Հոկտեմբեր 18, 2023 11:29 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Հոկտեմբեի 12-ն Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում հռչակվել է  Իրանցի մեծ բանաստեղծ Հաֆեզի մեծարման օր:

Խաջե Շամսեդդին  Մոհամմադ Հաֆեզ Շիրազին  8-րդ դարի (Լուսնային հիջրեթի 727-792 թթ.)  աշխարհահռչակ բանաստեղծ է :  

Հաֆեզ Շիրազին անգիր է իմացել Ղուրանը, որի համար էլ ստացել է Հաֆեզ (Ղուրանն անգիր իմացող) մականունը:

Հաֆեզ Շիրազիի «Դիվանում» ընդգրկված են Հաֆեզի 500 գազելներ, ռուբայիներ և քասիդներ:

Հաֆեզ Շիրազիի ձեռագիր բանաստեղծությունները  հասանելի  են Իրանի, Հնդկաստանի, Աֆղանստանի, Պակիստանի և Թուրքիայի գրադարաններում։ 

Հաֆեզ Շիրազիի «Դիվանի» թարգմանությունները հասանելի են ամբողջ աշխարհում, և բանաստեղծներն ու մտածողները, ինչպիսիք են գերմանացի բանաստեղծներ ու մտածողներ՝ «Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն» և «Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեն» սիրով են  հիշել  նրան և ազդվել են նրա բանաստեղծություններից։

Խաջե Շամսեդդին Մոհամմադ բեն Բահաեդդին Հաֆեզ Շիրազին վախճանվել է 65 տարեկան հասակում։

«Դելֆին տղան», «Լուպետու» և հիմա էլ « Ճարպիկ երեխան» անիմացիաների հաջողությունը, որպես իրանցի արտադրողների վերջին անիմացիոն արտադրություն, ցույց է տալիս Իրանում այս արդյունաբերության դժվարին, բարդ և միևնույն ժամանակ հաջող ուղին։

Այս օրերին Իրանի կինոթատրոններում ցուցադրվում է «Ճարպիկ երեխան» անիմացիան, որը սկզբից մինչև վերջ ժպիտ է պարգևում իր հանդիսատեսին: Այն համակցված և ոչ այնքան նոր , բայց  առանձնահատուկ  թեմատիկայով, և յուրահատուկ կերպարների կերտմամբ ու քաղցր առոգանությամբ իր հանդիսատեսին, այն է երեխաներին  մեծ ուրախություն  է  պարգևում: 

«Ճարպիկ երեխան» Մոհսեն անունով մի տղայի պատմությունն է, ով իրեն սուպերհերոս է համարում։ Նա  հազվադեպ զուգադիպությամբ մտնում է խորհրդավոր անտառ և հանդիպում Իրանի անհետացած կենդանիներին, ինչը բարդ արկածախնդրության սկիզբն է՝ իրանական վերջին վագրին փրկելու համար:

Այս անիմացիայի մեջ կան օրինակելի  կերպարներ, որոնք  ցուցադրում են համապատասխան ուղերձներ, ինչպիսիք են համագործակցությունը, կենդանիներին օգնելը, սեփական կարողություններին հենվելը  և Աստծուն ապավինելը: 

Թարգմանչաց տոնի առթիվ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Օշականում անցկացվեց «Կանթեղ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Մրցանակների արժանացան թարգմանիչներ Կարեն Խուրշուդյանը, Լեոնիդ Զիլֆուղարյանը, Պավել Չերկաշինը, Տատյանա Յուրգենսոնը և Արևշատ Ավագյանը: Ժամանակակից հայ գրականությունը Ռուսաստանում հանրահռչակելու և «Նռան ծառ» գիրքը կազմելու համար պատվոգիր տրվեց Նաիրա Սիմոնյանին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց՝ այլ լեզուներից հայերեն բազմաթիվ գրքեր են թարգմանվում. թարգմանում են լեհերենից, վրացերենից, անգլերենից, ֆրանսերենից, իսպաներենից, ռուսերենից և այլն:

