Փետրվար 14, 2024 09:46 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անցյալ չորեքշաբթի իր ամենշաբաթյա  մամուլի ասուլիսում զգուշացնելով Հայաստանին, ասել է,-«Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ մտերմություն հաստատելիս պետք է գնահատի իր անվտանգային ռիսկերը և հիմնվի ազգային շահերի վրա»։

«Կարծում եմ՝ եթե ինչ-որ մեկը մտերմություն է ցանկանում, պետք է հասկանալ՝ որքանով է դա անվտանգ և ինչ հետևանքների կհանգեցնի: Մենք արդեն տեսել ենք՝ ՆԱՏՕ-ի հետ մտերմությունն ինչ հետևանքներ է ունենում շատ երկրների համար՝ ներքաշում հակամարտություններում, ինքնիշխանության և անկախության կորուստ... և ամենակարևորը՝ ազգային շահերին հետևելու հնարավորության կորուստ», -ասել է Զախարովան:

Այս նախազգուշացումն արվել է Ռուսաստանի կողմից այն դեպքում, երբ այս երկիրը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու փորձի պատճառով ,2022 թվականից ի վեր Կիևին խոշոր ռազմական հարձակման է ենթարկել։ Ռուսաստանից բացի, Իրանը նույնպես մտահոգություն է հայտնել իր հյուսիսային հատվածում ՆԱՏՕ-ի ներկայության վերաբերյալ։ Անցյալ տարի Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Սամարղանդում կայացած հանդիպմանը դիմելով Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարներին ասել էր, որ ՆԱՏՕ-ին  անդամակցությամբ շահագրգռված երկրների կողմից այս կազմակերպության քաղաքականության հետապնդումը  ամեն կերպ  սպառնալիք է տարբեր տարածաշրջանների համար, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը  պաշտպանելու  է իր ազգային անվտանգությունը և շահերը տարածաշրջանում։ 

Արևմուտքը ջանքեր է գործադրում,որպեսզի Արևելյան Եվրոպայի երկու հարևան երկրներ՝ Մոլդովան և Ուկրաինան, Կովկասի երեք հարևան երկրներ՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները, հատկապես Ղազախստանն ու Ուզբեկստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այս երեք կետերը գտնվում են  մի գծի վրա և աշխարհագրորեն Եվրոպան կամ Արևմուտքը ուղղակիորեն տանում են դեպի Եվրասիայի սիրտը: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի կամ Հայաստանի անդամակցությանն առանձին  հայացքով դիտելը սխալ է, և դեպի Արևելք ընդլայնման ջանքերը պետք է դիտարկել մակրո շրջանակում՝ Եվրասիայի սիրտը և արևելյան տերությունների միջին տարածությունը ձեռք բերելու համար։

Փորձելով լինել Եվրասիայի սրտում՝ Արևմուտքը ձգտում է տիրել Ռուսաստանին պատկանող Սիբիրի, Չինաստանին պատկանող Սինցզյանի և Արևմտյան Ասիայում գտնվող Իրանի ռեսուրսներին։ Սիբիրը և Սինցզյանը որպես երկու հարուստ ռեսուրսներով հսկայական շրջաններ, պատճառ են դառնում, որ Չինաստանը և Ռուսաստանը  ստանան անկասելի հզորություն: Արևմուտքը ծրագրում է վերահսկել այս երկու շրջանները՝ դրանք բաժանելով Չինաստանից և Ռուսաստանից կամ գոնե գտնվել Սիբիրի և Սինցզյանի մերձակայքում, որպեսզի եթե Պեկինը և Մոսկվան փորձեն խույս տալ,  կարողանան այդ տարածքներն օգտագործել նրանց զսպելու համար։ Իրանի հյուսիսային տարածաշրջանում ներկայությունը, այն դեպքում,երբ  Արևմուտքը ներկա է նաև նրա հարավային և արևմտյան շրջաններում, կարող է հանգեցնել Թեհրանի հանձնմանը ՆԱՏՕ-ին: Այս իրադարձությունը եւս մեկ անգամ կվերականգնի Արեւմուտքի անվիճելի գերիշխանությունը Արեւմտյան Ասիայի նկատմամբ։

Եվրասիայի կենտրոնական հատված տեղափոխվելու ՆԱՏՕ-ի թույլ ու ինտենսիտվ քայլերը,  որոնք կարող են պայմանավորված լինել կարողություններով ու հնարավորություններով, չպետք է նույնացնել պլանի ավարտի հետ։ Արևմուտքը մտադիր է այս պլանն ավարտին հասցնել, նույնիսկ եթե դա երկար ժամանակ պահանջի: Սակայն, թվում է, թե Արևմուտքի ծրագիրն ուղեկցվում է ժամանակային հրատապությամբ, քանի որ Չինաստանի ապշեցուցիչ աճը, Դիմադրության առանցքի ուժեղացումը  շատ ժամանակ չեն թողել այդ պլանի իրագործման համար։

Ըստ վերլուծաբանների՝ առանց Կովկասի Արեւմուտքը չի հասնի եվրասիայի կենտրոնական հատված։ Հեշտ չէ անցնել Ռուսաստանի և Իրանի կողմից շրջապատված այս փոքր տարածքից։ Սիրիայի և Եմենի փորձը ցույց է տվել, որ չնայած  թվացյալ տարաձայնություններին, արևելյան երկրները շատ դեպքերում որդեգրել են միմյանց մոտ քաղաքականություն։ Այժմ կարելի է ակնկալել, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության մեծացմամբ կմեծանա նաեւ Արեւելքի առճակատումը  Եվրասիայում եւ Կովկասում  Արեւմուտքի այս չարաբաստիկ  ծրագրի հետ։

*

Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը եղել է ամենաանվտանգը և երաշխիք է հանդիսացել երկուստեք ընդլայնվող կապերի ու շփումների, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկեցության ու բարօրության համար, ուստի Թեհրանն իր քայլերով ցույց է տվել, որ կտրականապես չի հանդուրժի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում։

Այս կարծիքը փորձագետների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանն այսօր վարում է ամենաանկախ ներքին ու արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանում ոչ մի հավասարում չի կարող լուծվել առանց նրա։ Մեր երկիրը տարածաշրջանի ճգնաժամերի ու հիմնախնդիրների լուծման մաս է կազմում։ Չնայած վերջին 45 տարիներին Իրանի դեմ գործադրված ճնշումներին ու դավադրություններին՝ մեր երկիրն ունեցել է զգալի ձեռքբերումներ և, ի հեճուկս մեր դեմ կիրառված պատժամիջոցների, գրանցել է ակնառու առաջընթաց բոլոր ոլորտներում»,- ասաց Սոբհանին։

Դեսպանի բնորոշմամբ՝ Իրանը տարածաշրջանի երկրների հետ վարում է հավասարակշռված քաղաքականություն, որում հատկապես հարևան պետություններն ունեն առանձնահատուկ տեղ։ Մասնավորապես Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հաստատման օրվանից մինչ այժմ զարգացել են հետևողականորեն։ Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների փոխգործակցության ասպարեզում արձանագրված ձեռքբերումներն ունեցել են զարգացման հուսալի միտումներ։ Պատմական և քաղաքակրթական հիմքերը, բարիդրացիական համակեցությունը, մարդկային շփումներն ու հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ երկու երկրների պաշտոնյաների կամքն ու ցանկությունը եղել են ամուր հենք՝ խթանելով հետագա առաջընթացը։

«Երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի ու ապրանքաշրջանառության ծավալներն արձանագրել են կայուն առաջընթաց՝ ամրապնդելով փոխգործակցությունը հատկապես տնտեսության ու ենթակառուցվածքների ոլորտում։ Իրանի ու Հայաստանի ժողովուրդները մշտապես թե՛ ուրախության, թե՛ տխրության օրերին եղել են կողք կողքի։ Իրանն այսօր էլ աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և նախկինի պես պատրաստ է իր ողջ կարողությունները ծառայեցնել փոխգործակցության զարգացմանը»,- ասաց դեսպանը։

Սոբհանին շեշտեց, որ պաշտոնական Թեհրանն աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի բովանդակությունը, այն է՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը, հիմնված է երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Ըստ դեսպանի՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումն առավել քան տրամաբանական է ու միջազգային նորմերին համահունչ։

Խոսելով «3+3» ձևաչափի մասին՝ Սոբհանին հիշեցրեց, որ այն նախատեսված է նախևառաջ տարածաշրջանի երկրների միջև առկա հիմնախնդիրները սեփական կարողություններով լուծելու համար և եթե ձևաչափն արձանագրի շոշափելի ձեռքբերումներ, ապա բոլոր երկրներն էլ շահագրգիռ կլինեն ներգրավվածության ու նիստերին մասնակցելու հարցում։

«Եթե մեր տարածաշրջանում գրանցվում են սրացումներ, տեղի են ունենում կոնֆլիկտներ, ապա դրանք բացասաբար են անդրադառնում նախևառաջ տարածաշրջանի բոլոր երկրների վրա, հետևաբար նրանք համատեղ ջանքերով պետք է դառնան հիմնախնդիրների լուծման երաշխավոր։  Անհրաժեշտ է առաջնորդվել անկեղծ մղումներով ու հետևողական լինել իրական խաղաղություն և կայուն անվտանգություն հաստատելու գործում»,- պարզաբանեց դիվանագետը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջ քաշվող «Զանգեզուրի միջանցքի» հարցին, դեսպանն ընդգծեց, որ աշխարհում կա ընդունված մոտեցում, որի համաձայն՝ միջանցքն ընկալվում է որպես կոմունիկացիոն կապի հնարավորություն, սակայն մեր տարածաշրջանում դա ընկալվում է բոլորովին այլ կերպ, ուստի Իրանն իր քայլերով հստակ ցույց է տվել, որ չի հանդուրժի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն այս տարածաշրջանում։   

«Մենք ողջունում ենք բոլոր ճանապարհների ու հաղորդակցությունների ապաշրջափակումը, եթե այն տեղի ունենա երկրների շահերի հիման վրա և նրանց ինքնիշխանության ներքո։ Մենք կողմնակից ենք Հայաստանի հզորացմանն ու ուժեղացմանը, խաղաղության և կայունության հաստատմանը, ուստի այդ ամենին մեր տարածաշրջանում կնպաստի միայն ուժերի հավասարակշռությունը։ Ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի Հայաստանին հետագա զարգացման համար, պատրաստ ենք տրամադրել»,- հավաստիացրեց Սոբհանին։

Նրա դիտարկմամբ՝ Իրանի համար Հայաստանը լավագույն ճանապարհն է դեպի հյուսիս՝ Սև ծով դուրս գալու համար, իսկ մեր երկիրը Հայաստանի համար լավագույն ճանապարհն է դեպի հարավ՝ Պարսից ծոց, Չաբահար նավահանգիստ դուրս գալու համար։ Տնտեսության առանցքային խնդիրը փոխադրումների ապահովումն է և ենթակառուցվածքների հուսալի շահագործումը։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու և առևտրի ծավալները մեծացնելու համար կարևորագույն գործոն է հանդիսանում։ Որպեսզի Հայաստանով անցնող երթուղին լինի ավելի շահեկան ու գրավիչ, անհրաժեշտ է դյուրացնել օրենքները, նվազեցնել ճանապարհային սակագները, բարեկարգել առկա ենթակառուցվածքները։