Հունիս 13, 2016 09:36 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ծանոթանանք իրանական մշակույթին ու ցեղախմբերին» հաղորդաշարի հերթական համարը: Միգուցե առաջին երաժշտությունը, որ յուրաքանչյուր ոք լսում է, դա օրօրոցային երգն է: Նկատի առնելով մշակութային տարբերություններն ու շրջանային բարբառները, Իրանում բազմազան են օրօրոցային երգերը: Այսօրվա զրույցում կանդրադառնանք իրանական ցեղերի մոտ օրօրոցային երգերին: Ուրախ կլինենք Ձեր ընկերակցությունը վայելել այս զրույցի ընթացքում:

Օրօրոցային երգը առաջին երաժշտական կապն է մոր և մանկան միջև: Այդ երգն աներևույթ շղթա է, որ մոր շրթերից հասնում է մանկան ականջին և կախարդական ազդեցությամբ խոր քուն է պարգևում բալիկին: Օրօրոցային երգով մայրը զավակին է փոխանցում իր անկեղծ երազանքներն ու ցանկությունները և օրօրոցի շարժումները հատուկ երանգ են հաղորդում երգին: Այդ երազանքներն այնքան պարզ են հնչում, որ ունկնդիրն անկարող է զանազանել դրանք երազանք են թե իրականություն:

Օրօրոցային երգերն իրականում յուրաքանչյուր ազգի բանահյուսության մաս են կազմում, որովհետև ոչ մի մայր դրանք չի երգում թղթի վրայից և բոլոր մայրերն առանց իմանալու թե դրանք որտեղից են եկել, գիտեն այդ երգերը: Ասես թե օրօրոցային երգն ու դրա հատուկ տոնայնությունն առաջին օրվանից կնոջ համար է նախատեսվել:

Կինը մայր լինի թե ոչ, գիտե օրօր ասել: Կինը որ մայր չէ հապաղում է երգելուց: Դա այն պատճառով է, որ չի գտնում երգելու գլխավոր պատրվակը: Սակայն նույն այդ կինը մանկան օրօրոցի վրա կատարյալ կերգի օրօրը: Ասես թե մայրական ոգին հենց մանկուց կնոջը թելադրում է իր մտքում սպիտակ տեղ պահել այս պարզ երգերը սովորելու համար:

Միգուցե կարելի է ասել, որ օրօրոցային երգերը մայրական երազանքների, բողոքների և աղոթքների գունեղ երանգներն են, որ սերնդե-սերունդ փոխանցվել են և այսօր մեզ են հասել, պահելով իրենց թարմությունը, այնպես որ ոչ մի ուրիշ երգ չի կարող փոխարինել դրանց: Հաղորդման այս բաժնում Ձեզ հրավիրում ենք ունկնդրել Իրանի Գիլան նահանգի օրօրոցային գեղեցիկ երգերից մեկը Ֆերեյդուն Փուրռեզայի կատարմամբ:

***********

Օրօրոցային երգերը ամենահին ժողովրդական երգերն են, կանացի գրականության սկիզբը, որոնց անցյալը պատմական չէ, այլ հնագիտական: Մայրը օրօր ասելով խոսում է իր մանկիկի հետ, չնայած գիտի, որ փոքրիկը իրեն չի հասկանում, բայց իր համար բավական է, որ նա լսում է: Օրօրոցային երգերը չնայած պարզ են և երբեմն դուրս են գալիս հանգից, բայց զգացմունքային բովանդակության առումով շատ հարուստ են և ներկայացնում են մոր երազանքները: Հասարակական պայմաններին, մշակույթներին, ցեղերին և նրանց լեզվին համապատասխան փոփոխությունների են ենթարկվել օրօրոցային երգերը: Ժողովրդական երգերի յուրահատկությունը դրանց պարզությունն է, այնպես որ դրանք հասկանալու համար երկար մտածելու կարիք չկա: Միգուցե օրօրոցային երգերի կարճ և պարզ լինելը կարելի է պատճառաբանել նրանով, որ գյուղական հասարակությունում արժևորում էին ժամանակը: Իրատեսությունը ևս կարելի է ժողովրդական երգերի յուրահատկությունը համարել: Որոշ մայրեր մանուկների համար օրօր երգելիս, խոսում են գիտության և ուսման կարևորության մասին:

************

Օրօր օրօր թավիշ հագած սիրասուն

Ուր ես տարել դու ինձնից խելքն ու միտքը

Օրօր օրօր չարը քեզնից հեռու լինի

Մոլան  քանց ոսկյա գրաչաման լինի

Օրօր օրօր քո աչքերին քուն է գալիս

Հօրդ իրիկնաժամի աղոթքի պահն է գալիս

Օրօր օրօր դաղձի ծաղիկ

Աղքատ եկավ տան շեմին

Օրօր օրօր ցանկացա լինես դու մոլլա

Չցանկացա օձիքս ազատել քեզնից

Օրօր օրօր սիրասուն

Քեզ հանձնեցի մոլլային

 

Օրօրոցային երգերը կապված են բնության ու ժողովրդի կյանքի հետ և արտացոլում են հասարակության մշակույթի տարբեր կողմերը: Նկատի առնելով այդ բազմազանությունը, ազգագրագետներն ու մշակութային ոլորտի հետազոտողները ի մի են բերում և ներկայացնում են այդ երգերը:

Օրօրոցային երգերը տարածված են թե գյուղական և թե քաղաքային հասարակություններում: Ուստի կարող են միևնույն ազդեցությունը գործել ուսյալ և անուս, գյուղական կամ քաղաքային ընտանիքներում: Տարբեր շրջաններում տարբեր ձևով են երգվում օրօրոցային երգերը: Օրօրոցային երգերի բառերը մոր սրտի խոսքն է իր զավակին, առանց ակնկալելու, որ նա հասկանա: Այդ երգերը կարելի է տարբեր մասերի բաժանել, ըստ բարբառների, բանաստեղծության և կատարման ձևի:

Օրինակ Ռուդբարի շրջանում, տարածքում տիրող մարտական ու էպիկական ոգու բերումով, օրօրոցային երգերի թեման ևս պատերազմն ու հերոսագործությունն է: Իսկ քոչվոր ցեղերի մոտ այդ երգերի թեման է գաղթը, սպասումը և օտարությունը: Այսօր մշակութային գրոհի և ընտանիքների կենսակերպի փոփոխության պատճառով, պակսել են օրօրոցային երգերը և միգուցե մի երկու սերունդ անցնելով, այդ երգերից միայն հուշեր կմնան սրտերում:

Օրօրոցային երգերը ներազդված են մշակույթից, առասպելներից, կրոնից, գեղագիտությունից, հասարակությունից, քաղաքականությունից ու առևտրից: Հաղորդման ավարտին ձեր ունկնդրությանն ենք ներկայացնում լոռի բարբառով օրօրոցային մի երգ:

Պիտակ