Ինչո՞ւ է ուրանի հարստացումն Իրանի կարմիր գիծը
(last modified Sat, 07 Jun 2025 06:00:15 GMT )
Հունիս 07, 2025 09:30 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է ուրանի հարստացումն Իրանի կարմիր գիծը

ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ և խաղաղ նպատակներով Իրանի կողմից ուրանի հարստացումը և միջուկային վառելիքի լիարժեք ցիկլին տիրապետելը «ռազմավարական զսպման» որոշակի տեսակ է։ Այս կարողությունը ոչ միայն ապահովում է երկրի էներգետիկ անվտանգության մի մասը, այլև կարևոր գործիք է Իրանի արտաքին քաղաքականության մեջ։

Վերջին օրերին  Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում  լարվածությունն աճել է և  հարստացման հարցը կրկին դարձել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև անհամաձայնության հիմնական կետերից մեկը։ 
Avash կայքում հրապարակված վերլուծության հեղինակը նշել է, որ ուրանի հարստացման շուրջ տարաձայնությունները խոչընդոտում են համաձայնության կայացմանը։

Իրանի համար ուրանի հարստացման հարցը կարմիր գիծ է։ Այն նշվել է նաև 2015թ ստորագրված ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններում, որոնց արդյունքում հաստատվեց, որ Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 3,67 տոկոս։
ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք ստեղծելու ցանկություն չունեցող երկրներին հարստացված ուրան պետք չէ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը  բազմիցս հայտարարել է, որ Իրանը պետք է ամբողջովին դադարեցնի ուրանի հարստացումը։ Սակայն Իրանը հարստացումը համարում է ոչ միայն իրավունք, այլև ռազմավարական անհրաժեշտություն։

Ուրան հարստացնելու Իրանի կարողությունն արդյունավետ դիվանագիտական լծակ է

Ժամանակակից աշխարհում գիտության և տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկրներն ունեն ավելի մեծ բանակցային ուժ։  Միջուկային տեխնոլոգիան այդ ոլորտների մեջ հատուկ տեղ է զբաղեցնում։ Իրանը նախատեսում է մինչև 2040 թվականն արտադրել 20 հազար մեգավատտ  միջուկային էներգիա և մոտ մեկ միլիոն հիվանդների ապահովել ռադիոդեղերով։ Թեհրանի ռեակտորի համար արևմտյան տերություններից վառելիք ձեռք չբերելու քաղաքականության շնորհիվ, Իրանն այս ոլորտում անկախություն է ձեռք բերել։
Այս ռազմավարական քաղաքականությունը չի խախտվել նույնիսկ 2006-ից 2013 թվականներին, երբ ԱԽ-ում ընդունված վեց բանաձևեր կոչ էին անում դադարեցնել հարստացումը։ Իսկ ՀԳՀԾ-ի և ԱԽ 2231 բանաձևի համաձայն՝ Իրանն իրավունք է ստացել հարստացնել ուրան։ Այս իրավունքն ամրագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 4-րդ հոդվածով։

Թեհրանի տեսանկյունից, միջուկային վառելիք արտադրելու ներքին հզորությունների բացակայությունը նշանակում է խոցելի և թանկարժեք կախվածություն ռազմավարական ոլորտում։ Ավելին, Իրանի հարստացման տեխնիկական կարողությունները, այդ թվում՝ հարստացման տարբեր մակարդակներ ապահովելու հնարավորությունը, դարձել են միջուկային բանակցություններում դիվանագիտական նպատակներն առաջ մղելու արդյունավետ գործիք։ Այդ կարողությունը հնարավորություն է տալիս տալ սիմետրիկ արձագանք, որը համաչափ կլինի հակամարտող կողմերի վարքագծին և կամրապնդի Իրանի տարածաշրջանային դիրքերը։

Լիովին տեղայնացված գիտելիք

Ուրանի հարստացման տեխնոլոգիան մի քանի առաջադեմ գիտական ոլորտների՝ միջուկային ֆիզիկայի, մեխանիկական ճարտարագիտության, նյութագիտության, մետալուրգիայի, նանոտեխնոլոգիայի, վակուումի և էլեկտրատեխնիկայի համադրություն է։ Տեխնոլոգիական նման մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է հզոր գիտական և արդյունաբերական ենթակառուցվածք։ Պատժամիջոցների պայմաններում Իրանը կարողացել է նախագծել և արտադրել առաջադեմ նոր սերնդի ցենտրիֆուգներ։ Սարքավորումներ, որոնք արդյունավետության առումով մրցակցում են առաջադեմ համաշխարհային մոդելների հետ։
Այս հաջողությունը ոչ միայն ցույց է տալիս երկրում տեխնիկական գիտելիքների բարձր մակարդակը, այլև նպաստում է հարակից գիտական ենթաճյուղերի աճին և աշխարհին ցուցադրում Իրանի տեխնոլոգիական անկախությունը։

Տարածաշրջանային և միջազգային հեղինակություն 

Հարստացման ամենակարևոր հետևանքներից մեկը Իրանի միջազգային հեղինակության բարձրացումն է։ Իրանն Արևմտյան Ասիայի միակ երկիրն է, որը կարող է սեփական ուժերով տարբեր մակարդակներում ուրան հարստացնել։ Մինչ տարածաշրջանի շատ երկրներ, չնայած իրենց մեծ ֆինանսական ռեսուրսներին, շարունակում են միջուկային տեխնոլոգիաների հարցում կախված լինել Արևմուտքից, Իրանը, հաղթահարելով այս կախվածությունը, անկախացել է այս ոլորտում։

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) համաձայն՝ երկրներն իրավունք ունեն խաղաղ նպատակներով զարգացնել միջուկային վառելիքի ցիկլը։Հիմնվելով այս իրավունքի վրա, Իրանը դիմակայել է քաղաքական ճնշումներին և շարունակել իր գործունեությունը միջազգային կառույցների հսկողության ներքո։ 
Արդյունքում, Իրանում ուրանի հարստացումը ոչ միայն տեխնիկական գործիք է, այլև ռազմավարական բաղադրիչ՝ ազգային դիրքը կայունացնելու, զսպման ուժը մեծացնելու և բազմաբևեռ միջազգային համակարգում երկրի գիտական և քաղաքական անկախությունը աջակցելու համար։ Հետևաբար, Իրանը թույլ չի տա հատել այս կարմիր գիծը։