Հունվար 16, 2024 14:50 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով բացօթյա ցուցահանդեսի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկար է ընդգրկված։ 

Ցուցահանդեսը, որը բացվել է դեկտեմբերի 14-ին Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում և գործել է մինչև հունվարի 15-ը, կազմակերպել են Փարիզի քաղաքապետարանն ու «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպությունը: 

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպությանը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար և նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն այդ համերաշխության հերթական դրսևորումն է։ 

Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել և խոսքով հանդես են եկել նաև Փարիզի փոխքաղաքապետներ Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն, նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է:

Երկրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց:

Երրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: 

Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուն չորրորդ տեղում է։  Այն հատկանշվում է գրողական ընդգծված անհատականությամբ, սեփական տեսակը ճանաչելու և նրան հարազատ լինելու շատ կարևոր ունակությամբ, իրականության յուրովի ընկալման և մեկնաբանման ինքնատիպ վարպետությամբ: 

Հինգերորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ 

Վեցերորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ –1» գեղարվեստական վեպը, որը պատմում է Արցախյան երեք պատերազմների ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին։ 

Յոթերորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ:

Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ»-ը ութերորդ տեղում է։ Մ.թ.ա. առաջին դարում համաշխարհային տիրապետության ձգտող Հռոմը ցանկանում էր զավթել Փոքր Ասիան, բայց հռոմեական նվաճումների շղթան չէր ամբողջանում, որովհետև իրենց անկախության ու ազատության համար հերոսական պայքարի են ելնում Պոնտոսը, Հայաստանը և Պարթևստանը: Հայրենի երկիրը հռոմեական ավարառուներից պաշտպանելու համար ոտքի է կանգնում նաև հայ ժողովուրդը և ապրելու ու գոյատևելու իր իրավունքը պաշտպանում զենքի ուժով: Արքայից արքա Տիգրան Բ Մեծի գլխավորությամբ Հայաստանը դառնում է աշխարհի հզոր տերություններից մեկը: Այդ դարաշրջանի գեղարվեստական պատկերն է  արտացոլվում անվանի արձակագիր, պետական մրցանակի դափնեկիր Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպում:

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» իններորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։

Տասներորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրականացրել է  երաժշտական նոր նախագիծ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը:

Նախագիծը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության,  Կապանի համայնքապետարանի և անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ նախաձեռնությամբ:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնը  տեղի ունեցավ հունվարի 13-ին ժամը 19։00-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում:

Համերգին մասնակցել են Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Գարի Եփրիկյանը (երգեհոն), Արմեն Քարամյանը (դաշնամուր), Արմեն Պուչինյանը (դաշնամուր):

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, 9 համերգներով հանդես է եկել Չինաստանի հեղինակավոր համերգասրահներում: Նվագախումբը նոր է վերադարձել Չինաստանում կայացած մեծ շրջագայությունից: 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրությունից հայտնվել է որ շրջագայությունը կայացել է Armstrong Poly երաժշտական գործակալության հրավերով, որը Չինաստանում ծավալում է իր գործունեությունը պետական հովանու ներքո և հանդիսանում է Չինաստանի լավագույն համերգասրահներում ամենամանշանակալի համերգների կազմակերպիչը: 

Համերգները կայացել են 2023թ.-ի դեկտեմբերի 20, 21, 22, 24, 25, 26, 28, 29, 31-ին հետևյալ համերգասրահներում՝ Shanghai Grand Theatre (Շանհայ), Zhuzhou Shennong Grand Theatre (Չժուժոու),  Changsha Concert Hall (Չանշա), Qianjnang Caoyu Grand Theatre (Ցիենցզյան), Guangxi Culture and Art Centre (Գուանժու), Changshu Grand Theatre (Չանշու), Baoji Grand Theatre (Բաոծի), Shanxi Grand Theatre (Շանսի), Shenyang Shengjing Grand Theatre (Շենյան): 

Համերգային ծրագրերում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի, Չայկովսկու, Յոհան Շտրաուսի, Բրամսի, Էնդրյու Ուեբբ-Միտչելի, Ռոսինիի, Պուչինիի, Բիզեի ստեղծագործությունները: Ազգային ֆիլհարմոնիկի հետ հանդես են եկել իռլանդացի անվանի դաշնակահար Բարրի Դուգլասը, չինացի ջութակահար Ռեյ Չժանը, չինացի սոպրանո Կոնստանս Սյուեն և Չուհայ քաղաքի Մանկական դասական երգչախումբը (Zhuhai Classical Children's Choir): Բոլոր համերգներն անցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: 

Լուվրում նախապատրաստվում է բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Տարեկան 9,6 միլիոն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում։ Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Իսկ Հայաստանում Լուվրն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։