Հուլիս 26, 2023 13:32 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության մշակութային աշխատանքների, համագումարների և կազմակերպությունների գերատեսչության նախաձեռնությամբ և Թեհրանի հայոց Թեմի Ազգային իշխանության համագործակցությամբ հուլիսի 19-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում կայացավ Աստվածային կրոնների միջև երկխոսության`այս տարվա ընթացքում երկրորդ համագումարը՝«Հավատքը և հասարակության բարօրությունն աստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով:

Իրանի պետական հիմնով և Տերունական աղոթքով մեկնարկած միջոցառման ,առաջին բանախոսն էր  Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանը: Թեմակալ առաջնորդի բանախոսության հիմնական թեման էր` «Հավատքը և հավատքի դերը ընտանեկան կյանքի կազմավորման մեջ»:

Հանդիպմանն ունեցած ելույթում, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը ոգեկոչելով աշխարհի շիաների առաջին առաջնորդ՝ իմամ Հոսեյնի հիշատակն ասել է. «Բոլորս տեղյակ ենք, որ Իրանի պատվավոր հասարակությունն այս օրերին հոգեպես պատրաստվում է իմամ Հոսեյնի նահատակության օրվա միջոցառումներին: Այս առիթով մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր ներկաներին՝ իմամ Հոսեյնի նահատակության կապակցությամբ»:

Միջոցառմանը ելույթներով  հանդես եկան կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների հարցերով ԻԻՀ  նախագահի խորհրդական Մամուստ Աբդոլսալամ Քարիմին,  Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության պետական պատասխանատուներ,  Իրանում կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդներ, նաև  տեսակապի միջոցով այլ երկրներից կրոնագիտության և  հասարակական հարցերով փորձագետներ:

Մեկ օրյա համագումարին ,որին ներկա էր Իսլամական մշակույթի և  առաջնորդության նախարար  Մոհամադ Մեհդի Էսմայիլին, իր ելույթի ընթացքում ընդգծեց .«Իրանը հազարամյա քաղաքակրթություն  ունեցող երկիր է, որտեղ բոլոր էթնիկ խմբերն ու կրոնները միասին ապրել են կողք- կողքի»:  Նա նշեց,  որ այս խաղաղ գոյակցությունը  հիմքն է դրել այս երկրի հարուստ մշակույթի և կարևորեց միաստվածային կրոնների միասնականությունը:  Նախարարի հավաստմամբ աստվածային բոլոր կրոնները հարգելը  համարվում է կարևոր կետ բոլորի համար և խոսքի ազատության պատրվակով աստվածային կրոններից որևէ մեկի սրբություններն անարգելը անընդունելի է: Մենք բոլորս մի մեծ ընտանիքի անդամներ ենք,  տարբեր կրոններով և  միասին դատապարտում ենք աստվածային կրոնների համոզմունքների դեմ ամեն կարգի անարգանքը»:

 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում hուլիսի 22-ին կայացել է «Ջազ երեխաների համար» խորագիրը կրող համերգը։

Նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ինչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը․․․

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները  վայելեցին իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտների կատարմամբ։

Վոկալ՝ Աննա Կոստանյան, Արթուր Ալեք,  սաքսոֆոն՝ Դավիթ Մելքոնյան, շեփոր՝ Տիգրան Հարությունյան,  դաշնամուր, գործիքավորում՝ Կարեն Գրիգորյան, դաշնամուր՝ Ռաֆայել Պետրոսյան, կոնտրաբաս՝ Միխայիլ Ֆոմինիխ, հարվածային գործիքներ՝ Արման Մնացականյան։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի  ունեցավ նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի համաձայն՝ առաջին հորիզոնականում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է:

Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն երկրորդ տեղում է։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը. հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը՝ տասնամյակներ անց:

Մհեր Արշակյանի «Փսևդոստիխներ»-ը երրորդ տեղում է։ Այս գրքի բանաստեղծությունների մի մասը կարելի է դիտարկել իբրև ոճի «պարոդիա», մյուս մասը՝ որպես բովանդակության «պարոդիա»: Որոշ գործեր կարող են «հավակնել» նախկին բանաստեղծության կարգավիճակին: Բայց դրանք բոլորը վերջին անգամ են բանաստեղծություն:

Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գիրքը չորրորդ տեղում է։ Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» նոր գրքում տեղ են գտել վերջին տարիներին գրված ստեղծագործությունները։ Եռամաս գրքի առանցքում Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներն են, երկրաշարժը, համավարակը, Երևան քաղաքի և ընդհանրապես ուրբան հիշողությունը։ 

Մուրացանի «Գևորգ Մարզպետունին» հինգերորդ տեղում է։ Այս վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: Վեպում Հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձություններն են նկարագրվում: 

Վեցերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդ»-ի գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: 

Վախթանգ Անանյանի պատմվածքները յոթերորդ տեղում են։  Հեղինակն անմնացորդ սիրով պատկերում է հայրենի բնաշխարհը: Նա խոր պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Անանյանական «մարդ-բնություն» թեմատիկայում արժևորվում և կողք կողքի հանդես են գալիս մարդն ու բնությունը: 

Րաֆֆու «Խենթը» ութերորդ տեղում է։ Րաֆֆու «Խենթը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել է Խ. Սամվելյանը)։

Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» իններորդ տեղում է։ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել են Խ. Սամվելյանն ու Գ. Գասպարյանը):

Ավետիք Իսահակյանի ժողովածուն տասներորդն է։ Ավետիք Իսահակյանի՝ մեծ Վարպետի գրական ժառանգությունը ազգային հարստություններից է: Մեծ գրողի քնարական ստեղծագործությունները շատ հուզիչ են ու երաժշտական: Պատահական չէ, որ նրա շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են բազմաթիվ ժողովրդական ու հեղինակային երգեր: Իսահակյանը բազմաժանր գրող է: 

 Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոցը հուլիսի 21-ին հյուրընկալել էր ազգային պարին նվիրված «Զարկ-ֆեստ» փառատոնը, որի ընթացքում տեղացիներին, և՛ Հայաստան այցելած հյուրերին համերգային ծրագրով ու տեսանյութերով ներկայացվեց հայ ժողովրդի պարը:

«Ցանկանում ենք ակտիվացնել մարզային մշակութային կյանքը, որովհետև մարզերի բնակիչները մշակույթի հետ հաղորդակցվելու սուղ հնարավորություններ ունեն: Մեր նպատակներից է նաև Դաշտադեմի հրաշալի պատմական ամրոցը հանրահռչակելը: Ուզում ենք ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը», նշեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հիմնականում զբոսաշրջիկները ցանկանում են ճանաչել երկրի պատմամշակութային հուշարձաններն ու ծանոթանալ ժողովրդական արվեստին: Ըստ Սարգսյանի՝ կարելի է այդ երկուսը կազմակերպել մեկ հարթակում, և այդպես կակտիվանա Դաշտադեմի ամրոցը:

«Պետք է զարկ տալ դրան: Հենց այդ նպատակով էլ փառատոնը կրում է «Զարկ-ֆեստ» անունը»,-շեշտեց Արմեն Սարգսյանը:

Արագածոտնի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ղեկավար Գագիկ Պողոսյանը հիշեցրեց, որ մարզը հիմնականում բնակեցված է Սասունից, Մուշից, Ալաշկերտից գաղթած բնակիչներով, որոնք բերել են իրենց երգը, պարը, մշակույթը:

«Մեր մարզը բազմազան է իր մշակութային շերտերով, գանձերով: Ցանկանում ենք այդ հարստությունը փոխանցել երիտասարդներին: Համագործակցելով տարածքային կառավարման մարմինների, նախարարությունների հետ՝ փորձում ենք միջոցառումներ կազմակերպել, որոնք կպահպանեն մշակութային արժեքները»,-ընդգծեց նա և հավելեց՝  մի քանի օր առաջ Բյուրականում ազգային նվագարաններին նվիրված միջոցառում են անցկացրել, իսկ այժմ՝ «Զարկ-ֆեստ»-ը:

Անդրադառնալով Դաշտադեմի ամրոցին, որը պատմամշակութային ժառանգության հրաշագեղ միջնաբերդ-դղյակ է, Պողոսյանն ասաց՝ ցավոք, նույնիսկ Հայաստանում այն շատ հայտնի չէ, ուստի փառատոնը կարևոր քայլ է ամրոցը ճանաչելի դարձնելու առումով:

Փառատոնին ելույթ ունեցան Ալթունյան պետական անսամբլը, Ակունք, Կարին, Սասնա ծռեր ազգագրական խմբերը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը, Ռուբեն Սասունցին և այլք: Էկրանին տեսաշարերի տեսքով անդրադարձ արվեց մարզի կենցաղին, եկեղեցիներին ու անհատականություններին, մարզի բնակիչների ծագումնաբանությանն ու բանահյուսությանը:

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առիթով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ազդարարում է Khachaturian 120 առցանց ձայնասփյուռի հեռարձակման մեկնարկը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայից, հոբելյանական ողջ տարվա ընթացքում մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները հնարավոր կլինի ունկնդրել առցանց ձևաչափով, 24/7 ամենամեծ լսարանն ունեցող ռադիոկայանների և երաժշտական ձայնադարանների միջոցով.

Ըստ աղբյուրի՝ շուրջօրյա հեռարձակումը հասանելի է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի պաշտոնական կայքում՝ www.babajanyanhall.org, ինչպես նաև հատուկ նախագծի համար ստեղծված www.radiokhachaturian.com կայքերում։