«Մեր խնդիրը ոչ միայն այլ լեզուներից հայերեն թարգմանելն է, այլև  հայ հեղինակների գործերն արտերկրում օտար լեզուներով թարգմանելը: Այդպիսի գրքեր տպագրվում են Ռուսաստանում, Լեհաստանում, Չինաստանում, Գերմանիայում և այլուր, ինչը կարևոր է հայ ժամանակակից գրականությունը հանրահռչակելու համար»,-նշեց Միլիտոնյանն ու հիշեցրեց վերջերս լույս տեսած «Նռան ծառը» ժողովածուի մասին, որում զետեղվել են հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններ՝ ռուսերեն թարգմանությամբ: Թարգմանիչները Պավել Չերկաշինն ու Տատյանա Յուրգենսոնն են:

Միլիտոնյանը գրքի միջազգային ցուցահանդեսների, տարբեր հանդիպումների ընթացքում փաստել է, որ արտերկրի գրողներին հետաքրքրում են հայ ժամանակակից հեղինակները, և նրանք ցանկանում են իմանալ, թե հայ գրողներն ինչ գեղարվեստական մտածողություն ունեն:

«Մենք  քսան տարում բազմաթիվ գրքեր հայերենից այլ լեզուներով ենք հրատարակել և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում: Հիմա այդ շարժումը կա, և ուրախալի է, որ ամեն տարի նոր լույս տեսած և հետաքրքիր գրքերի թարգմանիչների ենք մրցանակներ հանձնում»,-ասաց միության նախագահն ու շեշտեց՝ հայ ժամանակակից գրականությունը բազմազան է, հետաքրքիր:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային պատվավոր խուրհրդի նոր անդամ է դարձել աշխարհահռչակ պրոդյուսեր, Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» ֆիլմի համար Օսկար մրցանակի դափնեկիր, Եվրոպական կինոակադեմիայի «Կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար» մրցանակի դափնեկիր, Ջիմ Ջարմուշի, Տակեշի Կիտանոյի, Յեժի Սկոլիմովսկու, Դեյվիդ Քրոնենբերգի և 20-րդ դարի բազմաթիվ այլ մեծանուն ռեժիսորների ֆիլմերի հռչակավոր բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասը:

 «Ոսկե ծիրան»-ի միջազգային խորհրդի կազմում Ջերեմի Թոմասն ընկերակցելու է այնպիսի կարկառուն կինոգործիչներին, ինչպիսիք են  Բեռլինի Ոսկե արջի, Կաննի կինոփառատոնի գրանպրի մրցանակների դափնեկիր, կրկնակի օսկարակիր իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, Կաննի կինոփառատոնի FIPRESCI և լավագույն սցենար, ինչպես նաև Վենետիկի կինոփառատոնի Արծաթե արջ մրցանակի դափնեկիր կորեացի ռեժիսոր Լի Չան Դոնը, Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակակիր և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր լեհ ռեժիսոր, սցենարիստ Կշիշտոֆ Զանուսին, հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգը, աշխարհահռչակ դոկումենտալիստ Գոդֆրեյ Ռեջիոն, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր, գերմանացի ռեժիսոր Մարգարտե Ֆոն Տրոտտան, կանադացի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի գրանպրի մրցանակի դափնեկիր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային պատվավոր խորհրդի հիմնադիր նախագահն է Շառլ Ազնավուրը:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ –1» գեղարվեստական վեպը, որը պատմում է Արցախյան երեք պատերազմների ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին։ Այս վեպն առաջինն է, որում հեղինակն անդրադառնում է մեր ժամանակներին, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

Երկրորդ հորիզոնականում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: 

Երրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին:

Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն չորրորդ տեղում է։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: 

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» հինգերորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ 

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը վեցերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը:

Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: 

Ութերորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: 

Իններորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Տասներորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: