Լավ Դիասը արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին։

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում ցուցադրվել են երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում բացման ֆիլմը՝ «Լուկա»-ն։ Ներկայացվել է նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր. տեղի է ունեցել իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուները այսուհետ  VR ակնոցների շնորհիվ հնարավորություն կունենան հայտնվել կոմպոզիտորի աշխատասենյակում և հետևել «Գայանե» բալետից մի հատվածի՝ «Սուսերով պարի» ստեղծման գործընթացին։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրության շնորհանդեսը: «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրությունը ստեղծվել է ARLOOPA ընկերության և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցության արդյունքում:

VR ակնոցով այցելուները կտեսնեն Արամ Խաչատրյանին՝ ստեղծագործական ակտիվ իրավիճակում. նա նվագում է, մոտենում է գրասեղանին, մտորում և նոտագրում է, հնչում է «Սուսերով պարի» երաժշտությունը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ընդգծեց, որ նորագույն տեխնոլոգիաները երկար տարիներ է՝ իրենց հաստատուն տեղն են գտել թանգարանների աշխարհում: Ըստ նրա՝ սա մի նոր մոտեցում է թանգարանային տեղեկատվությունը, պատմությունը և ցուցանմուշները այցելուներին ներկայացնելու համար:

«Նորագույն տեխնոլոգիաների գրագետ և ճիշտ օգտագործումը կարող է լինել շատ արդյունավետ և գրավել այցելուներին: Թանգարանը տարիներ շարունակ գնում է նմանատիպ նորույթների․ թանգարանի պատը նույնպես կենդանանում է հավելվածի միջոցով: Թանգարանի ցուցասրահներում նույնպես ունենք նմանատիպ հետաքրքիր նորույթներ: Այս ծրագիրը իրականցրել ենք ARLOOPA ընկերության հետ, որի հետ համագործակցում ենք շատ վաղուց: Ծրագիրը սկսել ենք տարվա սկզբին, քանի որ այն բավականին մանրակրկիտ աշխատանք էր պահանջում՝ ստանալու համար այն արդյունքը, որ հիմա ունենք»,- նշեց թանգարանի տնօրենը:

ARLOOPA ընկերության առավել  կարևոր նախագծերի  ղեկավար  Արմինե Ղազարյանն ընդգծեց, որ սա իրենց առաջին համագործակցությունը չէ թանգարանի հետ: