Մարտ 11, 2024 12:45 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Կորեացի հայտնի երգիչ Քիմջայը հրապարակել է Իրան կատարած այցից լուսանկար, որում նա մասնակցում է Ղուրանի թեմայով հեռուստածրագրին։

Քիմջայը մի քանի տարի առաջ իսլամ է ընդունել և փոխել անունը։ Հիմա նրա անունը Դավուդ Քիմ է։ Նա Թեհրանում մասնակցել է Ղուրանի թեմայով «Մոհֆել» հաղորդաշարի հերթական ծրագրի նկարահանմանը։

Լուսանկարին կից երգիչը գրել է․ «Ես նրա հետ (Համեդ Շաքրանջադ, միջազգային հայտնի ասմունքող) կհայտնվեմ Ռամադանին նվիրված ծրագրում։ Չեմ համբերում։ Սպասեք զանգի»։

Իրանում Քիմջայն այցելել է Թեհրանի Սաադաբադ պալատ, Թաջրիշ շուկա և աշխարհի շիաների ութերորդ առաջնորդ՝ իմամ Ռեզայի եղբայր Իմամզադե Սալեհի սրբավայր:

Երգիչն իսլամ է ընդունել Հարավային Կորեայի մայրաքաղաքի իսլամական կենտրոնում և այդ մասին ապտմող տեսահոլովակն ունեցել է ավելի քան 2,5 միլիոն դիտում։

 

«Ավետիս» լարային քառյակը, որը մի քանի տարի գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, մարտի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգով:

«Ավետիս» (բարի լուր) անվանումն ընտրել են խմբի երաժիշտները:

Խմբի անդամների նպատակն է ձևավորել համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխանող լարային քառյակ, որը լավագույնս կներկայացնի վերոնշյալ ժանրի համար գրված բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ներկայումս շատ քիչ են հնչում հայաստանյան բեմահարթակներում։

 Քառյակում ընդգրկված երաժիշտներից երեքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներ են. Կարմեն Թոսունյանը ՀԱՖՆ նվագախմբի կոնցերտմայստեր է, Հայկ Տեր-Հովհաննիսյանը՝ ՀԱՖՆ ալտերի խմբի կոնցերտմայստեր, Միքայել Նավասարդյանը՝ թավջութակների խմբի երաժիշտ: Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի հարուստ կենսագրությունն ու բեղուն համերգային գործունեությունը նպաստում են լարային քառյակի ակտիվ մասնակցությանը միջազգային փառատոներին և ելույթներին հեղինակավոր երաժշտական հարթակներում:

Նախորդ տարվա ընթացքում համերգային ծրագրերով ներկայանալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ քառյակն արժանացել է անվանի երաժիշտների և երաժշտաքննադատների բարձր գնահատանքին՝ ստանալով նոր համագործակցության հրավերներ:

Մայիսին «Ավետիս» լարային քառյակը կմասնակցի Իտալիայի Մանտովա քաղաքի ամենամյա «Trame Sonore» հեղինակավոր փառատոնին՝ ներկայացնելով նաև Էդվարդ Միրզոյանի լարային քառյակը: Քառյակը մեծ ուշադրություն է հատկացնում նաև կրթական ծրագրերին՝ ընդգրկելով հանդիսատեսի թվում դպրոցականներին: Մարտի վերջին նախատեսվում է այդպիսի ծրագրերից մեկն իրականացնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Քառյակը գործունեություն է ծավալում նաև Հայաստանի մարզերում՝ կարևորելով մարզային ծրագրերի նշանակությունը, մարզերում մշակութային գործընկերության զարգացումը:

Ապրիլի 24-ին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում քառյակը հանդես կգա Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համերգով:

Մերօրյա արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ստեղծագործական ճանապարհի առաջխաղացմանը նվիրված նորաստեղծ հայկական «ArtInsight» հարթակը ներկայացվել է Գյումրիում։

Միջոցառումը տեղի  է ունեցել  մարտի 5-ին «Impact Hub Gyumri»-ում:

«ArtInsight» հարթակը հեղինակել են գյումրեցի եղբայրներ, արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։ Այն միավորում է առավելապես հայ արվեստագետներին, նպաստում նրանց միջև համագործակցության խթանմանը, արվեստագետների ու արվեստասերների համար դինամիկ միջավայրի ստեղծմանը:

Հարթակը նպատակ ունի հանրայնացնել Հայաստանում ժամանակակից վիզուալ արվեստը՝ արվեստասերներին հնարավորություն տալով ծանոթանալ ժամանակակից արվեստագետների հետ։ Հարթակը թույլ է տալիս ծանոթանալ արվեստագետների ստեղծագործություններին և ժամանակակից արվեստի միտումներին։

Այնտեղ առանձին տեղեկատվություն է զետեղված արվեստագետների անցած ճանապարհի, մասնագիտական նվաճումների, ինչպես նաև ստեղծած նկարների, քանդակների, լուսանկարների և այլ արվեստի գործերի վերաբերյալ։ Այն հնարավորություն կընձեռի ոչ միայն դիտել և ձեռք բերել նախագծի համադրողների խորհրդի կողմից հավատարմագրված արվեստի գործերը, այլ նաև օգտվել «ArtInsight»-ի առաջարկած համագործակցության տարբեր մոդելներից։

 

«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծն արժանացել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) դրամաշնորհին:

Այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ փետրվարի 27-ից մարտի 1-ը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության ինքնարտահայտման ձևերի կոնվենցիայի կիրարկման միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստը, որին որպես վերոնշյալ կոնվենցիայի հայաստանյան համակարգող՝ մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։

Նիստի օրակարգում էր նաև Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ (IFCD) ներկայացված հայտերի հաստատումը։

2023-2024 թթ. Հայաստանը ներկայացրել էր երկու հայտ, որոնցից մեկը վերաբերում էր թատերահամերգային կազմակերպությունների միասնական տոմսային տնտեսության ստեղծմանը (Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն), իսկ երկրորդը՝ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց արհեստագործական արտադրության հմտությունների զարգացմանը («Տերյան» մշակութային կենտրոն)։

Յուրաքանչյուր տարի հիմնադրամին հայտեր են ներկայացնում շուրջ 80 երկրի հասարակական և պետական ոչ առևտրային կազմակերպություններ։ Հայտերը ներկայացվում են առցանց՝ անմիջականորեն Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամին, և փորձագիտական ուսումնասիրության են ենթարկվում անկախ փորձագետների կողմից։

Հայաստանի ներկայացրած հայտերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կողմից վերադարձվել էր լրամշակման։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտատու կառույցներին տրվել էր ուղղորդված մեթոդական խորհրդատվություն՝ հայտերի լրամշակման վերաբերյալ: Արդյունքում «Տերյան» մշակութային կենտրոնի «My way» լրամշակված նախագիծը, ի թիվս 12 երկրների հայտերի, ներառվել է վերոնշյալ հիմնադրամի 2024 թվականի դրամաշնորհային ծրագրերում:

Նախագիծը միտված է ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց արհեստագործական արտադրության հմտությունների (խեցեգործություն, հագուստի տպագրություն, տեքստիլ, արհեստներ) զարգացմանը, այլև հասարակության մեջ այդ խմբերի ներդաշնակ համակեցության և մրցունակության ապահովմանը։

Նախագծի շրջանակում կստեղծվի միջազգային առցանց շուկա մուտք գործելու մասնագիտական վեբկայք՝ նախատեսված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց և արտադրության մեջ ներգրավված հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված մշակութային բարիքների առաջմղմանը։  Նախագծի տևողությունը 17 ամիս է։

Ծրագրի իրականացման համար Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամը «Տերյան» մշակութային կենտրոնին կհատկացնի 99 516 ԱՄՆ դոլար:

Հայտերը ներկայացվել են Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համագործակցությամբ:

«Արարատ-Էսքիջյան» թանգարան-հետազոտական կենտրոնը (ԱԷԹՀԿ) և Հայոց ցեղասպանության հետազոտման կենտրոնը (ՀՑՀԿ) միասնաբար հայտարարում են, որ սկսել են թվայնացնել պրոֆ. Վահագն Տատրյանի արխիվը։

Պրոֆ. Վահագն Տատրյանը (1926-2019) Հայոց ցեղասպանության աշխարհառչակ ուսումնասիրող է, որը միաժամանակ ցեղասպանության հետազոտությունը ակադեմիական մակարդակի է բարձրացրել։ Բազմաթիվ դասախոսությունների ու գիտական հրատարակությունների միջոցով նա Հայոց ցեղասպանությանը մեծ ճանաչողություն է ապահովել։ Այս մասին իր ունեցած արխիվային նյութերը և գրքերը չափազանց կարևորություն ունեն բոլոր նրանց համար, որոնք ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության ենթահողը, ընթացքն ու հետևանքները։

Իր երկարամյա գործունեության ընթացքում պրոֆ. Վ. Տատրյանը շատ հարուստ արխիվային նյութեր է հավաքել։ Նրա արխիվում կան բազմահազար էջեր ամերիկյան, բրիտանական, գերմանական, ֆրանսիական, հայկական և օսմանյան արխիվներից,  ինչպես նաև՝ ցարդ անտիպ նյութեր ու զանազան լեզուներով մամուլի հրապարակումներ։ Իր մահից առաջ պրոֆ. Տատրյանն այս արխիվը փոխանցել է «Արարատ-Էսքիջյան» թանգարանին,  իսկ նրա գրքերի մեծ հավաքածուն այժմ գտնվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Էդուարդ Դոհընի Կրտսերի անունը կրող գրադարանում։

2009 թ. Տատրյանի արխիվը Բոսթոնից փոխադրելու երկարատև աշխատանքներից հետո, «Արարատ-Էսքիջյան» թանգարանը ձեռնամուխ եղավ այս նութերը թվայնացնելու ծրագրին՝ դրանք մասնագետների հասու դարձնելու համար։ Արխիվի փոխադրման և նախնական թվայնացման աշխատանքները կազմակերպել է և իրականացրել թանգարանի տնօրեն Մագի Գոշին Մանգասարյանը. մի անձնավորություն, որը  ամբողջ հոգով ու սրտով նվիրված է այս կարևոր գործին։ Այսպես՝ 2018 թ., 110.000 էջերից հնարավոր է եղել թվայնացնել և ցուցակագրել 28.000-ը։ 2023 թ. ստանալով մեծ դրամաշնորհ՝ թանգարանը պետք է սկսի թվայնացնել և ցուցակագրել մնացյալ 80.000 էջերը ևս։