Գեղարվեստական հաղորդում
Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։
Առաքելական եկեղեցու հետևորդ իրանահայերը պատրաստվում են հունվարի 6-ին նշել Սուրբ Ծնունդը:
Կաթոլիկ աշխարհը Սուրբ ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին:
Իրանցիները նույնպես մասնակից են դառնում այդ տոնին և այս օրերին շուկաներում ու առևտրի կենտրոններում տիրում է Սուրբծննդյան տրամադրություն:
Սուրբծննդյան ընթրիքի ամենակարևոր ուտեստները ձուկը և բրնձով փլավն են:
Քաղցրավենիքից սեղանին անպայման պետք է լինի գաթա, ինչպես նաև այլ քաղցրավենիք: Տոնական սեղանը պետք է առատ լինի, որպեսզի տունը լցվի բարիքով ու օրհնությամբ:
Pars Today-ի հայկական բաժինը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորում է աշխարհի բոլոր քրիստոնյաներին, հատկապես հայերին և խաղաղություն ու հանգստություն է մաղթում աշխարհին։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարի տեղակալ Յասեր Ահմադվանդն այցելել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանին։
Յասեր Ահմադվանդը և նրան ընկերակցող պատվիրակությունը ,որոնք այցելել էին Սրբազան Հոր բնակարան, առողջություն և բարի ապաքինում են մաղթել Սրբազան Հորը։
Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց և ասաց, որ նոր ուղերձ է հղել Պաղեստինի և Գազայի դեպքերի վերաբերյալ և կոչ է արել գործնական միջոցներ ձեռնարկել անարդար ու անմարդկային ռմբակոծությունները դադարեցնելու համար։
Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդը հավելել է.«Ինձ համար զարմանալի է, որ համաշխարհային տերությունները չկատարեցին պատերազմին վերջ դնելու իրենց պարտականությունը, բայց ես հավատում եմ, որ պաղեստինյան ժողովրդի հավատքն ի վերջո, կհանգեցնի նրա հաղթանակին»:
Ահմադվանդը շնորհակալություն հայտնելով Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանին Պաղեստինի ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու համար , հույս է հայտնել, որ որպես հայտնության երկիր՝ Պաղեստինի ժողովուրդը միմյանց կողքի կապրի խաղաղ։
Մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանի գլխավոր զարդը՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը 100 տարեկան է:
«Նկարի համար ֆոն ծառայող կապույտ թաշկինակի վրա ես կախեցի իմ սիրած եգիպտական դիմակը: Դժվարանում եմ ասել, թե ինչու Չարենցի հետ կողք կողք նկարեցի դարերի խորքից եկող այդ դիմակը: Հաճախ արվեստագետը ներքին խոյանքի ենթարկվելով ստեղծագործության մեջ ներդնում է մինչև վերջ չգիտակցված բովանդակություն, որը բացահայտվում է տարիներ հետո միայն: Կարևորն այն է, որ եգիպտական դիմակը Չարենցին էլ դուր եկավ: Ըստ էության՝ հին եգիպտական արվեստի այդ բարձրագույն նվաճման մեջ ինչպես կիզակետում համընկան մեր գեղարվեստական ճաշակները: Դիմակի աչքերը, որոնց մեջ հավերժի պահությունն էր արտացոլվում՝ հակադրվելով Չարենցի կենդանի, իմաստուն աչքերի հետ, շեշտում էին դրանց անհուն խորությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարտիրոս Սարյանը:
«Մարտիրոս Սարյանն օրերից մի օր հանդիպում է Եղիշե Չարենցին Աստաֆյան փողոցում և ասում՝ իհարկե գրողին շատ է նկարել, բայց ցանկանում է մեկ այլ կտավ ստեղծել: Պայմանավորված օրը Սարյանը գնում է Չարենցի տուն և նրան գտնում լարված վիճակում: Սկսում է նրա հետ զրուցել, որպեսզի Չարենցը մի փոքր հանդարտվի և բնական լինի, սակայն դա նրան չի հաջողվում և որոշում է մեկ այլ անգամ նկարել գրողին»,-պատմում է թանգարանի էքսկուրսավար Աստղիկ Աղայանը:
