Գեղարվեստական հաղորդում (382)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Բեմադրություններում ընդգրկվել են և՛ հայ, և՛ իրանցի դերասաններ:
Հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Արտաշատի թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը կարևորեց երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը, որը հաջողվում է:
Արդեն մեկ ամիս է՝ մեր դերասաններն աշխատում են իրանական կողմի դերասանների ու բեմադրիչների հետ, ինչի արդյունքում երկու ներկայացում կունենանք: Նախատեսում ենք հետագայում բեմադրություններով հանդես գալ թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում կայանալիք միջազգային փառատոններին»,-շեշտեց նա:
«Թանդիս»-ի տնօրեն Ֆաթեմեհ Աբդոլռահիմին, ներկայացնելով թատերախմբի ստեղծման պատմությունը, հիշեցրեց կորոնավիրուսի համավարակի մասին, որը մեծ վնասներ հասցրեց տարբեր բնագավառներին, այդ թվում՝ մշակույթին:
«Արվեստագետներով որոշեցինք հենց այդ պայմաններում զարկ տալ մշակույթին ու թատրոնին և 2022 թվականին, երբ Իրանում համավարակն իր գագաթնակետին էր հասել, ստեղծեցինք թատերախումբը, որը ճանաչում ձեռք բերեց Իրանում և հաջողություններ գրանցեց»,-ասաց Աբդոլռահիմին:
Մինչ օրս «Թանդիս»-ը 22 ներկայացում է խաղացել: Երկու բեմադրությամբ հանդես են եկել արտերկրում: Թատերախմբի նպատակներից է ոչ միայն պրոֆեսիոնալներին, այլև երիտասարդ սերնդին հարթակ տրամադրել՝ ստեղծելով սեփական դպրոցը:
Ներկայացումներից 17-ի բեմադրիչը «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրզադի համար» պիեսի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերասան Համեդ Շեյխն է:
Նրա խոսքով՝ որոշել է բեմադրել հենց այդ պիեսը, քանի որ այն անմիջական կապ ունի ինչպես իրանցիների, այնպես էլ հայերի հետ: «Խոսրովն Իրանի արքան է և սիրահարվում է հայ արքայադուստր Շիրինին՝տեսնելով նրա նկարը: Սա հայ-իրանական պատմություն է՝ գեղարվեստական լուծումներով, որովհետև իրական պատմությունը շատ է տարբերվում գրական ստեղծագործությունից»,-պատմեց ռեժիսորը:
Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթողների թվում:
«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։
«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցող կազմակերպություններին և մարդկանց խրախուսելն է՝ իրենց նախագծերի, նախաձեռնությունների և գործունեության վերաբերյալ պատմություններ հավաքելու միջոցով։ Պատմությունները պետք է վերաբերեն ժառանգությանը և կարող են բաժանվել թեմատիկ չորս խմբի՝ նյութական ժառանգություն, ոչ նյութական ժառանգություն, բնության ժառանգություն, թվայնացված ժառանգություն։
Ծրագիրն ունի մրցութային բնույթ և դիմողներին հնարավորություն է տալիս ընտրվելու դեպքում հանրահռչակել իրենց պատմությունները ողջ Եվրոպայում՝ «Եվրոպական ժառանգության օրերի» կայքէջի և գրքույկների տպագրության միջոցով։
Մրցույթին ներկայացվում են Եվրոպայի շուրջ 50 երկրի պատմություններ։ Այս տարի Հայաստանից ներկայացվել է շուրջ 10 պատմություն։ Առաջին անգամ Հայաստանից ներկայացված պատմությունը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Հեքիաթի դեսպանները» կրթական ծրագիրը հաղթողների շարքում է, որը կստանա 10 000 եվրո դրամաշնորհ՝ կրթական ծրագրի զարգացման համար։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ժառանգության պահպանմանն ու մշակութային փոխըմբռնմանը նպաստող նախաձեռնությունների շրջանակում «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը հրավիրում է տարբեր մշակույթների մարդկանց՝ այցելել և հեքիաթ պատմել իրենց մայրենի լեզվով:
Ռեժիսոր Կարեն Զախարովն օգոստոսի 1-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրել է «Բաբա Յագան փրկում է աշխարհը» ֆիլմը: Այն նկարահանել է «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» ֆիլմի ստեղծագործական խումբը։Կինոնկարը հուզիչ արկած է ամբողջ ընտանիքի համար:
Հետաքրքրասեր դպրոցական Սենկան հրաշքով հայտնվում է առասպելական հնագույն անտառում։ Այն թաքնված է մարդկանց աչքերից Բաբա Յագայի հզոր հմայքով: Անտառում ակնհայտ ինչ-որ բան այն չէ։ Տագնապի ազդանշաններն ազդարարում են, որ կախարդանքն այլևս չի գործում, և չար մոգության և վաղուց պարտված թշնամիների արթնանալը միայն ժամանակի հարց է:
Կրկին կախարդանք սփռելու համար Յագան ստիպված է մեկնել ժամանակակից քաղաք՝ փնտրելու կախարդների ամենահզոր զենքը՝ սքանչելի ծաղիկը։ Այնտեղ նա կհանդիպի ժամանակակից աշխարհի շատ տարօրինակությունների։ Միևնույն ժամանակ արդեն հազար տարի մութ բանտում թաքնված է վրեժի ծարավ Կոշեյ Անմահը։ Հենց Յագան է օգնել նրան հաղթել շատ դարեր առաջ: Սենկան մտել է հեքիաթի մեջ, բայց կկարողանա՞ արդյոք փախչել այդտեղից, կկարողանա՞ օգնել փրկել մեր աշխարհը և ո՞ւմ կողմից է նա պայքարելու՝ բարու՞, թե՞ չարի. ամենակարող Կոշչեյի՞, թե՞ խորամանկ Յագայի կողմից։
Պրեմիերային ներկա կլինեն կինոգործիչներն ու այլ հայտնի հյուրեր։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպել կինոգործիչներին և ծանոթանալ ֆիլմի ստեղծման մասին հետաքրքիր պատմություններին։
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Յուրի Նենևին, Եվգենի Վիխարևը, պրոդյուսերներ՝ Արմեն Անանիկյան, Ալեքսանդր Մորոզով, Արա Օգանեսյան, օպերատորներ՝ Վլադիմիր Զվեզդոչկին, Օլեգ Եֆրեմով, կոմպոզիտոր՝ Իգոր Բաբաև։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր բազմաբովանդակ խաղացանկը կհարստացնի օպերային արվեստի ևս մեկ գոհարով՝ Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հուլիսի 29-ին:
Բեմադրության ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցևը հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց՝ մի քիչ անհանգստանում է, քանի որ Երևանի օպերային թատրոնը հզոր պատմություն ունի, որտեղ աշխատելը գերագույն հաճույք է և պատասխանատվություն: «Ես չգիտեմ որևէ թատրոն, որտեղ Տուրանդոտի հինգ կատարող լինի, իսկ այս թատրոնում նրանք կան. դա ֆանտաստիկ է: Թատրոնները երազում են Տուրանդոտի գոնե մեկ կատարողի մասին, իսկ Երևանում այնպիսի ադամանդներ կան, հրաշալի ձայներով արտիստների մի ամբողջ խումբ: Բոլորը հետաքրքիր են, վառ ու զարմանալի»,-շեշտեց ռեժիսորը:
Նա կարծում է՝ ռեժիսուրան երբեք չպետք է ծածկի երաժշտությունը, այլ պետք է ընդգծի կոմպոզիտորի աշխատանքը, դասական պատմությունը՝ ժամանակակից ու վառ տեխնոլոգիաների միջոցով: «Տեսնում ենք, թե ինչպես են զարգանում մուլտիմեդիան, լուսային և այլ տեխնոլոգիաները, բայց մեր խնդիրն էր չփոխել պատմության դասական կոնտեքստն ու ստեղծել ներկայացում, որը հետաքրքիր կլինի ժամանակակից հանդիսատեսին»,-ասաց Ստարոդուբցևը:
Ռեժիսորը հասցրել է Երևանի օպերային թատրոնի որոշ ներկայացումներից պատառիկներ դիտել: «Մեծ երջանկություն է ունկնդրել ու դիտել «Սպարտակ» բալետը այդ երաժշտական մշակույթը կրողի հայրենիքում»,-նշեց նա:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր բազմաբովանդակ խաղացանկը կհարստացնի օպերային արվեստի ևս մեկ գոհարով՝ Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայով:
Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ հուլիսի 29-ին:
Բեմադրության ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցևը հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց՝ մի քիչ անհանգստանում է, քանի որ Երևանի օպերային թատրոնը հզոր պատմություն ունի, որտեղ աշխատելը գերագույն հաճույք է և պատասխանատվություն: «Ես չգիտեմ որևէ թատրոն, որտեղ Տուրանդոտի հինգ կատարող լինի, իսկ այս թատրոնում նրանք կան. դա ֆանտաստիկ է: Թատրոնները երազում են Տուրանդոտի գոնե մեկ կատարողի մասին, իսկ Երևանում այնպիսի ադամանդներ կան, հրաշալի ձայներով արտիստների մի ամբողջ խումբ: Բոլորը հետաքրքիր են, վառ ու զարմանալի»,-շեշտեց ռեժիսորը:
Նա կարծում է՝ ռեժիսուրան երբեք չպետք է ծածկի երաժշտությունը, այլ պետք է ընդգծի կոմպոզիտորի աշխատանքը, դասական պատմությունը՝ ժամանակակից ու վառ տեխնոլոգիաների միջոցով: «Տեսնում ենք, թե ինչպես են զարգանում մուլտիմեդիան, լուսային և այլ տեխնոլոգիաները, բայց մեր խնդիրն էր չփոխել պատմության դասական կոնտեքստն ու ստեղծել ներկայացում, որը հետաքրքիր կլինի ժամանակակից հանդիսատեսին»,-ասաց Ստարոդուբցևը:
Ռեժիսորը հասցրել է Երևանի օպերային թատրոնի որոշ ներկայացումներից պատառիկներ դիտել: «Մեծ երջանկություն է ունկնդրել ու դիտել «Սպարտակ» բալետը այդ երաժշտական մշակույթը կրողի հայրենիքում»,-նշեց նա:
Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված հայ լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ Կարճամետրաժ ֆիլմն ամբողջությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների աշխատանքն է։
Ռեժիսորը Սոնա Սարիբեկյանն է, գլխավոր օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը, պրոդյուսերը Դավիթ Ջինանյանը։
Ստեղծագործական թիմը փորձել էր նորովի ներկայացնել օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անցած սպորտային ճանապարհն ու կյանքը՝ սկսած Վանաձորում դարբնի աշխատանքից մինչև սպորտային ամենաբարձր կոչումների նվաճումը։
«Մեծագույն պատիվ, հպարտություն և էլ ավելի մեծ պատասխանատվություն էր Ալբերտ Ազարյանի հետ աշխատելը։ Կարծում եմ, որ լեգենդար անձնավորության մասին ֆիլմ նկարած լինելու փաստը մեր երիտասարդ թիմի համար հետագայում ուղենշային կդառնա»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Սոնա Սարիբեկյանը։
Նրա խոսքով՝ ֆիլմում օգտագործված են արխիվային կադրեր լեգենդար մարզիկի հաղթական ելույթներից, «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմից, որտեղ Ալբերտ Ազարյանը մարմնավորել է իր իսկ կերպարը։
Ռեժիսորի կարծիքով՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի համար հաղթանակներ գրանցելը չափազանց կարևոր է․
«Նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին նախկինում մեծ հաղթանակներ կերտած անհատներին վերստին գնահատելը, նրանց կատարած փառավոր աշխատանքը հանրահռչակելը կարևոր նախադրյալներ են, որովհետև մեր երկրին և հատկապես երիտասարդ սերնդին հաղթանակներ են պետք»։
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի համաձայն՝ առաջին հորիզոնականում է ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը»։ Վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։
Երկրորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:
Երրորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը: Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին:
Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» չորրորդ տեղում է։ Մարկ Տվենը այս վեպում ներկայացնում է իր մի շարք վեպերի հերոս Թոմ Սոյերի մի քանի ամսվա արկածները, որի ընթացքում Թոմն ականատես է դառնում սպանության եւ բացահայտում է այն, սիրահարվում է դասընկերուհուն, փախչում տնից, ապրում ամայի կղզում, մասնակցում սեփական հուղարկավորությանը, մոլորվում քարայրում եւ այնտեղից դուրս գալիս հարստացած:
Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստի արկածները» հինգերորդ տեղում է։ Չարլզ Դիքենսի այս վեպն առաջինն է անգլիական գրականության մեջ, որի գլխավոր հերոսը երեխա է: Հրատարակվելով 170 տարի առաջ՝ այն այսօր էլ շարունակում է արդիական մնալ, քանի որ այժմ էլ մանկատներում բազմաթիվ երեխաներ կան, որոնք ամեն օր հանդիպում են անբարեհամբույր վերաբերմունքի ու արհամարհանքի:
Վեցերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:
Յոթերորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:
Ութերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Իններորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Տասներորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին: