Հոկտեմբեր 09, 2023 12:17 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Սպահանում  Զբոսաշրջության շաբաթվա առիթով կայացած ձեռարվեստի և հյուրանոցային տնտեսության 13-րդ միջազգային ցուցահանդեսում ցուցադրվել են իրանական ձեռարվեստի ոլորտի արվեստագետների աշխատանքները:

Սպահանի զբոսաշրջության և ձեռարվեստի միջազգային ցուցահանդեսը Իրանի զբոսաշրջության ոլորտի կարևորագույն իրադարձություններից է, որն ամեն տարի անցկացվում է Իրանում զբոսաշրջության համաշխարհային օրվա և զբոսաշրջության շաբաթվա  առիթով: 

Սպահանի զբոսաշրջության ցուցահանդեսում պատմական գրավչությունների ներկայցմանը զուգահեռ, ցուցադրվել են ձեռագործ գորգեր,Ղալամքարի (Կտորը նկարազարդելու իրանական արվեստ), խաթամքարի,մոնաբաթքարի (փորագրություն փայտի վրա), կարպետագործության  և տասնյակ այլ իրանական նուրբ արհեստների եզակի նմուշներ: 

Սպահանը Իրանի զբոսաշրջության, ձեռարվեստի և տուրիստական կարևոր քաղաքներից է և շնորհիվ պատմական շինությունների և մշակութային ժառանգության և իրանական ինքնուրույն  ճարտարապետության, անվանվում է Նեսֆ-Է Ջահան,որը թարգամաբար նշանակում է «աշխարհի կեսը»:

Սեպտեմբերի 27-ը (իրանական մեհր ամսի 5-ը) հռչակվել է Զբոսաշրջության համաշխարհային օր, և այս օրը օտարերկրյա զբոսաշրջիկներն այցելում են Իրանի գեղատեսիլ վայրեր։

Իրանն իր կլիմայական բազմազանությամբ հայտնի է որպես չորս եղանակ ունեցող երկիր, և իր բազմազան ու տպավորիչ զբոսաշրջային հնարավորությունների շնորհիվ մշտապես գտնվել է օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում:

Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվել է իրանական 54 քարավանատուն (իջևանատուն), որոնցից մեկը «Խաջե-Նազար» քարավանատունն է: Պատմական Սեֆյանների ժամանակաշրջանի այս յուրահատուկ քարավանատունը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում Արևելյան Ատրպատական նահանգի Արաս առևտրի ազատ գոտում (Ջուղա)։

Խաջե-Նազար քարավանատունը, որը պահպանվել է Սեֆյանների դարաշրջանից Արաքս գետի ափին՝ Ջոլֆա քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, կառուցվել է Մետաքսի ճանապարհին երթևեկող առևտրային քարավանների համար հանգստանալու և հանգրվանելու նպատակով։

«Արաս» ազատ գոտու կազմակերպության զբոսաշրջության փորձագետ Աբոլֆազլ Ռանջբարը «Iran Press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Խաջե-Նազար քարավանատունը ավելի քան 400 տարվա պատմություն ունի և կառուցվել է Շահ Աբբաս Սաֆավիի օրոք»։

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 27-ը հռչակել է որպես Զբոսաշրջության համաշխարհային օր և ամեն տարի կարգախոս է հայտարարում այս օրը նշելու համար: 2023 թվականի Զբոսաշրջության համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Կանաչ զբոսաշրջություն և ներդրումներ»։

Ակրոբատներ Վարդանյան եղբայրները, որոնք լայն ճանաչում ունեն աշխարհում, հանդես են եկել Երևանում:

Նրանց ներկայացումները տեղի են ունեցել սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ժամը 17:00-ին Շապիտո կրկեսում: Այդ օրերին ակրոբատները հյուրընկալել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանուկներին՝ նրանց տանելով կրկեսի հեքիաթային աշխարհ:

Վարդանյան եղբայրներից բացի, հետաքրքիր համարներով ներկայացան կրկեսի այլ աստղեր՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, դանակ նետողներ և աճպարարներ։

Ծրագիրը ոչ միայն երեխաներին է հետաքրքրել, այլև մեծահասակներին: Ակրոբատ եղբայրները ստեղծել են բոլոր պայմանները, որ հանդիսատեսը լիովին վայելի յուրօրինակ կրկեսը։

Վարդանյան եղբայրները վեցերորդ անգամ են հանդես գալիս Երևանում: Նրանց ելույթները դիտելու էին գնացել 44-օրյա պատերազմի մասնակից հերոսների հարազատներ, ընտանիքի անդամներ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ և սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ:

Ներկայացումների ընթացքում ավելի քան 600 հրավիրված հանդիսատես հնարավորություն է ունեցել հիանալ նմանը չունեցող կրկեսային համարներով:
 

«Հայ ֆեստ» (High Fest) 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի 2-8-ը՝ Երևանում, չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները. պահպանվել են միայն կրթական ծրագրերը:

Փառատոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. «Մեզ համար մշակութային փոխանակումն ու համագործակցությունը միշտ էլ կարևոր են եղել, հետևաբար «Ավինյոն» փառատոնի հետ մենք պահպանում ենք կրթական ծրագիրը՝ ներառելով հանրային քննարկումներ, կլոր սեղաններ և վարպետության դասեր։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին, հովանավորներին, հյուրերին, մասնակիցներին, հանդիսատեսին և հավատում ենք, որ արվեստը կշարունակի ծառայել որպես ոգեշնչման և լույսի աղբյուր մեր կյանքում»:

Գրավելով թատերասերների ուշադրությունը՝ «Հայ ֆեստ»-ն արդեն հաստատվել է որպես թատերարվեստի զարգացմանն ու մշակութային փոխանակմանը նպաստող խոշոր իրադարձություն: Այս տարի փառատոնն ավելի մեծ ուշադրություն է գրավում, քանի որ դառնում է «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչների հետ հանդիպման և երկխոսության հարթակ։

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում անցկացվող «Ավինյոն» փառատոնը թատերական աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ իրադարձություններից է։ Այստեղ հավաքվում են աշխարհի տարբեր երկրների լավագույն թատերական խմբերն ու ռեժիսորները՝ ներկայացնելով ժամանակակից բեմադրություններ և ուսումնասիրելով թատերարվեստի նոր ձևերը:

Այն ամենամյա կատարողական արվեստների միջազգային փառատոն է, որը իրականացվում է Հայաստանում: Առաջին անգամ կայացել է 2003-ին: Հայ հանդիսատեսը «Հայ ֆեստ»-ի շրջանակներում հնարավորություն է ստանում ծանոթանալ համաշխարհային կատարողական արվեստի արժեքներին։ 2019-2021 թվականներին ԵՓԱ-ն (Եվրոպական փառատոների ասոցիացիա) թվով 715 եվրոպական փառատոններից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընդգրկվել է 24  լավագույնների ցանկում: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը։ 

44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մատենադարանը՝ վստահեցնելով, որ բոլոր բնօրինակները Մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար։ Այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները։

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը երկրորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:

Երրորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Չորրորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Հինգերորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:

Վեցերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը՝ այս անգամ մեկ այլ հրատարակչության լույսընծայմամբ։

Յոթերորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը» գիրքը՝ այս անգամ մեկ այլ հրատարակչության լույսընծայմամբ։

Կորնեյ Չուկովսկու «Այբոլիտը» ութերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

Իններորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Տասներորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը՝ այս անգամ մեկ այլ հրատարակչության լույսընծայմամբ։