Որոշ ժամանակ անց առանց Չարենցին զգուշացնելու Սարյանը գնում է նրա տուն: «Չարենցը շատ զբաղված է լինում. կինը և դուստրը ևս տանն էին: 1923 թվականի հենց այդ օրը ստեղծվում է «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը»,-ասում է Աղայանը:
Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Արամ Խաչատրյանը (1903-1978 թթ.):
Նամականիշի վրա նաև պատկերված են կոմպոզիտորի ստորագրության անգլերեն տարբերակը, Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված լոգոտիպը, «Արամ Խաչատրյան» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խաչատրյանին դասել է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:
Գույներ, պղպջակներ, ձեռնածուներ, ծաղրածու, ակրոբատներ և, իհարկե, հեքիաթային տրամադրություն. Երևանում են ակրոբատներ Վարդանյան եղբայրները, ովքեր իրենց հետ բերել են կրկեսային որակյալ և հետաքրքիր շոու ներկայացում:
Կրկեսի բեմը առանց ակրոբատների անհնար է պատկերացնել, իսկ ակրոբատներ Վարդանյան եղբայրների մոտ սերը կրկեսի հանդեպ ձևավորվել է դեռ փոքր տարիքից:
Անդրադառնալով մասնագիտության դժվարություններին` Գևորգն ասաց` այն, իհարկե, բարդ է, բայց, եթե սիրում ես ու նպատակ ունես, ամեն ինչ շատ հեշտ է դառնում:
Ուժային ակրոբատ Անդրանիկ Վարդանյանը նշեց, որ կրկեսում աշխատելու և այդ աշխարհը լավ ճանաչելու համար առաջնայինը լավ ուսուցիչներ ունենալն է: Եղբայրները նկատեցին՝ ժամանակակից աշխարհում շատ քչերն են հետաքրքրված այս ժանրով, իսկ իրենք միտք ունեն ստեղծել նոր նախագծեր ու զարգացնել իրենց սիրելի ուղղությունը նաև Հայաստանում։
Մեծ ճանաչում ձեռք բերած ակրոբատ եղբայրները նշեցին, որ երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չէին եղել:
Եղբայրները ուրախությամբ պատմեցին, որ այս օրերին հայ հանդիսատեսին՝ հատկապես փոքրիկներին, նախադեպը չունեցող հեքիաթային շոու ծրագիր է սպասվում:
Տղաները նշեցին՝ ամեն ինչ արել են, որպեսզի երեխաների համար ստեղծեն տաք և հարմարավետ պայմաններ: Կրկեսային ներկայացումները կլինեն մինչև հունվարի 7-ը, սակայն կազմակերպիչներն անհրաժեշտության դեպքում կարող են ժամկետը երկարաձգել։
Դերասան Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն, վերադառնում է էկրաններ Kinodaran սթրիմինգային հարթակի հետ նոր նախագծով։
Վ. Սիմոնյանը, որը հայտնի է իր դերերով «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Եթե բոլորը», «Ուրիշի փոխարեն», «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմերում, «Թաքնված տեսախցիկ» ծրագրով, երկար ժամանակ է՝ բացակայում է էկրաններից։
Այժմ սպասվում է նրա մեծ վերադարձը ռեալիթի շոուի ֆորմատով։
Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը հաղորդել է, որ Վահագն Սիմոնյանը կդառնա իրենց նոր գոյատևման ռեալիթի շոուի գլխավոր հերոսը։
Նախագծի ընթացքում, որը հենց նրա այժմյան կյանքի արտացոլումն է լինելու, դերասանը պետք է միայնակ և առանց արտաքին աշխարհից որևէ օգնության ապրի, իր համար սնունդ ապահովի, ապաստան կառուցի և լուծի գոյատևման խնդիրները՝ հիմնվելով իր գիտելիքների, հմտությունների ու փորձի վրա։
Վերջին տարիներին Վահագն Սիմոնյանը ընտանեկան ու իրավական լուրջ խնդիրների պատճառով կորցրել է ընտանիքը, տունն ու հայտնվել դրսում։ Այժմ միայնակ ապրում է Ապարանի գյուղերից մեկում՝ իր կառուցած հյուղակում։
Kinodaran-ի թիմը նպատակադրված է այս նախագծով սիրելի արտիստին աջակցել, ստեղծել դիտարժան շոու ու լսարանի համար նոր ձևաչափով և կերպարով բացահայտել Վահագնին։