Օգոստոս 08, 2023 14:03 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Հայաստանն ու Իրանը մշակութային ժառանգությամբ և խոհանոցով բազմաթիվ նմանություններ ունեն, և այդ ընդհանրությունները տեղ կգտնեն «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

««Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը տեղի կունենա Սյունիքի մարզի Սիսիան համայնքում օգոստոսի 10–11–ը։ Հիմնական միջոցառումները կսկսվեն ժամը 16.00–ին և կավարտվեն ուշ երեկոյան։ Փառատոնը տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունք է, որը շատ կարևոր է հետկորոնավիրուսային զբոսաշրջային շուկայում մեր գրավչությունը ապահովելու համար»,– ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով` մինչև նախորդ տարի եղել է ավանդույթ, որ մարդիկ Նավասարդի օրը` օգոստոսի 11-ին, այցելեն Զորաց Քարեր աստղադիտարան, որտեղ առավոտյան ժամը 4–ին աստղադիտում է կազմակերպվել, և մարդիկ տեսել են Հայկի համաստեղության հայտնվելը։ Փառատոնի հիմնական նպատակներից է նաև հանրահռչակել գիտամշակութային ժառանգությունը։ Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան հետևելու նաև այդ գեղեցիկ տեսարանին։ Ապրեսյանը տեղեկացրեց, որ իրանական կողմի հետ քննարկում են ապագայում փառատոնի անցկացման երկու տարբերակ` կա՛մ այն մի տարի կանցկացվի Հայաստանում, մյուս տարի` Իրանում, կա՛մ փառատոնը կանցկացվի տարվա մեջ երկու անգամ և՛ Իրանում, և՛ Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանն իր հերթին նշեց, որ այս պահին Իրանը Հայաստանի համար երրորդ թիրախային շուկան է, որտեղից շատ զբոսաշրջիկներ են այցելում երկիր։

Նրա խոսքով` արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է փառատոնը, և նախորդ տարի շատ լավ արդյունքներ են գրանցել։

«Նման փառատոներն օգնում են, որ մենք ավելի հետաքրքիր մթնոլորտ ստեղծենք Հայաստանում և Իրանից ավելի շատ զբոսաշրջիկներ գրավենք։ Ինքս ծնվել եմ Իրանում, իրանական խոհանոցը շատ սիրում եմ, և սա շատ լավ հնարավորություն է երկու երկրի մշակույթն ու խոհանոցը մի տեղում ցույց տալու համար»,–ասաց Պողոսյանը։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանին իր հերթին շնորհակալություն հայտնեց փառատոնի շրջանակներում իրանական կողմին 20 անվճար տաղավար տրամադրելու համար։

«Մենք ամեն ինչ արել ենք, որ իրանցիները հավուր պատշաճի ներկայանան փառատոնին։ Փորձել ենք ներգրավվել նաև Հայաստանում աշխատող իրանցի խոհարարներին։ Մեծ հույս ունենք, որ նման փառատոներ կկարողանանք իրականացնել նաև Իրանում »,–ասաց նա։

Քիանին ընդգծեց, որ թեև փառատոնի հիմնական շեշտը խոհանոցի վրա է, սակայն իրենք ամեն կերպ ներկայացնելու են նաև իրանական մշակույթը։

Ասուլիսին ներկա «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշեց` շատ կարևոր է, որ երկու բարեկամ ժողովուրդները կարողանան հարաբերվել, փոխանակել, ավելացնել միմյանց մշակութային ժառանգությունը։

Նա ընդգծեց, որ փառատոնի ամենակարևոր ծիսական կերակուրը Նավասարդի հարիսան է, որը չի հարվում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն։

ՀԿ–ի նախագահը նաև տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում անցկացվելու է խոհարարական մրցույթ, որի ժյուրիի կազմում լինելու են և՛ իրանցիներ, և՛ հայեր։

 

Image Caption

 

Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող մի խումբ դասական երաժիշտներ, փորձելով իրենց աջակցությունը հայտնել շրջափակված Արցախին, առցանց հարթակում կանցկացնեն «Արցախի խաղաղության փառատոն»-ը (Artsakh Peace Festival):

Փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել է մանիֆեստ՝ հանուն Արցախի:

«Մենք` աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող երաժիշտներս, այսօր մեր ձայնն ենք բարձրացնում ի պաշտպանություն Արցախի  ժողովրդի, որը կանգնած է աննախադեպ հումանիտար ճգնաժամի առաջ։ Ութ ամիս շարունակ 120 հազար մարդ համատարած շրջափակման մեջ է՝ իրական ցեղասպանության սպառնալիքի ներքո։

Արցախի բնակիչները 3 տարի առաջ բախվեցին ավերիչ պատերազմին՝ պատերազմ, որտեղ հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ տասնյակ հազարները ստիպված եղան լքել իրենց տները՝ հարկադրաբար հեռանալով իրենց նախնիների հազարամյա գյուղերից ու քաղաքներից:

Արցախի մնացած հատվածն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ։ Արցախն այսօր, ասես պաշարված ամրոց, դիմակայում է ծանրագույն դժվարությունների, սակայն մարդիկ չեն ցանկանում լքել իրենց պապերի երկիրը։ Պաշարումը մարդկանց զրկել է բոլոր իրավունքներից և ազատություններից, տեղաշարժման հնարավորությունից, սննդի և դեղորայքի մատակարարումից, վառելիքից և խաղաղ, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ մնացյալ ամեն ինչից։ Փոխարենը՝ արցախցին ամենօրյա սպառնալիքներ է ստանում Ադրբեջանից, որը կրակում է անգամ գյուղտեխնիկայի վրա՝ գյուղացուն թույլ չտալով մշակել սեփական հողը։

Մենք՝ երաժիշտներս, որ մեր կյանքը նվիրել ենք ամենաբարձր ու գեղեցիկ արվեստին, այսօր ցանկանում ենք Արցախի մեր հանդիսատեսի հետ կիսել մեր լավագույն զգացմունքները և կարևորագույն մտքերը: Մենք ուզում ենք նվագել ու երգել արցախցիների համար, որպեսզի նրանց վերադարձնենք ՀՈՒՅՍԸ։

Մենք` երաժիշտներս, այսօր նույնպես զրկված ենք Արցախի մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալու հնարավորությունից։

Այդ պատճառով մենք հայտարարում ենք Արցախի խաղաղության փառատոնի մեկնարկը՝ վիրտուալ փառատոնի, որը կոչված է երաժշտության միջոցով պատմելու պաշարված ժողովրդի մասին, կոտրելու լռության պատը, մեր ձայնը դարձնելու Արցախի ձայնը: Ինչպես բոլորովին վերջերս, երբ մարդիկ իրարից բաժանված էին կովիդի պատնեշով, այսօր էլ՝ այս բաց աշխարհում, մենք ստիպված ենք Արցախի մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալ՝ օգտագործելով ինտերնետային միջոցները։

 

Image Caption

 

 Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Orvinio Cinema փառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ:

Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը:

Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին: Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է, ով պատասխանատվություն է կրում ոչ հարազատ, բայց արդեն իր ընտանիքի անդամ համարվող մարդկանց համար: Տանտիրոջ՝ պապի ինքնասպանությունից հետո տան ամբողջ հոգսն այս կնոջ ուսերին է: Վերջում խոսում է Զուլալին: Նա բացահայտում է, թե ինչպես է մեծ ողբերգությունը շրջել իր կյանքը, ինչպես է կորցրել միտքը և ինչպես լույս աշխարհ եկավ Նազարոսը:

 

Image Caption

 

Հայաստանի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում հայկական տարազի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, տարազի ժողովրդականացմանը նպաստելու նպատակով օգոստոսի 12-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը:

Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Փառատոնի երկրորդ մասում ազգային հագուստի ցուցադրություն կլինի:

Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական ավանդական երգի-պարի համույթներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ: «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

 

Image Caption

 

Թբիլիսիի Ախմետելիի թատրոնում կայացել է թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի վերջին սցերնարի հիմա վրա բեմադրված «Խոստովանություն» թատերական ներկայացման փակ ցուցադրությունը:

Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին: 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանություն» ֆիլմը, որը, սակայն, անավարտ մնաց: Նա կյանքից հեռացավ` չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահղացումները: Կյանքի վերջին օրերին, Թբիլիսիի իր տանն անկողնուն գամված էր, երբ որոշեց տեղափոխվել Հայաստան:

Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին:

Image Caption

 

Թուրք պաշտոնյաները պնդում են, որ «Աթաթուրք» սերիալը հեռացվել է Disney+ հարթակից՝ ԱՄՆ-ում հայկական լոբբիի ճնշման պատճառով։

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի կյանքի մասին պատմող, 6 մասից բաղկացած սերիալը հեռացնելու Disney+ ընկերության որոշումը  մեծ աղմուկ է բարձրացրել, և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ որոշումը կայացվել է հայկական լոբբիի ճնշման արդյունքում:

Որոշման մասին լուրերը հրապարակվել են թուրքական ԶԼՄ-ներում: Սերիալը պետք է ցուցադրվեր հոկտեմբերի 29-ից՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Ընկերությունը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է «բովանդակության վերանայման ռազմավարության» շրջանակում:

Թուրքիայի «Ենի Չա» (Նոր դար) թերթը գրել է, որ սերիալը Disney+ հարթակից հեռացվել է  հայկական լոբբիի ճնշման ներքո, քանի որ, ըստ թերթի, «հայերը վախենում էին, որ այն կթաքցնի Աթաթուրքի դերը Հայոց Ցեղասպանություն մեջ»։

 

Image Caption

 

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը տեղի է ունեցել սեմինար՝ նվիրված հայկական եւ չինական արվեստին։ Միջոցառման շրջանակում ներկայացված են ՀՀ Նկարիչների միության անդամ 10 հայ նկարիչների գործեր։ Միջոցառումը կազմակերպվել է  Հայաստանում Չինաստանի դեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Նկարիչների միության նախաձեռնությամբ, այն դարձել է պլատֆորմ հայ եւ Հայաստան ժամանած չինացի նկարիչների փորձի փոխանակման համար։

 

Ողջունելով հյուրերին՝  Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը նշել է, որ Հայաստանն առաջիններից մեկն է աջակցել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրին, եւ արվեստի չինացի գործիչները որոշել են այցելել Հայաստան, որպեսզի մոտիկից ծանոթանան հայկական մշակույթին։ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում չինացի նկարիչները կստեղծեն կտավներ՝ կապված Հայաստանի հետ։

 

«Փորձի փոխանակումը շատ կարեւոր է, եւ այսօր մենք հրավիրել ենք չինացի եւ հայ արվեստագետներին, որպեսզի արդյունավետ հանդիպում ունենանք։ Թե՛ Չինաստանը, թե՛ Հայաստանը հնագույն քաղաքակրթություն եւ հարուստ մշակույթ ունեն, եւ այս առումով  շատ կարեւոր են նման հանդիպումները, փորձի փոխանակումը՝ չին-հայկական մշակութային կապերի զարգացման համար։ Վստահ եմ, որ  նման միջոցառումների շնորհիվ չինացի եւ հայ ժողովուրդները միմյանց ավելի լավ կճանաչեն, ինչը շատ կարեւոր է երկու ժողովուրդների համար», ասել է դեսպանը։